ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնակները քարտեզագրված են, մնում է պետական աջակցության մեթոդոլոգիան ու առաջնահերթության մեխանիզմները մշակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցած շաբաթ կառավարությունում տեղի  ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը: Ներկա էին նաև Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Շրջապատի» հետ զրույցում ասաց. «Սա աշխատանքային խորհրդակցություն էր: Խոսվեց այն մասին, որ տնակներում բնակվողների խնդրակազմերը շատ տարբեր են, և շատ խորն են: Խորհրդակցությունը հիմնականում այս հարցի համապարփակ լուծման համար օպտիմալ լուծումներ գտնելուն էր միտված: Խորհրդկացության մի զգալի մասը նվիրված էր պետական բյուջեից՝ պետական պարտավորությունների շրջանակում՝ գյուղական համայնքներում 453 անօթևան ընտանիքներին տրամադրվելիք աջակցության ձևերին, ժամանակացույցերին, մարզպետարաններին տրվելիք հանձնարարականներին, թե որն ինչպես պետք է անենք: Նաև վարչապետի կողմից հանձնարարական է տրվել ճշտել, թե գյուղական համայնքներում ինչքան բնակարաններ կան այս պահին վաճառքի: Որովհետև մի բան է, երբ «Բնակարանների գնման վկայագրերով» (ԲԳՎ) աշխատում ես քաղաքային միջավայրում, մեկ այլ բան է՝ գյուղական համայնքներում: Սա արդեն մեկնարկի պատրաստ ծրագիր է, մնում էր քննարկել նախապատրաստական աշխատանքները: Այս տարի արդեն պետք է պարզ լինի մեթոդոլոգիան, թե ինչն ինչպես պետք է անենք»:

Այսինքն, որոշվում է ԲԳՎ ծրագրո՞վ աջակցություն ցուցաբերել:

— Ոչ միայն ԲԳՎ-ով, այլ մեխանիզմներն ևս ընդունելի են… Եթե, օրինակ, տնակներ կան, որոնք արդեն կիսով չափ կառուցապատվել են ու, եթե այդ տնակները չեն գտնվում այնպիսի հանրային սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնք անհնարինություն են առաջացնում, ապա գումար կտրվի, որպեսզի տունը կառուցեն, ավարտին հասցնեն: Եթե այդ վայրում չի ուզում, մեկ ուրիշ բնակավայրում է նախընտրում, ապա այդկերպ լուծում գտնել: Այսպիսի մանր ու մեծ հարցերի քննարկում էր:

Պարոն մարզպետ, մինչև հուլիսի վերջ Գյումրիում պետք է քարտեզագրվեին ժամանակավոր կացարանները, տնակներում բնակվելու պատճառներն ու նման այլ հարցերը: Այս ուղղությամբ ի՞նչ քննարկում եղավ:

— Այո, վարչապետի կողմից հանձնարարական էր տրվել, և զեկույցով ներկայացվեց պատկերը, որը հնարավորություն պիտի տա ստեղծելու առաջնահերթությունները պարզելու գործիքները, երբ գանք տնակներում ապրող մարդկանց խնդիրներին, ապա ինչ առաջնահերթություներով ու չափորոշիչներով ենք շարժվելու: Վերցնելու ենք մի տարածք, ու կարևորություն համարելով՝ այդտեղի՞ց սկսենք, թե՞ շարժվում ենք, օրինակ, սոցիալական կրետերիաներով: Հենց այս տեսանկյունից վարչապետի կողմից հանձնարարական էր տրվել՝ ստեղծել մի գործիք, որը հնարավորություն կտա՝ ունենալ կոմպլեքս պատկերացում. և՛ քաղաքաշինական, և՛ տարածքի իրավական կարգավիճակի, և՛ տարածքի տնտեսական բաղադրիչի, և՛ տնակներում ապրող մարդկանց սոցիալական կարգավիճակի: Սա հնարավորություն կտա հասկանալու, թե որ մեթոդով ենք շարժվելու: Մենք այս գործիքով շարունակական աշխատելու ենք Քաղաքաշինական պետական կոմիտեի հետ, հատկապես Գյումրիում: Լուծումներ կան, որոնք ֆինանսական ծախսեր չեն պահանջում, լուծումներ էլ կան, որ նյութական ծախսերի հետ են կապված: Օրինակ, մենք պետք է շատ լուրջ ու խորը վերլուծենք դատարկ տնակների խնդիրը, մեխանիզմներ մշակենք, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ առաջ գնալ: Կան տնակներ, որոնք գտնվում են քաղաքի սեփականություն հանդիսացող այն հողերի վրա, որոնք այս պահին հնարավոր է տրամադրելու: Մի խոսքով, կարծում եմ, արդյունավետ աշխատանք է կատարվել, ու քայլ առ քայլ լուծումներ կտրվեն:

Ի վերջո, հստակ թիվ ֆիքսվե՞ց՝ քանի՞ տնակային տնտեսություն կա:

— Գյումրիում հաշվառման արդյունքում թիվը 2800-ի կարգի է, բայց բանն այն է, որ ընթացքում պատկերը ֆիզիկապես փոխվում է. ասենք, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի, «Շիրակ կենտրոնի», անհատ բարերաների միջնորդությամբ թիվը սկսում է տատանվել: Օրինակ, այս շաբաթվա մեջ 5 տնակի հարց փոխվեց: Եվ շատ կարևոր է, որ արդեն հնարավորություն կա օն-լայն նավիգացիոն համակարգով հետևել տնակների հետ տեղի ունեցող տեղաշարժերը: Ես կարծում եմ, թվերն արդեն այդչափ կրիտիկական կարևոր չեն, որքան կարևոր են այն մեխանիզմները, որոնց հնարավորությամբ անօթևաններին օր առաջ ազատելու ենք տնակներից:

Նախորդ քննարկումներից մեկի ժամանակ Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահը խոսել էր կառուցապատողբնակարանի գնորդ թեմայից: Սա Գյումրիում հնարավոր համարո՞ւմ եք:

— Խոսքը պետական կամ ոչ պետական գործիքակազմին է վերաբերում, որը Երևանում այսօր շատ լավ աշխատում է: Սա պետության կողմից ոչ ուղղակի ֆինանսական ներդրում պահանջող գործիքակազմի մասին է: Նույնն է, որ առաջարկվում է աշխատող մարդկանց համար հիփոթեքային արտոնյալ պայմաններով վարկ: Այն վերաբերում է թե՛ մասնավորի կողմից, թե՛ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության պայմաններում մատչելի պայմաններով բնակարանների գնմանը, երբ աշխատող քաղաքացին վճարում է մայր գումարը, իսկ տոկոսները վճարվում են նրա վճարած հարկերից: Այս առումով մենք բավականին լուրջ ակնկալիքներ ունենք, և հենց հիմա ես բանակցում եմ մեկ մասնավոր կազմակերպության հետ, որը հետաքրքրված է նոր բնակարանների կառուցապատումով, ու վերը նշածս տրամաբանությամբ՝ վաճառել: Եթե մենք տնակներում ապրողների մասով դիտարկենք, ապա կանխավճարային գումարների և ժամկետների առումով դեռ քննարկելի է: Ամեն դեպքում, էլի եմ կրկնում, կունենանք մի քանի մեխանիզմ. թե՛ ԲԳՎ, թե՛ սոցիալական բնակարաններ, թե՛ բնակարանաշինություն:

Իսկ վթարային շենքերի հետ կապվա՞ծ

— Վթարայինների հետ կապված առանձին քննարկում է եղել: Պետությունը որոշում է այն համայնքում, այն միջավայրում, որտեղ ծավալները բավականին մեծ են, օրինակ՝ Գյումրին, ապա այս խնդիրն առնել ուշադրության կենտրոն և պետական միջոցներով աջակցություն ցուցաբերել: Հետո, նկատի առեք, որ վթարայիններում գրանցված մարդիկ կան, որոնք ստիպված տեղափոխվել են տնակներ: Այնպես որ, զուգահեռ հարցերի լուծում կտրվի:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ