ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Սերն, իրոք, կույր է

Հավանաբար իմ պատմությունը միակը չէ, ոչ էլ առանձնահատուկ է, բայց հավատացեք, այնքան եմ հոգնել, որ էլ չգիտեմ ինչ անեմ: Որոշեցի կիսվել: Անունները կուզեք փոխեք, կուզեք՝ ոչ, ինձ համար միևնույնն է:

Ամուսինս՝ Վարդանը՝ բնույթով ծույլ է… Ամբողջ օրը կարող է պառկել հեռուստացույցի դիմաց ու հրամաններ տալ՝ այս բեր, այն արա, հաց սարքե, սա դուրս չի գալիս, էս եմ ուզում… նաև էգոիստ է ու անբան: Իսկ երբ հանկարծ փորձեմ մի բան ասել, կոպիտ ասած, «դեմքիս է թռնում»: Որ հանկարծ ասեմ՝ գնա մի աշխատանք գտի, մի բան արա, դա արդեն «համաշխարհային պատերազմին» է հավասարազոր: Թողնես միայն մռթմռթա. «Հերդ խանութը տակը դրած՝ մի հատ չի ուզե օգնած էղնի» կամ՝ «Ախպերդ ռուսաստանները թույն գործերի մեջ է, մե օրմ չսավ՝ քրոջս ու փեսիս օգնեմ», ու սա այն դեպքում, երբ մեր ընտանիքը հենց եղբորս ուղարկած գումարներով է ապրում: Չէ, ամուսնուս էս ամենը քիչ է, նա ուզում է, որ հայրս խանութն իրեն հանձնի…

Երեխա չեինք ունենում այն պատճառով, որ մենք մեր գլուխը չէինք կարող պահել: Արդեն 6 տարի է, ինչ ամուսնացած ենք: Սկեսրայրս վաղուց է մահացել, իսկ սկեսուրս մի տարի առաջ: Վարդանը տան միակ տղան է:

Եղավ, որ ստիպված ուղեղիս զոռ տվեցի ու մի գործ հնարեցի… կարևոր չէ, թե ինչ, կարևորն այն է, որ պետք էր մի բան անել, որ ճահճից դուրս գայինք, որ նորմալ ընտանիք դառնայինք: Կհարցնեք՝ եթե այդպիսի պայմաններ են, ինչո՞ւ չեմ թողնում ամուսնուս… Ես էլ չգիտեմ, երևի կապվել էի, երևի մեղքս էր տալիս, երևի սիրում էի…

Ձեռնարկածս գործի մեջ սկսեցի հաջողություն գրանցել: Արդեն գումար էի աշխատում, սկսել էինք նորմալ սնունդ ուտել, նորմալ հագնվել: Բայց Վարդանը նույնն էր մնացել: Ավելին, սկսել էր տեղի, անտեղի խայթել, շշպռել, թե՝ «Իյա՜, մադամն արդեն փող կաշխատի, որոշել է հրամաններ արձակել»: Դա այն դեպքերում էր, երբ մի հարցով դիմում էի նրան: Կամ՝ եթե հանկարծ ասեի. «Ինչ կլինի, օգնիր, ժամանակս չի բավարարում», կպատասխաներ. «Ինչ է՝ փող կաշխատիս, արհամարհական տոնով հետս կխոսաս: Կարո՞ղ է գիտես թիմիդ աղջիկներից եմ, կամ ծառա ես տունը վարձել»: Այս երկխոսություններն էին մեր տանը:

Երբ մի անգամ խոսք բացեցի երեխա ունենալու մասին, նրա կատաղությունն անցավ սահմանները. «Էդ երեխուն ո՞վ պտի պահե՝ մե՞րդ: Չէ մե չէ՝ զոքանչ պտի ֆըռցնեմ: Դու քիչ ես, ընիկ վրադիր պտի մուննաթ գա վրե՞ս: Տղեքը պտի ըսեն՝ զոքանչ բերե կպահե՞»: Միևնույն ժամանակ չմոռացավ զգուշացնել. «Էրեխա օր ունեցար՝ գործե՞րդ ով պտի էնե, հազիվ տունը կապեկմ-էրկուս կմտնի»:

Մի՞թե ես այդքան հիմար էի, որ այս տարիների ընթացքում կարծում էի, որ նա կփոխվի: Մի՞թե ամեն ինչ այնքան բացահայտ ու ցայտուն չէր, որ չէի հասկանում, որ նա երբեք չի փոխվի: Մի՞թե այդքան ժամանակ էր պետք, որ կյանքիցս կորցնեի: Ճիշտ են ասում՝ սերը կույր է:

Ես նրան թողեցի, հեռացա: Արդեն կես տարի անցել է: Վերջապես ազատվել եմ նրան մեղքալու զգացողությունից: Եվ այդ ժամանակ նոր միայն հասկացա, որ նրան երբևէ չեմ սիրել:

Գ.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: