ՍՊՈՐՏ

Ֆուտբոլիստի օրագրից. ՀՈՒՄՈՐ

29 մարտի: Վերջապես ավարտվեց 6 ամիս տևած արձակուրդը: Հազիվ, այստեղից-այնտեղից ճարեցի մարզական հանդերձանք (շնորհակալությունս եմ հայտնում հարևանիս` բռնցքամարտիկ Արտյոմին` մարզահագուստ տրամադրելու համար) ու գնացի մարզադաշտ: Մարզիչս զարմացած էր. մյուսների համեմատ քաշս այնքան էլ շատ չէր ավելացել` ընդամենը 25 կիլոգրամով:

1 ապրիլի: Առաջին պարապմունքը տակտիկական էր: Մարզիչը թղթի վրա գծեց խաղադաշտի սխեման, բացատրեց, թե որ գիծն ինչ է նշանակում, հետո ցույց տվեց դարպասների տեղը:

2 ապրիլի: Առավոտյան, ժամը 6-ին պիտի կրոս վազեինք: Քնիցս արթնացա, ժամը 8-ն էր: Մտածեցի. «Մեկ է ուշացել եմ, էլ ինչ իմաստ ունի գնալ մարզումների»:

3 ապրիլի: Գնացի մարզադաշտ: Մարզիչը կատաղած էր: Պարզվեց, որ նախորդ օրը բոլոր տղաներն էլ քնել մնացել էին, ստիպված` մենակ էր վազել 10 կիլոմետրանմոց կրոսը: Մենք էլ նրանից նեղացանք, որ առանց մեզ, մենակ կրոս է վազել, հավաքեցինք շորերն ու գնացինք տուն:

7 ապրիլի: Երեկոյան մոտս ահավոր գլխացավ սկսվեց: Մարզումների ժամանակ փորձում էինք 50 մետրից գրավել դարպասը: Դա մարզչի նոր մտահղացումն էր` տուգանայինները հարվածել գլխով:

15 ապրիլի: Այսօր մեկնարկեց առաջնությունը: Ճիշտ է,  պարտվեցինք, բայց ես ինձանից շատ գոհ էի.  85-րդ րոպեին Գագոյին ճիշտ փոխանցում կատարեցի, դեղին քարտ չստացա, վնասվածք` նույնպես:

16 ապրիլի: Մարզիչը դժգոհ էր առաջին խաղից: Ասաց, որ մեր թույլ կողմը` գլխով խաղն էր: Հանձնարարեց գլխով դարպասին հարվածներ կատարել: Խեղճ Գագոն ոգևորված, գլխով էնքան հարվածեց դարպասաձողին, որ ստիպված «Շտապ օգնություն» կանչեցին:

22 ապրիլի: Այսօր առաջատարի հետ ոչ-ոքի խաղացինք` 3:3: Վեց գոլն էլ ես խփեցի: Մարզիչը գոհ էր, տղաները ցնծության մեջ էին, իսկ երկրպագուներն ինձ ձեռքերի վրա դուրս տարան մարզադաշտից: Որոշեցինք երեկոյան ռեստորանում մի լավ քեֆ կազմակերպել: Թիմի «սպոնսորը» խոստացավ հաշիվը փակել: Լավ կերանք-խմինք, բայց վերջում ամեն ինչ հարամ էղավ. «սպոնսորը» թռել էր: Ստիպված, փողի տեղը Մկոյի «Զապ»-ը թողեցինք:

3 մայիսի: Գնում էինք Ղափան` խաղի: Ճանապարհին, ավտոբուսի մեջ, «բլոտ» էինք խաղում: Պարտվեցի սպորտային հանդերձանքս: Ստիպված խաղադաշտ դուրս եկա կոստյումով և փողկապով: Նորից պարտվեցինք` այս անգամ 0:4 հաշվով: Խաղից հետո տղաները կշտամբեցին, թե նոր կոստյումով խաղալը լավ նշան չէ:

4 մայիսի: Հոգնած-ջարդված վերադարձա Ղափանից ու ի՜նչ տեսնեմ… զոքանչս էր եկել: Խնդրանք ուներ. կովերի համար խաղադաշտից մի քիչ խոտ բերեմ: Ստիպված խոստացա, թե չէ աղջկան դեմս կլարեր: Դա քիչ էր, աներս էլ նստարան է ուզում, որ տան պատի տակ դնի: Դա էլ կխոստանայի, բայց պահեստային խաղացողներին մեղքս տվեց. 90 րոպե ոտի վրա կմնային:

16 հունիսի: Նորից խաղի էինք: Այս անգամ լավ սկսեցինք, հենց առաջին րոպեին Մկոն միամիտ գոլ խփեց: Բայց Գագոյի քաչալ գլխի պատճառով 3 գոլ կերանք: Արևի ճառագայթները քաչալից անդրադառնում էին մեր դարպասապահի աչքերին: Ընդմիջմանը մարզիչը Գագոյի գլխին ցեխ քսեց, բայց դա էլ չօգնեց: Նորից  պարտություն` 1:5:

22 հուլիսի: Մարզիչը զայրացած էր, որ քաշս ավելացել է: Բա ի՞նչ անեմ, պահեստայինների նստարանին նստած միայն գարեջուր եմ խմում ու չիփս ուտում, ուրիշ զբաղմունք չունեմ:

3 օգոստոսի: Զանգեցին Բուրկինա Ֆասոյից, հրավիրեցին իրենց հավաքական: Հրաժարվեցի: Բացատրեցի, որ չեմ կարող թողնել հայրենիքս:

15 օգոստոսի: Խաղից առաջ չլսեցի մարզչի ցուցումները` քնել էի: Մի կերպ, քունը գլուխս խաղադաշտ մտա: Չգիտեի ինչ անել: Պարտվեցինք: Պարզվեց, որ ես չպետք է խաղայի, այլ հանդերձարանում պետք է տղաների շորերն հսկեի:

20 սեպտեմբերի: Առավոտյան թիմի ավագը` Համոն, ուրախ-ուրախ, վազելով իրեն գցեց հանդերձարան: Տրամադրությունը շատ բարձր էր: Ասաց, որ զանգել է հավաքականի մարզիչը և հրավիրել բելգիացիների հետ խաղին: Ասաց նաև, որ ոչ-ոքի խաղալու դեպքում խոստացել են բջջային հեռախոս, ֆիրմա շորեր, մեկ էլ` ինչ-որ երգ են սովորեցնելու` խաղից առաջ երգելու համար: Էս Համոն էլ իսկական ապուշ է. դեռ մտածում է` համաձայնվել, թե ոչ: Ես, օրինակ, կհամաձայնվեի` գոնե երգել կսովորեի:

23 սեպտեմբերի: Մարզումներից հետո տղաները հայտնեցին, թե Մոուրինյոն էր զանգել: Հրավիրում է «Մանչեսթերում» փոխարինել  Հենոյին: Ուրախացա, շտապեցի տուն` զոքանչիս աչքի լույս տալու: Բայց երեկոյան պարզվեց, որ դա թիմի բժշկի կատակն էր:

1 հոկտեմբերի: Երեկ Գագոն վերադարձավ Իտալիայից` գլուխն էր բուժել: Պատմեց, թե ինչպես է անցկացրել հանգիստը Հռոմում: Նախանձից տրաքվեցի. բախտի նայեք` արդեն 15 տարի է ֆոտբոլ եմ խաղում ու, հակառակի պես, ոչ մի վնասվածք չեմ ստացել, որ գոնե ինձ էլ Իտալիա տանեին:

15 հոկտեմբերի: Նորից պարտվեցինք` 0:7: Մարզիչը կատաղած էր: Գոռում էր, թե կարող էինք 0:4 հաշվով պարտվել:

26 հոկտեմբերի: Խաղի ժամանակ մարզիչը վազում էր դաշտի եզրով ու անեկդոտ պատմում: Ծիծաղից վայր ընկա: Մրցավարը «սիմուլյացիայի» համար դեղին քարտ ցույց տվեց:

3 նոյեմբերի: Հարկավոր է անգիր իմանալ մարզչի ասածները: Որոշեցի նրա խոսքերը գրանցել տետրում, ի՞նչ իմանաս, կարող է հետագայում պետք գա: Արդեն 3 տետր լրացրել եմ: Երեկոյան կարդացի. «Հիմար, անասուն, ապուշ, խաղալ չգիտես, տականք, գնդակին ոտքով են հարվածում, ո՞ւմ ես հարվածում` դա քո խաղընկերն է, դեբիլ ուշադիր եղիր, դա մեր դարպասն է… »:

15 նոյեմբերի: Մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրել էր 7 րոպե: Նրանից թույլտվություն վերցրի, որ շուտ թողնեմ խաղադաշտը: Շատ էի ուզում հեռուստացույցով «Մանչեսթերի» խաղը նայել:

29 նոյեմբերի: Առաջարկեցին նոր պայմանագիր. «Չխմել, չծխել, ժամանակին ներկայանալ մարզումներին»: Պատասխանեցի, թե կմտածեմ:

30 նոյեմբերի: Չէ, ժամանակն է թողնել պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Թող ջահելների ճանապարհը բացվի: