ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Չգիտեմ` ճիշտ եմ վարվել, թե՝ սխալ

Այն, ինչ պատմելու եմ եղբորս պատմությունն է: Մեր ընտանիքում երեք եղբայր էինք: Հայրս շուտ մահացավ, և ընտանեկան ամբողջ հոգսն ընկավ ավագ եղբորս ուսերին: Երեքիցս միայն նա էր ամուսնացած: Երկրորդ եղբայրս ուսանող էր: Կենսախինդ էր, ապագայի համար ծրագրեր էր կազմում: Նա 20 տարեկան էր, երբ տեղի ունեցավ ահավոր երկրաշարժը: Բարեբախտաբար մեր ընտանիքից ոչ ոք չտուժեց. այդ օրը մենք գյուղում էինք: Իմանալով աղետալի լուրը` անմիջապես վերադարձանք քաղաք: Ես այդ ժամանակ 10 տարեկան էի: Հիշում եմ` եղբայրս կտրուկ փոխվեց: Սկզբում մտածում էինք, որ համընդհանուր աղետն ու վիշտն են ազդել նրա վրա: Ոչ մեկի ոչինչ չէր ասում, օրերով տուն չէր գալիս, օգնում էր փրկարարներին: Մեկ-մեկ գիշերները տուն էր վերադառնում ու լաց լինում: Ավագ եղբայրս ու մայրս կարծում էին, թե վախեցած է, բայց նա հերքում էր: Դարձել էր մի տեսակ ինքնամփոփ, դյուրագրգիռ: Ամեն մի հասարակ բանից կարող էր նյարդայնանալ ու վեճ սարքել: Անցան ամիսներ: Եղբայրս թողեց ուսումը, նրան այլևս ոչինչ չէր հետաքրքրում, իսկ երբ մերոնք հարցնում էին. «Դե լավ, վերջը, ինչքա՞ն ես տանջելու քեզ, ժամանակն է մտածել ապագայի մասին», միայն թափահարում էր ձեռքը ու հեռանում: Ամուսնության մասին անգամ չէր ուզում լսել…

Անցան տարիներ: Նա մեկնեց Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Այնտեղ ևս ընտանիք կազմելու մասին չէր մտածում, ձեռքն ընկած գումարը մեզ էր ուղարկում: Տարին մեկ անգամ` Ամանորին, գալիս էր Գյումրի, մի քանի շաբաթ մնում ու նորից վերադառնում Ռուսաստան: Վերջին անգամ երբ եկավ, վատառողջ էր: Ստամոքսի հետ կապված պրոբլեմներ ուներ: Մի օր երեկոյան անկեղծ զրույցի բռնվեցինք: Հարցրեց, թե ես ինչու չեմ ամուսնանում: Պատասխանեցի, որ հարմար աղջիկ դեռ չեմ գտել ու խնդրեցի անկեղծորեն պատմել, թե ի՞նքն ինչու ընտանիք չի կազմում: Նա նայեց ինձ ու ասաց. «Լավ… Կպատմեմ»:

Պարզվում է` եղբայրս ուսանողական տարիներին սիրել է մի աղջկա` իր համակուրսեցուն: Վերջինս նույնպես սիրել է նրան, բայց ծնողները դեմ են եղել, որ իրենց աղջիկն ամուսնանա եղբորս հետ: Ի վերջո, նրանք որոշել էին միասին փախչել: Եղբայրս ասել է, թե դեկտեմբերի 6-ին մի քանի օրով մեկնելու է գյուղ, կվերադառնա 9-ին ու միասին կփախչեն: Մի քանի օր կմնան ընկերոջ տանը, հետո բոլոր հարազատներին կկանգնեցնեն փաստի առջև: Բայց այդ չարաբաստիկ, անիծյալ երկրաշարժն ամեն ինչ տակնուվրա արեց: Եղբորս սիրածը հազարավոր անմեղ զոհերից մեկն եղավ… Եղբայրս նրան գտել էր 3-րդ օրը, գրկած դուրս էր բերել ինստիտուտի փլատակների տակից, չոքել սիրած էակի անշունչ մարմնի առջև ու երդվել, որ ամբողջ կյանքում հավատարիմ կմնա նրան և երբևէ չի ամուսնանա: Փաստորեն, եղբայրս պահել էր իր երդումը, և ոչ մեկը չէր էլ կարողանա նրան հակառակը համոզել:

Երկու շաբաթ անց նա մեկնեց: Խնդրեցինք` մի քանի օր էլ մնա, բայց նա տարուբերեց գլուխը. «Չէ, չեմ կարող, էս քաղաքում չեմ կարող ապրել, ամեն ինչ նրան է հիշեցնում»: Որոշ ժամանակ անց լուր եկավ, որ առողջականն էլ ավելի է վատացել: Ավագ եղբայրս առանց վարանելու մեկնեց նրա մոտ ու մի կերպ համոզելով` իր հետ բերեց Գյումրի: Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին ստամոքսի չարորակ ուռուցք: Մեզ չհաջողվեց փրկել եղբորս կյանքը… Շատ ուշ էր…

Հողին հանձնելուց առաջ ես վերջին անգամ նայեցի իմ շատ սիրելի եղբոր դեմքին և մի անսովոր հանդարտություն ու ժպիտ նկատեցի: Կարծես նա ուրախ էր, որ 18 տարի բաժանումից հետո վերջապես երկնքում կհանդիպի իր սիրելիին:

Նրա մահից անցել են տարիներ: Չգիտեմ` ճի՞շտ եմ վարվել, թե՞ սխալ, որ ընթերցողների առաջ բարձրաձայնեցի եղբորս գաղտնիքը:

Ա.Մ.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: