Հարցազրույց Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն ՀՐԱՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Հարությունյան, հիշո՞ւմ եք Ձեր առաջին քայլերը մեծ սպորտում:
— Իհարկե: Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 1972 թվականից: Առաջին մարզիչս եղել է վաստակաշատ մասնագետ Հարություն Մաղաքյանը: Նա ոչ միայն ինձ ծանոթացրեց բռնցքամարտի առանձնահատկություններին, այլև վերաբերվում էր ծնողական հոգատարությամբ: Հիշում եմ նաև առաջին պաշտոնական մրցաշարը, որին մասնակցեցի: 1976 թվականի հանրապետության պատանիների առաջնությունում անցկացրի 3 մենամարտ, ավարտեցի հաղթանակներով ու նվաճեցի չեմպիոնի կոչումը: Ի դեպ, մրցակիցներս ինձանից մեծ էին 2 տարով, որը, սակայն, ոչ մի նշանակություն չունեցավ ինձ համար:
— Իսկ համամիութենական մակարդակով Ձեր անդրանիկ պաշտոնական մրցաշարում ի՞նչ արդյունք եք ցույց տվել:
— Նորից տարա հաղթանակ: Նույն տարում ԽՍՀՄ Կենտրոնական խորհրդի պատանեկան առաջնությունում կանգնեցի հաղթողի պատվանդանին: Ինձ անմիջապես ընդգրկեցին ԽՍՀՄ պատանեկան առաջնության մասնակիցների հայտացուցակում: Դարձա բրոնզե մեդալակիր: Հաջորդ տարում միանգամից երկու ոսկե մեդալ նվաճեցի ԽՍՀՄ Կենտրոնական խորհրդի առաջնությունում, իսկ ամենակարևոր ոսկե մրցանակն արդեն ստացա 1977 թվականի ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում: Մեկ տարի անց արդեն երիտասարդական մակարդակով միայն ԽՍՀՄ առաջնության եզրափակչում զիջեցի մրցակցիս ու արժանացա արծաթե մեդալի: Իհարկե, Հարություն Մաղաքյանի գլխավորությամբ:
— Ունեցե՞լ եք այդ ընթացքում այնպիսի ցուցանիշ, որով կառանձնանայիք խորհրդային երիտասարդ բռնցքամարտիկների մեջ:
— 1977 թվականին 16 անգամ համամիութենական ռինգ դուրս եկա տարբեր մրցաշարերում ու տարա միայն հաղթանակներ: Դրանով արդեն խորհրդային մարզական մամուլն ուշադրությունն ինձ ուղղեց: Դա և՛ հաճելի էր, և՛ պարտավորեցնող: Ցավոք, այդ հաջողությունից հետո իմ մարզական կարիերայում անկում ունեցա, որն ավելի շատ կապում եմ հոգեբանական գործոնի հետ: Իմ նոր վերելքը սկսվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Եղիկյանի օրոք: 1981 թվականին հաղթեցի Հայաստանի առաջնությունում, սակայն անհաջող հանդես եկա ԽՍՀՄ մեծահասակների առաջնությունում: Մրցումներն անցկացվեցին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում:
— Ես հիշում եմ Ձեր մենամարտը նշանավոր Յակուբկինի հետ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ հենց առաջին փուլում էիք պայքարելու նման հզոր բռնցքամարտիկի դեմ:
— Այո, կույր վիճակահանությունը «ստիպեց» ինձ արդեն ԽՍՀՄ 1982 թվականի առաջնության նախնական փուլում մրցակցել այդ հզոր մարզիկի դեմ: Շատերն են հիշում այդ պատմական դիմակայությունը: Աշխարհի չեմպիոն մրցակիցս միավորների չնչին տարբերությամբ ինձ պարտության մատնեց: Այո, մեդալ չնվաճեցի, բայց հոգեպես բավարարված էի: Ամեն ոք չէ, որ կարող էր Յակուբկինի դեմ նման մենամարտ անցկացնել:
— Պատմեք բուլղարացի բռնցքամարտիկի հետ Ձեր մենամարտի մասին: 1983 թվականին անգամ հանրահայտ «Սովետսկի սպորտ» թերթն անդրադարձավ այդ մենամարտին:
— 1983 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների 6-րդ սպարտակիադային զուգահեռ անցկացվեց նաև միջազգային մրցաշար՝ ԽՍՀՄ սպորտկոմիտեի հովանու ներքո: Կազմկոմիտեն մշակել էր հատուկ կանոնակարգ, ըստ որի, յուրաքանչյուր քաշային կարգի երկու չեմպիոնները վիճարկելու էին խորհրդային առաջնության հաղթողի տիտղոսը: Ես հասա եզրափակիչ, չեմ մանրամասնի հաղթանակներս մրցակիցներիս նկատմամբ, վճռական մենամարտում հակառակորդս դարձավ բուլղարացի Մարինովը: Անունը չեմ հիշում: Քանի որ ժյուրիի կազմում էր Եվրոպայի բռնցքամարտի ասոցիացիայի նախագահ բուլղարացի Ժեչևը, պարզ է, որ նա պետք է սատարեր իր հայրենակցին: Հեռուստատեսության ուղիղ եթերով մենամարտը մեկնաբանում էր հանրահայտ Գեորգի Սարկիսյանցը: Ես հաղթեցի ու այդտեղ երկու կարծիք լինել չէր կարող, սակայն, երբ մրցավարները հաճոյացան ու բարձրացրին մրցակցիս ձեռքը, սարսափելի ծանր ապրումներ ունեցա: Մարզապալատի բոլոր երկրպագուները վանկարկում էին իմ անունը: Մինչև օրս չեմ կարող մոռանալ այդ անարդարությունը: Ի դեպ, հաղթելու դեպքում կլրացնեի միջազգային կարգի սպորտի վարպետի նորման:
— Դուք բախտ եք ունեցել մրցելու նաև 20-րդ դարի աշխարհի մեծագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Ֆելիքս Սավոնի հետ: Կուբացին իսկապես հզոր էր:
— Սկսեմ նրանից, որ Հայաստանի պատվիրակության կազմում 1985 թվականին մեկնեցի Բուլղարիա: Ուրախ էի, որ նորից կարող եմ մրցակցել Մարինովի հետ: Ցավոք, սպասելիքներս չարդարացան: Նա չմասնակցեց մրցաշարին: Մի քանի հաղթանակից հետո, այդ թվում՝ մեկ այլ բուլղարացու նկատմամբ, ես դուրս եկա կիսաեզրափակիչ: Ու պարզ դարձավ, որ մրցակիցս անգերազանցելի կուբացին էր: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն էր դրված իմ ուսերին: Որոշեցի մոռանալ նրա տիտղոսներն ու պայքարել մինչև վերջ: Խորհրդային մարզիչները լարված էին: Ամենայն հավանականությամբ, մտածում էին, որ Սավոնն ինձ հեշտությամբ կհաղթի: Միանգամից ԽՍՀՄ-Կուբա դիմակայությունը վերածվեց Հայաստան-Կուբա մրցավեճի: Պայքարեցի եռանդով, ոգևորությամբ: Ճիշտ է, պարտվեցի, բայց արժանի դիմադրություն ցույց տվեցի օլիմպիական չեմպիոնին: Դա անմոռանալի մենամարտ էր:
— Նշեցիք, որ մրցումները վերածվեցին Հայաստան-Կուբա պայքարի: Ի՞նչ նկատի ունեք:
— Բանն այն է, որ այդ մրցումներին մասնակցեցին նաև լենինականցի բռնցքամարտիկներ Մեխակ Ղազարյանն ու Արմեն Գևորգյանը: Մեխակի մրցակիցը դարձավ մեկ այլ տաղանդաշատ կուբացի Սոլետը: Ոչ պակաս հավասար ու անզիջում մենամարտում մեր բռնցքամարտիկը զիջեց միավորների նվազագույն քանակով: Արմեն Գևորգյանի մրցակիցն էլ էր կուբացի՝ Ադոլֆ Օտտան: Նորից հավասար մենամարտ ու այդպես Խորհրդային Միությունում սկսեց հաճախակի հոլովվել Լենինականի անունը: Ինչ վերաբերում է այդ մրցումներին, Մեխակը դարձավ արծաթե, իսկ ես ու Արմենը՝ բրոնզե մեդալակիրներ:
— Իսկ ե՞րբ ավարտեցիք Ձեր մարզական կարիերան: Ֆուտբոլում հաճախ է օգտագործվում «Խաղակոշիկները կախեց մեխից» արտահայտությունը: Բռնցքամարտում կարելի է օգտագործել նույն արտահայտությունը՝ խաղակոշիկների փոխարեն օգտագործելով «կաշվե ձեռնոցներ»:
— Իհարկե, կարելի է: 1985 թվականին ես ու Մեխակ Ղազարյանը մասնակցեցինք նաև ԽՍՀՄ գավաթի խաղարկությանը: Ես դարձա բրոնզե մրցանակակիր ու հասկացա, որ արժանապատվորեն հեռանալու ժամանակն է: Մեխակը հասավ մինչև եզրափակիչ: 1986 թվականին արդեն նախկին բռնցքամարտիկ էի:
ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ