Հարցազրույց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Թումասյան, Ձեր հերթական՝ «Դեպի դպրոց» ծրագիրն այս անգամ կարծես երկար տևեց… Ինչպես նկատեցինք, գունավոր ու պրակտիկ վերնազգեստներ եք բաժանում ոչ միայն դպրոցականներին: Բայց մինչ այդ, նախ անդրադառնանք ամենալուրջ՝ բնակարանների տրամադրման բարեգործական ծրագրերին:
— Դուք ճիշտ եք նկատել՝ մենք միաժամանակ մի քանի բարեգործական ծրագրեր ենք իրականացնում: Ամենամեծը՝ բնակարանների ծրագիրն է: Այս տարի արդեն 15 բնակարան՝ տարբեր հովանավորների միջոցով՝ տրամադրվել են սոցիալական ծանր պայմաններում ապրողների: Կարծում եմ, միչև տարեվերջ, մոտ 20-ի կհասցնենք այդ թիվը: Հիմնականում մեզ օգնում են ամերիկյան «Փարոսը», ամերիկահայ բարերար Ջեք Յուրիջյանը, որի միջոցներով 7 հատ 3-սենյականոց բնակարաններ է նվիրաբերվել:
— Հիմնականում Գյումրիո՞ւմ եք բնակարաններ տրամադրել:
— Այո, միայն մեկը Կառնուտ գյուղում է եղել, այն էլ՝ կառուցել ենք: Սա շատ բարդ ու թանկ ծրագիր ստացվեց, որովհետև ամբողջ գյուղում չգտանք տուն, որ գնեինք, ստիպված շինարարություն է իրականացվել: Սա միակողմանի որոշմամբ չի եղել, այլ համատեղ որոշում է կայացվել: Դուք ինչ «Ֆեյսբուքում» եք տեսնում, դա միայն այն երևացող մասն է, որ ցույց ենք տալիս, իսկ կան մանր ու մեծ այլ ծրագրեր, որոնք շահառուների ցանկությամբ չենք ցուցադրում… Գյուղում բացի բնակարանի կառուցապատումից, նաև 4-5 ընտանիքի կով է նվիրվել, ջրագիծ է անցկացվել և այլն: Իսկ «Դեպի դպրոց» ծրագիրն աննախադեպ ստացվեց՝ իր աննախադեպ բյուջեով, մոտավորապես միայն 70 հազար եվրոյի՝ ֆրանսահայության կողմից նվիրաբերվել է բրենդային վերնազգեստներ: Բաժանման ծախսը այլ հովանավորներ են հոգացել, իսկ բաժանման գործընթացը, կարելի է ասել, մեկ առ մեկ, հատ առ հատ մեր կենտրոնն է իրականացրել: Այն գունավոր վերարկուները, որ բաժանում ենք, բրենդային են, նոր են, ժամանակակից են, արդեն 4 հազար հատ բաժանել ենք: Մոտ 1500 հատ մանկական վերարկուներ բաժանվել է Գյումրիում, իսկ մնացածը գյուղական համայնքներում: Մոտ 1500 դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով լի բաժանվել է: Զուգահեռ, անօթևանին բնակարան տեղափոխելուց հետո, տնակն ենք քանդում, վառելափայտ ենք կուտակում «Տաք ձմեռ» ծրագրի համար:
— Քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին էլ էիք բաժանել այդ գունեղ վերարկուներից:
— Այո, մոտ 350 հոգու տրվել են: Ես էլ եմ ուրախացել, բայց հատկապես գիտե՞ք ինչից… վառ գունային երանգներից: Գտնում եմ, որ սա նաև հոգեբանական գործոն է պարունակում, վերջապես կտրվենք սև ու մոխրագույնի երանգային հոգեբանությունից, թող ավանդույթ դառնա վառ գույները մեր կյանք թողնելու համար: Ընթացիկ ծրագրերից է նաև, որին օր օրի սպասում ենք, կերամիկայի և նկարազարդման արհեստանոցի վերջնական ավարտը: Այն շքեղ դիզայնով կահավորվել է, սպասում ենք, որ մրցույթով դասավանդողներ ընտրենք:
— Ի՞նչ տարիքի երեխաների համար է նախատեսված, և արդյո՞ք պահանջարկ կա:
— Ոչ թե պահանջարկ կա, այլ այնքան շատ է, որ չգիտենք ինչպես անենք, ստիպված ընտրություն ենք կատարելու: Հիմնականում ընդգկվելու են տնակներում ու սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաները: Սա շատ լավ ծրագիր է նրանով, որ նախ երեխաներին մասնագիտություն է տալիս, ապա գեղագիտական ճաշակն է զարգացնում, զբաղմունք է:
— Եթե հաջող ընթացք ունենա, հնարավո՞ր է հետագայում սպասքեղենի բրենդային գիծ թողարկեք:
— Բիզնես չի կարող դառնալ, այն ավելի շուտ ուսումնական կենտրոն է, չնայած սոցիալական բիզնեսի տարր կպարունակի, բայց ոչ որպես լուրջ բիզնես: Ամեն դեպքում, ես նման ցանկություն չունեմ: Առաջին փուլով պատանիներ կընդգրկվեն, հետո արդեն կերևա:
— Իսկ վառելափայտի հավաքման գործընթացն ինչպե՞ս է ընթանում:
— Այս տարի մի քիչ ծանր կլինի: Նախ, մոտ 5000 ընտանիք իրական շահառու են, որոնց ձմեռային տաքացման հիմնական միջոցը վառելափայտն է: Մենք զբաղված լինելով բազմաթիվ ծրագրերով, մի քիչ չենք կարողացել լիարժեք այս ուղղությամբ աշխատել, լավագույն դեպքում, մոտ 1500 ընտանիքի կկարողանանք ապահովել: Բացի այս, անտառների հատման հայտնի դեպքերից հետո վիճակը բարդացել է. մի կողմից հասկանալի է, որ անտառահատումը լավ բանի չէր հանգեցնի, մյուս կողմից՝ այլընտրանք չի առաջարկվել. մարդիկ ինչո՞վ պիտի տաքացնեն տները: Շուտով այս աղմուկը կբարձրանա: Ես կարող եմ միայն տեղական և կենտրոնական իշխանություններին տեղեկացնել, որ մենք միայնակ չենք կարող այս բեռը մեր ուսերին տանել, և սոցիալապես ծանր պայմաններում ապրող խավի մասին իրենք ևս պետք է մտածեն:
— Ըստ Ձեզ, հույս կա՞, որ շուտով կազատվենք աղետը հիշեցնող անցյալի վկաներից՝ տնակներից:
— Սա շատ դժվար, բարդ գործընթաց է: Այնքանով, որ եթե բարդ չլիներ, մեր կենտրոնն այս էլ որերորդ քրեական գործի ու քաշքշուկների մեջ հայտնված չէր լինի՝ լավություն, բարեգործություն անելու համար: Խնդիրն այնքան բարդ է, որ ես այդ մասին բարձրաձայնել եմ վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքը տնակներից մաքրելն այնքան էլ հեշտ չի լինի…
— Երևի նաև այն պատճառով, որ տնակների վրա տասնյակ մարդիկ են գրանցված… Չգիտես ով, ինչ, ու ինչպիսի հաշվարկներով է տնակներում հայտնվել:
— Այո, իմ երկու առաջարկություններ ընդունվեցին, և մի քանի օրից պատրաստ կլինի իրավաբանական հիմք ունեցող այն փաթեթը, ըստ որի հնարավոր կլինի հեռացնել դատարկ տնակները: Իհարկե, աղմուկ կլինի, բայց պետք է ի վերջո հասկանալ, որ փտած տնակները վերածվում են աղբակույտի: Այլևս թող հույսերը կտրեն, թե դատարկ տնակի դիմաց բնակարան են ստանալու: Կամ հույս ունեն, թե տնակը հողատարածքի վրա թողնելով, հողի հանդեպ սեփականության իրավունք կունենան: Իհարկե, եթե գան, կառուցապատեն, դա ուրիշ է: Վերջիվերջո, երբ տարածքներն ազատվում են տնակներից, այդ հողը վերադառնում է համայնքին, իսկ այս դեպքում, համայնքն ունենալով ազատ տարածքներ, արդեն կկարողանա օգտագործել հանրային նշանակությամբ: Մենք արդեն 20-25 տնակից ազատել ենք տարածքները: Չնայած, տարածք կա, որ հետագա կառուցապատման ենթակա չէ. օրինակ, Երկաթգծին հարակից՝ 3մ հեռավորության վրա տնակ էին դրել, կամ, ասենք, բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տակ, կամ՝ «Գյումրի չայ» գետակի ափերին… Մենք 50-ամյակի կամուրջի տակ մի քանի տնակ ենք հանել, տուն ենք տվել, Հովսեփյան փողոցի վրա տնակ էր դրված, որի պատճառով չէին կարողանում փողոցաշինություն իրականացնել, մենք այդ տնակի բնակիչներին վարձով տարածք տեղափոխեցինք, իսկ հետագայում հովանավորի միջոցով բնակարանով ապահովեցինք: Ռեպինի փողոցում գտնվող տնակներն ենք մաքրել: