ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Պարելը մեր հոգու խորքային պահանջներից եւ կյանքի շարժիչ ուժերից մեկն է

Հարցազրույց «Անի» պարային համույթի պարուսույց ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆԻ հետ:

— Սենիկ, ինչպե՞ս ձևավորվեց «Անի» պարային համույթը:

— Համույթը ձևավորվել է 1999 թվականին. Գյումրու Գեղարվեստի ազգային կենտրոնում՝ հիմնադիրն է եղել Սուսաննա Փահլևանյանը: Այն ժամանակ համույթը կոչվում էր «Անդրանիկ»: 2003 թվականին ես միացա: Կար մոտ 35 անդամ, իսկ 2004-ին նրանց թիվն հասավ 50: Համույթը կիսեցինք տարիքային 2 խմբի: 2005թ. ես տեղափոխվեցի Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Պիոներ պալատ», որը գործում էր տնակային տարածքներում: Կարծում էի, նոր խումբ եմ հիմնելու, սակայն երեխաներն իմանալով այդ մասին, ակամայից բոլորը տեղափոխվեցին «Պիոներ պալատ»՝ իմ մոտ: Փաստից ելնելով, և այլևս նախկին անունով չցանկանալով գործել, մեր նոր ձևավորված համույթն անվանեցինք «Անի»: Ու մինչ օրս մենք գործում ենք՝ նույն անվամբ և նույն կառույցում… Չնայած կառույցը վերջերս վերանվանվեց «Մանկապատանեկան արվեստի պալատի» և, վերջապես, տեղափոխվեցինք շենքային հատված: Ներկայում համույթի անդամների թիվն հասնում է 130-ի:

— Ձեր սաներից շատերը հետագայում ուսումը շարունակում են բուհերի պարարվեստի բաժիններում: Այսօր շատերը կան, որ պարուսույց են…

-«Անին» Գյումրի քաղաքին տվել է 8-9 պարուսույց, նրանք ավարտել են բարձրագույն հաստատություն, սակայն, եթե հիմքը չունենային, ակադեմիական ուսուցումն իրենց ոչինչ չէր տա: Ես բազմիցս եմ իմ սաներին հարցրել, թե ի՞նչ են ավելին սովորել… Դե, ես ամեն ինչ չէ, որ ասենք, պետք է իմանայի, բայց գիտեմ այնքանով, որ արժանի համույթ ունեմ, որն ամենուրեք կարող է բարձր մակարդակով ելույթ ունենալ ու մրցակից լինել այլ համույթներին: Ու բոլորովին չուզենալով որևէ կառույցի, այս պարագայում Երևանի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի պարի բաժնի վրա ստվեր գցել, նաև չեմ կարող չարտահայտել իմ անձնական գնահատականը. սովորողներից ստացել եմ այնպիսի պատասխան, որը ցանկալի չէր. «Լավ հորանջել ենք սովորել»… Հասնել 3-րդ կուրս, ու սովորել ընդամենը ազգագրական 3-4 պար, բաղկացած մեկ դանդաղ ու մեկ արագ շարժումի՞ց… Սա չե՞ք կարծում, որ անհարիր է: Երեխաները բարձր վարձ են վճարում ուսումնական հաստատությանը, ուզում են պարարվեստի ոլորտում առաջատար դառնալ, ավելին իմանալ, հակառակ դեպքում ինչո՞ւ են բարձրագույն ընդունվել, ու սովորել այդքանը՞… Ուրեմն՝ դիպլոմն ընդամենը ձևական թո՞ւղթ է: Իսկ բուհ ավարտելուց հետո, շատերը կարող են իրե՞նք դասավանդել պար… Դա անթույլատրելի է, ազգային պարի պարուսույցը պետք է շատ ավելին իմանա:

— Այո՜, Դուք լուրջ հարց եք բարձրացնում, ինչը պատասխանատու մարմիններին խորհելու առիթ թող տա: Լավ, շարունակենք. 130 պարող, ինչպե՞ս եք լուծում պարային հագուստների հարցը:

— Այդ հոգսը մինչ այժմ իմ ուսերին է եղել: Սա ամենալուրջ, ամենապորբլեմատիկ խնդիրն է. սկսած դիզայնից, վերջացրած ծնողների օգնությամբ դրանք կարել տալը: Այսօր ուրախությամբ պետք է նշեմ, որ իմ սաներից՝ Անի Հարությունյանը, Հասմիկ Վալեսյանը, Կարեն Մանջլիկյանը ինձ թև ու թիկունք են կանգնել, պարապում են փոքրերի հետ, նաև օգնում հագուստների հայայթման հարցում: Իսկ ամենասկզբում ոչ մի բան չունեինք: Սկզբնական, կայացման շրջանում, երբ համույթն արդեն իր տեղը գրավեց քաղաքի պարարվեստի ոլորտում, հագուստի հարցը լուծում էինք իմ լավ ընկերոջ, Արթիկի մշակույթի տան տնօրենի օգնությամբ: Պետությունից որևէ ակնկալիք չունենալով, ես ստիպված եղա դիմել ծնողներին: Ժողովրդական, ազգագրական համույթները, իրոք, լուրջ խնդրի առաջ են կանգնում: Թե ինչքանով եմ կարողացել համապատասխանեցնել, հասկացեք, դա եղել է իմ հնարավորությունների ներածին չափով:

— Բայց չէ՞ որ «Պիոներ պալատը» քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում, մի՞թե չէին լուծում այդ հարցը:

— Պետք է հատուկ նշեմ, որ այս հարցերի հետ առնչվող օրենքում տկարություն կա. «Պիոներ պալատն» իր բյուջեի հնարավորությունների սահմաններում կարողացել է գնել ընդամենը կտորը: Այսօր թող մի դերձակ ցույց տան, որը ազգային համույթի համար տարազներ կարի ու դրա դիմաց կտրոն ներկայացնի, իսկ եթե չի կարող ներկայացնել, ուրեմն «Պիոներ պալատը»՝ որպես պետական կառույց, իրավունք չի ունենա այդ դերձակի հետ աշխատել: Ու նման այլ խնդիրներ, որոնք պետք է ճիշտ իմաստով հարմարեցվեր տվյալ ոլորտը օրենքով կարգավորելու, կիրարկելու համար:

— Սենիկ, համաձայնեք, որ, օրինակ, Գյումրիում ունենալով բազմաթիվ պարային համույթներ, աշխատանքն ի ցույց դնելու, բեմելու առիթներն են քիչ: Գյումրին համարում ենք մշակութային մայրաքաղաք, բայց, եթե քաղաքային հատուկ միջոցառումներ չլինեն, կամ նախագծեր, օրինակ՝ «Շիրակի էսքիզները», ապա որտե՞ղ, ինչպե՞ս է իրեն ներկայացնելու պարային համույթը: Էլ չենք խոսում փառատոների մասին, որոնք հազվադեպ են լինում:

— Այո, ձեր ասածի պես, միջոցառումից միջոցառում եթե առիթ չլինի, տարիներով քրտնաջան աշխատանքդ ի ցույց ես դնում մի 5 րոպեով, ղեկավարության ու հյուրերի, հավաքվածների դիմաց, ասֆալտի վրա, երեխային մրսեցնում ես, ու դու պետք է գո՞հ լինես… Իսկ որ երեխայի ծնողը մոտենում ու հարցնում է, թե՝ «Ընկեր Սենիկ, լավ, ինչի՞ իմ աղջկան էդ 5 րոպեի համար հանիր, մրսեցրիր», ես ի՞նչ պիտի պատասխանեմ: Սա պետք է լուրջ ու խորը մտածեն քաղաքային իշխանությունը, մշակույթի բաժինը, մշակույթի նախարարությունը:  Նաև շեշտեմ, որ քաղաքային իշխանությունը, մշակույթի բաժինը պետք է կարողանան տարանջատել այն համույթներին, որոնք կարող են քաղաքի դեմքը ներկայացնել տարբեր բեմերում:

— Գյումրու լրագրողները մշակույթի նախարարի մոտ պարի պետական համույթ ունենալու հարցը բարձրաձայնեցին: Նշեցինք, որ Երևանում 3-4 հատ կան, Վանաձորում կա, ինչո՞ւ Գյումրիում, որն ունի պարի ավանդույթներ, չկա պարի պետական համույթ: Սակայն նա մեզ հստակ պատասխան չտվեց:

— Մի 15 օր առաջ նախարարի մոտ հանդիպում է եղել՝ պարի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ասեմ այնքանը, որ այդ հարցը դարձյալ բարձրաձայնվել է իմ կողմից, նրանք ասացին. «Հավատացեք, մենք նույնպես այդ մասին զարմանքով ենք արտահայտվում, թե ինչո՞ւ Գյումրին չունի պարի պետական»… Այսքանը, ավելին չգիտեմ, թե ինչ ընթացք կստանա:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ