ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Վստահ եմ, որ մենք օպտիմալացման վտանգի առաջ չենք կանգնի»

Հարցազրույց Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

— Տիկին Վարդանյան, Դուք արդեն մի քանի տարի դպրոցի տնօրենի պաշտոնում եք, այդ ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել:

— 9-րդ տարին է, ինչ ղեկավարում եմ թիվ 10 հիմնական դպրոցը: Իմ ղեկավարության օրոք քիչ աշխատանքներ չեն կատարվել. հիմնել ենք նախակրթարանը, վերանորոգել սանհանգույցները, մեր մարզում ռազմագիտության եզակի կաբինետ ենք ստեղծել, ինչպես նաև` Ցեղասպանությանը նվիրված հուշապատ: Ներկայում աշխատում ենք հրաձգարանի ստեղծման ուղղությամբ: Թող անհամեստ չհնչի՝ մեր կրթօջախում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Թեև չեմ ցանկանա, որ մեր դաստիարակության արդյունքները կիրառվեն մարտի դաշտում: Ի դեպ, ՆԶՊ առարկայի դասավանդման ու ռազմահայրենասիրական գործում լավագույն ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրվել եմ Գյումրու զինկոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանի կողմից: Անշուշտ, շատ ենք կարևորում նաև քրիստոնեական դաստիարակությունը:

— Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ վերջին տարիներին նվազում է Ձեր աշակերտների թիվը: Ի՞նչն է պատճառը:

— Ցավոք, ձմեռային ամիսներին դժվարություններ ենք ունենում՝ կապված ջեռուցման հետ: Իսկ ծնողները գերադասում են տաք դասասենյակները: Սակայն համոզված եմ, որ այդ խնդիրը կկարողանանք կարգավորել ու առաջիկայում կձերբազատվենք այդ խնդրից:

— ՀՀ վարչապետը դպրոցների գործունեության արդյունավետությունը տեսնում է համահարթեցման ճանապարհի միջոցով: Պարտադիր՝ միահերթ, 450 աշակերտից ոչ ավելի: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը:

— Վարչապետի պահանջն արդիական է ու սա միգուցե դպրոցի «առողջացման» ուղիներից մեկն է: Կարծում ենք՝ այն կնպաստի նաև կրթության որակի բարձրացմանը: Այդուհանդերձ, կա մի «բայց». օպտիմալացումը գյուղական վայրերում պետք է զգուշորեն իրականացվի, քանի որ գյուղի դպրոցի փակումը կարող է բերել անդառնալի հետևանքի՝ գյուղի դատարկմանը:

— Վարչապետի այս որոշումը Ձեզ չի՞ վախեցնում: Արդյո՞ք թիվ 10 հիմնական դպրոցն օպտիմալացման վտանգի առջև չի կանգնի:

— Ես հիմնական թիրախը չեմ կապում միայն սակավաթիվ աշակերտների խնդրի հետ: Լուրջ հիմնահարց է նաև վատ շենքային պայմանների առկայությունը: Ամբողջ Շիրակի տարածաշրջանում մեր դպրոցը, որպես տիպային շինություն, եզակի է: Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ մեր կրթօջախն օպտիմալացման վտանգի առաջ երբեք չի կանգնի:

— Խոսենք Ձեր ղեկավարած կրթօջախի նյութատեխնիկական բազայի մասին:

— Չեմ ժխտում, մեր դպրոցի նյութատեխնիկական բազան թարմացման, համալրման կարիք ունի: Բարոյապես մաշվել է գույքը: Համակարգչային լսարանի խիստ կարիք ունենք: Նախանցած տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհիվ մեր մարզադահլիճը համալրվեց ներքնակներով և մարզագույքով, որը ֆիզկուլտուրա առարկայի լիարժեք դասավանդման համար շատ կարևոր է: Ի դեպ, ընդգծեմ, որ ունենք հիանալի մարզադահլիճ, որտեղ կարող են անցկացվել անգամ հանրապետական մակարդակով խաղային մարզաձևերի առաջնություններ: Միաժամանակ, դպրոցին կից ունենք հրաշալի խաղահրապարակ: Այն կառուցվել է բարերար Վիլեն Աջամօղլյանի անձնական միջոցների հաշվին:

— Տիկին Վարդանյան, թիվ 10 դպրոցի կառուցման գործում անուրանալի վաստակ ունի Ֆրանսիայի կառավարությունը: Ժամանակին ես բազմաթիվ հոդվածներով եմ հանդես եկել մամուլում ու իմ նյութերն ունեցել են համապատասխան արձագանքներ հենց Ֆրանսիայում: Կապը ներկայում պահպանո՞ւմ եք նրանց հետ:

— Իհարկե, պահպանում ենք: Մեր դպրոցի լավ բարեկամն է Հայ-ֆրանսիական բարեկամական կապերի հանձնախմբի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Նշեմ նաև մեր մյուս բարեկամին՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիին: Նրա հետ վերջերս ենք հանդիպել: Նա գիրք է հրատարակել: Այն արտացոլում է նրա կյանքը Հայաստանում ապրելու ժամանակահատվածում: Այս գրքում առանձին գլուխ է նվիրված մեր դպրոցին: Պարոն Կյունին անգամ անուն առ անուն մատնանշել է մեր լավագույն աշակերտներին, որոնք ներկայում աշխատում են Ֆրանսիայում՝ տարբեր ոլորտներում:

— Մեծ հարգանք տածելով ֆրանսիացիների նկատմամբ, այդուհանդերձ, պարտավոր եմ նշել, որ առանց անգլերեն լեզվի «ներկայության» դժվար է Ձեր կրթօջախի առաջընթացը պատկերացնելը: Դուք պատրա՞ստ եք այս լեզվի իմացության ապահովմանը՝ դասընթացների կազմակերպման միջոցով:

— Ինչի մասին է խոսքը, իհարկե, պատրաստ ենք: Մեր առաջիկա ծրագրում կա այդպիսի կետ: Ցանկանում ենք անգլերենը, որպես երրորդ լեզու, մտցնել մեր ուսումնական ծրագիր:

— Դպրոցին կից գործում է նախակրթարանը: Այն նպաստո՞ւմ է կրթօջախի անխափան գործունեությանը:

— Նախակրթարանը մեր կրթօջախի համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր է և, բնականաբար, մեր սաների գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվում է առաջին դասարան:

— Դպրոցն ունի բազմաթիվ լուսավոր դասասենյակներ, որոնք, սակայն, կառուցման օրվանից ի վեր չեն վերանորոգվել` եթե հաշվի չառնենք մասնակի ներքին հարդարման աշխատանքները: Դիմե՞լ եք այդ հարցով մարզային իշխանություններին:

— Ավելին, անգամ դիմել ենք մեր հանրապետության տարածքում գործող բազմաթիվ բարեսիրական հիմնադրամներին, նաև մարզային իշխանություններին: Ակնկալում ենք դրական արդյունքներ:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ