ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատանիներն համայնքը զարգացնելու իրենց առաջարկներն ունեն

Անցած տարեվերջին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Յունիսեֆի» հայաստանյան գրասենյակն առաջին անգամ համատեղ ջանքերով ներդրեցին «Յունիսեֆի» գլոբալ UPSHIFT պիլոտային ծրագիրը, որը միտված է 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության զարգացմանն ու գիտելիքների բարձրացմանը՝ հենց վերջիններիս անմիջական ներգրավվածությամբ:

Մայիսի 5-ին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ UPSHIFT ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp»-ը (համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացում/մրցույթը):

Շիրակի և Լոռու մարզերից շուրջ 47 պատանիներ աշխատելով իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստելով նորարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց առաջարկները, այն ներկայացրեցին կազմակերպիչներին:

Ըստ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի, ամիսներ շարունակ Լոռու և Շիրակի մարզերի տարբեր դպրոցներում պատանիների վերապատրաստման դասընթացներ են տեղի ունեցել, սովորել են, թե ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի, որը հնարավոր կլինի իրագործել: Եվ գաղափարներով հանդես եկած 43 համայնքային երիտասարդներից երկրորդ փուլ անցած 10 ծրագրերից հանձնաժողովը մրցութային կարգով ընտրելու է լավագույն 5 ծրագրային գաղափար. «Երիտասարդները պետք է թիմերով հանդես գային՝ 3-5 անդամակիցներով: Արդյունքում բավական հետաքրքիր արդեն բիզնես-գաղափարներով առաջարկներից մենք ընտրեցինք 10 լավագույնը, իսկ վերջնական փուլում հանձնաժողովի կողմից կընտրվեն 5-ը: Յուրաքանչյուր թիմին կտրվի 150 հազար դրամ՝ ծրագիրն իրականացնելու ծախսերը փակելու համար»: Արթուրն ասում է, որ բարձր ակտիվություն է գրանցվել՝ իրենց կանխատեսածից կրկնակի ավել, և ծրագրերից մեծամասնությունը գյումրեցի երիտասարդներն են ներկայացրել՝ 4 գաղափար Սպիտակից է եղել,  39՝ Շիրակի մարզից, հիմնականում Գյումրիից:

Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը ողջունեց պատանիներին, նրանց հաջողություն մաղթեց, իր խոսքում կարևորեց պարմանի տարիքից համայնքային զարգացման գործընթացներին մասնակցությունը և սեփական նախաձեռնողականությամբ ու առաջարկներով հանդես գալը:

«Յունիսեֆի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընը լրագրողների հարցերին պատասխանելով, հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի. «Սա մի ծրագիր է, որ «Յունիսեֆն» ամբողջ աշխարհում իրականացնում է: Հայաստանում գտնելով վստահելի գործընկեր՝ հանձինս Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», համաձայնվեցինք աշխատել: UPSHIFT-ը ներառում է Սպիտակը և Գյումրին: Շուրջ 70 երիտասարդների հետ հանդիպելով, վերապատրաստելով, հետագայում ընտրեցինք 10 լավագույն ծրագրերը, որոնք մասնակցելու են վերջնական փուլին: Գաղափարները մեկը-մյուսից լավն են, օրինակ, Գյումրու մոտակա գյուղերից մեկի՝ Ջրափիի թիմն առաջարկել էր համայնքում smart ավտոբուսային կանգառ հիմնել՝ նորարական մոտեցումներով: Մյուս ծրագիրը «Խելացի քարտեզն» էր, որը Գյումրի այցելած զբոսաշրջիկին հնարավորություն կտա քաղաքում ազատ տեղաշարժվելու և տեղյակ լինելու, թե ինչը որտեղ է: Ինձ հետաքրքրեց նաև պլաստիկ շշերից ու աղբից Գյումրի գետակի մաքրման, դպրոցը մարզագույքով ապահովելու և այլ ծրագրեր»:

 

Հ.Գ. Առաջարկված ծրագրերը բոլորն էլ լավն են, բայց նկատվեց, որ մեծամասնությունը համայնքային զարգացման այնպիսի տարրեր են կրում, ինչպիսիք սոցիալականն է: Օրինակ, երեխաները մտահոգված են գյուղում կանգառ չունենալով, դպրոցի տանիքի վերականգնումով, դպրոցում մարզագույքի բացակայությամբ, աղբի ու նման այլ խնդիրների վերհանումով: Մինչդեռ, եթե նման հարցերը երեխաների ուշադրությունից դուրս լինեին, ապա մեծահասակների պարտավորություններն իրենց ուսերին չկրելով, առավել հետաքրքիր ու ստեղծագործական գաղափարներով հանդես կգային: