ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Քաղաքապետարանը «բարաթ» է ուզում, որ համոզվի

6 տարի առաջ ռուսաստանաբնակ գործարար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, աղջիկների մականախաղի դպրոցի հիմնադիրներից գյումրեցի Հրանտ Պետրոսյանը կարելի է ասել բում առաջացրեց Գյումրիում. նա առաջարկում էր կառուցել «Սպորտ Սիթի» մարզահամալիր, որն իր տանիքի տակ կկենտրոնացներ 30-ից ավելի մարզաձևեր։ «Սպորտ Սիթին» ոչ միայն տարբեր մարզական համալիրների միավորում էր լինելու, նաև ունենալու էր առևտրի և հասարակական ժամանցի վայրեր, հյուրանոցներ, սրճարաններ, մարզասրահներ, մարզադաշտեր, սահադաշտեր, լողավազաններ, սննդի կետեր, վաճառատներ և այլն։ Գաղափարը, սպորտային ավանդույթ ունեցող Գյումրիի համար, իրոք, հիասքանչ էր:

2013թ-ին Հրանտ Պետրոսյանն իր գաղափարներով, պատրաստված տեսահոլովակով, ապագա «Սպորտ Սիթիի» մակետներով դիմեց կառավարությանը, ծեծեց նախարարությունների դռները, հանդիպեց տարբեր գործարարների հետ: Ի վերջո, Գյումրու քաղաքապետարանը, հանձինս քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որը նույնպես կողմ էր, որպեսզի քաղաքում նման հզոր մարզահամալիր կառուցվեր, ընդառաջեց, և «Սպորտ Սիթի» կառուցելու համար սիմվոլիկ գումարով հողատարածք տրամադրեց: Հրանտ Պետրոսյանը տեսնելով, որ Հայաստանում ներդնողներ գտնելու փորձերն անհաջողության են մատնվում, մեկնեց՝ Հայաստանից դուրս գործընկերներ գտնելու համար: Չնայած, մի քանիսն արդեն իսկ տվել էին իրենց համաձայնոթյունը, օրինակ, օլիմպիական խաղերի ըմբշամարտի եռակի չեմպիոն Կարելինը, անգամ Ռուսաստանից մի քանի գործարարներ այցելել էին Գյումրի՝ ծանոթանալու, տարածքը նայելու և տեղում քննարկելու մնացյալը: Բայց այնպես ստացվեց, որ Հրանտ Պետրոսյանը մի քանի տարի այլևս չկարողացավ վերադառնալ Գյումրի ու սկիզբ դնել իր գաղափարների իրագործմանը:

Անցած շաբաթ վաստակավոր մարզիչը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիսի էր հրավիրել: Նա պատմեց, որ երբ վերադարձել է գումարով, որպեսզի տրամադրված հողատարածքում սկսի գոնե մականախաղի ու մեծ թենիսի խաղադաշտերի կառուցումը, անակնկալի է եկել՝ իմանալով, որ հողատարածքն արդեն իսկ մաս-մաս վաճառված է: «Երբ այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը հարցրեց, թե ինչու «Սպորտ Սիթին» Երևանում չենք կառուցում, ես օրինակ բերեցի. Ծաղկաձորն ունի օլիմպիական մեծ բազաներ, մի ծաղկաձորցի չեմպիոնի անուն տվեք…,- պատմեց Հ.Պետրոսյանը, կես կատակով հավելելով,- հիմա չգիտեմ, մեր ջրից է, օդից է, չեչիլ պանրից է՝ մեր հողը չեմպիոն աճեցնող, չեմպիոն տվող է: Մեր մոտ թասիբով սպորտսմենի պրոդուկտը լավ «կաճի»: Հեչ լսե՞լ եք, Սևանի թասիբով ձուկ կամ Հոկտեմբերյանի թասիբով ծիրան… Ու դրա համար էլ հենց Լենինականում պիտի կառուցվեր էդ մարզահամալիրը: Ես քաղաքապետին բացատրեցի, որ ես, ճիշտ է, գործարար եմ, բայց օլիգարխ չեմ, ես կարող եմ դաշտը ստեղծել, բայց մնացած ենթակառուցվածքները ստեղծելու համար ներդնողներ են պետք»:

Հրանտ Պետրոսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ հայկական հեռուստաալիքներով՝ կիսվելով իր գաղափարներով, Ռուսաստանի 18 համայնքներում է «Սպորտ Սիթիի» շնորհանդեսներ կազմակերպել, որ կարողանա ներդնողներ գրավել: «Ես հո ֆանտաստիկայի ժանրից չէի խոսում, այլ բացատրում էի, որ, եթե ամեն մի գործարար իր բիզնես հետաքրքրությունը գործի դնի, ապա շատ հնարավոր է, որ մի 5 տարի հետո մենք ունենանք այն, ինչի մասին տասնամյակներ ենք երազում: Ես անչափ շատ գումարներ ծախսել եմ, բայց հարցը դրանում չէ. Ռուսաստանում բիզնեսը 2014-ից սկսեց վատանալ՝ հայտնի ուկրաինական դեպքերից հետո: Ես էլ դրանից չխուսափեցի, և դա է պատճառը, որ ավելի շուտ չկարողացա վերադառնալ: Բայց, ինչպես ասում են, իմ սիրտը լեռներում է, ես առանց մարզչական կյանքի՝ կյանք չունեմ, ես իմ նպատակների իրագործման համար վաճառեցի Նովոսիբիրսկի տունս, ու 100 մլն դրամ այսօր բերել եմ, որ մականախաղի դաշտի կառուցումից սկսեմ: Մի քանի օր առաջ գնացել եմ Թուրքիա, Չինաստան, որ արհեստական խոտածածկի մասով պայմանավորվածություններ ձեռք բերեմ: Չեմ, ժխտում, այո, այդ տարածքն ինձ տվել էին 5 տարի ժամանակով: Այնուամենայնիվ, մտածեցի, որ 100 մլն ներդնողները մեր դռները առավոտից իրկուն չեն թակում ու գնացի քաղաքապետարան, ներկայացա: Ասացին, թե հողերը տվել ենք ուրիշների: Ինչո՞ւ եմ ձեզ հրավիրել՝ ասուլիս: Որպեսզի պատմեմ ողջ եղելությունը և ասեմ, որ ամեն դեպքում, ես իմ կյանքի նպատակ համարելով, էդ դաշտը կկառուցեմ. այդ տեղում չլինի, թող ուրիշ տեղ լինի: Դաշտերը, որ ուզում եմ կառուցել, ներկա ու ապագա սերունդի համար է, հիմնականում՝ աղջիկների խոտի հոկեյ, ֆուտբոլ ու լակրոսս (սա ևս մականախաղաղ է, միայն ռեզինե գնդակով,- հեղ.): Հիմա, որ քաղաքապետարանից ինձ ասում են, թե հողը տվել ենք, բացի այդ, նաև հետս «հավատամ-չհավատամ» կխաղան, թե՝ «բեր փողը ցույց տուր, նոր…»: Էլի եմ ասում, ինչ էլ լինի, ես այս դաշտը կկառուցեմ, ես էդ դաշտերի շնորհիվ մի 1000 երեխա փողոցից կկտրեմ: Պարտադիր չէ, որ իրենք չեմպիոններ դառնան՝ չնայած գյումրեցոնք չեմպիոն կծնվին, իրանք առողջ մայրեր կդառնան, առողջ զինվորներ»,- եզրափակեց խոսքը բանախոսը:

 

«Շրջապատը» Հրանտ Պետրոսյանի բարձրացրած խնդրով զրուցեց նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ:

Պարոն Գասպարյան, օրենքի պահանջո՞վ է Հրանտ Պետրոսյանին տրամադրված հողատարածքը հետ վերցվել, քանի որ 5 տարի անցել է:

— Ժամանակին, երբ այս «Սպորտ Սիթիի» հարցը եղավ, շատ հավակնոտ ծրագիր էր, բայց հիմնավորումները թույլ էին: Այնուամենայնիվ, մենք նրան ընդառաջեցինք, սիմվոլիկ գնով 12,5 հեկտար հողատարածքը վարձակալական հիմունքներով, չնչին գումարով՝ տարեկան 125 հազար դրամ, վարձով տվեցինք, որ նա սկսեր: Նա բավականին անուններ էր տալիս, որ այդ մարդիկ պիտի գան, կառուցեն… Կարելին, չգիտեմ էլ ով… Մենք այդ չեմպիոններից շատ ունենք:

Կներեք, սակայն մեր չեմպիոններն ի վիճակի չեն նման մեծ գումարներ ներդնելու, և դրա համար Հրանտը «իքսի» կամ Կարելինի անուններն էր շեշտում:

— Այդուամենայնիվ, անցավ 5 տարի: Հրանտը գնաց ու գնաց, մենք նույնիսկ մոռացել էինք, հույսներս էլ կտրել: Ասեմ Ձեզ, որ նախ վարձակալական որևէ պայմանագիր չի ստորագրվել, նոտարական հաստատում չի եղել, և այն սեփականության իրավունքով չի տրվել Պետրոսյանին: Այնպես որ, այդ ժամանակահատվածում մենք հողամասը տարբեր մարդկանց տրամադրեցինք: Նա եկավ, բացատրեց, որ գումարով եկել է, և ուզում է մականախաղի դաշտը կառուցել: Շատ լավ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք, իհարկե, 12 հա հողամաս այլևս չենք կարող տրամադրել, մտադրություն էլ չունենք, որովհետև արդեն ուրիշ ծրագրեր են իրականացվում: Եթե նա կոնկրետ կներկայացնի ֆինանսավորման աղբյուրը կամ բանկային երաշխիքը, որ գումարը կա ու պատրաստվում է կառուցել այսքան ժամկետում, ապա մենք ընդառաջելու մտադրություն ունենք, քանի որ ներդրումային ծրագիր է, և 4 հեկտար կարող ենք հատկացնել:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ