«Ցուրտ հայրենիք» կամ՝ 1949. վկայություններ աքսորից» վավերագիր գրքի շնորհանդեսն էր, որի հեղինակներն են Տիգրան Պասկևիչյանը և Սաթենիկ Ֆարամազյանը: Գիրքը պատրաստվել է «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակներում, որն իրականացրել են «Վերսուս» ստուդիան և «Ֆակտում» ՀԿ-ն՝ 2010-2022թթ-ին: Սա 1946-49թթ. Մեծ հայրենադարձությունը ներկայացնող ծավալուն աշխատանք է, որի արդյունքում ստեղծվել են 4 փաստավավերագրական ֆիլմեր:
Մեջբերում գրքի առաջաբանից. «Հայերի՝ 1949-ի հունիս 13-14-ի զանգվածային աքսորը Ալթայի երկրամաս՝ իր կազմակերպվածությամբ, ծավալով, իրականացման ձևով զիջում է թերևս միայն Երիտթուրքերի նախաձեռնած ցեղասպանությանը…»:
«… Այդ ծրագրով հայերի մի հատվածը տարանջատվում էր Խոհրդային Հայաստանի տարածքը զբաղեցնող հիմնական էթնոսից և «դաշնակ» պիտակով դասվում անբարեհույս, անվստահելի խմբերի շարքում՝ թուրքեր և թուրքահպատակներ, հույներ և հույնահպատակներ, որոնց մեջ քիչ չէին այլ ազգությունների մարդիկ, այդ թվում նաև՝ հայերը…»:
1949-ին աքսորվող հայերը («դաշնակները») կազմված էին 3 խմբից.
— Համաշխարհային 2-րդ պատերազմում գերի ընկած և Դրոյի գործուն մասնակցությամբ կազմավորված հայկական լեգիոններին միացած նախկին զինվորականներ,
— Կենսագրության մեջ դաշնակցական հետք ունեցող անձինք (առաջին հանրապետության տարիների, կոլեկտիվացման և այլ դիպվածներով),
— 1946-1949 թվականներին Մեծ հայրենադարձության հունով ներգաղթած հայեր, որոնք մինչ այդ անդամակցել, հարել կամ առնչվել էին ՀՅԴ-ին:
Ըստ հեղինակի՝ Տիգրան Պասկևիչյանի, գիրքը գրվել է 1949թթ. աքսորյալների վկայությունների հիման վրա. «Այդ թվի հունիսին մոտ 1600 մարդ Սիբիր է աքսորվել Հայաստանից, որից շուրջ 10 տոկոսն եղել են հայրենադարձներ: Ինչպես գիտեք, 1946-ի Մեծ հայրենադարձության ժամանակ էին նրանք վերադարձել Հայաստան՝ այնտեղ տուն-տեղ վաճառելով: Մենք դեռ 2010 թ-ից ենք հետաքրքրվել նրանցով, և ձեռք բերված փաստական տվյալներով երեք ֆիլմ ենք նկարահանել. «Ներգաղթ», «Աքսորը և ռեպրեսիաները», «Արտագաղթ»… Վերջինը, ինչպես կռահեցիք, հայրենդարձածներին է վերաբերում, որ ինչպես եկել էին, այնպես էլ փորձեցին վերադառնալ: Այս գիրքը մոտ 30 և ավել մարդկանց անձնական վկայություններ են, մարդիկ, ովքեր եղել են աքսորում: Ճիշտ է, նրանցից շատերը երեխաներ, անչափահասներ են եղել այդ ժամանակ, բայց շատ լավ պահպանվել է իրենց հիշողությունների մեջ: Գրքում կան արխիվային փաստաթղթեր, ընտանեկան արխիվներից նյութեր, նամակներ, լուսանկարներ: Մի բաժին կա՝ «Հուշապատում», որտեղ մարդկանց հուշագրություններն են: Իսկ գրքի ամենակարևոր մասը, աշխատանքը ես կհամարեի «Աքսորված հայրենադարձների ցուցակներ»-ը. այսինքն 1570 հայրենադարձի ամբողջական ցուցակ, թե ով որտեղից է հայրենադարձվել, երբ է եկել, ինչպես, և ուր են աքսորվել: Երկու լեզվով է ներկայացված՝ հայերեն և ռուսերեն: Ինչու ռուսերեն: Որովհետև այս ամբողջ փաստաթղթավորումը ռուսերենով է տարվել, մենք դրանք թարգմանել ենք: Նաև, որ Սփյուռքում կարողանան ընթերցել: Վերջին բաժնում ներկայացված են տեղացի աքսորվածները: Երբ մենք 2016թ-ին Գյումրիում ցուցահանդես էինք արել՝ «Մարդը բռնությանը դեմ հանդիման» խորագրով: Ինձ մոտեցան մարդիկ, և ողջունելով մեր աշխատանքը, պատմեցին, որ այստեղ էլ կան աքսորյալների ընտանիքներ և կուզենային, որպեսզի իրենց պատմություններն էլ տեղ ունենային մեր փաստագրումների մեջ: Խոստացանք, որ անպայման կանդրադառնանք: Այս գրքում Շիրակի մարզից, հիմնականում Գյումրիից 4 հոգու ենք անդրադարձել, մեկը Արարատյան դաշտավայրից է: Մենք իրենց պատմություններն էլ ներառեցինք»:
Պարոն Պասկևիչյանին հարցնում եմ, թե հատկապես ի՞նչը կամ ինչո՞ւ են հետաքրքրվել աքսորյալների թեմայով, միգուցե հարազատ կա, կամ ինչ-որ մեկի պատմությունն են լսել ու դա հիմնավոր առիթ է հանդիսացել. «Ուղղակի մենք հայրենադարձության թեմայի ուսումնասիրությամբ էինք զբաղվում, իսկ այն չէր կարող չառնչվել այս բռնաճնշումներին ու աքսորումներին: 100-ից ավել հարցազրույցներ ենք արել, աշխարհի տարբեր կետերում՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, և բոլորը, որ ուղղակի կապ են ունեցել աքսորի հետ, մեզ բավարար տեղեկություններ էին ներկայացնում: Ու բոլորի խոսքում բերվում էր այն հիմնավորումը, թե ինչու են հետ վերադարձել, մինչդեռ մեծ խանդավառությամբ էին Հայրենիք եկել. քանի որ աքսորը տրամաբանորեն՝ չէր կարող հետ վերադառնալուն չմղել»:
Հ.Գ. Գրքի շնորհանդեսին ներկա մտավորականների շարքերում էին աքսորյալների ընտանիքի անդամներ, նաև Ռոբերտ Պողոսյանը, ում հայրիկի՝ գերի ընկնելը հիմք էր հանդիսացել, որպեսզի նրանց ընտանիքին ևս աքսորեին: Նա այն ժամանակ 6-7 տարեկան է եղել: Իր հիշողության մեջ շատ վառ է պահպանվել այդ ամենը. «Ալեքսանդրովսկու վրա պադվալներ—բաներ կային, հորս ընտեղ էին տանում հարցաքննության: Պռաժեկտըրների տակ նստեցնում, հարցաքննում էին. «Արդյոք դու դավաճան չե՞ս եղել, ֆլան ես եղել, բեֆան ես եղել, ինչի՞ պլեն ընկնելու ժամանակ դու քեզի չգնդակահարեցիր, չխփիր քեզի: Եթե չես խփե, Ստալինի ըսելով՝ «Տի վռագ նառոդա»…