ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Փոքր ազգի պահպանման համար կարեւոր է շատ սերունդ տալը

Հարցազրույց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ  ԱԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, Դուք վերջերս եք Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցից տեղափոխվել Գյումրու ծննդատուն. հետաքրքիր է պատճառն իմանալ:

— Ութ տարի աշխատել եմ Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, վերջին մեկ տարվա ընթացքում նույն բաժանմունքի վարիչ եմ աշխատել… Սակայն տեսնելով երեխաների ծնունդով պայմանավորած դինամիկան, զարգացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բժիշկների այցելությունները, ծավալուն վիրահատությունները, որոշեցի տեղափոխվել Գյումրու ծննդատուն և աշխատել լավ մասնագետների հետ:

Այսօր շատ ընտանիքներ սահմանափակվում են 1-2 երեխայով: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը:

— Խուսափում են թվով շատ երեխաների պատասխանատվությունից, փորձում են ավելի լավ պայմաններ ստեղծել մեկ կամ երկու երեխայի համար, քան ունենալ 3-4 ու չկարողանալ ժամանակակից կյանքին համահունչ պահել: Ասում են, չէ՞. «Կարողանանք ապահովել տնով-տեղով, լավ ուսում տանք, լավ աշխատանք ունենա», ապա ունեցածը բաժանելով երեխաների միջև: Նաև մեծ դեր է խաղում սոցիալական վիճակը, մեր հանրապետության վիճակը բոլորիս է հայտնի: Սակայն ասածի կողքին պետք է փաստեմ նոր հանգամանքեր. 2020 թվականի պատերազմից հետո սկսել են մայրերը մայրանալ երկրորդ-երրրորդ-չորրորդ երեխայով, և հղիությունների թիվն արդեն աճել է, զոհված հերոսների մայրերն են մայրանում՝ թե՛ բնական, թե՛ արտամարմնային բեղմնավորման միջոցով՝ փորձելով ամոքել վիշտը, կորցրած թանկ զավակի հիշատակը շարունակելով:

Մի նկատառում պիտի անեմ, գուցե ինձ հետ համաձայնեք, գուցե՝ ոչ, բայց հաճախ նկատում ենք, որ 5-ից ավել երեխա ունենում են հատկապես աղանդավորական ընտանիքներում, կամ սոցիալապես շատ ծանր վիճակում գտնվող ընտանիքները, իսկ հետո պետական տարբեր մակարդակներում դրոշակ դարձրած բազմազավակությունը, պահանջում են երեխաներին աջակցել…:

— Եթե Ձեր ասած մեկ տասնյակ օրինակները մի կողմ թողնենք, ես կողմ եմ բազմածնությանը, մեր ազգին պետք են և ապագա լավ մայրեր, և ապագա լավ հայրեր-զինվորներ, փոքր ազգի պահպանման համար կարևոր է շատ սերունդ տալը, և թեկուզ սոցիալապես անապահով ընտանիքներում, բայց թող շատ երեխաներ լինեն:

Ինչ խոսք, պետությունն էլ իր հերթին պետք է ամեն կերպ խրախուսի ծնելիությունը: Բժշկուհի, խոսեցինք զինվորի մոր մայրանալու մասին, նկատենք, որ ծննդաբերական տարիք կա, իսկ ի՞նչ կասեք, հիմա վերարտադրողական տարիքը փոխվե՞լ է:

— Նախկինում 30 տարեկանը համարվում էր մեծահասակ առաջնածին, իսկ հիմա 35-45 տարեկանում մենք ունենք հղիներ, որոնք ծննդաբերում են թե՛ բնական, թե՛ մեր միջամտությամբ, և եթե այն ժամանակ կար նման ախտորոշում, հիմա մենք այլևս չենք նշում մեծահասակ առաջնածնություն:

Իսկ օրգանիզմի ֆիզիոլոգիական հնարավորություննե՞րը:

— Դե, մի քիչ դժվարություններ ունենում են 40 և ավել տարիք ունեցող կանայք, հատկապես առաջին հղիության ժամանակ, բայց թե մեր օգնությամբ, թե իրենց կամքով՝ փորձում ենք հաղթահարել դժվարությունները և բալիկ լույս աշխարհ բերել:

Վերջերս հաճախակիացել են անպտղության մասին խոսակցությունները:

— Անպտղությունը կարող է բազմապատճառ լինել՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում, սակայն հիմա կան թեզեր, փորձում են պատճառաբանել, թե ինչով է պայմանավորված անպտղությունը. հիմնականում կապում են ինֆեկցիաների տարածմամբ, որոնք բերում են փոքր կոնքային կպումային հիվանդությունների առաջացման: Այսօր շատ տարածված են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ ինֆեկցիաները, որոնք ախտահարում են օրգանները, և պատճառ են հանդիսանում անպտղության: Կանանց անպտղությունը 25-35% դեպքերում պայմանավորված է արգանդի փողերի անանցանելիությամբ: Արգանդի փողերը զգայուն են տարած վարակների, որովայնի խոռոչի վիրահատական միջամտությունների նկատմամբ: Անպտղությանը նպաստում են նաև հորմոնալ խանգարումները, որոնք երբեմն ձվարանների պոլիկիստոզի կամ այլ ախտաբանական վիճակների արդյունք են: Վահանաձև գեղձի հիվանդություններն են շատ տարածված Հայաստանում (էնդրիոմետրիոզը, որի ախտորոշման դեպքում կանանց 30-50 տոկոսի մոտ դիտվում է անպտղություն), վահանագեղձն է հիմնականում կարգավորում սեռական ակտիվությունը: Անպտղություն դիտվում է նաև ֆիբրոզ ուռուցքների, տարբեր մետաբոլիկ խանգարումների (ճարպակալում, շաքարային դիաբետ, վահանագեղձի դիսֆունկցիա), հոգեբանական խնդիրների դեպքերում: Մեկ պատճառ չկա, բազմաթիվ պատճառներ կան, որոնք պայմանավորված են թե կնոջ, թե տղամարդու օրգանիզմի առանձնահատկություններով:

Իսկ ի՞նչ կասեք դիմելիության մասին: Նկատի ունեմ կանանց՝ առողջությանը հետևելը:

— Այսօր էլ նույնն է պատկերը. դիմում են ծայրահեղ դեպքերում, հայ կանայք բարձիթողի վիճակում են. տարված ընտանեկան հոգսերով, սոցիալական վիճակի բարելավմամբ՝ չեն հետևում իրենց առողջությանը: Կան, իհարկե, որ հետաքրքրվում են, պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնում են, բայց հիմնականում բարձիթողի վիճակում են հասնում բժշկի մոտ:

Այստեղից էլ սկսվում են խնդիրները:

— Այո, և կյանքի որակն ընկնում է, և ավելի լուրջ բուժումներ են պահանջվում, լուրջ վիրահատական միջամտություններ, մինչդեռ կարելի էր ավելի շուտ դիմել ու ավելի հեշտ հաղթահարել առաջացած խնդիրները:

Միգուցե դա էլ պետք է կարգավորել պարտադրության սկզբունքով. ասենք, պոլիկլինիկաները պարտադիր հաղորդագրություններ, ուղեցույցներ ուղարկեն իրենց մոտ գրանցված կանանց:

— Կանանց կոնսուլտացիաները զանգում են, որովհետև դա իրենց պարտականությունն է, պետության հովանավորության ներքո է, և դա կնոջ իրավունքն է, նա պետք է օգտվի իրեն ընձեռնված հնարավորությունից, քանզի պետությունն իր վրա է վերցրել այդ ծախսը, նա պետք է դիմի կոնսուլտացիա, անհրաժեշտության դեպքում ստանա համապատասխան բուժօգնություն: Սակայն, թե ինչու են խուսափում… Ազգային հատկություն է՝ հայը չի սիրում դիմել բժշկի:

ՊԱՊ թեստեր, նման հետազոտությունները շարունակական են, չէ՞:

— Պարտադիր, պարտադիր սկրինինգային հետազոտություններ են՝ կնոջ մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման նպատատակով և բոլոր պոլիկլինիկաներում պարտադիր անցկացնում են:

Քաղցկեղային հիվանդությունների թիվն էլ է բարձր, չէ՞:

— Այո, քաղցկեղային հիվանդությունները շատ են տարածված, չնայած արգանդի պարանոցի քաղցկեղը դարձել է կառավարելի, և եզակի քաղցկեղներից է, որի պատճառը հայտնի է՝ մարդու պապիլոմա վիրուսները: Այսինքն, եթե կինը հետազոտվում է, պապ քսուկ է վերցվում, հենց հայտնաբերվում է պապիլոմա վիրուսը, հնարավոր է դառնում կառավարելի դարձնել նախաքաղցկեղը, քաղցկեղը:

Գինեկոլոգիական խնդիրներից առաջնայինը ո՞րը կնշեք:

— Արգանդի բազմահանգույց միոմա, որը բավականին տարածված է ու հանդիպում է մեծ թվով կանանց մոտ: Այն աշխարհում էլ է տարածված: Արգանդի միոման (ֆիբրոիդ հանգույց) գնդաձև բարորակ ուռուցքային գոյացություն է, որը ձևավորվում և մեծանում է արգանդի պատի ներսում: Այն որպես բարորակ ուռուցք է, հորմոնալ շեղումներով և այլ պատճառներով է պայմանավորած, հղիությունների արհեստական ընդհատումներով է պայմանավորած և այլն:

Վերադառնալով Գյումրու ծննդատանը. գիտենք, որ բավական աշխատանքներ են այստեղ տարվել՝ թե՛ շենքային պայմանների բարելավման, թե՛ բուժսարքավորումների թարմացման

— Վերջին երկու տարվա ընթացքում այստեղ բավական ակնհայտ փոփոխություններ կան: Իմ օրդինատուրան ես անցկացրել եմ Գյումրու ծննդատանը, և երբ համեմատականներ եմ տանում այն և ներկա ժամանակների միջև, ապա մեծ փոփոխություն է կատարված: Այստեղ պայմանների բարելավում կա, գրավիչ է դարձել, ինչով պայմանավորած բարձրացել է դիմելիության թիվը: Մյուս կողմից նաև մայրաքաղաքային բժիշկների այցերը՝ գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, վիրաբույժներ, և տեղում իրականացվող բարդ վիրահատությունների հասանելիությունը, որը մինչ այդ անհնար էր: Այս ամենը խոսում է այն մասին, որ այս հիվանդանոցին մեծ հոգատարություն և ուշադրություն է դարձվում, ինչպես նաև դրա վառ ապացույցն է ծնունդների թվի աճը: Եվ նման առաջընթացները մեր տարածաշրջանի հիվանդների, կանանց, հղիների համար լավ հնարավորություններ են, մանավանդ վճարովի ծառայությունների մասով էլ՝ բնավ կարիք չկա մեծ ծախսեր անել ու գնալ մայրաքաղաք, քանզի նույն ծառայություններն են մատուցվում, բայց ավելի մատչելի տարբերակով: