ՍՊՈՐՏ

Որքան թուրքերը փորձեցին խանգարել՝ իրենց մոտ դա չստացվեց

Համաշխարհային Գիմնաեստրադան մարմնամարզության ցուցադրական ելույթներ են, որն անցկացվում է 4 տարին մեկ՝ ինչպես օլիմպիական խաղերը, միայն այն տարբերությամբ, որ այստեղ ոչ թե մեդալներ բերելու համար են գնում, այլ տարբեր երկրների մարմնամարզության թիմերը, առանց տարիքային սահմանափակման, սպորտն ու արվեստը համատեղած՝ ներկայացնում են ազգային առանձնահատկություններն ու մշակույթը:

Հուլիսի 7-13 Ավստրիայում կայացավ մարմնամարզության 16-րդ համաշխարհային Գիմնաեստրադան՝ (16th World Gymnaestrada-2019), որին մասնակցում էին աշխարհի 65 երկրներից շուրջ 20.000 մարզիկ: Առաջին անգամ Հայաստանից մասնակցեց Գյումրու «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 38 հոգուց կազմված խումբը. 6 մարզիչ (մարզադպրոցի տնօրեն՝ Խաչիկ Երանոսյան, Էդիկ Ալագյոզյան, Նարինե Սարգսյան, Նուշ Սուքիասյան, Տիգրանուհի Դավթյան, Լուիզա Մանուկյան),  մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչ Գառնիկ Սարոյանը, և 32 մարզիկ՝ 4 մարզաձևերից:

Հայկական թիմի ելույթները բուռն էմոցիաներ է առաջացրել հանդիսատեսի մոտ՝ որպես ինքնատիպ ցուցադրություն և անթերի մարմնամարզական հնարքներով ելույթներ: Հայերի ելույթը քիչ է մնացել տապալվեր Ավստրիայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների կատաղության նոպայի պատճառով, բայց հայ համայնքի ներկայացուցիչները և կազմակերպիչները բարձր մակարդակով են ապահովել մերոնց անվտանգությունը:

«Շրջապատը» զրուցել է մարզիչների հետ, ովքեր ուղեկցել էին թիմին: «Երբ մեր երեխաները ելույթ ունեցան, բուռն արձագանք ստացան հանդիսատեսի կողմից. շատ հավանեցին մեր թիմի ելույթին: Մեզ շատ լավ ընդունեցին, սա աննախադեպ էր նաև մեզ համար. մեր մշակույթը, մեր երաժշտությունը, մեր ազգայինը տարբեր ազգերի կողմից բուռն ծափահարությունների արժանացան»,- պատմեց մարզիչ Նարինե Սարգսյանը:

«Մեզ շատ օգնեց Գյումրիում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը: Բանն այն է, որ այս Գիմնաեստրադայի հայտարարությունը մեկ տարի առաջ է տրվում: Մենք այդ մասին տեղյակ չենք եղել: Ալեքսանը մեզ տեղեկացրեց այդ մասին: Մենք Գյումրիի «Արեգակ» կենտրոնում ելույթներ ունեցանք, ինչպես գիտեք, այս կենտրոնը Ավստրիայի հոգածության ներքո է: Հավանելով մեր ելույթներին, իրենք ևս միջնորդեցին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք մասնակցելու: Ավստրիայում մեզ ծանոթացրեցին Ադամյանների ընտանիքի հետ, ովքեր էլ հենց այնտեղ հովանավորներ գտան, որպեսզի վերջիններս հոգային մեր կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգացել են մեր ծնողները: Մենք հենց ինքնաթիռից իջանք, արդեն ոչ մի հոգս չենք ունեցել»,- ասաց Նուշ Սուքիասյանը:

«Մեր մարզիչներից Արտակ Գրիգորյանն է գաղափարի հեղինակը. մենք բեմում հայկական երաժշտության ներքո՝ Մասիս սարն ենք ներկայացրել, որի տակից դուրս ենք գալիս եռագույն հագուստով, իսկ խորեոգրաֆիան, ակրոբատիկան, մարմնամարզական հնարքներն արդեն մյուսներս ենք կազմակերպել: Հետո «Սասնա», «Քոչարի», «Բերդ» պարերը պարեցինք: Շատ-շատ լավն էր մեր ելույթը: Մենք քանի որ ուշացած էինք դիմել, 6 ամսվա մեջ ենք հասցրել կազմակերպել մեր ելույթները: Ասեմ, որ ելույթներից հետո, երբ արդեն դուրս էինք գալիս, շատերն էին մեզ մոտենում ու նվերներ տալիս, անգամ գումար, որ երեխաների համար նվերներ գնենք»,- պատմեց Լուիզա Մանուկյանը, որը մասնակցել է որպես մարզիկ:

Այսպիսով, մեր մարմնամարզիկների հիանալի մրցելույթները նրանց եզրափակչի քարտ-բլանշ է տվել. հավաքելով բարձր վարկանշային միավորներ, ապահովել են 4 տարի հետո Հոլանդիայում կայանալիք Գիմնաեստրադային մասնակցությունը:

Բացի այս, Գիմնաեստրադայի կազմակերպիչների կողմից նաև վավերագրական ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում նաև մեր մարմնամարզիկների մասին:

Ի դեպ, հուլիսին կայացել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Գյումրիից մասնակցել են 6 տղա, 4 աղջիկ: 4 տղաները և՛ գործիքային, և՛ բացարձակ ելույթներում մրցանակակիր տեղեր են զբաղեցրել: Աղջիկները, ովքեր պետք է Գիմնաեստրադային մասնակցեին, ստիպված առաջնությունը կիսատ են թողել ու թիմի հետ մեկնել Ավստրիա: Չնայած այս հանգամանքին, մրցանակային տեղեր են գրավել առաջին մրցելույթներում. Հերմինե Դավեյանը 1-ին տեղ, Մադոյան Լյուբովը՝ փոքրահասակների մեջ գրավել է 3-րդ տեղը: Իսկ տղաներից կարգեր են լրացրել. մեծահասակներից՝ Լենվել Էլոյանը (2-րդ կարգ) և Վրեժ Բոնդոյանը (1-ին կարգ), փոքրահասակներից՝ Սամվել Նազարյանը և Նորայր Ղուկասյանը 1-ին կարգեր են լրացրել: