Շտապում ես հանդիպման, իսկ ավտոմեքենան հակառակի պես փչացել է: Ինքնուրույն մի երկու փորձ անելուց հետո, հեռախոսի մեջ սկսում ես փնտրել ծանոթ-ընկեր-բարեկամի համարները, զանգում ես… Չէ, թարս օր է. մեկը հիվանդ է, մյուսը շատ հեռու, երրորդն էլ չի պատասխանում զանգերին… Օրդ թարս չի գնա, առավել ևս՝ ժամանակդ չես վատնի, եթե բջջային հեռախոսիդ մեջ ունես «Քո ընկերը ճանապարհին»՝ Car911 անվճար հավելվածը: Ինչպե՞ս: Կասենք…
Հարցազրույց Car911 ծրագրի ղեկավար, «Մանթաշով» գործարարների միության անդամ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:
— Վարդան, ծրագրի ստեղծման անհրաժեշտությունն ինչո՞վ էր պայմանավորված:
— Այն 11 հոգանոց թիմի աշխատանքի արդյունք է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պատասխանատու գործառույթը: Սա հավելված է, որը ավտոսպասարկման և հարակից ոլորտների ծառայությունները մեկ միասնական հարթակում է ներկայացնում՝ առաջացած խնդիրներն արագ լուծելու հնարավորությամբ:
— Այսինքն, ծրագիրը կապ է ստեղծում վարորդի և սպասարկող ծառայությունների միջև՞:
— Այո: Եվ ծրագիրը պատահական չի ստեղծվել: Հիմնադիրների մոտ պարբերաբար մեքենայի սպասարկման հետ կապված խնդիրներ էին առաջանում, ինչպես և բոլորի մոտ: Խնդիր էր առաջանում հարցի արագ լուծման և համապատասխան մարդկանց գտնելու: Գաղափարը մեկտեղելով՝ մեկ տարի է, ինչ հավելվածը ստեղծվել է, իսկ կարանտինի շրջանում ակտիվ մշակման փուլում էր: Թիմն էնտուզիազմով էր լցված, ունենք մեկ միասնական նպատակ, և խանգարող հանգամանք չկար, ազատ ժամանակ էր ստեղծվել, որպեսզի հավելվածը կատարելագործեինք:
— Որպես ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, սա Ձեր թիմի առաջի՞ն պրոդուկտն է:
— Սա «Ռեստարտ գրուպ» ՍՊԸ-ի IT ոլորտում առաջին հեռախոսային հավելվածն է, սակայն այլ IT պրոյեկտներ կան, որոնք պիտի կյանքի կոչվեն: Հայաստանից դուրս Car911-ի նման հավելվածներ կան, որոնք ինչ-որ տեղային խնդիրներ լուծում են, բայց մերը միակն է, որ միասնական հարթակում կապում է վարորդին, ծառայություն մատուցող սպասարկման ոլորտի ընկերություններին: Այսինքն, ցանկացած վայրում գտնվելիս, մեքենայի սպասարկման անհրաժեշտության դեպքում, շատ կարճ ժամանակում ծառայություն է մատուցվում: Օրինակ, եթե վարորդը միջհամայնքային ճանապարհին է մնացել, այսուայնկողմ զանգելու փոխարեն, մենք առաջարկում ենք քաղաքակիրթ ձև. «Փլեյ մարքեթից» բեռնում են Car911 հավելվածը, ընտրում համապատասխան ծառայությունը, և մեր՝ մոտ 100 գործընկերներից համապատասխան ծառայություն մատուցողները հաղորդագրություն են ստանում, որ այսինչ վայրում կա այսպիսի ծառայության պահանջարկ: Ամենամոտ գտնվող էվակուատորները հաճախորդին իջեցնում են առաջարկները, և պատվերը ստանալուց քիչ ժամանակ անց իրականացնում ծառայությունը: Մի կարևոր հանգամանք նշեմ. վարորդի տվյալները պաշտպանված են, իսկ նույնպիսի ծառայություն մատուցող ընկերությունները մեկը մյուսի առաջարկները չեն տեսնում: Յուրաքանչյուր ծառայություն, որ մեր հավելվածում ավելանում է, դա արվում է նախօրոք վարորդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում, որպեսզի օպտիմալ տարբերակը լրացվի:
— Օգտվողները շա՞տ են:
— Շուրջ 11 հազար գրանցված օգտատեր ունենք Հայաստանում և Արցախում, օր օրի ավելանում են, հաջորդ քայլն է լինելու Չինաստանի շուկան: Եվ 100-ից ավել գործընկեր ունենք, որոնք տարատեսակ ծառայություններ են մատուցում:
— Կանա՞յք են ավելի շատ օգտվում Ձեր առաջարկած ծառայություններից… Որովհետև, այնուամենայնիվ, եթե տղամարդիկ փորձում են ինքնուրույն մեքենայի անսարքությունն ինչ—որ կերպ շտկել, կանայք՝ եզակի:
— Անցկացված հարցումների ժամանակ վարորդ կանանց 82%-ը նշել է, որ իրենք ունենում են խնդիր մոտակա սպասարկման ծառայությունը գտնելու, կամ մեքենայի դետալ պատվիրելու-գնելու հարցում: Այս ծրագիրը մեծ առավելություն է տալիս հատկապես կանանց՝ նյարդերը խնայելու և կաղապարված վերաբերմունքից պաշտպանված լինելու առումով: Ի դեպ, բացատրեմ նաև հետևյալը. շուկայում գնային տատանումները մեծ են, ասենք, սպասարկման ծառայությունը կամ մի դետալի արժեքն ավելի մեծ է, քան անհատ սուբյեկտի մոտ, և այս պարագայում, երբ մենք մշակում ենք ծրագիրը, փորձում ենք գնային տատանումները հասցնել մինիմումի:
— Եթե շահույթի տեսանկյունից դիտարկենք, ապա ինչպե՞ս է գնագոյացում առաջանում, երբ հավելվածն անվճար է… գովազդների հաշվի՞ն:
— Գործընկերների մատուցած ծառայություններից կամ վաճառած դետալներից տոկոս է գալիս: Կախված գործընկերոջ մատուցած ծառայություններից և որակից, այս պահին ֆիքսած տոկոսը կարող է նվազել մինչև 1%: Մենք մտադիր ենք հավելյալ ծառայություններ ևս ավելացնել. ապահովագրական, մեքենայի ձեռքբերում, վարորդական քննությունների մասով հերթագրումներ, հարակից այլ ոլորտներ նույնպես նախատեսում ենք ավելացնել, բայց հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներից հետո: Գործընկերների մասով մի բան էլ ավելացնեմ. այս ծրագրով, անկախ տարածքից, անկախ մատուցվող ծառայությունների քանակից, սա լավ հնարավորություն է՝ հաճախորդների հոսքը բարձրացնելու, բիզնեսն ընդլայնելու: Եվ բացի այս, կան, չէ՞, անհատներ, ովքեր հայտնի են իրենց տարածքում՝ որպես լավ «ավտո դզող-փչող», իրենք ևս կարող են հանդես գալ որպես գործընկեր, ինչի դեպքում, ըստ իրենց մասնագիտական որակի՝ հաճախորդերի թվի աճ կունենան. սա էլ ծրագրի տնտեսական ազդեցության դրական կողմն է: Նաև հարցումների արդյունքից գիտենք, որ մոտ 35% ժամանակի խնայողություն է ապահովում: Բացի այս, Հայաստանում գործող շուրջ 610 հազար տրանսպորտային միջոցների մոտ 80%-ը 11 տարի և ավել տարիք ունի, և մեքենայի անսարքությունների վերացման, դետալների ձեռքբերման վրա մեծ ժամանակ է ծախսվում: Իսկ մեր ծրագրով հաճախորդը կարող է պատվերից մեկ շաբաթ հետո դետալը գտնել, մեքենան կարող են շատ արագ վերանորոգել: Կարճ ժամանակում մեկ այլ նորույթ էլ ներմուծեցինք. մարդը չունի ժամանակ, բայց պատվեր իջեցնելով, համապատասխան շարժական ծառայությունը կժամանի նշված հասցե, մեքենան կլվանա, կմաքրի: