ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տարածաշրջանի միակ ՄՌՏ կենտրոնը

Հարցազրույց «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Բժիշկ, «Գյումրու բժշկական կենտրոնը» Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պակաս ուներ, որի անհրաժեշտությունը խիստ զգացվում էր, և խորը ախտորոշման համար բժիշկները ստիպված էին լինում պացիենտներին ուղղորդել մայրաքաղաք՝ ՄՌՏ անցնելու: Վերջապես մեր կենտրոնում ևս տեղադրվեց այն:

— Իրոք, որպես ախտորոշիչ սարքավորում, ՄՌՏ-ն գոնե այս պահին անփոխարինելի է, և մարզերը չունենալով նման հետազոտման հնարավորություն, հիվանդներին ուղարկում էին Երևան: Իսկ մենք լավ ենք պատկերացնում, թե դա որքան դժվարությունների հետ է կապված՝ սկսած հիվանդի առողջական վիճակից, վերջացրած ֆինանսական մեծ ծախսերը: Իսկ մեր ցանկությունն էր նախ հիվանդին ազատել ճանապարհային դիսկոմֆորտից և, ինչու չէ, հնարավորինս մատչելի ծառայություն մատուցել տեղում: ՄՌՏ-ն դժվարամատչելի բարդ հետազոտության սարք է, բայց անհետաձգելի դեպքերում բժշկի համար շատ կարևոր ախտորոշիչ, միևնույն ժամանակ ՄՌՏ-ի ժամանակ չի օգտագործվում ներթափանցող ճառագայթում, որը վնասակար լինի առողջության համար:

Այն շա՞տ թանկ արժեր, որ մինչ այժմ մեր մարզում չկար:

— Այո, կես միլիոն դոլարից ավել արժեք ունի, էլ չեմ ասում տեղափոխումը, տեղադրումը, հետագայում տեխնիկական սպասարկումը, մասնագետների պատրաստումը…

Եվ պետական աջակցությամբ հնարավոր չէ՞ր ձեռք բերելը:

— Դե, տեսեք, Երևանի պետական առողջապահական հաստատություններում նման սարքավորում չկա, այլ սեփական հիմունքներով բացված կենտրոններն ունեին այս կարգի բժշկական սարքավորումներ: Իսկ մենք նման ֆինանսական հնարավորությունների չէինք տիրապետում, հիվանդանոցն իր ուժերով այդպիսի ներդրում չէր կարողանա իրականացնել: Եվ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու ռուսաստանյան «ՄՌՏ էքսպերտ» կազմակերպության հետ, որը Ռուսաստանում ունի մոտ 50 ՄՌՏ կենտրոններ: Եվ առաջին դեպքն էր, որ դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից, ու փոխշահավետ համագործակցության հուշագիր ստորագրեց մեր կենտրոնի հետ: Ուրախ եմ, որ Առողջապահության նախարարությունը դրական արձագանքեց, ու մենք սկսեցինք այս գործընթացները: Բավական ժամանակ էր պետք, մինչև սարքը կհասներ մեր մոտ: Բացի այս, նախնական էտապում մասնագետների վերապատրաստում է կազմակերպվել արտերկրում, և այս պահին 15 աշխատատեղ է բացվել մեզ մոտ:

Ես ճի՞շտ հասկացա՝ «ՄՌՏ էքսպերտ» կազմակերպությունը նշված ողջ գործընթացն անցել է՝ տեղափոխել, բերել, տեղադրել է, մասնագետներին վերապատրաստել է, և տեղում իրենց մասնագետի ներկայությամբ ապահովում է լիարժեք ախտորոշիչ ծառայություն:

— Այո, հիմա նրանց ներկայացուցիչը մեր մասնագետներին օգնում է, կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն:

Անշուշտ, շատ կարևոր է նաև բժշկի, այսպես ասած՝ «ճիշտ կարդալը», նկատի ունեմ՝ ախտորոշումը: Հենց սա է, որ պացիենտի մոտ վստահություն պիտի առաջացնի:

— Այո, բացի այս, «ՄՌՏ էքսպերտի» մի քանի առավելությունների մասին ևս կուզենայի շեշտել. եթե մեր բժիշկը ստացված պատասխանի հետ խնդիրներ է նկատում, անմիջապես կապվում է Ռուսաստանի գործընկեր պրոֆեսորի հետ, օն-լայն քննարկում անցկացնում: Կազմակերպությունը մի ամբողջ ինստիտուտ ունի այնտեղ և արագ արձագանքում են: Սա շատ կարևոր հանգամանք է՝ թե՛ բարձր մակարդակով հետազոտման, թե՛ ճշգրիտ ախտորոշման, եզրակացության, թե՛, ինչու չէ, վստահության տեսակետից: Մյուս առավելությունն էլ այն է, որ սարքավորում ձեռք բերելով խնդիրը չի լուծվում. հետագա խնամքը, տեխնիկական խնդիրների լուծումը և այլն… Այս կազմակերպությունն իր կենտրոններին տարվա ընթացքում տեխզննում է իրականացնում, կարճատև ժամանակում վերացնում է անսարքությունները, այսինքն՝ բացի ուսումնական, ախտորոշիչ կենտրոններից, նաև տեխսպասարկման կենտրոնով է ապահովված, որն ընդհանուր ծառայությունների մատուցման փաթեթում է ներառված:

Խոսենք պացիենտների համար ամենակարևոր թեմայից՝ գնային քաղաքականությունից:

— Մենք միանշանակ, հենց սկզբից ենք այդ հարցը քննարկել. չնայած այն բանին, որ մեր տարածաշրջանում ինքը մրցակից չի ունենա, սակայն մենք պայմանավորվածություն ունենք, որ ախտորոշման գները պետք է ցածր լինեն երևանյան գներից՝ ելնելով թե՛ մարզի սոցիալական վիճակից, թե՛ բնակչոթւյան վճարունակությունից, նաև, որ այն հրապուրիչ լիներ մյուս մարզերի, ինչպես նաև սահմանակից հարևան երկրների համար: Բնականաբար, ճանապարհածախսը կրճատվում է, և մեր մշակած գնային քաղաքականությունն էլ գրավիչ է դառնում: Մեզ մոտ հետազոտությունների գները տատանվում են 40-100 հազարի սահմաններում:

Իսկ պետպատվերի մասով ի՞նչ կասեք:

— «ՄՌՏ կենտրոնի» բացման ժամանակ ինչպես նշեց Առողջապահության նախարարը, պարզ է, որ այս տարվա ընթացքում պետպատվերի համար արդեն ազատ ֆինանսներ կարող է չլինեն, սեպտեմբերին վերահաշվարկի ժամանակ ինչ-որ չափով հնարավոր է, բայց հաջորդ տարվա բյուջեն պլանավորելիս, ամենայն հավանականությամբ, պետպատվեր կլինի: Ի ուրախություն, պիտի ասեմ, որ սարքի տեղադրումից հետո, անվճար ակցիա իրականացվեց, և շուրջ 200 հիվանդ հնարավորություն ունեցավ անվճար հետազոտվելու: ՄՌՏ սարքը, այս պահի դրությամբ, անփոխարինելի է շատ արագ ախտորոշման համար և, բնականաբար, շուտ հայտնաբերված հիվանդությունների բուժումն է՛լ ավելի հեշտ կլինի: «ՄՌՏ Էքսպերտ ախտորոշիչ կենտրոնի» ծառայությունը կթեթևացնի մեր մարզի հիվանդների սոցիալական ու ֆինանսական բեռը՝ մատուցելով բարձրակարգ բուժօգնություն:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Պիտակներ՝