ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Տեղական արտադրողները ծայրահեղ վիճակում են

Հուլիսի 27-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը աշխատանքային հանդիպման էր հրավիրել մարզի խոշոր գործարարներին: Ըստ մարզպետի, հանդիպման նպատակն էր՝ ստեղծել մարզպետարանին կից «Տնտեսական զարգացման խորհուրդ», որի կազմում կընդգրկվեն յուրաքանչյուր բնագավառից մեկական պատվիրակ, բացառությամբ ֆինանսական (բանկեր) և հյուրանոցային բիզնեսների: Այն կլինի խորհրդատվական մարմին, կաջակցի մարզի գործարարներին: Նախատեսվում է նաև խորհրդին կից ստեղծել հիմնադրամ, որն ուղղված կլինի գործարարների աջակցությանը, նրանց կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորմանը:

Նախ մարզպետը դիմեց գործարարներին, որպեսզի վերջիններս անկաշկանդ լինեն, կիսվեն իրենց բնագավառին վերաբերող խնդիրներով:

Գործարարները, հատկապես կաթնամթերք արտադրողները, ներկայացրեցին իրենց հուզող հարցերը. փոքր շուկա, արտադրանքի ընդլայնման սահմանափակ հնարավորություններ, կաթնամթերքի վերամշակման խնդիրներ, մայրաքաղաքում իրացնելու և արտահանման բարդություններ:

«Կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ ամեն կերպ օգնել, աջակցել բիզնեսին, որոշակի վարկավորման մեխանիզմներ են ստեղծվել: Կառավարությունն իր սուղ միջոցներից պատրաստ է որոշակի գումարներ հատկացնել տոկոսադրույքների սուբսիդավորմանը… Բայց խոսել միայն ֆինանսական սուբսիդավորումներից ու չլսել մեր բիզնեսմեններին՝ սայլը տեղից առաջ չի գնա: Գիտեք, որ գործազրկության մակարդակը կատաստրոֆիկ է, ես ավելի շատ ստանում եմ ֆինանսական օգնության խնդրանքներ, քան այլ: Մեր նպատակը ոչ թե ֆինանսական օգնություն տրամադրելն է, այլ մարդկանց այդ փոսից հանելը։ Լավ, այսօր 20 հազար դրամ սուղ բյուջեից կարող է տրամադրենք, էդ մարդիկ ասեն՝ «շնից մազ պոկելն էլ է օգուտ», կսպասեն, մի 6 ամիս հետո մի հատ էլ օգնության դիմում կգրեն»,- ասաց մարզպետը: Նրա խոսքն ընդհատելով, կաթնամթերք արտադրող «Իգիթ» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Իգիթյանն ասաց. «Այդպես մտածեցին, որ հասանք էս ծայրահեղ վիճակին… Նախարարներն ասում էին, թե մենք գիտենք, ու ձեռքերը սեղաններին կզարկեին… ըշտը եկանք հասանք էս վիճակին, հեչ մարդ չմնաց, մնացել ենք էս մի քանի հոգիս… Գործարարներին հրավիրում են Երևան՝ քննարկման, որպեսզի լսեն, գործարարների առաջարկությունները, բայց իրանք են առաջարկություն անում, ասում են՝ էս ձևի պիտի աշխատեք: Պարոն մարզպետ, հիմա եկել, հասել ենք ծայրահեղ վիճակի, այսինքն` մեր ժողովուրդը շատ քյասիբ, խեղճ ու կրակ վիճակում է, շուկա չկա, բոլորս՝ այստեղ նստած գործարար տղերքը, կուզեն իրանց գործը ընդլայնեն, բայց ռիսկային է: Եթե էն ժամանակ ռիսկայինը 70 տոկոս էր, հմի 100 տոկոս է դարձել։ Եթե գումար կներդնես, դու կկորցնես, շուկա չկա, շուկան մեռավ, մեր շուկան էսօր շատ զրոյական վիճակ է»։

Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանի գործադիր տնօրեն Յուրա Նազարյանը նկարագրեց այն իրավիճակը, որում հայտնվել են անգամ մայրաքաղաքում, և մարզպետին խնդրեց, թեկուզ այդ հարցում օգնել. «Մենք այստեղ մեր բիզնեսը զարգացրեցինք, փորձեցինք ընդլայնել շուկան, մտնել Երևան… Եթե մեզ օգնեք, որ, օրինակ՝ «Սիթի»-ում մեզ նայեն ոչ թե որպես բիզնես իրենց ձեռ է տալիս, թե չի տալիս, այլ նայեն որպես Գյումրի, որտեղ աշխատատեղեր ունենալը շատ կարևոր է։ Այնպես անեք, որ, ասենք, «Երևան սիթիում» կամ «ՍԱՍ»-ում մի 2-3 արտադրողների տեղ տան, թե չէ շուկան շատ փոքր է, չենք կարողանում առաջ գնալ, խայտառակ վիճակ է»։

Գործարարները նաև դժգոհեցին, որ արտաքին շուկայում գործընկեր գտնելու դժվարին ճանապարհին իրենց գործին «խփում» են վրացիները, նույն ապրանքատեսակն ավելի ցածր գնով առաջարկելով՝ «փախցնում» են հաճախորդին: Ըստ նրանց, վիճակն, իրոք, շատ լուրջ է և, եթե պիտի խոսեն խնդիրներից ու այն մնա թղթի վրա, ապա գնալով ավելի է վիճակը վատանալու։

Մարզպետը նշեց, որ մասնավոր բիզնես մուտք գործելու համար իրավունքները մեծ չեն, մասնավորն ինքն է որոշողը, գնորդն ինքն է որոշողը, թե ինչ գնի՝ «ամեն ինչ կախված է գին ու որակից» և օրինակ բերեց. «Եկեք մեկ այլ բան անենք. օրինակ՝ Երևանում կա «Սյունիքի բարիքներ» խանութների ցանց, որտեղ վաճառվում են Սյունիքում արտադրված տարբեր բարիքներ։ Կարող ենք մենք էլ Շիրակի բարիքներ կամ անունը ուզում եք «Շիրակ աշխարհ» դրեք, հնչեղ մարկետինգային բան որոշենք և ասենք, որ այստեղ վաճառվում է Շիրակում արտադրված 5-6 գործարանների պանիր, այստեղի թխվածքն է, այստեղի գարեջուրն է և այլն»։

Գործարարները ևս մեկ անգամ նշեցին, որ պետք է Գյումրուն, Շիրակի մարզին հարկային արտոնություն տալ, քանզի շատ մեծ դժվարությամբ արտադրություն են կազմակերպում, բայց առաջ գնալ չեն կարողանում, Երևանի հետ մրցակցությունում են անգամ պարտվում: Մարզպետն էլ հակադարձեց, որ շատ ձեռնարկություններ չունենալով որևէ հարկային արտոնություն, հաջողության են հասնում, բայց և աղետից արդեն 30 տարի է անցել, պետք չէ այն շահարկել:

Կաթնամթերք արտադրողները հարց բարձրացրեցին, որ գյուղացուն պետությունը օգնի, հետևի, որպեսզի գյուղացին «թրիքի մեջ կանգնած կաթ չկթի», հետո էլ ասեն, թե կաթնամթերքի մեջ աղիքային ցուպիկ է պարունակում, դա այն դեպքում, երբ արտադրողները 3-4 անգամ ֆիլտրացիայի են ենթարկում կաթը: «Գյուղացին բողոքում է մթերված կաթի ցածր գնից, դուք բողոքում՝ որակից…»,- նկատեց մարզպետը, ինչին գործարարը պատասխանեց. «Այո, հենց այդպես պետք է լինի՝ որակն է գին թելադրողը: Դուք կարող եք մարդ ուղարկել ու համոզվել, որ մեզ մոտ 10 անալիզներ է դրած, 1000 հոգուց կաթ ենք ստանում, դե հաշվեք, թե արտադրողն ինչքան է ծախսում, որ որակ ապահովի»:

Մարզպետը տեղեկացրեց, որ ինքը խոսել է Շվեդիայում ՀՀ դեսպանի հետ, վերջինս փորձելու է այդ երկրում հայկական օրգանական մաքուր կաթի սպառում ապահովել։ «Ես մտածում եմ, որ հայեցակարգ գրվի ու նույն պիտակի տակ վաճառվեն, որովհետև որակը պիտի լինի նույնը։ Այսինքն` հավաքվում ենք, միավորվում, որովհետև 5-6 փոքր գործարանի համար մուտք շուկա չես կարողանա ապահովել։ Մթերման ժամանակ որակի վրա հստակ սահմանափակում են դնելու, այսինքն՝ ո՛չ սոդա, ո՛չ կոկոսի յուղ, ո՛չ պալմայի յուղ, ո՛չ կաթի փոշի չես խառնելու»,- ասաց մարզպետը։

Գործարարներից մեկը նկատեց, որ կաթը տեղական շուկայում չի բավարարում, ուր մնաց արտահանեն, որին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Մարդիկ սպառման խնդիր են ասում, և հետո խոսքը կաթի մասին չէ, պանիրն են առնում, բայց ոչ թե գրվում է «Բանդիվան», կամ «Իգիթ», այլ՝ «Շիրակի պանիր»: Շիրակի օրգանական սերտիֆիկացված պանիր է գնում։ Որակի վրա լինելու է տոտալ վերահսկողություն, որովհետև պետական խողովակներով մենք փորձելու ենք սկանդինավյան շուկա բացել, այստեղ ոչ մի սոդա խառնել, ոչ մի կաթիլ պալմայի յուղ կամ մի գրամ կաթի փոշի չի լինելու, ու բոլորս էլ գիտենք, որ օգտագործվում է, ինչքան էլ խոսենք, թե ինքը մաքուր է: Որակի մասին ենք խոսում, բայց իրիկունը քնելուց առաջ ընդունում ենք, որ կաթի փոշի էլ ենք խառնել, պալմայի յուղ էլ ենք խառնել կաթի մեջ»:

Մարզպետը խոսքը փոխանցեց տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչներին և նշեց, որ հեռակա պլաններում են Շիրակի արդյունաբերական գոտու կամ պարկի ստեղծումը, որը ազատ տնտեսական գոտի կլինի, փորձելու են չինական շուկայի հետ համագործակցել, ինչը շուկա, ծախսերի նվազեցում կապահովի, ահագին հնարավորություններ կբացվեն՝ հարակից ճյուղերի զարգացմամբ:

«Լենտեքս» տեքստիլ արտադրության հիմնադիր Կարեն Գոմցյանը նշեց, որ իրենց ոլորտում ևս առկա է երևանյան մեծ ցանցերում դիմակայելը: Նա գտնում է, որ պետք է խնդիր դնեն իրենց առջև՝ սեփական ապրանքի մարկետինգով զբաղվեն, բրենդի անունը բարձրացնեն: «Բայց այսօր Գյումրիում լավ մասնագետներ չկան, չկան առևտրի մենեջերներ, մարկետոլոգներ, ծրագրավորողներ, տեխնոլոգներ, իսկ այսօր բրենդի ճանաչելի դարձնելը լուրջ հարց է։ Մենք կայուն չենք, միջազգային նոր մրցակից հայտնվելով, մենք չենք դիմանում»: Նաև հավելեց՝ քանի որ տեքստիլն ամենազբաղվածություն ապահովող ոլորտն է, կանանց ներգրավվածությունը մեծ է, ուրեմն պետք է պետական աջակցություն, սկսնակների համար գոնե արտոնություններ»:

Հանդիպումն ավարտեցին, պայմանավորվելով հետագայում հանդիպել՝ «Տնտեսական զարգացման խումբ» ձևավորած կազմով:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ