ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սամվել Բալասանյան. «Տեղին չէ խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին»

Հարցազրույց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

— Պարոն Բալասանյան «Կումայրի» արգելոցի մեջ մտնող շենք-շինությունների մեծ մասն հիմնանորոգման կարիք ունի: Ինչպե՞ս է հնարավոր վերականգնել դրանք և որքա՞ն գումարի շրջանակում:

— Այդ շենքերի մասով ստանդարտներ չկան, յուրաքանչյուր շենքի համար պահանջվում է առանձնակի մոտեցում: Ամեն ինչ կախված է շենքի վթարայնության աստիճանից, տեխնիկական վիճակից, պատմամշակութային արժեքից:

— Քանի՞ շենք-շինություն է նախատեսված վերականգնել ծրագրով և ի՞նչ ժամանակահատվածում:

— Խոսքը մոտ 100 շենքի վերականգնման մասին է: Նախատեսված է ծրագիրն իրագործել 2 տարվա ընթացքում:

— Որպես Գյումրու քաղաքապետ, ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ, որ «Կումայրի» արգելոցի շենք-շինությունների վերականգնմանն ուղղված միջոցներն արդյունավետ ու նպատակային են ծախսվելու, չեն լինելու կոռուպցիոն ռիսկեր:

— «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին և մասնավորն ինքն է վերահսկում իր իսկ գումարները: Այս պարագայում տեղին չէ խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին:

— ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գնել է նախկին «Ջրահարս» ռեստորանի շենքը, որը վերածելու է հյուրանոցառեստորանային համալիրի: Քանի որ այն գտնվում է Ձեզ պատկանող «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի հարևանությամբ, ապա արդյո՞ք հետագայում Ձեր և Կարեն Կարապետյանի միջև բիզնես շահերի տեսանկյունից հակասություն չի առաջանա:

— Ոչ մի հակասություն լինել չի կարող: Շատ լավ ծրագիր է և ինչքան շատ այցելուներ ունենանք, դրանից միայն քաղաքը կշահի:

— Գյումրու որոշ գլխավոր փողոցների ասֆալտը ճաքճքում է, իսկ երկրորդական փողոցների մեծ մասը ոչ բարեկարգ վիճակում է գտնվում: Նման պայմաններում մեր քաղաքում տուրիզմն ինչպե՞ս է հնարավոր զարգացնել:

— Գյումրին ունի 220 փողոց՝ մոտ 180 կմ երկարությամբ: Քաղաքի փողոցներն ամբողջությամբ կարգի բերելու համար հսկայական միջոցներ են պետք, ինչը համայնքը չունի: Քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների սահմանում իրականացնում է և՛ ճաքալցման, և՛ փոսային նորոգման, և՛ հիմնանորոգման աշխատանքներ: Երկրորդական փողոցների մասով քարապատման պիլոտային ծրագիր իրականացրեցինք: Միայն 2016 թվականին մոտ 25 փողոց, փողոցի հատված բարեկարգվեց, փոսանորոգման ու փոսալցման լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին: Այս տարի ևս այդ աշխատանքները կշարունակվեն: Այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Մադոյան փողոցում, ուզում ենք փողոցն ամբողջությամբ բարեկարգենք մինչև Տիգրան Մեծ փողոց: Փողոցի այդ հատվածի՝ Տերյանից մինչև Տիգրան Մեծ, շահագործմամբ կկարողանանք բեռնաթափել Մուսայելյան, Գորկի փողոցները: Ամեն հնարավորն անում ենք՝ քաղաքի բարեկարգման, քաղաքը գրավիչ դարձնելու, տուրիզմը զարգացնելու համար:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ