Հարցազրույց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Թումասյան, կարելի է ասել, Դուք բազմապրոֆիլ գործունեությամբ եք զբաղված՝ վառելափայտ եք բաժանում կարիքավոր, սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքներին: Նաև Ձեր ուսերին եք վերցրել անօթևանին տնակի ճիրաններից ազատելն ու բնակարանով ապահովելը: Դուք ձեր գործունեությամբ ավելին եք անում, քան պիտի անեին պետական պաշտոնյաները:
— Իրոք, մեր գործունեությունը բազմապրոֆիլ ու բազմաբևեռ է ստացվել: Ես գտնում եմ, որ ցանկացած հայ, ով որոշել է չարտագաղթել, պետք է իր հնարավորությունների սահմաններում տանելի պայմաններ ստեղծի իր շրջապատում: Ինչպես վարչապետն է վերջերս մատնանշել 3 կետից կազմված իր բանաձևը, համահունչ ասեմ, որ իմ բանաձևը մշտապես հենց սա է եղել. տանելի պայմաններ ստեղծել շրջապատում: Այն վիճակը, որ կա Գյումրիում և 30 տարի շարունակվում է, մարդու համար թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական տեսանկյունից քայ-քա-յիչ է… Ապրել ժամանակավոր կացարանում, սերունդներ տալ ու դեռ հույս չունենալ, թե որքան է այն տևելու… Սա ահավոր է: Հիմա ես իմ ուսերին եմ վերցրել կարիքավոր, սոցիալապես անապահով, տնակներում ապրող մարդկանց ձմռանը վառելիք հասցնելու պարտավորությունը: Ամռանը, երբ դեռ հովանավորներ չունեինք, մտածում էինք, թե ինչ ենք անելու ձմռանը (հովանավորները հիմնականում ձմռանն են ակտիվանում), ու ստիպված գնացել ենք ռիսկի. բանկից դարձյալ վարկ ենք վերցրել, որ վառելափայտի ինչ-որ խմբաքանակ էժան գնով ձեռք բերենք՝ ձմռանը բաժանելու համար: Ես այս մասին ի՞նչ բարձրաձայնեմ. որքան մարդ, այնքան կարծիք, ինչ ասես կմտածեն, բայց դա էլ նրանց գործն է: Ես դա չեմ անում, որ ինձ գովեն, երախտապարտ լինեն, թեպետ յուրաքանչյուր մարդ ինչ-որ տեղ ուզում է, որ իր արածները գնահատվեն… Բայց ես այս մասին չէի բարձրաձայնի, եթե այլևայլ կարծիքի մարդիկ դրան չնպաստեին:
Անդրադառնալով «Շիրակ կենտրոնի» 2018-ի գործունեությանը, ապա պիտի նշեմ, որ տասնյակ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել՝ սկսած դպրոցականներից, բնակարանների ձեռքբերումից ու տնակ քանդելուց, վերջացրած միայնակ ծերերին ուշադրություն դարձնելը: Անցած տարվա ընթացքում, նախորդ տարիների համեմատ, բնակարանների թիվը քիչ է եղել, էլ չեմ ասում դատական քաշքշուկների մեջ ընկնելը, տուգանքների տակ ընկնելը: Քանի որ բարեգործական հիմնադրամները տարբեր են, մենք ստիպված միջնորդի դերում հանդես եկանք. շահառուների տվյալները փոխանցեցինք հիմնադրամներին, վերջիններս էլ իրենց որոշմամբ ու ընտրությամբ բնակարաններ ձեռք բերեցին: Ու կարողացանք 15 բնակարան ձեռք բերել՝ 15 տնակավոր ընտանիքի ազատելով դաժան պայմաններից: Եվ, եթե այս ամենը թվաբանության վերածենք, ապա մոտ կես միլիոն դոլար ներդրում է եկել Գյումրի, ու սա միայն «Շիրակ կենտրոնի» գործունեության արդյունքում: Գումարը չի գալիս ՀԿ-ին, այլ մեր գործունեության արդյունքում է այն ներդրվում փոքր բյուջե ունեցող քաղաքի համար: Ունենք «Ոչ մի երեխա դպրոցից դուրս չպետք է մնա» ծրագիրը, որի նպատակն է աջակցել այն ընտանիքներին, որտեղ դպրոցահասակ երեխաներ կան, բայց սոցիալական վիճակի պատճառով չեն կարող երեխային ապահովել պայուսակով, հագուստով: Ծրագիրը սկսեցինք 1,2,10 պայուսակով, այս տարի այն հասավ 750-ի: Նույնն էլ հագուստը:
— 750 անապահով երեխա՞… Իսկ ես գիտեի՝ ավելի մեծ թիվ է կազմում…
— Դա դեռ այն թիվը չէ, որն արտահայտում է իրական պատկերը: Որովհետև 750-ը դա մեր կազմակերպածի հնարավորությունների սահմաններում արածն է: Բայց հաստատ կարիքավոր ընտանիքների թիվն ավելի մեծ է: Եթե հիշում եք, Էմիրատների դեսպանն էր մեզ այցելել, և իր ցանկությամբ, նա ևս 250 դպրոցական փաթեթով մասնակցություն ունեցավ: Մի մաս էլ Գյումրու քաղաքապետարանն էր ցուցակ ներկայացրել: Ես կողմ եմ կոնկրետ ու նպատակային շահառուների հետ աշխատելուն, որովհետև այդ գումարները օդից չեն իջնում: Վերջիվերջո, դա երկար աշխատանք է, որ տանում ես հիմնադրամի, բարերարի, շահառուի հետ: Մեր բարեգործները դրսից են, և իրենք պետք է համոզված լինեն, թե որքան նպատակային է ծախսվում իրենց հավաքագրած գումարը:
— Վառելափայտի ծրագրի մասով ի՞նչ կասեք:
— Քաղաքի սոցիալապես խոցելի խմբին մենք կարողացանք ապահովել վառելիքով:
— Իսկ հաշվի առնո՞ւմ եք, որ, ասենք, տնակում չեն բնակվում, սեփական տուն ունեն, բայց սոցիալապես վատթար վիճակում են:
— Այո, իհարկե, թե չէ հնարավոր է, որ տնակում են բնակվում ու ավելի լավ պայմաններ են ստեղծել, քան բնակարանում: Ընդհանրապես ես դեմ եմ տարանջատումներին: Պետությունը որոշակի խմբի, նպաստառուների գազի լիմիտ տալիս է, բայց տեսեք, տնակները, կիսափլված շենքերը, վթարային շենքերի բնակարանները գազաֆիկացված չեն, և սոցիալական արտոնություն, բնականաբար, նախատեսված չէ: Հարց է ծագում. նման կացարաններում բնակվող մարդկանց վիճակն ի՞նչ է լինելու: Մանր-մունր բաժանածը չհաշված, անհատների բաժանածը չհաշված, կարող եմ նշել, որ «Շիրակ կենտրոնի» միջնորդությամբ, շուրջ 1000խմ վառելափայտ ենք բաժանել մոտ 1200 ընտանիքի: Եթե սա էլ գումարի վերածենք՝ հաշվի առնելով փայտի գինը, աշխատակազմը, տրանսպորտային ծախսը, ապա ստացվում է 40-60 հազար դոլարի վառելափայտի ծրագիր, որն իրականացվել է բարեգործների շնորհիվ՝ Թելման Տիտիրյան, Յուրի Աֆրիկյան, Հայկը: Նկատեք, որ բարեգործներ կան, որ չեն ուզում իրենց անունները բարձրաձայնվի, ու պարտադիր չէ, որ գյումրեցի լինեն, ուղղակի, Մարդ են:
— Ինձ շատ ուրախացրեց տարեցների համար Ամանորյա միջոցառումը, որին հուզմունքով հետևում էի «Ֆեյսբուքում»:
— Այո, դա ծանր ծրագիր է: Մեր տարածքն էինք ընտրել որպես միջոցառման վայր, բայց այստեղ հազիվ 60-70 մարդ է տեղավորվում, բայց հավաքվել էր 100-ից ավել մարդ: Ու կարողացանք բոլորին էլ տեղավորել, ուրախ ու ջերմ ժամանակ նվիրել մարդկանց, որոնց Ամանորը պիտի անցներ սառը միայնության, ոչ ճոխ սեղաններով: Բացի այդ, «Վեգա» ընկերությունը բոլորին մեկ առ մեկ կենցաղային իրեր նվիրեց: Շատ հաճելի էր, որ ծերերի միապաղաղ առօրյայի գոնե մեկ օրը, այն էլ տոնական օրը, կարողացանք խինդով լցնել:
— Երբ Դուք «Ֆեյսբուքում» հայտարարում եք, թե հերթական անակնկալն ունեք, շատերն անհամբեր սպասում են, թե տեսնես որ բախտավոր ընտանիքն է նոր բնակարան տեղափոխվելու:
— Այո, այդպես է, բայց հավատացեք, անգամ վառելափայտի տրամադրումն էլ է որոշ ընտանիքների համար անակնկալ… Սարսափելի է, երբ մտնում ես մի տուն-տնակ-կացարան, որտեղ մեկից ավել երեխա կա, կիսամերկ կամ կիսասոված, ցրտից սրթսրթալով սպասում են, թե ծնողը մի հալից ընկած վառարանում ինչպես է փորձում ձեռքն ընկած աղբը վառել…
— Ձեզ մոտ՝ «Շալե» հյուրատանը հաճախ հյուրեր են լինում հայաստանյան բոմոնդից, զբոսաշրջիկներ են այցելում, երբեմն՝ պաշտոնյաներ… Դա՞ էլ է ծրագրերի շրջանակում:
— Կյանքը շախմատ է, պետք է քայլեր անես, որոշակի տեխնոլոգիաներ օգտագործես: Բացի այն, որ այցելուն այստեղ իր հանգիստն է վայելում, նա նաև կարող է մասնակցել որևէ սոցիալական ծրագրի իրականացմանը: Այն նորարարությունները, որոնք մենք արեցինք, օրինակ, հին ճամպրուկները, ընդօրինակելի դարձան շատ հյուրանոցների համար: Մեր պատերին փակցված Գյումրվա կամ Արևմտյան Հայաստանի հին լուսանկարները, որոնք Հայաստանի շատ թանգարաններ կերազեին ունենալ, շատ ռեստորանների համար հետաքրքիր գաղափար ծառայեց: Փաստորեն, ստացվում է, որ մենք ոչ միայն մարդկանց հետաքրքրասիրությունն ենք բավարարում, այլ տալիս ենք գաղափարներ: Մեր նպատակն էլ հենց ազգայինը, պատմամշակութայինը քարոզելն է, մեր մշակութային արժեքները տարածելը: Իսկ սոցիալական տուրիզմը բերում է սոցիալական բիզնեսի զարգացմանը: Այսինքն, մեր հյուրատանը հյուրընկալվածի վճարները նպաստում են մեր սոցիալական բիզնեսի՝ մեր հիմնադրած փոքրիկ գյուղի զարգացմանը, որտեղ մենք Վանա կատուներ ու հայկական գամփռներ ենք պահում, ինչպես նաև այլ ընտանի կենդանիներ: Մի բան ասեմ՝ կզարմանաք. «Շալե» այցելած հյուրերից շատերին այնքան «Շալեն» չի հետաքրքրել, որքան մեր կատուներին ու գամփռներին տեսնելը:
— Հայտնի է, որ հասարակական կազմակերպությունները գոյատևում են դոնոր կազմակերպություններից ստացած դրամաշնորհներով: Իսկ Ձեր դեպքում, որքան գիտեմ, գրանտներ չեն տալիս…
— Այո, մի 4-5 տարի առաջ, որպես ՀԿ տալիս էին, իսկ վերջին տարիներին ընդհանրապես մենք գրանտներ չենք ստանում, ես էլ չեմ դիմում: Չեմ էլ ուզում այդ հարցին անդրադառնալ, որովհետև դրան բազմիցս եմ անդրադարձել: Փառք Աստծո, որ այս կյանքում դեռ բարի մարդիկ շատ կան: Մեկանգամյա գրանտը, որն ինչ-որ պահի ավարտվում է, չի ապահովի քո ենթադրած երկարաժամկետ ծրագրերին, և կարծում եմ, այն ուղղությամբ, որով մենք ենք շարժվում, դա ճիշտ է: Մեր գործունեությամբ ստեղծած նախադեպերը և փորձը կարող է պետությունը վերցնել ու կատարելագործել, ցանկության դեպքում էլ՝ իրականացնել: Հույս ունեմ, որ նոր իշխանություններն ունեն ցանկություն, պետք է կարողանան անելու կարողությունը բարձրացնեն:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ