ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ուզում եմ «Գունեղ Զարթոնք»-ով ձեզ ժպիտ պարգեւել

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնական օրը գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանը «Գունեղ Զարթոնք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով եզրափակեց Կանանց նվիրված միամսյակը՝ Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում «սփռելով» Շիրակի գունեղ բնաշխարհի յուղաներկով վրձնած կտավները:

«Երկու տարի է, ուզում էի նմանատիպ ցուցահանդես ունենալ Գյումրիում, բայց անընդհատ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Ընթացքում նոր գործեր հավաքվեց: Եվ Ապրիլի 7-ը կարծես առիթ հանդիսացավ, որպեսզի Մայրության և գեղեցկության տոնական օրը այսպես յուրահատուկ շնորհավորանք հղեմ կանանց ու մայրերին: Իմ գործերում Շիրակ աշխարհն է ու իմ ծննդավայրի՝ Արթիկի գույները՝ բնության ներդաշնակ գույները: Փորձել եմ իմ «ծաղիկների» միջոցով գույն, լույս, մաքրություն, պարզություն ու ժպիտ նվիրել կանանց, ինչը շատ է հիմա պակասում. չէ՞ որ կանայք իրենց նուրբ ուսերին կյանքի բավականին ծանր բեռ են կրում ու պատվով տանում դժվարությունները»,- «Շրջապատի» հետ զրույցում ասաց երիտասարդ նկարչուհին:

Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 2009թ. ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ Ուսումնառության տարիներից սկսած մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ Հայաստանի մարզերում, Իտալիայում: Նկարչուհու աշխատանքները գնվել ու տարածվել են շատ երկրներում: Իսկ «Գունեղ Զարթոնքը» գեղանկարչուհու թվով 6-րդ անհատական ցուցահանդեսն է:

Ցուցասրահը բազմամարդ էր, ուղեկցվում էր Գյումրու Սիմֆոնիկ նվագախմբի դասական կատարումներով:

Ցուցահանդեսի բացման խոսքեր հնչեցրին «Ստիլ» պատկերասրահի հիմնադիր Արտուշ Մկրտչյանը, Փանիկ համայնքի համայնքապետը (Լ.Տոնականյանը ներկայում աշխատում է Փանիկի արվեստի դպրոցում), «Արահետ» պարբերականի խմբագիրը ողջ կոլեկտիվի կողմից շնորհավորեց Լիլիթին և երախտագիտություն հայտնեց համագործակցելու համար:

Ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ: