Հարցազրույց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐՏԻՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Թադևոսյան, երբ խոսք է գնում անցումային արդարադատության մասին, շատերը պնդում են, թե այն միայն Աֆրիկայի հետամնաց երկրներում է իրականացվել՝ մոռանալով մատնանշել, որ Մերձբալթյան երկրները ևս անցել են այդ ճանապարհով:
— Այդ համեմատությունները, մեծ հաշվով, ավելի լայն կոնտեքստի չիմացության արդյունք են: Նախ, «հետամնաց երկիր» արտահայտությունն ինքնին հնացած կամ հետամնաց է: Երկրները կարող են բաժանվել զարգացած կամ զարգացող երկրների՝ ըստ ՀՆԱ-ի, բնակչության գնողունակության կամ տնտեսական այլ ցուցանիշների հիման վրա: Սակայն անցումային արդարադատության իմաստով այս ցուցանիշները վերաբերելի չեն, որովհետև անցումային արդարադատության դեպքում պետք է կենտրոնանալ պետության պետական ինստիտուտների գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, դատական իշխանության անկախության, պետական մարմինների հաշվետվողականության և թափանցիկության վրա: Անցումային արդարադատության տարբեր մեխանիզմներ կիրառվել են տարբեր երկրներում և տարբեր խնդիրներ լուծելու համար: Առավել տարածված մեխանիզմներից են միջազգային, ներպետական կամ հիբրիդային տրիբունալները, ճշմարտության հանձնաժողովները, ռեպարացիաները, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպիսեք են, ասենք, լյուստրացիան և վեթինգը (թվով՝ 35 երկիր):
— Ի վերջո, վեթինգը պատժի՞չ գործիք է հանդիսանում, թե՞ անցումային արդարադատության գործիքակազմի մի հատված:
— Անցումային արդարադատությունն, ընդհանրապես, և վեթինգը, մասնավորապես, որևէ դեպքում չի կարելի համարել պատժիչ գործիք: Այս ձևակերպումները մոլորեցնում են հասարակությանը և ձևավորում ոչ իրատեսական սպասելիքներ անցումային արդարադատության ճիշտ իմաստով: Անցումային արդարադատությունը կիրառվում է այն դեպքում, երբ առկա կոնվենցիոնալ միջոցները բավարար չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու, այդ խախտումների մեջ մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ անցումային արդարադատության նպատակը հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի վերականգնումն է, հետևաբար, վեթինգը չի կարող համարվել պատժիչ միջոց:
— Վեթի՞նգ, թե՞ լյուստրացիան է ամենաճիշտը՝ իր բոլոր հետևանքներով:
— Իրականում վեթինգը և լյուստրացիան շատ մոտ հասկացություններ են: «Լյուստրացիա» տերմինն առավել մեծ տարածում ստացավ խորհրդային բլոկի անկումից հետո, երբ արևելաեվրոպական պետությունները սկսեցին անցում կատարել ավտորիտար ռեժիմներից դեպի ժողովրդավարական կառավարում: Լյուստրացիան այս երկրներում կիրառվեց որպես պետական իշխանության բարձրագույն մարմինների, այդ թվում՝ կառավարությունների, ընտրովի կամ ներկայացուցչական մարմինների, դատական իշխանության, ոստիկանության, զինված ուժերի և անվտանգության մարմինների զտման համար: Որոշ երկրներում լյուստրացիան կիրառվեց նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մեր իրավիճակում ավելի ընդունելի և հասկանալի տերմին է վեթինգը, քանի որ հենց անցումային արդարադատության վերաբերյալ գրականության մեջ և պրակտիկայում առավել լայն կիրառություն ունի հենց այս տերմինը:
— Պարոն Թադևոսյան, երբ ծանոթանում ես դատավորների ներկայացրած հայտարարագրերին, ուղղակի ապշում ես, թե որտեղի՞ց նրանց, իրենց կանանց, զոքանչներին այդքան փող և ունեցվածք:
— Դատավորների նյութական ապահովվածությունը նրանց անկախության կարևորագույն երաշխիքն է: Սակայն, բնականաբար, ոչ միշտ է, որ դատավորները հարստանում են օրինական ճանապարհով: Ավելին, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության պայմաններում որևէ դատավոր, իր դատավորի կարգավիճակով պայմանավորված եկամուտների արդյունքում չի կարող կուտակել այնպիսի ունեցվածք, որի մասին խոսում են լրատվամիջոցները: Չի բացառվում, որ այլ օրինական ճանապարհով դատավորները ստանան նվերներ, ժառանգություն և այլն: Սակայն մեր դատավորների պարագայում ակնհայտորեն նման նվերները, ժառանգության ստացումը և մյուս «օրինական աղբյուրները» քանակական իմաստով այնքան շատ են, որ ողջամտորեն կասկածներ են հարուցում այդ ունեցվածքի ստացման օրինականության նկատմամբ: Վեթինգի գրագետ կիրառումը, թերևս, հնարավորություն կտա բացահայտել այդ ունեցվածքի ստացման իրական աղբյուրները և, եթե պարզվի, որ դրանք ձեռք են բերվել դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի եղանակներով, ապա տվյալ դատավորը պարզապես կդադարեցնի իր պաշտոնավարությունը:
— Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հասարակությունը վստահությունը կորցրել դատաիրավական համակարգի նկատմամբ:
— Դատական իշխանության նկատմամբ վստահությունը կարևոր նախապայման է հենց դատական համակարգի արդյունավետ գործունեության համար: Արդարադատության իրականացումը սպեցիֆիկ գործառույթ է և, որպես կանոն, դատավարության կողմերից մեկը միշտ դժգոհ է հեռանում դատական նիստերի դահլիճից: Սակայն կան այլ պատճառներ ևս, և հենց սրանք են հանդիսանում դատական իշխանության նկատմամբ անվստահության հիմքը: Կաշառակերությունը, մասնագիտական ցածր որակները, կամ քաղաքական այնպիսի կապերը, որոնք ազդում են դատավորի կողմից կայացված որոշումների վրա. ահա սրանք են այն արատները, որոնց դեմ պետք է պայքարել, և վեթինգի համապարփակ կիրառումը կարող է տալ դրական արդյունքներ:
— Ինչո՞ւ է կոռումպացված դատաիրավական համակարգը, դա այն դեպքում, երբ այն ծառայելու է արդարություն հաստատելու համար:
— Իհարկե, դատական իշխանության կոռումպացվածությունը պետական կառավարման համակարգի, թերևս, ամենացավոտ արատներից է: Դրա պատճառները կարող են տարբեր լինել: Հիմնական պատճառը՝ դատավորի անկախության նյութական երաշխիքների անբավարար մակարդակն է: Բացի այդ, կոռուպցիայի լայն տարածումը պետական կառավարման մյուս ոլորտներում պրոյեկտվում է նաև դատական համակարգի վրա: Ամեն դեպքում, դատական համակարգի կոռումպացվածության դեմ պայքարը պետք է լինի առաջնային:
— Վարչապետի այն խոսքին, թե անբարեխիղճ դատավորներին պետք է ազատել աշխատանքից, հակադարձողներն ասում են, թե «իքսն» «իգրեկով» փոխելով՝ բան չի փոխվի կամ՝ որտեղի՞ց այդքան նոր մասնագետ, կամ՝ նման քայլը «աղետ» է դատական համակարգի համար:
— Իրականում դա այդպես է: Այսինքն, եթե պարզապես առանց համակարգային փոփոխությունների այս կամ այն դատավորին փոխարինենք նորերով, դրանից մեծ հաշվով բան չի փոխվելու: Դրա համար անհրաժեշտ է հայեցակարգային մակարդակում ձևակերպել դատաիրավական բարեփոխումների, այդ թվում՝ վեթինգի իրականացման հիմնական նպատակը, մեթոդը և կիրառման շրջանակը: Իսկ նոր մասնագետներ միշտ էլ կգտնվեն, եթե ապահովվի դատավորների նշանակման կարգի արդարությունը և թափանցիկությունը:
— Այնուամենայնիվ, ճի՞շտ է դատաիրավական ամբողջ համակարգում անցումային արդարադատության կիրառումը, թե՞ կարելի է հատվածաբար:
— Ընդհանրապես, հատվածական անցումային արդարադատություն արդեն իսկ սխալ մոտեցում է: Եթե խոսում ենք դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին, ապա այն պետք է տարածվի բոլոր դատավորների վրա՝ առանց բացառության: Հատվածական վեթինգի կիրառումը անհեռանկար գաղափար է:
— Անցումային արդարադատությունը ենթադրում է նաև տուժածներին փոխհատուցում: Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է սրա տակից դուրս գալ, իսկ եթե հատուցումը տարիներ տևի՞, ապա տուժածների մասով, կարելի է ասել, արդարացի չէ:
— Կարևոր է որոշել տուժածների այն խմբերը, որոնք պետք է ստանան փոխհատուցումներ: Այդպիսի հատուցման ծավալների մասին պատկերացում կարելի է կազմել միայն անհրաժեշտ աշխատանքներ տանելուց հետո: Բացի այդ, ֆինանսական հատուցումները ռեպարացիոն միակ միջոցը չէ, որ կիրառվում է անցումային արդարադատության համատեքստում: Հիշատակի միջոցառումները, մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը, պետության անունից ներողության հայցումը միջոցներ են, որոնք նույնպես համարվում են անցումային արդարադատության գործիքներ:
— «Ճշմարտության բացահայտում» տերմինը անցումային արդարադատության գործիքակազմից է. ճշմարտության բացահայտումն ընդգրկում է սուբյեկտների կողմից տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու և տուժածներին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությունները:
— Այո, ճշմարտության որոնման աշխատանքները կամ ջանքերը անցումային արդարադատության հիմնական մեխանիզմներից է: Տարբեր պետություններում տարբեր մոդելներ են կիառվել ճշմարտության հանձնաժողովների կազմի, կառուցվածքի, նրանց գործունեության թափանցիկության և այլ ընթացակարգային հարցերի մասով: Հայաստանի պարագայում կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակահատվածի, կամ ինչ խմբի իրավունքների խախտումների բացահայտման համար ենք ցանկանում ստեղծել ճշմարտության հանձնաժողովներ:
— Ովքե՞ր, ինչ որակական հատկանիշներով անձերը կարող են ընդգրկվել անցումային արդարադատություն իրականացնող հանձնաժողովի կազմում:
— Պետք է լինեն հասարակությունում բարձր հեղինակություն վայելող, քաղաքականության մեջ նվազագույն ներգրավվածություն ունեցած անձինք: Որպես կանոն, ճշմարտության հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև միջազգային փորձագետներ:
— Պարոն Թադևոսյան, այնուամենայնիվ, ե՞րբ սպասել անցումային արդարադատության մեկնարկին:
— Հարցը շատ տեղին է, որովհետև, արդեն 6 ամսից ավել հոլովվում է: Բանն այն է, որ դրա համար նախևառաջ պետք է թե՛ Սահմանադրության մեջ համապատասխան կետեր փոխել, թե՛ գործող Քրեական օրենսգրքի մեջ համապատասխան լրացումներ կատարել: Այս պահի դրությամբ օբյեկտիվն այն է, որ անցումային արդարադատության հարցը լուծելու է Բարձրագույն Դատական Խորհուրդը, սակայն, ինչպես գիտեք, հիմա Խորհրդում մնացել է 4 անդամ, և քվորում այն չի կարող ապահովել: Իմ կարծիքով, տարվա վերջին կսկսվեն գործընթացներ, իսկ արդեն հաջորդ տարում նոր ավարտին կհասցնեն ամբողջը:
— Ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանը պետք է հրաժարվի եռաստիճան դատական համակարգից՝ վերադառնալով Գերագույն դատարանի ինստիտուտին:
— Եռաստիճան դատական համակարգը ապացուցել է իր արդյունավետությունը: Բացի այդ, ԵԽ անդամ երկրների մեծամասնությունն ունի հենց եռաստիճան դատական համակարգ, որը հնարավորություն է տալիս ամբողջական կերպով իրականացնել մարդու խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը կարելի է, իհարկե, քննարկման առարկա դարձնել: Ամեն դեպքում, Գերագույն դատարանին վերադառնալը չպետք է լինի ինքնանպատակ:
— Եվ վերջում. ի՞նչ կցանկանայիք ավելացնել:
— Քանի որ Անցումային արդարադատությունը խորը, ազգային նշանակություն ու կարևորություն ունի, հոգեբանական մոտեցման խնդիր էլ կա, իսկ մենք՝ մեր ժողովրդին լավ գիտենք, ընթերցողներին խորհուրդ կտայի, եթե, իհարկե, դեռ չեն ընթերցել, կարդալ Դերենիկ Դեմիրճյանի՝ «Հայը», իսկ ովքեր կարդացել են, թող մեկ անգամ էլ վերընթերցեն:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ընթերցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ—ում միջազգային լույսի ներքո: Երևան, փետրվար, 2019թ.: