Հարցազրույց Գյումրու քաղաքապետ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Սամսոնյան, խոսենք բնակիչներին հուզող հարցերից. փողոցաշինությունն ո՞ւր է հասել, ի՞նչ ընթացքում է:
— ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 33 փողոցում աշխատանքներ ենք իրականացրել, որից մեկում աշխատանքները 50-60 տոկոսով է արված, սուբվենցիոն ծրագիրը կիսատ է մնացել, և 4-ում ՎԶԵԲ-ի ծրագրով է կիսատ մնացել՝ դարձյալ մոտ 60-70 տոկոսով է արված: Շինարարները չհասցրեցին:
— Ժամկետների մեջ չհասցրեցի՞ն. ինչո՞ւ...
— Նախ ծավալն էր շատ մեծ՝ 33 փողոց: Եղան բնակիչների կողմից խոչընդոտներ, արգելքներ, ասենք, ապօրինի կառույց ունեին, պայքարում էին, մեծ դժվարություններով էր հաջողվում որևէ համաձայնության գալ: Կոյուղու հետ կապված չնախատեսված ծավալի աշխատանքներ ի հայտ եկան, փողոցը փորելու ընթացքում հնամաշ կոյուղատարները խնդիրներ առաջացրեցին: Մինչև «Վեոլիա Ջրի» հետ բանակցություններ եղան, մինչև աշխատանքներ իրականացվեցին, բնականաբար, ժամանակը մեր օգտին չաշխատեց: Եվ խնդիրներից մեկն էլ, որ ամենակարևորն է, որի մասին հատուկ կուզենամ նշել՝ շինարարների պակասն է: Չգիտես, արտագնա աշխատա՞նքն է ձեռնտու, որ ընտանիքից կտրվում, գնում են, թե՞ պայմաններն են այստեղ ոչ ձեռնտու, ամեն դեպքում, աշխատուժի լուրջ պակաս կա: Հիմա, որոշել ենք ավելի շուտ տեղեկություն տարածել, որ թափուր աշխատատեղեր կան, որպեսզի նրանք, որոնք պատրաստվում էին դրսում աշխատանք փնտրել, գուցե համաձայնեն մնալ ու տեղում աշխատել:
Լուրջ խնդիր է «Անի» թաղամասի փողոցաշինությունը: Ինչպես գիտեք, խնդիրն հիմնականում ոչ այնքան մեր հետ է կապված, որքան «Վեոլիա Ջուր» կազմակերպության: Իրենք ջրագծերի փոփոխման և կոյուղատար խողովակների անցկացման ծրագիրն էին իրականացնելու: Այս տարվա մեջ հասցրեցին խորացված, խոշոր տրամաչափի խողովակաշարերը գցել, մնում է 2022-ին մտնեն շենքերը, որն իրենց 2-րդ փուլն է, որի ավարտից հետո մենք կկարողանանք աշխատանքներ տանել: Թեպետ մշտապես հանդիպում եմ պատասխանատու կազմակերպության ղեկավարության հետ, անանցանելի դարձած փողոցների մասով քննարկումներ անցկացնում: Այդ փողոցները ժամանակավոր խճապատվում են, սակայն նստվածքների հետևանքով նստում է: Ուզում ենք պայմանավորվածության գալ, թե որ փողոցների մուտքեր կհասցնեն ջրագծերը, որպեսզի մենք էլ փորձենք գոնե համայնքի միջոցներով փողոցների վերականգնում իրականացնել: Իսկ ՎԶԵԲ-ի ծրագրերի շրջանակներում, ինչպես պատմական միջուկի փողոցները վերակառուցվեցին՝ մայթերով, լույսերով, նույնն էլ 58 թաղամասում ենք պատկերացնում: Ասեմ, որ պոտենիցալը կա, ՎԶԵԲ ծրագիրը կա, միջոցներ կան, ուղղակի նախօրոք այլ նախատեսումներով էր պլանավորած, բանակցում ենք, տեսնենք, ինչպես կստացվի: Պատկերոացնում եմ, թե արդյունքում «Անի» թաղամասը որքան կգեղեցկանա: Ի դեպ, հանդիպել ենք ջերմամեկուսացում իրականացնող կազմակերպության հետ, որպեսզի «Անի» թաղամասի մոնոլիտ շենքերում ջերմամեկուսացում անցկացվի: Նաև կգունազարդենք, կգեղեցկացնենք շենքերը:
— Քաղաքի քանի՞ տոկոս փողոցներն են վերանորոգված:
— Տոկոսով չասեմ, մոտ 70կմ դեռևս կա բարեկարգելու: 2022-ին, բնականաբար, մեծ թափով փողոցաշինական ծրագրերը կշարունակվեն:
— Խոսենք քաղաքաշինական ծրագրերից: Նախ, տարիներ շարունակ մի քանի հայտնի շենքերի պահպանման, վերականգնման, կամ վերակառուցման մասին ենք խոսում. խոստումներ լինում են, բայց… Օրինակ, Սևյանի ակումբի շենքը, «վառեմ—մարեմի» շենքը, Տեքստիլի հանրակացարանը:
— Սևյանի ակումբի մասով. բալետի դպրոցի վերածելու նպատակով վաստակավոր պարուսույց Խառատյանն ուզում է վերցնել, վերջերս էլ ենք հանդիպել, ճշտելու, թե որ կետում են. որքանով գիտեմ, միջոցների հայթայթման գործընթացում են: «Վառեմ-մարեմի» շենքը համայնքից հանձնված է նախարարության ենթակայությանը: Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք հետաքրքրվում, ավելին, գրությամբ դիմել ենք, իմանալու, թե ինչ ընթացքում է: Ընդհանուր առմամբ, Գյումրիում բոլոր այն շենքերը, որոնք թե՛ համայնքապատկան են, թե՛ պետական գույքի կոմիտեի ենթակայությամբ են, գրություն ենք ուղարկել, որպեսզի ճշտենք, թե մենք ընդհանուր ինչ շենքային ֆոնդ ունենք: Վերջիվեջո, հայտնի է, որ եթե շենքը չի օգտագործվում՝ փչանում է: Իսկ մենք ունենք անօթևանության լուրջ խնդիր: Ասենք, Վ. Սարգսյան փողոցի վրա ունենք 4-հարկանի շինություն: Ինչո՞ւ չվերցնենք, փոփոխություն կատարենք ու որպես բնակմակերես տրամադրենք:
— Իսկ բնակարանաշինություն, որպես այդպիսին, սպասվո՞ւմ է, թեկուզ մասնավոր կազմակերպությունների կողմից: Կարծես մի երկու նման ծրագիր կար. մեկը էկո քաղաքն էր, մյուսը «Մայր Հայաստանի» մոտակայքում:
— Էկոթաղամասը՝ Ուռի գնդի տարածքում, որ կառուցվելու էր Թոդ Ֆաբաքերի կողմից, առայժմ դադար է: Այն, որ Համահայկական հիմնադրամին համայնքը 5800քմ հող է տրամադրել, «Մուշ»-ում կառուցում են, գրեթե շենքերի արտաքին կառուցումը ավարտման փուլում է: Մոտ 40 բնակարան է լինելու, 50 երեխայի համար էլ նախատեսված է մանկապարտեզ: Երկրորդ փուլով համայնքից դարձյալ հող են խնդրել, որ տրամադրելու ենք հարևանությամբ, որի արդյունքում մոտ 60 բնակարան կունենանք:
— Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը կարծես հաջողված է:
— Համայնքն իր միջոցներով, ԱՌՔ բարեգործական կազմակերպության հետ շարունակում է սոցիալական բնակարանաշինությունը, որի արդյունքում մոտ 12-16 բնակարան կունենանք… ԱՌԴԱ-ով 40-նն ենք ունեցել: Նմանատիպ ծրագրերով համայնքը պատրաստ է կիսակառույցներ կամ հողհատկացում անելու, որպեսզի օր առաջ բնակարաններ կառուցվեն: Բացի այդ, այն տնակները, որոնք քարապատված են, համապատասխանում են քաղաքաշինական նորմերին, գոտիականությունը հաշվի առնելով, անվճար սեփականաշնորհման հնարավորություն ենք տալիս: Մոտ 10 բնակարանի տարբերակ կա. երբ անժառանգ բնակչի մահից հետո բնակարանը քաղաքի ենթակայության է տեղափոխվել, դրանք ևս կտրամադրենք անօթևաններին: Կառավարության հետ կապված էլ, դե այն ժամանակ տնակների անձնագրում եղավ, հաշվառում անցավ, հուսանք, ևս մեկ անգամ ինչ-որ չափով բնակարանաշինություն կիրականացվի կամ ծրագիր կառաջարկվի: Տնակներից թեթևացնելու էլի ծրագրեր ենք մտածել, եկեք հիմա չասեմ, թող լինի անակնկալ:
— Թող նման անակնկալներն հաճախակի լինեն, գոնե ուրախանանք… Եվ, անդրադարձ կատարենք տրանսպորտի խնդրին. գիտենք, որ տրանսպորտային նոր ցանցը նախագծված է, նոր ավտոբուսներն էլ գնված են, կարծեմ, համայնքի ենթակայությամբ ավտոբուսային պարկ է ստեղծվելու:
— Այո, համայնքապատկան ավտոբուսային պարկ ենք պատրաստվում ձևավորել, որը մեծ հիմնարկություն կլինի՝ համապատասխան գործիքակազմով, մասնագետներով, վարորդներով: Սևյանի վրա համայնքապատկան տարածքում հիմա վերանորոգման փուլում է: Պլանավորում ենք, մոտավորապես մարտ ամսին, ցանցն ունենալով, արդեն ավտոբուսները շահագործել: Չնայած ունեցած թվաքանակը չի բավարարում ամբողջ ցանցը սպասարկելու համար. ունենք 63 ավտոբուս, բայց մոտ 90 է պետք: Մինչ այդ մի քանի տարբերակներ կփորձենք, թեկուզ գնման միջոցով էկոավտոբուսներ ձեռք բերենք, կամ նվիրատվությամբ, օրինակ, Լեհաստանի Պիլա քաղաքի հետ «Կանաչապատում՝ հանուն զարգացման» ծրագրով, 5 ավտոբուս իրենք են խոստացել: Տեսնենք, հուսանք՝ կհասցնենք համալրել:
— Եվ վերջում, պարոն քաղաքապետ, թեպետ համայնքապետի մամուլի խոսնակը պարտաճանաչորեն տոնական ուղերձներ համայնքապետի կողմից տրամադրում է, բայց կուզենայի Դուք անձամբ շնորհավորեիք համայնքի բնակիչներին:
— Խաղաղություն լինի: Կուզենամ, որ մեր ժողովուրդը խոհեմություն ցուցաբերի, համբերությամբ լցվի: Կարևորը՝ առողջություն լինի, իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ գյումրեցիների սպասելիքներն արդարացնենք: Ամեն ինչ կանենք, որ մեր գյումրեցու անունն ու պատիվը բարձր պահենք: Լավատեսությամբ լցվենք, բոլորով ներգրավվենք մեր քաղաքը պահպանելու, ապրեցնելու, զարգացնելու գործում: Բնակիչն ինքն իրեն պետք է հարցնի, թե ի՞նչ է արել քաղաքի համար… Իր տան պես, իր երեխայի պես պիտի պահի, հոգ տանի, չկեղտոտի, չկոտրի, կառուցի, ավելացնի, լավ բաներ անի, որ պարծենանք: Աշխատասիրություն, աշխատատեղեր, աշխատանքով ստեղծենք մեր բարեկեցությունը: Եվ, որ առաջվա, մինչերկրաշարժյան ժպիտը վերադարձնենք մեր կյանք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: