ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Չինական ավտոբուսները թանկ են. էլի մնացինք «Գազել»-ների հույսին

Ոնց որ թե Գյումրին քիչ-քիչ թոթափում է հոգսերի ծանր բեռը. միայն փողոցների հիմնանորոգումը, գծանշումները քաղաքն այնքան է գեղեցկացրել, որ դու սուս: Մնացած խնդիրներն էլ, հույս ունենք, կամաց-կամաց կկարգավորվեն, մանավանդ՝ կա կառավարության դիրքորոշումն ու, ամենակարևորը, քաղաքական կամքը: Կարևոր խնդիրներից է քաղաքային տրանսպորտը: Վերջերս քաղաքապետը հայտարարել էր, որ շուտով քաղաքի տրանսպորտային ցանցը կազատվի իրենց դարն ապրած «Գազել» մակնիշի երթուղային տաքսիներից ու կհամալրվի չինական էլեկտրոավտոբուսներով: Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան:

Թե ինչ նորություն կա ավտոբուսներից, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տրանսպորտային ցանցում, զրուցեցինք Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ ԱՐՏՅՈՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Չինաստանում մեր պատվիրակությունն այցելել էր էլեկտրական ավտոբուսներ արտադրող ընկերություն ու անակնկալի եկել: Մենք կարծում էինք, դրանց արժեքը քաղաքի գրպանին հարիր կլիներ, բայց պարզվեց՝ մեր ենթադրածից շատ ավելի էր. մեկ ավտոբուսի համար պահանջել են 114 հազար դոլար: Իսկ մենք, անցած տարի մրցույթ էինք հայտարարել, և «Գազել» մակնիշի մեկ ավտոբուսը 27 հազար դոլար էր կազմում: Եվ դա նորմալ էր: Համայնքային բյուջեից տնտեսված գումարներով (մոտ 250 մլն դրամ), նաև կառավարության կողմից հատկացված 250 մլն դրամով մոտավորապես կարող ենք 22 ավտոբուս գնել: Իսկ մեր պատվիրած նոր երթուղային ցանցի համար հարկավոր է 85 ավտոբուս: Ինչպես տեսնում եք, ահագին գումար դեռ պակասում է, ու մենք որոշեցինք սպասել ևս մեկ տարի: Տարեվերջին հայտնի կլինի, թե որքան տնտեսված գումար կավելանա եղածին, նոր միայն հանրային քննարկման կդնենք մեր նոր երթուղային ցանցը, կներկայացնենք ավագանուն, բնակչության կարծիքը կլսենք, որպեսզի պատկերը բոլորիս համար հստակ լինի, մանավանդ միկրոավտոբուսներից ազատվում ենք ու ցանց կմտնեն 23-տեղանոց ավտոբուսներ:

Այսինքն՝ միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներո՞վ:

— Այո: Երևանում տեսած կլինեք 23-տեղանոց նոր «Գազել» մակնիշի ավտոբուսները՝ 1,90 մետր բարձրությամբ, կանգնելու հարմարավետությամբ… Այսինքն, 23 հոգի նստած, ու մի 10-12 կանգնած ուղևորափոխադրամիջոց է: Սա լավագույն տարբերակն է. նախ՝ նոր ավտոբուսներ են, պահեստամասերը՝ էժան, սպասարկումը՝ հեշտ:

Ստացվում է, որ մինչև հունվար դեռ կդիմանանք միկրոավտոբուսներին, հետո միայն պա՞րզ կլինի:

— Հույս ունենք, որ գոնե 65 հատ կկարողանանք գնել: Ներկայում պարկում ունենք 15 ավտոբուս, որոնք ընթացքում շարքից դուրս եկան, վերականգնեցինք, շահագործման ժամկետն էլ շուտ լրացավ:

Եթե համայնքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք բերի, քաղաքային տրանսպորտային պա՞րկ է ձևավորվելու:

—  Այդ հարցը ևս քննարկվում է: Չկա օրենք, որը թույլ չի տալիս, որ քաղաքային ավտոպարկ լինի, հնարավոր է, որպեսզի մեկ օպերատոր հանդիսանա հենց համայնքը: Բայց այստեղ հավելյալ աշխատանք է պահանջվում, պետք է որպես հիմնարկություն ձևակերպվի, աշխատակազմ հավաքագրվի:

Սա, իրոք, ցանկալի է այն առումով, որ ոչ միայն ֆինանսական հոսքեր կապահովվի քաղաքային բյուջե, նաև արդեն գիտես կոնկրետ հասցեատերին: Երբ սպասարկող ընկերությունը մասնավորն էր, բարձրացվող խնդիրները մնում էին անպատասխան. օրինակ՝ որոշ վարորդների կոպիտ վերաբերմունքը ուղևորների հանդեպ, հեռախոսն ականջներին վարելը, ծխելը, էլ չեմ ասում սրահների անխնամ, կեղտոտ վիճակը և այլն:

— Ամեն դեպքում, լավագույն տարբերակը մրցույթ հայտարարելն է: Մենք մրցույթ ենք հայտարարում արդեն մեր ունեցած սեփական մեքենաներով… Ասենք, քաղաքապետարանն կունենա 70 սեփական ավտոբուս, որոնք ձեռք ենք բերում համայնքի գումարով: Համայնքն արդեն մրցույթը շահած ընկերությունից կարող է շատ բան պահանջել, Ձեր նշած բոլոր խնդիրներն արդեն մեր պայմանների մեջ կլինեն: Տեսեք, երբ վարորդը սեփական մեքենայով է աշխատում՝ դա այլ հարց է, իսկ երբ աշխատում է որպես վարորդ՝ այլ: Մենք այս դեպքում պահանջատեր ենք լինելու և կկարողանանք վերահսկել:

Չեմ հասկանում, եթե կունենանք համայնքապատկան ավտոբուսներ, մի՞թե աշխատակազմ հավաքագրելը դժվար է:

— Մենք չունենք ավտոսպասարկման հնարավորություն, գառաժ, որն ունի ողջ ծավալով երթուղի շահագործելու և սպասարկելու հնարավորություններ: Մյուս կողմից լավ եղավ, որ նոր ավտոբուսներն այս պահին չկան: Ասեմ՝ ինչու. ճանապարհների հիմնանորոգումները կավարտվեն, հաջորդ տարի ևս կշարունակվեն ու կավարտվեն, կանգառները շատ արագ տեմպերով տեղադրվում են, մնացած մասն էլ հաջորդ տարի կտեղադրվեն: Ի դեպ, ասեմ, որ անձամբ եմ ներկա գտնվել, երբ մի տատիկ արդեն իսկ օգտվում էր «Սմարտ» կանգառի լիցքավորումից ու Նորայրին («Սմարտ» կանգառներ տեղադրող երիտասարդ բիզնեսմեն,- հեղ.) իր երախտագիտությունն էր հայտնում: Դարձյալ մրցույթով հաղթող կազմակերպությանը 3 տարվա պայմանագրային ժամկետով կտրվի երթուղիների սպասարկումը, բայց, երբ նոր երթուղային ցանցով սկսեցինք աշխատել և ավտոբուսներ գնեցինք, այդ դեպքում պայմանագիրը խզվում է:

Նոր երթուղային ցանցում փոփոխություններ կլինե՞ն:

— Իհարկե՝ կլինեն: Այս պահին ունենք 2 ավտոբուսային ու 11 միկրոավտոբուսային երթուղիներ: Լինելու է 7 ավտոբուսային, և 2 միկրոավտոբուսային երթուղի:

Քչացրե՞լ եք

— Ոչ թե քչացրել ենք, այլ ավտոբուսների տարողականությունն է մեծացել: Այսօր ողջ երթուղային ցանցից 4-ը թափուր է: Մասնագիտական աշխատանք է տարվել երթուղային ցանց գծող կազմակերպության կողմից, մոնիթորինգ են անցկացրել, կարծում եմ, օպտիմալ երթուղի են գծել: Մեր ունեցածը 13 տարվա ցանց էր, հիմա ամբողջական տնակային թաղամասեր են դատարկվել, «Մուշ» թաղամասն է բնակեցվել, վիճակագրական տեղեկությունների վրա են հիմնվել, թե որտեղ են դպրոցները, մանկապարտեզները, մեծ թվով աշխատակիցներ ունեցող հիմնարկները. բնակչության տեղաշարժը փոխվել է, և այնպիսի երթուղային ցանց ենք կազմել, որ բոլոր երթուղիները կշահագործվեն շահավետության սկզբունքով: Ավտոբուսային երթուղով միկրոավտոբուսներ չեն լինի, և զերծ կմնանք Ձեր թվարկած ու մեր իմացած խնդիրներից:

Մարդիկ բողոքում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտ չկա:

— Երթուղայինները մինչև 18:30 էին աշխատում, մենք երկարացրել ենք մինչև 20:00-ն, իսկ նոր երթուղային ցանցով նախատեսված է բոլոր երթուղիներն ավարտել 21:30-ին: Այստեղ ևս հաշվի է առնվել մեր քաղաքի բնակչության կենսապայմանները: