ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Պարարվեստի ու հայրենիքի պաշտպանության սահմանագծին

Նոյեմբերի 18-ին «Մանուկյան ընկերության» նախաձեռնությամբ Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի ստեղծագործական երեկոն։

— Պարոն Հակոբյան, համերգից օրեր առաջ տոմսերն սպառված են. սա ուղիղ իմաստով նշանակում է՝ Գյումրին սպասում է «Սարդարապատ»-ին։ Ինչպե՞ս որոշվեց կազմակերպել Ձեր ու գյումրեցիների հանդիպումը։

— Ինձ համար մեծ պատիվ է ու ուրախություն՝ Գյումրիում ունենալ իմ ստեղծագործական երեկոն։ Ինձ համար սա իսկապես շատ կարեւոր է. տեսեք՝ ինչ արվեստագետներ է տվել Գյումրին  ու եթե այդ քաղաքը որոշել է ինձ համար մի բան անել, ուրեմն ես շնորհակալ եմ, շոյված ու անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան։

— Գյումրեցի հանդիսականը «Սարդարապատ»-ի պարացանկից մեկ-երկու համար հասցրել է վայելել Ձեր նախորդ այցերի շնորհիվ։

-Այո, վերջին շրջանում մենք հաճախ եղանք Գյումրիում։ Ամեն ինչ սկսվեց «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնից, որտեղ ինձ հրավիրեցին նախագահելու ժյուրիի կազմը։ Ես սիրով եմ ընդունել այդ հրավերը, որովհետեւ միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ իմ կարիքը կա։ Մանավանդ, որ վստահ եմ՝  շփման միջոցով է արվեստը զարգանում։

— Արդեն 25 տարի «Սարդարապատ»-ը զինվորագրված է պարարվեստի ու հայրենիքի պաշտպանությանը՝ միաժամանակ։  Զինվոր պարողների ու պարուհի զինվորականների համույթի պարացանկն ինչպե՞ս է ձեւավորվում։

— Պարացանկն հարուստ է ու բազմազան. մեր աշխատանքն է նաեւ պարտադրում պարացանկում ունենալ աշխարհի ամենատարբեր երկների ազգային պարեր՝ ՊՆ բարձրաստիճան հյուրերին դիմավորելու եւ ինչպես հարկն է պատվելու համար։ Իսկ ընդհանուր առմամբ՝ սկզբունք ունեմ. իմ մտքի ու սրտի մեջ եղածը պետք է  դառնա գեղարվեստական ստեղծագործություն։ Հակառակ պարագայում դա չի դառնում  բեմ բարձրացնելու բան։ Պարն ասելիք պիտի ունենա։

— Ես գիտեմ, որ դուք հաճախ հայացք եք նետում Թումանյանին եւ, առհասարակ, ժողովրդական մտածողությունն արտացոլված է ձեր բեմադրություններում։ «Լոռեցի Սաքոն» դրա վառ ապացույցն է։

— Այո՛։  Իմ հաջողության գրավականը նաեւ սրա մեջ է. ես պարբերաբար դիմում եմ  ժողովրդին ու բեմադրություն բերում ժողովրդական մտածողությունը։ «Մի կաթիլ մեղր»-ը տարիներ առաջ բեմադրել եմ, հիմա նորից գլխիս մեջ է, ուզում եմ վերականգնել։ «Կիկոսի մահը» մնաց կիսատ։ «Կացին ախպեր»-ն է  իմ ուղեղի մեջ։ Թումանյանն անսպառ է, նրան ամեն օր կարելի է անդրադառնալ։  Կամ Սայաթ-Նովան, որ ասում էր՝ «եթե գեղեցկությունն աշխարհ եկավ՝ պատճառը դու էիր»։ Այսպիսի սեր ոչ մեկը չի կարող նկարագրել։ Հայկական ժողովրդական մածողությունից իմ պարերը հեռու չեն։ Օրինակ կարող եմ բերել «Էշխեմեդ»-ը․ խորհուրդը մայրության, մայրանալու, պտուղ տալու մեջ է։ Մայրս, քույրս, կինս, աղջիկս, ով էլ լինի՝ իր կյանքի առաջնային առաքելությունը մայրանալն է։  Հակառակ դեպքում նա դառնում է ծառի անպտղուղ ճյուղ, իսկ անպտուղ ճյուղը ոչ մեկին հարկարվոր չէ։ Մեր ընկալման մեջ կինն ընտանիք է,  հայրենիք։ Ու ես ցույց եմ տվել, որ կյանքի հարատեւությունը մայրության խորհրդի մեջ է։ Հեշտ չի ծնվել այդ բեմարդրությունը։ Վեց ամիս տեւեց։

— Ռազմապարերը եւս անբաժան են Ձեր պարացանկից եւ դուք արձագանքում եք սահմանին կատարվող իրադարձություններին։ Վկան՝ ապրիլյան քառօրյայից հետո արված բեմադրությունը։

— Այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ մենք ժամանակից անկախ լինել չենք կարող։ Զինվորի հոգեբանությունը բեմ հանելով, մենք նորից փաստում ենք՝ մեր երկրում մեզնից յուրաքանչյուրը զինվոր է։ Պարարվեստը հոգեվիճակ է։ Ու մեր մարտական պարերը զինվորի հոգեվիճակն են ներկայացնում։

— Եւ վերջում, ի՞նչ պարացանկով կլինեք Գյումրիում։

— Հին ու նոր բեմադրություններով ենք գալիս Գյումրի։ Մեր պարացանկի լավագույն պարերով ու պրեմիերաներով։ Հուսամ՝ կկարողանանք արդարացնել գյումրեցի հանդիսականի սպասելիքները․ կրկնակի պարտավորված ենք  տոմսարկղում տոմսեր չլինելու հանգամանքից։

ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ