ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար». ստորագրվեցին համագործակցության հուշագրեր 

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների դահլիճում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության՝ «ՏՏ բիզնեսի համար, ՏՏ կրթության համար» կրթական զարգացման ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Շիրակի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի տնօրենների հետ։

«Բրեյն Ֆորս» ընկերության հիմնադիր Գուրգեն Ղարիբյանը խոսեց ընկերության 3-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերումների մասին, ապա անդրադարձավ «ՏՏ բիզնեսի համար, ՏՏ կրթության համար» կրթական զարգացման ծրագրին, ներկա մարտահրավերներին, կրթական համակարգի առայժմ գոյություն ունեցող բացթողումներին և իրենց առաջարկած ծրագրի՝ ապագայում սպասվելիք արդյունքներից: Ներկայացվեց նաև ծրագրի ավտոմատացված հարթակը։

Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի (ՇՏՊՔ) տնօրեն Էմմա Պետրոսյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ տարվող աշխատանքն իր պտուղները կտա. «Մեկ տարի հետո մեր քոլեջի շրջանավարտները աշխատաշուկայում արդեն պահանջված մասնագետներ կլինեն, մանավանդ որ հենց այս ծրագիրն իր բաղադրյալում ունի աշխատանքի ապահովվում: «Դուալ» կրթության էությունն այն է, որ ուսանողն իր ուսումնական պրոցեսն անցկացնելով ուսումնական հաստատությունում, գործնական աշխատանքներն անցկացնի հենց գործատուի մոտ՝ 30/70 հարաբերությամբ: Սա նշանակում է, որ ուսանողը պրակտիկ գիտելիքներից անցում կատարելով գործնական պրակտիկայի, լինելով գործատուի ուշադրության կենտրոնում, աշխատաշուկայի պահանջներին համահունչ, կբավարարի գործատուի պահանջները: Այս ծրագիրը նախատեսված է «Հաշվողական տեխնիկայի ավտոմատացված համակարգի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտների համար, և այս նույն սխեմայով շարունակաբար աշխատելով, արդյունավետության պտուղները մենք կտեսնենք շատ շուտով»: Ի դեպ, սա ՇՏՊՔ-ի և «Բրեյն Ֆորս» ընկերության միջև համագործակցության մասին արդեն երկրորդ հուշագիրն էր, որ ստորագրվեց: Առաջինը՝ «Դուալ» կրթության մասին էր, որը բարձր մակարդակով իրագործվեց:

«Station tour» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը մատնանշեց իրենց և «Բրեյն Ֆորս» ընկերության միջև համագործակցության կարևորությունը. «Նախ շնորհակալություն եմ հայտնում ընկերությանը, որը հնարավորություն ընձեռնեց որպես սկսնակ կազմակերպության՝ ունենալ վեբ-կայք, ապա գործունեության տարածումը սոցիալական ցանցերում, որն անչափ կարևոր է ոչ միայն նրա համար, որ ժամանակի պահանջն է, այլ, որ որպես տուրիստական կազմակերպություն, պարտավոր ես ունենալ տեղեկատվական կայք՝ օն-լայն պատվերների, տուրերի ամրագրման և այլ աշխատանքային հարաբերությունների արագ ու որակով կարգավորման համար, և ամենակարևորը, օն-լայն վճարումների հնարավորությամբ: Բացի այս, «Բրեյն Ֆորսի» հետ մեր կազմակերպությունը շարունակելու է համագործակցել նաև «Դուալ» կրթական համակարգի շրջանակներում, քանզի տուրիստական ոլորտը վերջին երկու տարում, հատկապես Գյումրիում, մեծ թափ առնելով, այս ոլորտին առնչվող մասնագետների պահանջարկ ուներ, և մենք՝ որպես գործատու, առաջարկելով մեր պահանջներին համահունչ ուսումնական ցանկը, այն կներկայացվի ուսումնական հաստատությանը, որտեղ համապատասխան ուսումնական պլան կմշակվի և կպատրաստվեն զբոսաշրջության ոլորտին անհրաժեշտ մասնագետներ, իսկ այս գործընթացում մեծ դերակատարում կունենա «Բրեյն Ֆորս» ընկերությունը»: