ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Չկա որեւէ ոլորտ, որ 100 տոկոսանոց լինի

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ ՀԱՅԿ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԻ հետ:

 — Պարոն Սուլթանյան, խոսենք համայնքում գործող մանկապարտեզների, հաճախող երեխաների թվից, շենքային պայմաններից:

— Գյումրիում կա 24 մանկապարտեզ, ներկա պահին գործում են 22-ը, իսկ երկուսինը ժամանակավորապես դադարեցված է: Մեկը Նորավան թաղամասի «Արևիկ» մանկապարտեզն է, որի շենքը վթարային վիճակում էր, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կապիտալ հիմնանորոգվում է: Իսկ մյուսը՝ Կոշտոյան թաղամասի «Նանուլիկ»-ն է, որը տնակային պայմաններում էր գործում և արդեն անհնարին էին դարձել պայմանները: Նոր շենք է կառուցվում: Այս պահին 2.500 հաճախող երեխա են գրանցված:

— Պարտեզներից քանի՞սն են դեռ տնակային և արդյո՞ք այս պահին դրանք ևս շենքային պայմաններով ապահովելու ծրագրեր կան:

— Եվս 3 տնակային մանկապարտեզ ունենք. ավտոկայանին կից գտնվող «Զանգակն» է, Ավզնոց թաղամասի «Սուրբ Մարիամը» և Տերյան փողոցի հետնամասում գործող «Ծիածանը»: Որոշ ծրագրեր կան, բայց դեռ հստակեցված չեն:

— Երեխաների թիվը ոնց որ թե քիչ է, հա՞:

— Եթե համայնքում հաշվառված երեխաների թվով ուղղորդվենք, ԶԱԳՍ-ի, պոլիկլինիկաների, վիճակագրական տվյալների ցուցիչով դիտարկենք, ապա, բնականաբար, թիվն այլ է: Ենթադրելի է, որ երեխաների մի մասը ծնողների հետ բացակայում են հանրապետությունից, որոշակի մասն այլընտրանքային՝ «Հայորդաց տուն», կամ այլ պարտեզներ են հաճախում, մի մասն էլ մնացել են տատիկների կամ տնային տնտեսուհի մայրիկների խնամքին:

— Պարոն Սուլթանյան, որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մանկապարտեզներում երեխաների դաստիարակության ծրագրերը բավարար են՝ ժամանակակից մատաղ սերնդի կազմավորման համար: Թե՞, այսպես ասած, դեռ պահպանվում են սովետական ժամանակաշրջանի ծրագրերը. լինում է, չէ՞, որ վերցվում է մի մոդել, որն օպտիմալ է…

— Փոխվել են ծրագրերը, մենք առաջնորդվում ենք կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կրթական համալիր ծրագրերով, որոնք գործում են ամբողջ հանրապետության ՀՈԱԿ-ներում: Պետական ծրագրեր են, որոնք հատուկ փորձաքննություն են անցել, հոգեբանների կողմից են ուսումնասիրվել, տարբեր տարիքների համար, տարբեր հանգամանքներ են հաշվի առնված: Իհարկե, կա նման բան, որ վերցվում է գործող մոդել, սակայն ներկա ծրագրերում երեխայակենտրոն ուսուցում է տարվում, երեխային ավելի շատ ազատ է թողնված, ինքնուրույն զարգանալուն, խաղերով են ուղղորդվում երեխաները:

— Իսկ ի՞նչ կասեք դաստիարակների համապատասխանության մասով. եկեք ճիշտ խոսենք, եթե հիմա չնշենք բացերը, ընթերցողը կկասկածի, քանի որ նա երբեմն այլ իրականության հետ է առնչվում:

— Չկա որևիցե տեղ, որ 100 տոկոսանոց լինի, բայց նշածս կրթական ծրագրերի տրամաբանական շարունակության մեջ է դաստիարակների համար Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմած ծրագրերով կազմակերպվող հատուկ վերապատրաստման դասընթացները, որպեսզի նրանք տիրապետեն ծրագրերին և համապատասխան ուսուցում կազմակերպեն: Բացի դրանից, ԿԳՆ-ի կողմից կա հաստատված տարիֆաորակավորման բնութագիր, այսինքն՝ պատահական մարդը չի կարող դաստիարակ աշխատել: Նշված են որոշակի չափանիշներ, եթե չհամապատասխանի մասնագետը, ապա իրավունք չի ունենա աշխատելու:

— Բայց երբեմն մենք այլ կարծիքներ ենք լսում:

— Տեսեք, հանրակրթական դպրոցներում էլ կան ուսուցիչներ, որոնք երեխների հետ վարվեցողության, մանկավարժի հոգեբանության հետ կապված թերի են, կամ սեփական մոտեցմամբ են առաջնորդվում: Բայց փաստում եմ, որ մենք օբյեկտիվ կողմն ապահովվել ենք ու չկա դաստիարակ, որը համապատասխան վերապատրաստում անցած չլինի: Իսկ Ձեր նշած մնացած դեպքերը սուբյեկտիվ մասն են:

— Ինչպե՞ս է  մանկապարտեզներում կազմակերպվում երեխաների սնունդի հարցը:

— Սնունդի հարցը կազմակերպվում է հետևյալ կերպ. քանի որ մանկապարտեզները ՀՈԱԿ-ներ են, առանձին իրավաբանական կառույցներ են, նրանք առաջնորդվում են ՀՀ գնումների մասին օրենքով: Յուրաքանչյուրն առանձին մրցութային հայտարարություն է տալիս:

— Համայնքապետարանը վերահսկողություն իրականացնո՞ւմ է:

— Մեր կողմից իրականացվում է այն վերահսկողությունը, թե օրենքին համապատասխան կազմակերպվե՞լ է մրցույթը, թե՞ ոչ:

— Իսկ հնարավո՞ր է, որ, ասենք, մանկապարտեզի տնօրենն ուղղորդվի, թե այս կամ այն կազմակերպության հետ պետք է աշխատի:

— Ոչ, ոչ, տարբեր մատակարարներ են: Այսինքն, մի 4-5 կազմակերպություն են, որոնք մասնակցել են մրցույթի ու, հնարավոր է, որ այդ նույն մատակարարը մի քանի մանկապարտեզի հետ է աշխատում: Սննդամթերքի ցանկը՝ միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը, Առողջապահության նախարարի 2013թ. թիվ 42 հրամանով հաստատված է: Գնումների հայտարարության մեջ նշվում է տեխնիկական պահանջները և մրցույթի արդյունքում շահող մատակարարն արդեն պարտավոր է համապատասխան սննդամթերքով ապահովել: Սննդի անվտանգության պետական տեսչության կողմից անընդհատ խիստ վերահսկողություն է իրականացվում սննդամթերքի որակի ուղղությամբ, անհրաժեշտ ու համապատասխան փաստաթղթերի կցմամբ:

— Ի՞նչ հաճախականությամբ եք այցելություններ կազմակերպում մանկապարտեզներ:

— Դա մեր առօրյա գործընթացն է: Կա նաև քաղաքապետի կողմից կազմավորված անկախ հանձնաժողով, որը վերահսկում է սննդամթերքը և հետևում սանիտարահիգիենիկ պայմանները, որը ցանկացած ահազանգի դեպքում արձագանքում է և տեղում լուծում ծագած խնդիրը:

— Հատկապես ինչի՞ հետ է կապված լինում ահազանգները: Եվ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է սանիտարահիգիենիկ պայմանները մանկապարտեզներում:

— Հիմնականում ավելի շատ շենքային պայմանների հետ են կապված լինում պրոբլեմները, ասենք, խորհրդային տարիներին կառուցված շենքեր են, որոնք տարիներ շարունակ կապիտալ վերանորոգում չեն ունեցել. խոնավություն է, ջրագիծ է և այլն: Մենք վերացնում ենք հետևանքները: Վերանորոգման ծրագրեր ենք իրականացրել, օրինակ, Երկաթգծի ավանում «Էյլիթիյա» մանկապարտեզում հոյակապ խմբասենյակներ կառուցեցինք Հայ-Ամերիկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վերջինիս միջոցներով «Լապտերիկում» խմբասենյակներն ու սանհանգույցները կարգի բերվեց, «Ժպիտի» երկու մասնաշենքը, խոհանոցն ու դահլիճն ենք վերանորոգում: Կա «Քաղաքապետերի դաշնագիր», որին Գյումրին ևս միացել է, ծրագիր ենք ներկայացրել, այլ ուղղություններով ևս փորձել ենք աշխատանքներ տանել, որպեսզի վերացնենք լուրջ թերությունները:

— Եվ վերջում խոսենք վարձավճարներից. գիտենք, որ Երևանը ֆինանսավորում է մանկապարտեզները, իսկ Գյումրիի բյուջեն նման հնարավորություն չունի…

— Ելնելով բյուջեի հնարավորությունից, չենք կարող համայնքի ֆինանսավորմանը թողնել: Միայն կարողացանք նախկինում 3 մլն տրամադրվող զեղչերի համար ևս 7 մլն ավելացել, այդպիսով 10 մլն հատկացնել զեղչերի համար՝ յուրաքանչյուր մանկապարտեզի սննդի վարձավճարի մինչև 10 տոկոսի փոխհատուցումով: 100 տոկոսով աջակցման ենթակա երեխաների թվին (երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ, երկկողմանի հաշմանդամ ծնողների երեխաներ) ավելացել է նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների երեխաները: Մեր ուսումնասիրություններով, ամենախոցելի խումբը անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներն են, տալիս էինք երկրորդ երեխայից սկսած 50 տոկոս զեղչ, արդեն հանել ենք այս կետը, և նման ընտանիքի ամեն երեխային 50 տոկոսով է զեղչ հասնում: