ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուս բլոգերը դերասանի մահճակալի առջեւ ծնկաչոք արտասվում էր

2019 թվականին, ըստ տարբեր տվյալների, Գյումրիում գրանցվել էր զբոսաշրջային բում: Սակայն նույնն ասել 2020 թվականի մասին չենք կարող. պատճառները շատ են՝ համաճարակ, պատերազմ, հետպատերազմյան զարգացումներ եւ այլն: Թե ինչպիսին է 2021 թվականը, զրուցել ենք Գյումրու թանգարանների տնօրենների հետ:

«Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանի» տնօրեն Շողիկ Մելքոնյանն ասում է, որ, իրոք, մինչ 2019թ. մեծ ոգևորություն չի եղել թանգարանների հանդեպ: «Չնայած այն բանին, որ Գյումրին թանգարան է բաց երկնքի տակ, բացառիկ է, պատմամշակութային արժեքների կրողն ու պահպանողն է, բայց պետք է խոստովանենք, որ մի տեսակ շղարշված էր մնացել, ու չենք կարող չխոստովանել, որ հաջողվեց այդ գորշ շղարշը դեն նետել ու կերտել նոր երանգներ… Դրան ինչ-որ տեղ նաև նպաստեց փողոցաշինությունը, քաղաքի սրտի մաքրությունը: Նաև խոստովանենք, որ ինչ-որ չափով նպաստեց նաև ՀՀ վարչապետի այցելությունը Գյումրի, թանգարաններով շրջելը, ուղիղ կապով այդ ամենը ցուցադրելը»,- ասում է Շողիկ Մելքոնյանը:

Ըստ նրա, «Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարան» 2019 թվականին ունեցել է 17.281 այցելու, 2020-ին՝ ընդամենը 2.927, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում եղել է 7.802 այցելու: «Շատ է նպաստել նաև պետական մշակութային աբոնեմենտային ծրագիրը,- բացատրում է տիկին Մելքոնյանը: — Ի դեպ, այս տարիների ընթացքում ես թանգարան այցելողներին բաժանել եմ, այսպես ասած, սեզոնայինների, այսինքն՝ դպրոցահասակները գալիս են սեպտեմբերից մինչև տարեվերջ և մայիսից մինչև արձակուրդները: Սեպտեմբերյան շրջանում ընտանեկան այցելություններն են շատանում, լինում է, որ անգամ գրկի երեխայի են բերում իրենց հետ: Մի բան ասեմ, ճիշտ է, մեր թանգարանը էքսպոնատներով շատ հարուստ չէ, սակայն միայն այն, որ սա Մեծն դերասան Ֆրունզի հետ է կապված, արդեն գրավում է այցելուներին, ինչպես նաև՝ մեր բարեհամբույր, ջերմ ընդունելությունը: Ինչպես Ֆրունզն է իր հուշերում գրել. «Ես նման եմ փղի, որ կնճիթով Տիեզերքից վերցնում է երջանկությունը ու շատրվանի նման սփռում մարդկանց վրա. մարդիկ, երջանկացրեք մեկ-մեկու, դա այնքան դյուրին է…»:

Տիկին Շողիկը նշում է, որ զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մհեր Մկրտչյանի թանգարանի հանդեպ, այնպիսի սիրով ու գորովանքով են վերաբերվում ամենին, ինչը գալիս է ապացուցելու դերասանի ևս մեկ միտքը. «Դեռ կգան շատ սերունդներ, որոնք կարժեվորեն Մհեր Մկրտչյանին»… Մի հետաքրքիր միջադեպ պատմեց ռուս երիտասարդ բլոգերի մասին. «Մենք թանգարանում ունենք հարաբերական մաս, որտեղ դրված է դերասանի մահճակալը: Երիտասարդն ակնածանքով հարցրեց, թե այն իրո՞ք Ֆրունզինն է: Մենք բացատրեցինք, որ դա այն մահճակալն է, որն օգտագործվել է ֆիլմում: Նա ծնկեց մահճակալի առջև, հոնգուր-հոնգուր սկսեց լացել… Հուզմունքից այնպես անակնկալի եկանք, որ… Ափսոս, չենք ֆիքսել… Վերջերս մի մեծահասակ ամուսնական զույգ եկավ: Ամուսինը կնոջ ձեռքը առաջ բռնած ներս ուղեկցեց ու մեզ է ցույց տալիս, ասում է. «Դուք տեսնո՞ւմ եք այս ձեռքը»: Մենք զարմացանք, մտածեցինք, թե երևի այնքան է մեծարում կնոջը, որ… Ասաց. «Սա սովորական ձեռք չէ, սա այն ձեռքն է, որն համբուրել է Ֆրունզիկ Մկրտչյանը, և ես այս ձեռքն ու կնոջս փայփայում եմ համբույրներով»: Բանաստեղծուհի Լարիսա Մինասյանը, որը ծնունդով գյումրեցի է, բայց Երևանում է բնակվում, մի անգամ մեզ բերեց մաշված անձեռոցիկ և ասաց, որ սա այն անձեռոցիկն է, որից օգտվել է Մհերը, երբ մի անգամ իրեն հրավիրել էր Երևանի սրճարաններից մեկը… Այս էմոցիաները, որ մեզ են փոխանցվում այցելուների կողմից, մի-մի էքսպոնատ են թանգարանի համար»:

Թե ինչ խնդիրներ ունի թանգարանը, տիկին Շողիկը ներկայացրեց, որ քաղաքապետարանն իր ուշադրության կենտրոնում է պահում, որոշակի գումար է տրամադրում՝ մաս-մաս վերանորոգումներ իրականացնելու համար: Նաև կտուրի մասն է վերանորոգվում, նաև՝ փոքր կինոդահլիճը:

Իսկ, թե ինչ նորարարություններ ունեն, պատմեց, որ գերմանական ծրագրով ստեղծվել է հպէկրան, որի գաղափարը ծնվել է, երբ Մհեր Մկրտչյանի թոռնուհին իրենց է նվիրել մի խամաճիկ ու ասել. «Եթե այս խամաճիկը խոսել իմանար՝ ինչե՜ր կպատմեր պապիկիս մասին, նրա հոգու միայնության ու թախծի մասին»: Մենք այդ տիկնիկը վերածել ենք անիմացիոն կերպարի: ՏՏ ընկերության օգնությամբ հաջողվել է խոսեցնել այդ տիկնիկին: Հպէկրանը բավականին տեղեկություներով հագեցած է, և այցելուները, թե երեխաները շատ բաներ կարող են իմանալ դերասանի մասին:




Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» գրքի երրորդ հատորը

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը ևս փաստեց, որ վարչապետի 2019 թվականի այցը քաղաքին մեծ նպաստ էր՝ քաղաքի մշակութային օջախների համար: «2020-ը ահավոր տարի էր՝ բոլոր առումներով: Աշխատել ենք սահմանափակումների մեղմացումից մինչև պատերազմի սկիզբը՝ մոտ 3 ամիս: Իսկ մնացածը, բնականաբար, Դուք էլ գիտեք: Հիմնականում ներքին տուրիզմն է զարգացել, չնայած այս տարի օտարազգիներից կան այցելուներ, սակայն  մեծ թիվ չի կազմում: Իսկ 2019-ին բավականին լուրջ թիվ էր: Այս տարվա այցելությունների աճին նպաստել է նաև պետական մշակութային աբոնեմենտային ծրագիրը, իսկ 2019-ին մենք այդ ծրագրում ընդգրկված չէինք: Չնայած երկրորդ եռամսյակի աբոնեմենտային սպասարկման համար դեռ չենք վճարվել, ինչը խնդիրներ է առաջացնում թանգարանի համար…»:

Ըստ Արա Պապանյանի, իրենք դեռ վաղուց էին նախատեսել, որ թանգարանի բակում կարելի է ժամանակակից, կոմունալ հարմարություներով պետքարան կառուցել, նախ՝ թանգարանի տարածքն ունի այդ հնարավորությունը, ապա՝ աշխատանքային ընթացքից են հասկացել, թե որքան է այն անհրաժեշտ այցելուների համար: Նախագծա-նախահաշվային էտապն անցել են, սպասում են բուն ֆինանսավորմանը՝ կառուցմանը: Ինչ վերաբերում է այլ խնդիրների, ըստ պարոն Պապանյանի, համայնքն այդ հարցերին ուշադրություն դարձնում է:

Թե ինչ նորարարություններ ունեն, պարոն Պապանյանը ներկայացրեց, որ, եթե այլ տեղերում թանգարաններն ունենում են սրճարան, ընթերցասրահ, հուշանվերների սրահ, հանգստյան գոտի, ապա սա իրագործելի է, և Շիրազի տուն-թանգարանի բակում կա հուշանվերների վաճառակետ, բացօթյա սրճարան, հնչում է հաճելի երաժշտություն, բացօթյա ֆիլմեր են ցուցադրվում, և այցելուները թանգարանն ուսումնասիրելուց հետո, կամ մյուս խումբը, որը սպասում է, օգտվում են սրճարանի սպասարկումից:

Բացի այս, թանգարանի նկուղային հատվածում է գտնվում Արա Շիրազի քանդակների ցուցասրահը, որի էքսպոնատները բերվել են պետական պատկերասրահից, նաև իր կենդանության օրոք թանգարանին է նվիրել անձամբ քանդակագործը: Սրանից զատ և ամենակարևորը, ինչպես պարոն Պապանյանն է ներկայացնում, ի վերջո, Մեծն բանաստեղծն իր ստեղծագործական կյանքում բազմաթիվ գրվածքներ ունի, որոնք բոլորը չեն, որ հրատարակված գրքերում տեղ են գտել: Բարերարների, այլ աջակիցների շնորհիվ հաջողվել է հրատարակել շիրազյան գրվածքների «Անտիպ էջեր»-ը. գրքի երրորդ հատորն է արդեն լույս տեսել: Սա այնքանով է լավ, որ ձեռագիր գրվածը ժամանակի ընթացքում խունանում է, և պահպանելու համար այն տպագրվում է կամ թվայնացվում. «Այնքան դժվար է եղել կիսամաշված ձեռագրերից վերծանել բանաստեղծի գրառման ամբողջական միտքը: Սակայն թանգարանի աշխատակից Կարինե Գաբրիելյանն այնքան է աշխատել շիրազյան ձեռագրերի հետ, որ կարողանում է ճշգրտությամբ միտքը դուրս բերել: Իսկ այս ամենն առանց Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի հնարավոր չէր դառնա, քանզի նա անձամբ շփվել է բանաստեղծի հետ և իր խմբագրմամբ է ստեղծվել «Անտիպ էջեր» հատորների շարքը:

Ըստ թվային տվյալների, 2019թ.՝ մոտ 18 հազար այցելու են ունեցել,  2020թ.՝ 1946, այս տարվա առաջին կիսամյակում եղել է 8.030 այցելու:

 




 

Երբեմն գիդերն այնպիսի տեղեկություններ են հայտնում զբոսաշրջիկներին, որ առնվազն խայտառակություն է

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանի ներկայացրած տվյալներով, 2019թ. թանգարանն ունեցել է 14.326 այցելու, 2020-ին՝ 1035, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 3.570: Ըստ տնօրենի, միայն մայիս ամսին, աբոնեմենտով ունեցել են 1017 այցելու և, ինչպես մյուս թանգարաններում էր, այստեղ ևս ասացին, որ իրենց դեռ չեն վճարել պետական ծրագրով մատուցած ծառայությունների դիմաց:

Հարցին, թե արդյո՞ք թանգարաններն աշխատանք տանում են տուրեր կազմակերպող ընկերությունների հետ, ասացին, որ որևէ պայմանավորվածություն չունեն, ուղղակի Գյումրու մշակութային միջավայրը ցույց տալու համար տուրիզմով զբաղվողներն իրենց խմբերին իրենք են բերում: Սակայն մի շատ կարևոր հանգամանքի անդրադարձավ տիկին Վիրաբյանը, որին հատուկ ուշադրություն ենք հրավիրում տուրիստական ընկերություններին, գիդերին. «Բերում են տուրիստական խմբեր, կանգնեցնում թանգարանի դիմաց, ներկայացնում ու չեն բարեհաճում ներս այցելել: Չեմ կարող հավաստի ասել՝ մյուս թանգարանների պարագայո՞ւմ էլ է այդպես, բայց իմ դիտարկմամբ, ոնց որ փողոցային տուրեր լինեն: Սա դեռ ոչինչ, բայց որ հաճախ լսում եմ, թե ինչն ու ինչպես է ներկայացնում գիդը՝ իր բերած տուրիստական խմբին, ուղղակի անհարմար է. շատ դեպքերում խեղաթյուրված տվյալներ են հաղորդվում, իսկ թանգարանի մասին այնպիսի տեղեկություններ են տալիս, որ բնավ չի համապատասխանում իրականությանը: Այնպես է եղել, որ չեմ դիմացել, ու խառնվել եմ խոսակցությանը, թե այդ ի՞նչ աբսուրդային տեղեկություն է փոխանցվում: Ի վերջո, գիդը նա է, որ իր հետևից խումբ է բերում, որին վստահում են, որ իրենց հետաքրքրությունները կկարողանա մասնագիտորեն, գրագետ բավարարել, քաղաքի մասին, մշակութային օջախների մասին հստակ ու համապարփակ տեղեկություն տրամադրել: Եղել է, որ գալիս, բակ են մտնում, կանգնում են թանգարանի դիմաց ու ինչ-որ բան պատմում: Դուրս եմ եկել, խորհուրդ տվել, որ, եթե տեղեկություն են ուզում, ապա մենք ունենք լեզուներ իմացող հիանալի էքսկուրսավար, որը կարող է հագեցած տեղեկություն տրամադրել: Շատ ցավալի է»:

Թե ինչ նորարարություններ ունեն, տիկին Վիրաբյանն ասում է. «Վերաբացումից հետո տարիներ շարունակ փակ է եղել թոնիրը, որի շրթին ծնվել է Վարպետը: Ունենք հրաշալի անձնավորություն, բարերար, այ, հենց այս պահին տեսնում եք, որ շինարարական աշխատանքներ են ընթանում, շուտով կբացվի թոնրի հատվածը, որը մեկ այլ շունչ կհաղորդի թանգարանին: Մնացած էքսպոնատներն աչքի լույսի պես պահվում-պահպանվում են, և ողջ անձնակազմով նվիրված ենք մեր աշխատանքին»: