ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տանձից մինչեւ գանձ. ՓԱՆԻԿ

Շիրակի մարզի փոքր համայնքներից է Փանիկը: Ծաղկուն ու բարգավաճ գյուղ է: Փանիկցիներն աշխատասեր են, ստեղծող ու արարող: Զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Տղամարդկանց մի մասը վաղ գարնանը մեկնում է արտագնա աշխատանքների, աշնան վերջին կռունկի հետ՝ վերադառնում: Փանիկցու օջախը շեն պետք է լինի՝ պապերից եկած պատգամ է:

Եվ ո՞վ չգիտի՝ Հայաստանի լավագույն հացահատիկն այս հողից է ծնունդ առնում, դե, իսկ Փանիկի անուշահամ տանձի գովքը՝ ուտողն է անում:

Փանիկցիները կաթոլիկ քրիստոնյաներ են, աստվածապաշտ են, բայց ոչ ձևական: Տեղացիները պատմում են, որ խորհրդային կարգերի ժամանակ գյուղի եկեղեցին եզակիներից էր, որ բնակիչներն իրենց համառ ու անկոտրում բնավորության, անխախտ հավատքի շնորհիվ չթողեցին փակվի, խոնարհվի, վերածվի փարախի կամ պահեստի, ինչ ճակատագրի արժանացան քույր- եկեղեցիները: Այդ տարիներին գյուղացիները, հատկապես գյուղացի երեք կանայք, ծառայել են եկեղեցուն, խունկ ու մոմ վաճառել, այգաբացի հետ զանգը հնչեցրել, գողացված խաչը փոխարինել նորով, եկեղեցին տարիներով այդպես կանգուն պահել:

1958թ. խաչն արդեն խախտվում է տեղից և հայտնվում վայր ընկնելու վտանգի առջև: Ամբողջ գյուղը մտահոգվում է հնության պահպանման նպատակով: Պետրոս Նահապետյանի հուշերում կարդում ենք. «Դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ինձ ընտրեց հնության պահպանության կոմիտեի նախագահ: Իմ առաջին գործն եղավ եկեղեցու խաչի ուղղումը: Այդ նպատակով խոսեցի հյուսներ Գուրգեն և Հովհաննես Արևիկյանների, Հակոբ Սեխլեյանի հետ: Երեքն էլ սիրով ցանկություն հայտնեցին մասնակցել այդ շնորհակալ գործին: Խաչն իջեցվեց: Համագյուղացի Կառլեն Մուրադյանն այն շալակով հասցրեց արհեստանոց: Դարբին Փիլոսի հետ զոդեցին ներքևի մասը, իսկ վարպետ Հովհաննեսն Արթիկից հարմար պատվանդանի քար բերեց: Գյուղից ձու հավաքվեց՝ շաղախնամուր դարձնելու համար: Նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, խաչը տեղադրվեց գմբեթին»:

Գյուղում հոգևոր ու մշակութային կյանքը լրացնում են միմյանց, ագուցված են անքակտելի կապերով: Ահա սա էր պատճառը եկեղեցու տնտեսվար Վարդան Կարապետյանի, Պետրոս Նահապետյանի թոռ՝ Գաբրիել Նահապետյանի և համագյուղացիների շնորհիվ Փանիկում ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո եկեղեցուն կից՝ երիտասարդական լսարանի շենքում, վերաբացվեց Պատմության թանգարանը: Այն կոչեցին Պետրոս Նահապետյանի՝ մեծանուն փանիկցու անունով, ով տարիների խորքից, ծանր փոշու թմբիրից, իր աշակերտների հետ միասին՝ երկար ու քրտնաջան պրպտումների շնորհիվ հավաքել է գյուղի պատմամշակութային իրերի անհետացող նմուշները՝ մատաղ սերնդի ափերի մեջ դնելով իրենց մեծ պապերի ու մամիկների կենցաղային իրերի փրկված օրինակները, արվեստի ու արհեստի արդեն եզակի պատառիկները:

Պետրոս Նահապետյանը մասնագիտությամբ հնէաբան կամ ազգագրագետ չէր, նա դպրոցի պատմության ուսուցիչն էր, գյուղի վարժապետը: Դասերից հետո՝ դաշտ ու հանդում ծնողներին ձեռք մեկնելուց հետո, ուսուցիչն աշակերտներին առնում, դիմացի դաշտերն էր գնում, հողի շերտն այս ու այն կողմ էր տանում, մանկան անսահման ուրախությամբ հրճվում հայտնաբերած յուրաքանչյուր խեցեղենի, երկրագործական իրերի համար, որոնց կարծես, հողն էր արդեն տեր դարձել: Ընկնում էին տնետուն, բարձրանում տանիքները, նկուղներից հանում տանտիրոջ համար արդեն «անպետք» թվացող իրերը:

1967թ. Պ. Նահապետյանը հավաքում ու դպրոցի դասասենյակներից մեկում հիմնում է փոքրիկ, բայց շատ արժեքավոր, տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի, մի հրաշք  թանգարան:

Թանգարանը գործում է մինչև 1988թ. երկրաշարժը: Այնուհետ ցուցանմուշները դպրոցի վթարային շենքում են մնում, ապա՝ տեղափոխվում: Ցուցանմուշներից շատերն անհետանում, վնասվում են տեղափոխությունների ընթացքում:

Իսկ այսօր թանգարանը վերջապես գտել է իր ապահով հանգրվանը: Այն հարուստ է խեցեղենով, դրամների բազմազան նմուշներով, նախորդ դարերի աղոթագրքերով, զենքերի եզակի տեսակերով, որոնք տեղացիները գործածել են Առաջին աշխարհամարտի և Սարիղամիշի ճակատամարտի ընթացքում:  Ինքնատիպ են թանգարանի հացահատիկի մշակման տարատեսակ գործիքները, հացի բազմազան տեսակները՝ գարեհաց, փառնիկ, բոքոն, ծակուլիկ, քարտիկա և այլն: Ահա այդ պատճառով այն կոչվել է նաև Հացի թանգարան:

Օր օրի թանգարանը համալրվում է նորանոր նվիրատվություններով, ունենում ոչ միայն տեղաբնակ, այլև օտարերկրյա այցելուներ, որոնք զարմացած ու հիացած անցնում են ցուցասեղաններից յուրաքանչյուրի մոտով, կարդում նմուշների դեռևս ժլատ մեկնաբանությունները (շուտով յուրաքանչյուր նմուշ կունենա իր ծննդյան վկայականը), ոչ միայն տպավորություններով են կիսվում թանգարանի հուշամատյանում, այլև իրենց երախտագիտության խոսքն են հղում, խոնարհվում մուտքի գլխամասում փակցված պատմաբան, մեծ հայրենասեր Պետրոս Նահապետյանի նկարի առջև:

Երանի հայաստանյան գյուղերում ևս լինեն նմանօրինակ նվիրյալներ, ում անշահախնդիր նվիրումի շնորհիվ իրենց ծննդավայրը կարող է դառնալ մշակութային մի գողտրիկ անկյուն, ունենա մի այնպիսի այցեքարտ, ինչպիսին ունեցավ հոգևոր ու մշակութային օրրան՝ Փանիկ գյուղը:

Գյուղին ծաղկեցնողներ են պետք, Մեծ վարժապետի արարքը վկա:

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ