ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տալ, տեգր, խամբաջի հարաբերություններն են ընտրական գործընթաց մտնում»

Հարցազրույց գրող, հրապարակախոս ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆԻ հետ:

— Պարոն Սեմիրջյան, արդեն իսկ հստակ է ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընդհանուր խճանկարը՝ 5 կուսակցություն ու 4 դաշինք, հրապարակված են նաև համամասնական ու վարկանիշային ցուցակները: Շատերը խառնաշփոթ են որակում քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները: Դուք ի՞նչ կասեք այս մասով ու ինչպե՞ս կգնահատեք կուսակցությունների ու դաշինքերի մասնակցության պատկերը:

— Նախ ես համաձայն չեմ, որ քաղաքական դաշտում խառնաշփոթ կա, ամեն ինչ իր հունով գնում է, դաշինքներ կազմելու, մի կուսակցությունից ու դաշինքից դուրս գալու, մյուս մտնելու գործընթացները որոշ մարդկանց կողմից շատ լավ ղեկավարվում են: Իսկ ընդհանուր առմամբ, միակ դաշինքը Հայաստանում, որ հստակ գաղափարախոսությամբ է գնում ընտրությունների, Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ դաշինքն է: Բոլոր դաշինքները մի հարցի պետք է պատասխանեն. ուզո՞ւմ են Հայաստանում լինի խաղաղություն, թե՞ երկիրը գնում է պատերազմի: Բոլոր դաշինքները թող պատասխանեն՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր համարո՞ւմ են տարածքների փոխանակմամբ, թե՞ ոչ: Եթե խնդրի լուծումը հնարավոր համարում են երկարաժամկետ խաղաղությամբ, ես այդ մարդկանց հետ համաձայն եմ: Իսկ եթե խոսում են տնտեսական աճից, արտագաղթի նվազումից ու այլնից, դրանք հեքիաթներ են, ընդամենը խոսքեր, որովհետև առանց պատերազմի ավարտի ո՛չ տնտեսությունն է զարգանալու, ո՛չ արտագաղթն է նվազելու, ո՛չ կոռուպցիան է քչանալու, որևէ բան չի փոխվելու երկրում: Մարդիկ պետք է իմանան, որ պատերազմ չի լինելու, որ մնան երկրում, փորձեն աշխատել ու ապագան այստեղ տեսնել: Ուրիշ խնդիր չկա:

— Ընտրական գործընթացի, քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահություն ու անտարբերություն է ժողովրդի մոտ: Հնարավո՞ր է հիմա վերականգնել քաղաքացիների հավատը՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու ու ընտրությունների մասնակցելու առումով:

— Կարծում եմ՝ գոնե հիմա քաղաքական գործընթացների հանդեպ, ընդհակառակը, վստահություն կա: Այս անգամ բոլորը համոզված են, որ գոնե ընտրական տեղամասերում որևէ ընտրախախտում չի լինելու, կաշառք կլինի, թե չէ, չեմ կարող ասել: Իսկ քաղաքական ուժերի մասով միանշանակ համաձայն եմ, կա անվստահություն, բայց վստահությունը վերականգնելը կուսակցությունների խնդիրն է, ու այդ ուղղությամբ պետք է աշխատեն, փորձեն մարդկանց համոզել: Կարողացան համոզել՝ որևէ բան կփոխվի, չկարողացան՝ նույն ձևով էլ կմնա:

— ՀԱԿ-ի ջանքերի շնորհիվ այսօր ընտրատեղամասերում կլինեն տեսախցիկներ: Գործընթացն ընտրատեղամասում գուցե առանց խախտումների անցնի, բայց ընտրախախտումների մեծ մասը կատարվում են ընտրատեղամասից դուրս՝ ընտրակաշառքի բաժանում, վարչական լծակների կիրառում: Այս ամբողջ մեխանիզմի դեմ հնարավո՞ր է պայքարել:

— Այնքան խորքային է հարցը. նախ երկրում պետք է սով չլինի, որ մարդիկ իրենց երեխաների համար 5-10 հազար դրամը չվերցնեն, բայց ամենակարևորը խաղաղության հաստատումն է: Եթե երկրում սով է, որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ մարդն իր երեխաներին հաց առնելու համար այդ 5000 դրամը չի վերցնի:

— ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավքին՝ ընտրության օրը փոփոխելու վերաբերյալ, որոշ կուսակցություներ չմիացան: Ինչո՞ւ:

— Ինձ համար այդ օրվա փոփոխությունն այնքան էլ նշանակություն չունի: Երկու տեսակետի հետ էլ համաձայն եմ. մեկը, որ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի զոհերի տարելիցն է, հիշատակի օր պիտի լինի, մյուսն էլ, որ օրվա փոփոխությունը հակասահմանադրական է: Կարծում եմ՝ օրն ու ժամը այն խնդիրը չէ, որի վրա պետք է կենտրոնանալ, մինչև օրը նշանակելը՝ այդ մասին պետք է մտածեին, նշանակելուց հետո օրը փոխելով ավելորդ ռեսուրսներ է վատնվում:

— Վարկանիշային ցուցակների, նոր ընտրակարգի մասով ի՞նչ կասեք:

— Սա ոչ քաղաքական ընտրակարգ է: Մեր խնդիրը պետք է լիներ քաղաքական ընտրարշավ իրականացնելը, հիմա ընտրությունները թաղային մակարդակով են անցկացնում ու քաղաքական պրոցեսը դառնում է ոչ քաղաքական: Ընկեր, ախպեր, բաջանաղ, տալ, տեգր, խամբաջի հարաբերություններն են ընտրական գործընթաց մտնում: Ես կցանկանայի, որ գործընթացը քաղաքական լիներ, քաղաքական գաղափարների շուրջ վիճեին, ձայներ շահեին: Իսկ հիմա միակ ուժը, որ քաղաքական հայտ է ներկայացրել, ՀԱԿ-ն է: Մնացած բոլոր ուժերը քաղաքական որևէ հայտ չեն ներկայացրել:

— Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Հայաստանում իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով:

— Ես ոչ թե համարում եմ, այլ համոզված եմ, որ բացի ընտրություններից Հայաստանում իշխանափոխության ուրիշ տարբերակ չկա: Ընտրությունները միակ տարբերակն են, ոչ զինված հեղաշրջում եմ տեսնում, ոչ էլ տեռորիստական ակտ: Ճիշտ է, հայաստանյան իրականությունում դժվար է ընտրություններով ինչ-որ բան փոխել, բայց եթե դժվար է, ի՞նչ է՝ չփորձե՞նք: Փորձել է պետք:

Զրուցեց՝ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՈՍՅԱՆԸ