galatv.am-ն գրում է՝ ամեն տարի բյուջեի քննարկումները համազգային սթրեսի են վերածվում: Պաշտոնյաների ստերը չտանելու հետևանքով մարդիկ առանց փակագծերի և չակերտների սկսում են «նախշել» պաշտոնեական ստապատումները: Ըստ պաշտոնյաների պոպուլիստական բնութագրումների՝ սկսել ենք լավ ապրել, որ բնակչության թիվն առաջիկայում աճ կարձանագրի, որ «շուռ են տալու աշխարհը»: Ցինիկությունը դարձել է քաղաքական գործիչների «ազնիվ կերպարի ու անմեղ դեմքի» հետ համեմվող բաղադրիչ: Այն, որ աշխարհը «շուռ են տալու», կասկած չկա, բայց որ շուռ տալով «մնալու են տակը», դա ակնհայտ է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղղակի համոզված է, որ իր ղեկավարած կաբինետը շատ լավ գործեր է արել ու հաջողություններն ավելի շատ են, քան անհաջողությունները: Մի բան էլ հավելում է. «Կներեք տենց անհամեստ պատասխանի համար»: Ախր ներելու բա՞ն է սուտը: Կան մարդիկ, որոնց եթե կանգնեցնես Գյումրու երկու՝ Ամենափրկիչ և Յոթվերք եկեղեցիների մեջտեղում ու երդվել տաս ասածի համար, հանգիստ կստեն: «Հիմա մենք մեր ամեն օր սպառվող կյանքի՞ն նայենք ու դատենք, թե՞ «օդում կախված» ձեր հաջողություններին»,- ասում է գյումրեցին:
Ո՞ւմ համար է բյուջեն
ԱԺ հանձնաժողովներում բյուջետային քննարկումներից մեզ՝ քաղաքացիներիս, ինչպես ասվում է, «խաղացնելով» մատուցվում է այն փաստը, որ 2018 թվականին չի նախատեսվում աշխատավարձերի բարձրացում, իսկ աշխատանքային թոշակի չափը եթե 2017 թվականին եղել է 40.000 դրամ, ապա 2018-ին կլինի 39.000: «Դա չի նշանակում, որ թոշակները նվազում են, դա նշանակում է, որ դա թոշակի միջին չափն է: Թոշակները չեն նվազում, պարզապես 2018 թվականին թոշակների աճ չի նախատեսվում»,- շատ «տրամաբանական» մեկնաբանել էր ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: Ինչպիսի բառախաղ, ինչպիսի մանիպուլյացիա: Պարզ ու հստակ է՝ թոշակները նվազելու են 1000 դրամով: Մեզանում «1000 դրամանոց» ակցիաները դարձել են իշխանության սիրելի «ձիուկները»: Իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ գրեթե նույնպիսի մտավարժանք էր արել՝ ասելով. «Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար՝ բյուջեն լցնում է»: Ու այսպես, իշխանություն-ընդդիմություն, իրար ձեն տալով, բյուջեն են իբր լցնում՝ կեղեքելով աղքատ ու սոված ժողովրդին: Ի դեպ, «աղքատ» բառը շատ արագ ու հեշտ հարմարվեց մեր առօրյային: Եթե նախկինում այն ամաչում էին բարձրաձայն ասել, հիմա նույնիսկ այդ բառը պետական ծրագրերում է շրջանառվում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի կազմած բյուջեով «հաջողությունների շղթան» 2018 թվականին ուղեկցելու է ՀՀ բնակչությանը: Սպասվում է գնաճի նոր ալիք, անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները: Այս անգամ միջազգային շուկային հղում չի արվում: Մենք մերոնցով էլ վատ չենք բարձրացնում գները: Մի անգամ արեցինք, «պլստացինք», ինչո՞ւ այդ փորձը չկրկնենք:
Ուրախալի մի բարձրացման մասին էլ է խոսվում. կբարձրանան կառավարության աշխատակազմի, կարճ ասած, իրենց «միջի» աշխատողների աշխատավարձերը: Այստեղ է ասված՝ «քաղցր պռունկներին քիչմ էլ մեղր»: Փաստորեն, գումար կա մի քանիսի՝ առանց այն էլ բարձր աշխատավարձերը բարձրացնելու, և այն չկա մյուսների համար: Զուգահեռաբար, Կարապետյանի կաբինետը կրճատելու է բյուջետային մոտ 5500 աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկներին, մանկավարժներին: Ընդ որում, նա շեշտը դնում է վատ բժիշկների ու մանկավարժների վրա: Հետաքրքիր է՝ որ չափանիշով է վարչապետը որոշում, դասդասում ու բաղդատում լավերին ու վատերին: Վարչապետի նմանատիպ մեկ այլ ծրագիր էլ «գլորվեց փոսը»: Ասել էր, որ դպրոցները պետք է ազատել բարեկամ-խնամիական կապի շնորհիվ նույն դպրոցում աշխատողներից՝ մայր-աղջիկ, կին-ամուսին, սկեսուր-հարս: Ու ի՞նչ, քանի՞ նման գործ բացահայտվեց, քանի՞ սկեսուր գնաց տուն լվացք անելու, քանի՞ հարս՝ ճաշ եփելու: Ո՞վ է ճոխացրել պետական աշխատողների քանակը, ո՞վ է այդ վատ բժշկին ու մանկավարժին աշխատանքի ընդունել: Կարո՞ղ է վարչապետի կուսակցությունում այդ փաստին իրազեկված մարդիկ լինեն: Ի՞նչ իմանաս, հանկարծ ու ականջներին կպած լինի:
Վարչապետը լավ կանի, եթե կրճատումները սկսի իր խորհրդականներից ու օգնականներից, որոնց թիվը գերազանցում է մեր երևակայած թվերը: Իր պաշտոնավարման առաջին օրերին Կ. Կարապետյանը հայտարարեց, որ ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երը, փակելու են: Արդյունքում՝ կրճատեց միայն դրանց ղեկավարներին՝ փոխարենը բերելով իր մարդկանց: Թերևս այս «հաջողություններով» պայմանավորված՝ վարչապետը նշում է, որ հայերը սկսել են լավ ապրել:
Աղքատ երկրի ճոխությունները
Ըստ տեղեկությունների՝ 2018 թվականին ԱԺ-ին տրամադրվող գումարները 4 ծրագրի իրականացման համար կկազմեն 4 մլրդ 585 մլն 513 հազար դրամ: Չմանրամասնելով՝ կոնկրետ որ ծրագրի համար ինչքան գումար է նախատեսված, փաստենք, որ ԱԺ-ի տարեկան բյուջեն Գյումրի քաղաքի բյուջեից մեծ է մոտ մեկ միլիարդով:
Ստացվում է, որ շուրջ 150.000 բնակչություն ունեցող քաղաքն ունի կամ պետք է պլանավորի շատ ավելի քիչ գումար, քան 105 հոգանոց ԱԺ-ն: Ընդ որում, նաև այդ քաղաքի բնակիչների հարկերից է գոյանում հանրապետական բյուջեն, որից մաս է հանվում մեր կյանքի օրենքները գրող պատգամավորներին:
Մամուլը գրեց նաև, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատավարձային ֆոնդին հատկացվելու է 2 միլիարդ 445 մլն դրամ: Սա էլ մի փոքր է քիչ Գյումրի քաղաքի տարեկան բյուջեից, մի փոքր: Դե, իսկ կառավարության աշխատակազմին տրամադրվելու է 19,5 միլիարդ դրամ: Ուշագրավ են մյուս դրամաբաշխումները ևս: Մասնավորապես, Սահմանադրական դատարանին հատկացվելու է 590 մլն դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 13,5 միլիարդ դրամ, դատախազությանը՝ 4,4 միլիարդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 5,9 միլիարդ դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 650 մլն դրամ, Վերահսկիչ պալատին՝ 1,1 միլիարդ դրամ, դատական դեպարտամենտին՝ 8,8 միլիարդ, ԿԸՀ-ին՝ 1,1 միլիարդ դրամ, ՄԻՊ-ին՝ 368 մլն դրամ (http://armtimes.com/hy/article/124087):
Միլիարդների և միլիոնների այս քարտեզից պարզ է դառնում, որ եթե մի քանիսի համար հանրապետության ամենամեծ «դրամապանակը» պլանային է, ապա շատ գերատեսչությունների համար՝ կլանային: Շարքային քաղաքացիների համար հասկանալի չէ, թե ինչու պետք է չբարձրանան թոշակ-աշխատավարձերը, բայց միլիարդներ տրամադրվեն, օրինակ, «իրավապահ բլոկին»:
Ստացվում է՝ «շատ աշխատողին՝ շալե շապիկ» արտահայտությունը, որը ծնունդ է առել անարդարությունից, դեռ երկար է լինելու հայրենիքի ճակատագրով, արտագաղթի տեմպերով իբր մտահոգվածների աշխատանքի սկզբունքը:
Հետո էլ ասում են՝ «մեզ մի վախեցրեք, որ գնալու եք երկրից»: Մարդիկ չեն վախեցնում, ասում են, որ «ձեր ղեկավարած երկիրը երկիր չէ»: Խոսքը ոչ թե ազգի, ժողովրդի, հողի, քարի ու թփի, այլ օրենքների քմահաճ կիրառության, գրեթե ամենուր հանդիպող կամայականությունների մասին է: Արդյունքում՝ իշխանավորների նկատմամբ ունեցած ատելությունը վերածվում է երկրի նկատմամբ ատելության:
ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ
galatv.am