ՄՇԱԿՈՒՅԹ

«Տարբեր նվագներից» մինչեւ «Մշակութային կանգառներ»

Գյումրու դրամատիկական թատրոնում 2017թ. թատերական տարին սկսվեց «Տարբեր նվագներ» ներկայացման պրեմիերայով: Փետրվարի 23-ին և 24-ին հանդիսատեսի դատին հանձնվեց Զորայր Խալափյանի լիրիկական կատակերգությունը՝ ռեժիսոր Ասպրամ Բաղդասրայանի բեմադրությամբ: 90-ականների մարդկային փոխհարաբերություններ, համապատասխան կոլորիտ ու ժամանակաշրջանին բնորոշ բակային միջավայր, ու այդ ֆոնին՝ նույն թաղում մեծացած տղայի ու աղջկա սիրո պատմություն, որը սակայն ոչ թե իր տրամաբանական ավարտն է գտնում՝ սիրո հաղթանակով, այլ ընդհակառակը, սերը պարտվում է՝ գյումրիական բարքերի ու հասարակության կարծիքի ճնշման ներքո:

Գյումրու փորձառու դերասանների կողքին բեմում նաև թատերական ինստիտուտի երիտասարդ ուսանողներն էին: Դահլիճից հնչած ջերմ արձագանքները վկայում էին՝ հանդիսատեսը հավանել էր ներկայացումը: Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն հույս հայտնեց, որ այն երկար կյանք կունենա:

Նոր թատերական տարում սա աճեմյանցիների միակ նորությունը չէ: Լյուդվիգ Հարությունյանը խոստանում է՝ 2017թ. լինելու է նախորդ բեղուն ստեղծագործական տարվա տրամաբանական շարունակությունը: Սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ թատրոնում բեմադրվելու են հիմնականում հայ հեղինակների գործեր: Մայիսին արդեն հանդիսատեսն հնարավորոթյուն կունենա դիտելու Հակոբ Պարոնյանի «Շողոքորթ» ներկայացման աճեմյանական տարբերակը:

«Պարտադիր պետք է կյանքի կոչենք նաև արցախյան պատերազմի թեմայով պիեսի բեմականացումը: Այժմ նախապատրաստական աշխատանքն ենք տանում»,- ներկայացումից օրեր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Լ.Հարությունյանը՝ նշելով, որ փորձում են այնպես աշխատել, որ հասարակության բոլոր շերտերի համար ներկայացումներ լինեն:- Այս թատերական տարում շատ կարևորում ենք նաև մանկական երկու ներկայացման ծնունդ, որոնք շատ գունեղ են լինելու:

Թատրոնը առանձնահատուկ ձևով է նշելու նաև թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը: «Թեաթրոն» անվանումով համերգ-ներկայացումն իրականացվելու է «Բամբիռ» ռոք խմբի հետ:

— Գագիկ Բարսեղյանն իր խմբով կներկայացնի բոլոր տարիների ներկայացումների երաժշտական ձևավորումները, որոնցից շատերը հայտնի հիթեր են դարձել: Շատ հետաքրքիր կլինի այն սերունդի համար, ովքեր տեսել են այդ ներկայացումները: Սա չի լինի զուտ համերգ, այլ համերգ-ներկայացում, որի ընթացքում կհրավիրվեն ներկայացման դերակատարները և հետաքրքիր, զավեշտալի դեպքեր կպատմեն, որոնք տեղի են ունցել և՛ փորձերի, և՛ ներկայացումների ընթացքում: Այս ֆորմատով թատրոնն առաջին անգամ կպատմի նաև կուլիսում կատարվող անցուդարձի մասին, որը շատ հետաքրքիր է հանդիսատեսին,- ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Թատերական տարին, սակայն, այդքանով չի սահմանափակվում: ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում դրամատիկական թատրոնն իրականացնում է «Մշակութային կանգառ» ծրագիրը, ինչը հնարավորություն կտա Գյումրիում հյուրընկալել մայրաքաղաքի թատրոններին ու նվագախմբերին: Տարվա ընթացքում նմանատիպ մոտ 40 մշակութային միջոցառում է նախատեսվում իրականացնել: Սպասվում է Պարի պետական անսամբլի, Էստրադային ջազ նվագախմբի, Կամերային թատրոնի հյուրախաղերը աճեմյանական բեմում: Միջոցառումներ կլինեն նաև համայնքներում: Աճեմյանցիները 7 ներկայացումով հանդես կգան հանրապետության տարբեր բնակավայրերում՝ Օշական, Թալին, Ալավերդի, Վանաձոր, Գորիս, Ստեփանակերտ:

— Տոմսերի սիմվոլիկ գներ են սահմանված՝ 300-400 դրամ: Սա ևս մեկ անգամ առիթ է, որպեսզի մշակութային միջոցառում վայելող մարդը գիտակցի, որ ինքը, ամեն դեպքում, որոշակի գումար պետք է վճարի: Ես վստահ եմ, որ այն միջոցառումները, որոնք հյուրընկալելու են Շիրակի մարզում, կանցնեն լեփ-եցուն դահլիճներում, որովհետև պրոֆեսիոնալ խմբեր են գալու: Ուրախալին նաև այն է, որ այդ խմբերը բոլոր մարզերից ու բնակավայրերից ընտրել են Գյումրին, որովհետև Գյումրին դեռ պահում է իր մշակութային դիմագիծը,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Չնայած նախատեսած միջոցառումներին, թատրոնի տեխնիկական հնարավորությունը հեռու է կատարյալ լինելուց: Թատրոնի տնօրինությունն այդ ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացնում:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ