ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուգանք կիրառելը ճիշտ տարբերակ է

Գյումրեցիները բազմիցս բողոքներ ու դժգոհություններ են հայտնել քաղաքի այս կամ այն փողոցում աղբամանների մոտ կուտակված աղբից, որն օրեր շարունակ մնում է տեղում՝ շուրջբոլորը գարշահոտություն տարածելով: Ճիշտ է քաղաքի կենտրոնական հատվածում աղբամանները պարբերաբար մաքրվում են, սակայն երկրորդական փողոցներում պատկերն այլ է: Դժգոհություններ կան, բայց դրանք միակողմանի չեն:

Բնակիչները խոստովանում են՝ շատ դեպքերում աղբամանին հասնելու համար ալարում են մի քանի քայլ ավել անել,  և աղբը նետում են ուր պատահի: Շատ դեպքերում էլ աղբամանն այնքան է լցված լինում, որ ստիպված աղբը թողնում են աղբամանի կողքին:

Քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը «Շրջապատին» փոխանցեց, որ աղբահանությունը, նախկին տարիների համեմատ, բարելավվել է, այժմ ավելի արդյունավետ են աշխատում, արագ արձագանքում են բնակիչների զանգերին: Իսկ ինչ վերաբերում է աղբը ոչ սահմանված վայրում թափելու համար կիրառվող վարչական տույժին, պատասխանատուն նշեց. «Օրենքը միշտ էլ եղել է, պարզապես մենք չենք տուգանել: Հիմա տեսանք, որ մարդիկ չեն հասկանում, բացատրում ենք՝ լավ չեն հասկանում, բնականաբար, կիրառելու ենք օրենքը, որից հետո արդեն կհասկանան: Մինչև հիմա չենք տուգանել, պարզապես, մարդասիրական առումով»:

Այսպես ասած, «աղբի տուգանքի» շուրջ «Շրջապատը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց գյումրեցիների շրջանում: Բոլորը միակարծիք էին, որ օրենքը վաղուց պետք է կիրառվեր: Գյումրեցիներից մեկն էլ հետաքրքիր համեմատություն արեց. «2014 թվականին Ռիոյի քաղաքապետը սխալ վայրում աղբ էր նետել, բայց իմանալով, որ իրեն տեսանկարահանել են, անձամբ էր խնդրել, որ իրեն տուգանեն»:

«Մենք բոլորս ենք աղտոտում մեր քաղաքը, մենք խոզություն ենք անում, որովհետև այդպես հարմար ենք գտնում, որովհետև այդ պահին այդպես է պետք: Կամ, ասենք, ուղղակի սիրտն էդպես ուզեց: Թո՛ղ տուգանեն, մեկ-երկուսը որ տուգանվեն, մյուսներին դաս կլինի»,- ասաց Անահիտ Գրիգորյանը:

«Մեզ մոտ բացակայում է կուլտուրայի ինստիտուտը: Մենք սովոր ենք, որ պաղպաղակն ուտենք՝  թուղթը նետենք ծառի տակ, կոնֆետը բացենք՝ թուղթը քցենք գետնին, անձեռոցիկը օգտագործենք ու նետենք ուր պատահի… Այնպես որ, ես լրիվ կողմնակից եմ, որ օրենքը կիրառվի»,- ասաց Թամարա Տոնոյանը:

«Հիմա բոլորս կարող ենք խոսել և մեղադրել թե՛ մեզ, թե՛ պատասխանատուներին: Մենք մեղադրում ենք մեզ, որովհետև գիտակցում ենք, որ սխալ ենք անում: Հնարավոր է՝ ես մի օր  ձեռքիս աղբը քցած լինեմ ինչ-որ տեղ, հետո, երբ տեսնում ես՝ մյուսն էլ արեց նույն սխալը ու էդպես շարունակ, փողոցը դառնում է աղբանոց: Ու հասկանում ես, որ չի կարելի, պետք է մաքուր պահել, քանի որ հենց այդ փողոցում կարող է խաղա իմ կամ քո երեխան»,- այսպես մեկնաբանեց Աշոտ Գասպարյանը:

«Կարծում եմ՝ միայն բնակիչը մեղավոր չէ: Աղբամանները պետք է լինեն քայլ՝ քայլի վրա: Տեսեք. Սայաթ-Նովա փողոցը վերջացավ՝ մինչև Տեքստիլի վերջն աղբաման չես գտնի, որ ձեռքիդ եղածը քցես մեջը, ստիպված մի տեղ նետում ես»,- բացատրում է Արման Թորոսյանը:

«Էնքան է եղել, որ պաղպաղակի թուղթը, անձեռոցիկը, և նմանատիպ այլ տեսակներ պահել եմ պայուսակիս մեջ՝ միչև տուն հասնեմ, որովհետև ճանապարհիս աղբաման չի եղել: Թող դնեն աղբամաններ, թող ապահովեն ամեն ինչով՝ հետո պահանջեն ու տուգանեն քաղաքացիներին, դա կլինի արդարացի»,- ասաց Գայանե Մարտիրոսյանը:

Ըստ պատասխանատուների՝ դեռևս տուգանվածներ չկան, սակայն այս ուղղությամբ աշխատանքներ են տանում մարզային և քաղաքային իշխանությունները, ոստիկանության համապատասխան մարմիններն ու ճանապարհային ոստիկանությունը:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ