ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բնակարանի կարիքավորներին չեն հաշվառում

Կիսախարխուլ, քարուքանդ կացարանը

Մոտ երկու տարի է, ինչ Գյումրու Երկաթգծի հետնամասում՝ Ղանդիլյան փողոցի վրա գտնվող թիվ 16/4 կացարանում է բնակվում Մարգարիտա Աբրահամյանը՝ դստեր, ամուսնու հետ միասին:

Կիսախարխուլ կացարանը զուրկ է կոմունալ տարրական հարմարություններից: Երբ անձրևներ է գալիս, խոնավության հոտ է փչում, կաթկթոցներ են լինում: Աղբամաններից շիշ են հավաքում, որպեսզի կարողանան կացարանի վարձը փակել:

Ընտանիքը երկրաշարժի պատճառով բնակարան չի կորցրել.«Ես փաստացի հերանցս տան վրա եմ գրանցված, դրա համար ինձ տուն չեն տվել»,-ասում է տիկին Մարգարիտան:

«Քարուքանդ եղած, պատերը փլված, ջուր չունենք, ջուրը կրում ենք, ձմռանը վառարան ենք դնում: Մարդիկ օգնում են, ամեն տարի վառելափայտով: Մշտական աշխատանք չունենք: Ամուսինս մասնավոր գործ է անում՝ պատ է շարում, այդ կերպ ապրում ենք:  Աշխատանքի հարցով դիմել եմ, բայց մինչև գիշերը ժամը 3-ը պետք է աշխատեինք, դա էլ որ ամուսինը կթողնի»:

Ամուսինները թոշակառու, նպաստառու չեն: Կացարանի բնակիչները համավարակի տարածման պայմաններում կառավարության ոչ մի տնտեսական ծրագրերից չեն օգտվել, անվճար բուժսպասարկման ծառայություններից ևս:

 Բնակարանի կարիքավորներին չեն հաշվառում

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի անորակ շինարարությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել էին լրագրողները: Շինարարներից մեկը մատնանշելով շինարարական թերությունները փաստում է, թե կային կառուցված շենքեր, որոնց պատերը քարերով շարված չէին, այլ պեմզաբլոկներով: Նման շարվածքի դեպքում շենքի ամրությունը փոքրանում է, շինարարությունը դառնում անորակ, իսկ բարակ պատերը վատ ջերմամեկուսիչ են:

Այսպիսով տուժում էին ոչ միայն այն անօթևաններն, ովքեր բնակարան չեն ստացել, այլև անորակ բնակարաններում բնակվողները:

Մեր հանրապետությունում՝ տնակներում կամ սեփական տներում բնակվում են ընտանիքներ, ովքեր երկրաշարժի հետևանքով տուն չկորցնելով, երբևէ չունենալով սեփականություն, ունենալով համապատասխան փաստաթղթեր, որ բնակարանի կարիքավոր են հանդիսանում  չեն կարողացել բնակարաններ ստանալ, քանի որ չեն համարվել անօթևան: Նման կարգավիճակ ունեցող ընտանիքներին իշխանություննները տարիներ շարունակ չեն հաշվառել:

Բնակարանի կարիքավոր է հանդիսանում այն անձը, ով հնարավոր է երկրաշարժի պատճառով տուն կորցրած չլինի, սակայն կարող է վարձակալությամբ բնակվել տնակում կամ սեփական տանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով , ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1024-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման  վերջնաժամկետ էր սահմանվել  2008 թվականի նոյեմբերի 1-ը:

Նշեմ որ դրանից հետո բնակարանի կարիքավորներին կրկին չեն հաշվառել:

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը 10 տարի է, ինչ կառավարությունից պահանջում է նոր հաշվառում իրականացնել, արձանագրվի անօթևանության պատճառը.«Դրանից հետո որոշեն, թե ինչ անեն: Եթե երկրաշարժի պահին են տուն կորցրել, ապա ինչու փոխհատուցում չեն ստացել, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ հատկացվեն, կամ սոցիալական բնակարաններ:

Ոչ թե տնակները պետք է հաշվառել, այլ մարդկանց, սակայն իշխանությունները վախենում են մարդկանց հաշվառել, քանի որ այդ դեպքում պետությունը մարդու հանդեպ է պարտավորություն վերցնում»:

Վ.Թումասյանի խոսքով, Գյումրիում տնակների մեջ մնացած ընտանիքների 90 տոկոսն անմիջապես երկրաշարժի պահին տուն չեն կորցրել, կամ մեծ ընտանիքներ են եղել, կիսվել են:

Քաղաքում մոտ 2800 տնակ կա, որից բնակելին 2400-ն է: Մեծ թվով բնակիչներ են առկա նաև վթարային շենքերում.«Եթե հաշվենք վթարային շենքերի բնակիչներին 3000-ից ավել ընտանիք կա, որոնք բնակարանի կարիք ունեն: Երկրաշարժի պահին տուն կորցրած և չստացած ընտանիքները 400-ից ավել են: 1500-1600 ընտանիք վթարային շենքերում են բնակվում, պետությունը խոստացավ վթարային շենքերը նորոգել, վերականգնել, տրամադրել տերերին, բայց խոստումը չի կատարել: Այսինքն այդ մարդիկ արունքն աչքերին ապրում են»:

Անօթևանության խնդրի կարգավորումը

Անկախացումից մինչև մեր օրերը ՀՀ տնտեսական անկումը՝ բյուջեի սուղ միջոցները, կոռուպցիան: Սրանք հիմնական պատճառներն են վերը նշված հիմնախնդրի չկարգավորման:

Բնակարանաշինության ժամկետները խախտվում էին, իշխանությունները խոստանում էին ժամանակին կարգավորել հիմնախնդիրը, վերացնել Աղետի գոտի հասկացությունը, սակայն չէին կարգավորում:

2001 թվականին Աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարվեց 2003 թվականը: Վերջնաժամկետը հերթական անգամ խախտելով՝ 2003 թվականին որոշվեց այն 10 տարով հետաձգել՝ մինչև 2013 թվականը: Ս.Սարգսյանը 2013 թվականին Գյումրիում ելույթ ունենալով շեշտեց, թե գրեթե ամբողջությամբ ավարտել են Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, սակայն 2013-ին ևս անօթևանների հիմնախնդիրն հիմնովին չկարգավորվեց:

Այսպիսով, ՀՀ ոչ մի նախագահի օրոք հիմնախնդիրն ամբողջությամբ չկարգավորվեց:

 

Անահիտ Սիմոնյան