Անցած տարվա ամռանը Շիրակի մարզի Բավրա գյուղում տեղի ունեցավ «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի արտադրամասի պաշտոնական բացումը: Տեղի ֆերմերների խոսքերով՝ նրանք պատրաստվում էին ձեռնոց նետել արտասահմանից հայկական շուկա ներկրվող հնդկաձավարին: Եթե հարցին այն տեսանկյունից նայենք, որ այսօր նանոտեխնոլոգիաների շնորհիվ անգամ արհեստական բանջարեղեն, բրինձ ու ձավարեղեն են «աճեցնում», ապա մեր ֆերմերների վստահությունն այնքանով արդարացված է, որ սպառողին կհրամցվեր տեղական մաքուր, զուլալ, ոչ վնասակար սնունդ:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրն աշխատում է 2015 թվականից: Այն եռամյա ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո): ENPARD ծրագրի նպատակն է՝ գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը, գյուղմթերք արտադրող խմբերի հզորացումը տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը:
Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոոպերատիվներում։ Համագործակցելով առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ, նաև տրամադրվելու էին սարքավորումներ և ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման և տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200 հազար եվրո: Բավրա գյուղում հնդկացորենի վերամշակման գործարանը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Դևեճիէան, Էքզերճիան ընտանիքների և Քրիքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ, «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:
Բավրայի գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանը դեռ անցած տարի նախընտրական շրջանում Աշոցք այցելած վարչապետի մոտ բարձրաձայնեց չորանոցի, սերմազտիչի և ժամանակակից կոմբայն ձեռք բերելու հարցը, որոնք անհրաժեշտ էին գործարանի համար, սակայն ստանալով բացասական պատասխան, հայտնեց, որ կփորձի դիմել այլ կազմակերպությունների՝ պակասող սարքավորումներն ու տեխնիկան ձեռք բերելու համար:
Բավական ժամանակ է անցել, և մեզ հետաքրքրում էր, թե ինչ է արվել, ինչ ընթացք է ստացել հնդկացորենի արտադրությունը: Զրուցեցինք Կորյուն Սումբուլյանի հետ:
— Պարոն Սումբուլյան, նախ եկեք խոսենք նախապատմությունից. ինչո՞ւ հնդկացորեն, որը մեր գյուղատնտեսության մեջ այն՝ որպես դաշտավարական կուլտուրա՝ այնքան էլ ընդունված չէր:
— Նրանք, ովքեր զբաղվում են դաշտավարությամբ, հաճախ փորձում են այլ կուլտուրաներ ևս մշակել: Մենք դեռևս 2000 թվականից նման փորձեր արել ենք, ժամանակ էր պետք հասկանալու, թե ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ, արդյո՞ք մեր տարածաշրջանում կապրի այդ կուլտուրան: Միայն դա չէ՝ կորեկ, հնդկաձավար, արևադարձային թփեր էլ ենք փորձել աճեցնել: Մյուս կողմից, եթե հանրապետությունում դրա սպառումը կա, ուրեմն անհրաժեշտությունն ինքնըստինքյան կա: ՄԱԿ-ի հետ աշխատելուց հետո, երբ գյուղտեխնիկայի հարց լուծվեց, մենք խոսեցինք նաև մեր փորձերի ու հեռահար ծրագրերի մասին: Մնացածին արդեն երևի ծանոթ եք, «Հայկական հիմնադրամի», Եվրոպական ENPARD ծրագրի, բարերաների միջոցով հնարավոր դարձավ գաղափարները կյանքի կոչել: Տարածք վերցվեց, գործարան հիմնվեց, կամաց-կամաց հունի մեջ ընկավ, թափ առավ արտադրությունը:
— Հնդկացորենի ցանկալի արդյունքի ստացման համար որքա՞ն տարածք է զբաղեցված:
— Ներկայում 500 հեկտար է: 1 հեկտարից ակնկալում ենք միջինը 1,2 տոննա հնդկացորենի բերք: Ուշ ցանվող գարնանացան մշակաբույս է, ջերմասեր չէ, քանի որ չորայնությանը դիմացկուն չէ, զով տեղ է սիրում, 75 օրում հասցնում է բերք տալ:
— Իսկ ինչպե՞ս լուծվեց պակասող սարքավորումների խնդիրը:
— ՄԱԿ-ի օգնությամբ սերմազտիչը ունենք, հենց ներկայում միացման աշխատանքներն են իրականացվում:
— Կարո՞ղ ենք փաստել, որ հնդկացորենի արտադրությունը՝ սկսած ցանքսերից և վերջացրած փաթեթավորմամբ, որպես փակ ցիկլ, ավարտուն է, և հարցը մնում է սպառումը:
— Այո, արդեն ամեն ինչը կա… Բերքը կոնտերային տարբերակով բերվում է բունկեր, այս ամենը սերմազտիչով անցնում է, հետո լցվում են վառարաններ, կեղևն այրելու համար 1,5-2 ժամ շոգեխաշվում են, ստանում ենք շոգեխաշած հնդկացորեն, որից հետո սառեցվում է, տեսակավորվում է ուրիշ զտիչների մեջ և կեղևահանիչ սարքերի միջով է անցնում ու վերջում տեսակավորվում է, ապա փաթեթավորվում:
— Սպառման հետ կապված՝ արտաքին շուկա դուրս գալու տարբերակներ ունե՞ք:
— Մեզ արտաքին շուկան դեռ պետք չէ, մեր հանրապետության ներքին պահանջարկը կարողանանք բավարարել, դա արդեն շատ մեծ թիվ է. մեր երկրում 9-10 հազար տոննա հնդկաձավար է սպառվում, իսկ մենք դեռ հասցնում ենք 200-250 տոննա, իսկ դա դեռ թիվ չի կազմում: Բայց ասեմ, որ լիցենզավորում, սերտիֆիկացում ունենք, կարող ենք նաև այլ երկրներ արտահանել, մի քիչ տեխնոլոգիական հարցեր կան, որոնք շուտով կհաղթահարենք:
— Իսկ պետական աջակցություն, մասնակցություն…
— Օժանդակեցին գործարանի շենքի հարցով, սա մեծ օգնություն է: Դրա համար էլ եմ շնորհակալ: Ես մի տեղում մնացողը չեմ, եթե մի բան ուզեցի, մեկին դիմեցի՝ մերժեց, մյուսին կդիմեմ:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ