ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Սուրբ Զատկին ընդառաջ՝ խորհրդավոր 13 գործ 

Սուրբ Զատկին ընդառաջ, Գյումրու «Ասլամազյան քույրեր» պատկերասրահում բացվեց վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Սուրբ Հարության խորհրդով» խորագիրը կրող՝ Գյումրիում նկարչի թվով երկրորդ ցուցահանդեսը: (Անցած տարվա աշնանը նկարչի՝ «Ջրաներկի հմայքը» վերնագրով ցուցահանդեսն էր տեղի ունեցել նույն վայրում՝ երևան հանելով նկարչի այդ տեխնիկային տիրապետելու վիրտուոզ վարպետությունը):

Մեզ հետ զրույցում Սամվել Լաճիկյանն էլ զարմանքով մի պատահականություն նկատեց. ցուցահանդեսը մարտի 31-ին էր, ժամը 13-ին՝ թվով 13 գործ էր ներկայացված: Այս պատահական խորհրդավորությունը լրացնում էր նկարչի վրձնած Աստվածաշնչյան ու հոգևոր թեմաներով խորհրդավոր ստեղծագործությունները, որոնք նա իր գործունեության տարբեր տարիներին էր նկարել՝ սկսած 1996թ-ից: «Բոլոր մահկանացուներս Աստծոն հիշում ենք, երբ նեղ վիճակում ենք  հայտնվում: Փաստորեն, այս թեմայով իմ նկարները սկիզբ են առել, երբ ես նոր էի մեկնել Ամերիկա: Գուցե հայրենիքից թեկուզ ժամանակավորապես հեռանալու ու բոլորովին նոր աշխարհում հայտնվելու հանգամանքը մղեց ինձ նորովի անդրադառնալու մեր հոգևոր հավատի հիմքերին, գուցե կարոտը, բայց ստիպեցին անդրադառնալ այդ թեմային»,- նշեց նկարիչը: Ըստ նկարչի, 2 գործ հենց 95-96թթ.-երին են ծնվել, երկուսը՝ 2009-11թթ.-ին, իսկ երկու՝ Քրիստոս Փրկչի դիմանկարները Լաճիկյանի մոտ ծնվել է Արցախյան 2-րդ պատերազմի օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում և լավագույնս պատկերացում են տալիս արվեստագետին համակած ապրումների ու մտորումների մասին: Նկարիչն ուշադրություն հրավիրեց «Խորհրդավոր ընթրիք» նկարին, ասելով, որ ամենայն մանրամասնությամբ է անդրադարձել այդ աշխատանքին, սակայն այն մակագրված է «Անավարտ». «Եթե նկատեցիք, իմ հիմնական ավարտուն նկարների մեջ և ավաղված, և ընդհանրացրած կերպարներ են, իսկ այդ մեկը, ցուցադրեցի, քանի դեռ չեմ աղավաղել…»,- կես կատակ, կես լուրջ ասաց Ս.Լաճիկյանը: Նա շնորհակալություն հայտնեց իր մայրիկին, որ ներկա է գտնվում իր ցուցահանդեսին:

Սամվել Լաճիկյանի վրձնած մեծաչափ այս ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ էին ցուցադրվում, հայ միջնադարյան մանրանկարիչների գործերի նորովի ընթերցումներ են, հեղինակային ինքնատիպ անդրադարձներ: «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք» և այլն, նկարչի հոգեվիճակով պայմանավորված, տարբեր տարիների տարբեր մեկնաբանություններ են: Ի դեպ, Ս.Լաճիկյանի «Խորհրդավոր ընթրիք»-ներից մեկը տեղ է գտել աշխարհահռչակ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հավաքածուում՝ արժանանալով նրա առանձնահատուկ վերաբերմունքին:

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի պետ Լիլիթ Թովմասյանն իր բացման խոսքում նկատեց, որ այս ցուցահանդեսը նաև այնքանով է առանձնահատուկ, որ ներկայացված աշխատանքներն առաջին անգամ են դուրս եկել Ս.Լաճիկյանի արվեստանոցից և ներկայացվում են արվեստասեր հանրությանը: «Առհասարակ, Լաճիկյան եղբայրների գործունեությունը մեր քաղաքում գնահատվել է, և արժանապատվորեն է գնահատվել: Այդ առիթով եկեք ծափահարենք տիկին Ժենյային՝ Լաճիկյանների 90-ամյա մայրիկին, ով հաշվի չառնելով առողջական խնդիրները, ներկա է իր որդու ցուցահանդեսի բացմանը»:

Սամվել Լաճիկյանի «Սուրբ Հարության խորհրդով» ստեղծագործությունները յուրովի գեղարվեստական ուղերձ են աշխարհին՝ փոխանցելով ոչ միայն Բարձրյալի հրաշափառ Հարության, այլև մեր ժողովրդի Վերածնության ավետիսը:

Ի դեպ, ցուցահանդեսը որպես հարմար առիթ ու վայր ընդունելով, համայնքապետ Վարդգես Սամսոնյանը՝ մշակույթի պետի հետ միասին, «Գյումրու մշակութային ավանդույթների պահպանման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը և արվեստի ոլորտում բազմամյա գործունեությունը գնահատելու նպատակով, ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածով, համայնքապետի որոշմամբ, նաև «Շիրակ» հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դոնարա Ասքանազովնայի և միավորման ղեկավար Վարազդատ Ավոյանի միջնորդությամբ՝ «Շիրակ» հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչության անդամ, Երևանի պետական համալսարանի դասախոս, գեղագետ և արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանին պարգևատրեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալով:

«Գյումրին տվել ու տալիս է տաղանդաշատ բազմաթիվ մարդկանց, իսկ մենք դրանով և պարծենում ենք, և ուրախանում ենք, և նման միջոցառումներ ենք կազմակերպում»,- ասաց քաղաքապետը: