ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերականգնողական բժշկությունը սկսվում է հիվանդության ախտորոշման պահից

Հարցազրույց բժիշկ-վերականգնողաբան ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, առողջապահության մեջ ի՞նչ է իրենից ներկայացնում վերականգնողական բժշկությունը, ինչպիսի՞ ծառայություն է այն մատուցում, ո՞ր տեսակի հիվանդությունների հետ է անմիջական շփումը:

-Վերականգնողական բժշկությունն աշխատում է այն պացիենտների հետ, որոնք ունեն որևէ ֆունկցիայի կորուստ՝ և՛ ֆիզիկական, և՛ ներքին օրգանների, և՛ մտավոր, հոգեկան: Այսինքն՝ բոլոր նրանց հետ, ովքեր ունեն որևէ հիվանդություն և խախտված է իրենց մոտ որևէ ֆունկցիա:

Անկեղծ ասած, ես կարծում էի, թե վերականգնողական ծառայություն մատուցվում է ավելի նեղ շրջանակի պացիենտների համար. ֆիզիկական խնդիրներ ունեցող պացիենտներին նկատի ունեմ՝  հենաշարժողական, նաև լոգոպեդային:

— Ոչ, ավելի լայն սպեկտոր է իր մեջ ներառում. դա կարող է լինել և՛ անոթային հիվանդություններով, և՛ ուղեղի արյան շրջանառության խանգարումներով, և՛ ներքին օրգանների խանգարումներով՝ ասթմա, թոքաբորբ, աղիների պրոբլեմներով հիվանդներ, ինչպես նաև լոգոպեդային, հետվնասվածքային, ողնաշարային, խրոնիկ ցավային սինդրոմ ունեցող պացիենտներ, նաև մտավոր ու հոգեկան խանգարումներ ունեցողներ: Երբ բժշկական այլ միջամտություններից հետո օգնության է գալիս վերականգնողական ծառայությունը: Մենք մասնագետների մեծ թիմ ունենք:

Փաստորեն, թիմային աշխատանք է, ես ճի՞շտ հասկացա. ովքե՞ր են վերականգնողական ծառայության մասնագետները:

— Թիմի ղեկավարը՝ բժիշկ-վերականգնողաբանն է, անդամներն են՝ կինեզիստը (բուժական ֆիզկուլտուրայի մասնագետը), մերսողը, մանուալ թերապևտը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը, հոգեբանը, որոշ վերականգնողական թիմեր ունեն նաև սոցաշխատողներ և հոգևորականներ: Վերջինի հետ կապված՝ այս պրակտիկան մեր քաղաքում դեռ չի գործում:

Վերականգնողական կենտրոն դիմելու դժվարություն հաստատ կունենան հոգեբանի կարիք ունեցող պացիենտները: Բայց շատերը կաշկանդվում են դիմել հոգեբանի:

— Բանն այն է, որ սա ամենակարևոր պահն է. անգամ հոգեբանն ունի հոգեբանի կարիք: Հավատացեք, մեզ դիմած պացիենտների 90 տոկոսը չի ուզում, բայց կարևոր է, որ աշխատի հոգեբանի հետ: Ինձ հաջողվում է առաջին իսկ հանդիպումից հետո պացիենտին հոգեբանի մոտ ուղղորդել, երբ տեսնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա: Չգիտես ինչու, մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, թե հոգեբանը դա հոգեբույժն է, և այստեղ է, որ մարդը մի տեսակ իրեն անվստահ, վատ է զգում: Սակայն, իրականում, հոգեբանի ծառայությունն անհրաժեշտ է բոլոր հոգեպես առողջ մարդկանց համար: Հոգեբուժական խնդիր ունեցողներն են հոգեբույժի պացիենտ:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, արդյո՞ք այնպիսի վարժություններ, ինչպիսիք են շնչառական, յոգային, մեդիտացիոն՝ նույնպես կարող են ներառված լինել վերականգնողական ծառայության մեջ:

— Վարժությունների շատ տարբեր տեսակներ կան, որոնցից մեկն էլ շնչառականն է: Այն կիրառվում է շնչառական համակարգի խախտման դեպքում, զարկերակային բարձր ճնշման, նևրոզների ժամանակ: Մեդիտացիան ավանդական բժշկության ճյուղ է, որոշ տարրեր կիրառվում են ռեաբիլիտացիոն բժշկության մեջ: Յոգայի մեջ կան վարժություններ, որոնք արդեն ապացուցված կիրառվում են բժշկական ֆիզկուլտուրայի մեջ: Վերականգնողական բժշկությունը պաշտոնական բժշկության ճյուղ է և մենք անպայման աշխատում ենք ապացուցողական բժշկության տվյալներով, այսինքն՝ ապացուցված է, որ այս-այս վարժությունների կազմը կարող է ռեաբիլիտացիոն ազդեցություն ունենալ պացիենտի վրա: Օրինակ, վերջերս եմ վերադարձել Ավստրիայից, որտեղ վերականգնողական դասընթացների էի մասնակցում, հենց այս կուրսերի ժամանակ մեզ ներկայացվեց յոգայի ապացուցված վարժությունների կազմ, որոնք ողնաշարային հիվանդությունների դեպքում են կիրառվում:

Բժշկուհի, տեղյակ եմ նաև, որ վերականգնողական թերապիայի նորագույն մեթոդներ են կիրառվում՝ կենդանաբուժությամբ. ասենք, աուտիզմով հիվանդ երեխաների համար գործում է շների, ձիերի ռեաբիլիտացիոն կենտրոններ:

— Միայն աուտիզմով չէ, և՛ դաունով, և՛ «դցբ»-ով, և՛ մանկական ուղեղային պարալիզով տառապող երեխաներն էլ:

Թվարկված ախտանիշներով պացիենտներն, ուղղակի իմաստով, Ձեր՝ ռեաբիլիտացիոն կենտրոնի հիվադներն են, չէ՞, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանում գործեն նման կենտրոններ:

— Հայաստանում արդեն կա ձիաբուժության կենտրոն Խարբերդի մանկատանը, կան մասնավոր կենտրոններ, որ կիրառում են:

Ինչպիսի՞ ակնկալիք կարող է ունենալ պացիենտը ռեաբիլիտացիոն կենտրոնին դիմելով:

— Մեր աշխատանքի առանձնահատկությունը «Գյումրու բժշկական կենտրոնում» կլինի այն, որ արդեն իսկ հիվանդանոցում ստացիոնար բուժում անցնող հիվանդը հնարավորություն կունենա զուգահեռ օգտվել վերականգնողական ծառայությունից՝ չկորցնելով հետագայում ժամանակ: Կա այդպիսի սկզբունք, որ հիվանդի հետ աշխատում են հենց ախտանիշի բացահայտման սկզբից: Կամ, օրինակ, ինսուլտով հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, արդեն իսկ այդ օրվանից իր հետ պետք է տարվեն ռեաբիլիտացիոն աշխատանքներ, որպեսզի հետագա բարդություններից զերծ մնա: Այս պրակտիկան Գյումրիում նոր կլինի, իսկ Երևանի շատ բուժկենտրոններ արդեն պարտադիր ունեն վերականգնողական ծառայություն հենց հիվանդանոցում, որպեսզի հիվանդի առողջացման, վերականգնման ժամանակահատվածը կրճատվի, ավելի արդյունավետ ու արագ տեղի ունենա այդ պրոցեսը: Ինչպես նաև, երբ կանխարգելում ես բարդությունը՝ դա ավելի մատչելի է, քան արդեն ձևավորված բարդության հետ ես աշխատում, որն ավելի աշխատատար է ու թանկ:

Պիտակներ՝