ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ռոքն ավելի շատ գաղափար է, քան երաժշտության տեսակ

Գյումրիում շուրջ երեք տարի է, գործում է Գյումրու ռոք-դպրոցը: «Շրջապատի» հետ զրույցում դպրոցի հիմնադիր Ժիրայր Մարտիրոսյանը պատմում է. «Դպրոցը հիմնադրվել է 2016 թվականի մայիսի 10-ին՝ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի սենյակներից մեկում: Մեր գործունեությունը սկսել ենք 12 աշակերտով: Հիմնական գաղափարն այն էր, որ Գյումրիում ստեղծվի ռոք, ջազ, բլյուզ ժանրերի խմբեր, որոնց կարելի է բենդեր համարել, և որոնք կզբաղվեն երաժշտական լուրջ արժեքներով, այսինքն՝ իրենք կլինեն ազատ իրենց խոսքի, գործի ու երաժշտության մեջ: Իսկ այն հանրությունը, որ բացարձակ ծանոթ չէր ռոք երաժշտությանը, պարզապես իմացավ մեր մասին ու փորձեցինք իրար հետ ընդհանուր շփման եզրեր գտնել… Մեր դպրոցում գործում է երեք խումբ, և բոլոր անդամները գյումրեցիներ են, ասեմ նաև, որ դպրոցում դասերը բացարձակ անվճար են, գալիս են պատանիներ, երիտասարդներ, նաև մեծահասակներ և ցանկանում կիթառ նվագել սովորել: Երբ ծանոթությունը բոլոր գործիքների հետ ավարտվում է, սկսում ենք նույն մակարդակի իմացությամբ աշակերտներից խումբ ձևավորել: Համերգներով հանդես ենք գալիս ոչ միայն Գյումրիում, նաև տարբեր քաղաքներում և ակումբներում»:

Ինչ վերաբերում է ելույթներին, մեր զրուցակիցը նշեց. «Դպրոցի հիմնադրումից 4 ամիս անց պատահական տեղեկացա Սևանի երաժշտական փառատոնի մասին: Այնտեղից հրավեր ստացանք՝ մասնակցելու ինչ-որ միջոցառման: Հետաքրքիրն այն է, որ հրավերը ստացանք համերգից 3 օր առաջ: Պատրաստվելու համար ունեինք ընդամենը երեք օր… Ու գործի անցանք. պատրաստեցինք չորս երգ և մեկնեցինք Սևան: Այնտեղ հրաշալի ելույթ ունեցանք: Հաջորդ քայլը՝ Երևանում կազմակերպված մեկշաբաթյա տուրն էր: Մեր խմբով հանդես եկանք հինգ փաբերում: Բացի սա, «Դեպի սահման» ծրագրի շրջանակներում, ելույթներ ունեցանք Տավուշի մարզի Պառավաքար գյուղում, ինչպես նաև «Ամիգո» փաբում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և այլն»:

Հարցին, թե խմբերը հանդես են գալիս իրենց հեղինակայի՞ն երգերով, թե՞ արդեն հայտնի երգերով, Ժիրայր Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե երգն արդեն կա, այն կարելի է կրկնօրինակել ընկերական, մտերմիկ միջավայրում: Իսկ մեր դպրոցի հիմնական գաղափարն այն է, որ ստեղծագործենք, ոչ թե կրկնօրինակենք: Այս ասպարեզում մենք ունենք մեր խոսքը, այժմ աշխատում ենք Էկո ալբոմի վրա, որն իր մեջ ներառում է երգեր այն մասին, թե մարդիկ ինչքան են աղտոտում միջավայրը, մենք ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել որպեսզի մեր շուրջբոլորն ու մթնոլորտը չաղտոտվի, և սա մենք ներկայացնում ենք ռոք-երաժշտության միջոցով: Ըստ իս, ռոքն ավելի շատ գաղափար է, քան երաժշտության տեսակ»:

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ, լրագրության բաժին, 4-րդ կուրս