Նոյեմբերի 24-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը գյումրեցի Մադոյանների և Ավետիսյանների ընտանիքներին, համապատասխանաբար 2-սենյականոց և 4-սենյականոց բնակարան գնելու վկայագրերը հանձնելով, ասաց. «Համարյա 29 տարի անց տուն գնելու հնարավորություն եղավ… Հիմա, եթե ես եմ այսքան հուզված, պատկերացնում եմ, թե դուք ինչքան եք հուզված։ Մի քիչ ուշ եղավ, բայց եղավ, կներեք»։ Շահառու Հովհաննես Մադոյանը փառք տվեց Աստծուն, ինչին Շիրակի մարզպետը արձագանքեց. «Աստծո չէ, կառավարության», Մադոյանը պնդեց՝ «Չէ, Աստծո», Շիրակի մարզպետը ժպտալով համաձայնեց. «Լավ՝ Աստծո օգնությամբ»։ Հետո մարզպետն հետաքրքրվեց շահառուների ընտանեկան կազմով: Լսելով, որ Ավետիսյանի որդին ամուրի է, կատակեց. «Որ տուն ունեցաք, արդեն հեշտ կլինի ամուսնացնելը»:
Այնուհետև մարզպետը հանդես եկավ հաշվետվությամբ: «2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված է եղել 4.200 ընտանիք, ովքեր իրավասու են եղել բնակարանային պայմանների բարելավման։ 2010-12թթ. բնակարան է ստացել 2.785 ընտանիք, 2014-17թթ. իրականացված բնակարանների գնման վկայագրերի ծրագրի շրջանակներում բնակարան է ձեռք բերել 404 ընտանիք։ Պետբյուջեի շրջանակներում ևս կան ձեռք բերված բնակարաններ, «Ուրբան» ինստիտուտի ծրագրով: Մադոյանների և Ավետիսյանների ընտանիքներով մենք փաստացի Գյումրու պահով ավարտում ենք շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը։ Բայց սրանով չենք ավարտում անօթևանության խնդիրը։ Ունենք 98 ընտանիք, որոնք կորցրել են սեփական բնակելի տներ, և նրանց նկատմամբ պետությունն ևս ունի պարտավորություն: Ունենք ընտանիքներ, որոնք ինչ-որ խնդիրների պատճառով չեն ներկայացել, ժամանակին փաստաթղթեր չեն ներկայացրել, բայց միևնույն ժամանակ ունենք նախադեպ դատարանի վճռով, որ 2 ընտանիքի բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, նրանց նույնպես ԲԳՎ-ներ տրամադրվել են։ Ցավոք, 288 ընտանիք ընդհանրապես չի ներկայացել, այսինքն` ընտանիքներ են, որոնք երկրաշարժից հետո լքել են քաղաքը, և 70 ընտանիք բնակարան ձեռք չեն բերել, ավելի պարզ ասած՝ հրաժարվել են բնակարանների ձեռք բերումից»: