ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն իրականացրեց Արեւմտյան կառույցների պլանները

Հարցազրույց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի» Շրջանային կազմակերպության (ՇԿ) կազմակերպիչ-համակարգող ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

Նարեկ, մասնագիտությամբ իրավաբան եք, իսկ կուսակցական գործունեությունը ե՞րբ եք սկսել:

— 2010 թվականից անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը, ակտիվ գործունեություն սկսել եմ 2018-ից, չնայած մինչ այդ էլ կուսակցությունում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ այդ թվում՝ երիտասարդական խորհրդում, ապա՝ շրջանայինում, իսկ 2018թ-ից հանդիսանում եմ «Գյումրի» ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ և կազմակերպիչ-համակարգող:

Ակտիվ գործունեություն սկսել եք 2018թից, այսինքն, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր տեղի ունեցան, և ՀՀԿն ընտրողների ձայների 4,7% ստացավ:

— Այդ ժամանակ կային էյֆորիկ տրամադրություններ: Որպես ՀՀԿ թեկնածու՝ կարող եմ ասել, որ այդ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չարտացոլվեց: Չնայած ժողովրդին թվում է, թե 2018-ի ընտրություններն եղել են բացարձակ արդար ու մաքուր, բայց պիտի փաստեմ, որ եղել են բազմաթիվ խախտումներ, ամենաշատ վարչական ռեսուրս ընդգրկած ընտրություններն են: Բոլոր պետական պաշտոնյաներին ու համայնքապետերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին, ընդհանրապես, բոլոր պետական կառույցների վրա կիրառվել է ճնշումներ՝ իրավապահ մարմինների, ԱԱԾ ներկայացուցիչների, ոստիկանության միջոցով, մանավանդ, որպեսզի ՀՀԿ թեկնածուներին չաջակցեն, չհաղթահարեն նվազագույն շեմը և չանցնեն ԱԺ:

Կուզենայի լսել Ձեր կարծիքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:

— ԸՕ-ի փոփոխությունների հասարակական պահանջ չկար: ԸՕ փոփոխություններ կարելի էր իրականացնել 2018-21թթ. ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե մի քանի օրում, շտապ-շտապ… Սա ևս հասարակությանը շեղելու մեկ օրինակ էր: Բացի այդ, իշխանության կողմից փորձ է արվում՝ իր թեկնածուներին, որոնց իշխանությունը ինքն է համարում «ուսապարկեր», ներկայացնել փաթեթավորած՝ մեկ համամասնական ցուցակով: Որովհետև շատ լավ գիտի, որ իր թեկնածուները ռեյտինգային ընտրակարգի դեպքում չէին կարողանալու ազատ շրջել փողոցներում, ժողովրդի մեջ իրականացնել քարոզարշավ: Եվ, որպեսզի նման անհարմար իրավիճակի մեջ չհայտնվեն, որոշեցին շատ արագ անցնել համամասնական ընտրակարգի, որպեսզի մեկ միասնական թեկնածուով, իրավապահ կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպեն և ձևացնեն, թե քարոզարշավ են իրականացնում:

Բայց չէ՞ որ ընտրությունները քաղաքական են, կուսակցությունների կողմից ներկայացված ծրագրերի ընտրություններ են, և ի՞նչ կարևոր է, թե ովքեր են համամասնական ցուցակում: Վերջիվերջո, մեր հասարակությունը պե՞տք է սովորի, որ պատգամավորն ասֆալտ փռող, լույսի վարձ տվող, երեխայի ուսման վարձ տվող չէ:

— Խնդիրը ոչ թե համամասնականի կամ ռեյտինգայինի մեջ է, այլ որ այս փուլում մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնած, մենք կորցրել ենք Արցախի 75%-ը, և Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել մնալու դեպքում մենք շարունակելու ենք ամեն օր ավելին կորցնել, և նման խնդիրների առկայությամբ ընտրակարգի փոփոխությունն արհեստական է դառնում: Եվ այս փուլում քննարկել ԸՕ-ը՝ սխալ է: Մեր պետության առջև դրված պետք է լինի դավաճանի օր առաջ հեռանալու հարցը: Հետո միայն Նախագահի որոշմամբ, Սահմանադրական կարգով ընտրություններ կազմակերպելու ժամկետներ նշել:

Մեր պետությունը երեք պետական կառուցվածքով է անցել՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական: Ըստ ձեզ, ո՞րն է Հայաստանի համար նախընտրելի:

— Տվյալ պարագայում ցանկացած կառավարման ձև, որն էլ լինի, շատ ավելի ուշ է ցույց տալու իր արդյունավետությունը: Ներկայում խորհրդարանական կառավարման ձևին ընդամենը մի փոքր ժամանակահատված է, ինչ անցել ենք, այս փուլում դժվար է գնահատականներ տալը:

Նաև, որ մեկ տարի դեռ չէր լրացել նոր կառավարման համակարգին անցնելը, հեղափոխություն տեղի ունեցավ

— Չասենք հեղափոխություն, ասենք՝ իշխանափոխություն, իշխանազավթում, որովհետև այն գործողությունները, որոնք տեղի ունեցան, պլանավորած էր շատ ավելի վաղ, ուղղակի Փաշինյանին հաջողվեց իրականացնել այն 2018-ին: Սա ծրագիր էր, որն իրականացվեց տարբեր մեխանիզմների կիրառմամբ` ցանկացած լավը, դրականը սևացնելու, պետական ինստիտուտները, բանակը, եկեղեցին սևացնելու, ժողովրդի աչքից գցելու շնորհիվ: Արդյունքում՝ Նիկոլին հաջողվեց գեներացնել ժողովրդի դժգոհությունը և կազմակերպել իշխանազավթում, այնուհետև լեգիտիմացնել արտահերթ ԱԺ ընտրությունների ճանապարհով:

Եթե ասում եք՝ ավելի վաղ էր պլանավորած, այդուամենայնիվ, Նիկոլը «ո՞ւմ մարդն է»...

— Ըստ իս՝ նա իրականացրեց Արևմտյան մի քանի կառույցների պլանները, նաև գործակալական ցանցերի ազդեցության ներքո կամ ֆինանսավորմամբ: Երբ լսում ես վերջին հարցազրույցները կամ ՔՊ-ականների հանրային խոսքերը, որ փորձում են ավելի շատ պաշտպանել Թուրքիային, Ադրբեջանին, նույնիսկ չեն հակադարձում Ալիևի հոխորտանքներին, տեղիք է տալիս համոզվելու, որ 2018-ին իրականացված իշխանազավթման մեջ նաև նշածս երկրներն ունեն իրենց լուման:

Համոզվա՞ծ եք, որ ծանր հոգեբանական վիճակում ժողովուրդը հունիսի 20-ին կմասնակցի ընտրություններին, և արդյո՞ք չի ընտրի «Իմ Քայլին» կամ ինչո՞ւ պիտի ընտրի Հանրապետականին, որին մերժել է:

— Փորձեմ հերթով գալ: Հենց 2018-ից էլ ես ընդդիմադիր եմ եղել այս իշխանություններին և իմ գլխավոր մտահոգությունն էլ հենց կապված է եղել Արցախի հետ: Ես այս իշխանության ներկայացուցիչների գործունեությունն տեսել էի նախկինում, երբ իրենք էին ընդդիմադիր…

Բայց նրանք գործուն դերակատարում չեն ունեցել, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի:

— Այո, կոնկրետ Նիկոլի անցած քաղաքական ուղին, նրա հայտարարությունները՝ կապված 2016թ. ապրիլի քառօրյայի հետ, և մնացած հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի առումով…

Բայց մարդն իշխանության գալով, փոխեց իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

— Այո՝ բացառապես իր քաղաքական շահերը հետապնդելով: Նախ խոսենք, թե ինչու եմ պատերազմի հարցում մեղադրում Նիկոլին և նրա վարչախմբին. ամենասկզբից նա հայտարարեց, որ Արցախի հարցում բանակցություններ չի վարում, հետո ասաց, որ սկսում են «0» կետից, հետո հայտարարեց, թե ինչ ցանկանան, այդ էլ կբանակցեն: Հետո, երբ միջազգային փորձագետները, ռազմական փորձագետները հայտնում էին, որ Նիկոլը բանակցությունները տանում է փակուղի, Շուշիում էլ պարեց ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»… Վերացրեց բանակցելու բոլոր ուղիները և այդ ամենը, իր հռետորաբանությունը, հանգեցրեց պատերազմի: Երբ արդեն պատերազմում էինք, առաջին օրից արդեն համոզված էինք, որ մեր թշնամին միակը չէ, այլ հզոր Թուրքիան է թիկունքում, Իսրայելն է օգնում, Ուկրաինան է աջակցում, ահաբեկիչներ, վարձկաններ և այլն: Եվ երբ ԳՇ-ն, ռազմական փորձագետները նրան տեղեկացրել են, որ այս պատերազմում մենք չենք կարող մեր ուժերով դիմակայել, նա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ոչ մի գործուն քայլ չձեռնարկեց: Ավելին, ՌԴ նախագահի հայտարարությունից էլ հասկացանք, որ Նիկոլին մի քանի անգամ առաջարկվել է դադարեցնել պատերազմը՝ գոնե շահավետ պայմաններով, իսկ նա հրաժարվել է: Եվ սա չհերքվեց, ուրեմն չհավատալու հիմք չունենք: Իսկ կեսից պատերազմը կանգնեցնելով, մենք այսքան զավակ չէինք կորցնի: Ինրո՞ւ ներքին լսարանին կերակրել «Հաղթելու ենք» դավաճանական ստով… 2016-ի ապրիլյանից հետո, մեր պետությունը բանակցային հարթությունում ուներ հաջողություն, երբ Ալիևն էլ հայտարարել էր, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը…

Բայց այն միակողմանի չէր կարող լինել, այլ փոխզիջումային տարբերակով էր հնարավոր: Եվ, ինչպես Առաջին նախագահը 2017-ին նշեց՝ «Տղա եք՝ մի տվեք»: 

— Այո, պետք է հարցը լուծվեր բանակցային գործընթացով, փոխզիջումային տարբերակով, և մենք պետք է 7 շրջանների խաղաքարտն օգտագործեինք: Սակայն հանգելով պատերազմի, մենք ոչ միայն 7 շրջանները կորցրեցինք, այլ ավելին՝ Արցախի հարցը չլուծվեց, իսկ մենք էլ ծանր պարտություն կրեցինք: Հիմա մեզ անհրաժեշտ է շատ արագ փոխել բանակցողին՝ Նիկոլին, և նոր բանակցություններ վարել ու պահպանել այն, ինչը մնացել է, պահպանել մեր սուվերենությունը, մեր պետության դեմքը:

ՀՀԿն մասնակցելո՞ւ է ընտրություններին:

— Այս պահին ընտրությունների իրականացման իրատեսական հիմքեր չկան, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել… Քանի որ իր վարմունքով նա փոփոխական է, ապա կասկածելի է, որ հունիսի 20-ին կլինի արտահերթ ընտրություններ: Երբ հեռացավ, երկրի նախագահը ընտրությունների օր նշանակեց, նոր միայն ՀՀԿ-ն այն կմտցնի օրակարգ: