ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի ակադեմիայի դերն ու նշանակությունը

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան յուրատիպ ենթակառուցվածքային համալիր է, որը մարզվելու, հանգստանալու և պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հնարավորություններ է ստեղծել մեր թիմերի համար: Այստեղ մարզումներ են անցկացնում ոչ միայն Հայաստանի բարձրագույն ու առաջին խմբերում հանդես եկող «Շիրակ» և «Շիրակ-2» թիմերը, այլև տարբեր տարիքային ևս 6 թիմեր, որոնք պայքարում են հանրապետության պատանեկան առաջնության մրցանակների համար:

Ակադեմիան, որը գտնվում է «Շիրակ» ակումբի իրավասության տակ, կառուցվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի դրամական միջոցներով, որոնք ուղղորդել է Գյումրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ահա թե ինչպես գնահատեց ակադեմիայի հնարավորությունները «Շիրակի» մարզական տնօրեն, նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Արարատ Հարությունյանը.

— Եթե այս կառույցի հետ ինչ-որ մեկը պիտի կապ ունենա, դա միանշանակ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն է: Հատկապես երկրաշարժից հետո մեր մարզումային հնարավորությունները շատ սուղ էին, նույնիսկ մարզվելու տեղ չկար: Գյումրու քաղաքապետարանը ֆուտբոլի մարզադպրոցը հանձնեց «Շիրակ» ակումբի հաշվեկշռին, մինչև օրս դահլիճից օգտվում է ակումբը: Փառք Աստծո, ակադեմիայի շահագործումից հետո Հայաստանի ֆեդերացիան այն հանձնեց մեր ակումբին և, ունենալով արդեն լավ պայմաններ, մանկապատանեկան դպրոցը տեղափոխեցինք այստեղ, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր հանգամանք է ֆուտբոլի զարգացման համար:

Այստեղ յուրաքանչյուր օր տարբեր ժամերի մարզվում է 17 խումբ (360 սան)՝ 14 մարզիչների ղեկավարությամբ: Նպատակը մեկն է՝ պատրաստել բարձրակարգ կադրեր նախ «Շիրակ 2» ապա՝ «Շիրակ» թիմերի համար: Մարզչական կազմն ընտրված է այնպես, որ տարիների փորձն ու երիտասարդական նորամուծությունը ներդաշնակորեն նպաստեն դեռահաս ու պատանի ֆուտբոլիստների աճին: Իսկ սովորելու բան երիտասարդ մասնագետներն, իսկապես, ունեն ՀՀ վաստակավոր մարզիչներ Անդրանիկ Ադամյանից, Ժորա Բարսեղյանից, Աշոտ Պետրոսյանից, Միսակ Պավլեյանից, Գևորգ Ալեքսանյանից և մյուսներից:

«Շիրակ» ակումբի 6 թիմ մարզվում և պաշտոնական հանդիպումներն է անցկացնում Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Նրանք հանդես են գալիս Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան առաջնություններում: ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը, ում գլխավորությամբ 90-ականներին մեր քաղաքի վարպետ թիմը երեք անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը, կարևորելով այսպիսի թիմերի ներկայությունը, շեշտում է, որ հենց մանկապատանեկան ֆուտբոլն է հանդիսանում պրոֆեսիոնալ ակումբների հիմքը:

— Աշխարհի բոլոր լավագույն թիմերն ունեն իրենց դպրոցներն ու մանկապատանեկան թիմերը: Ուրիշ հարց է, որ կարող է իրենց ակադեմիաների սաներն անմիջապես չխաղան իրենց թիմերում, բայց, ամեն դեպքում, եթե ակումբը մանկապատանեկան թիմեր չունեցավ՝ չի գործի: Այսօր՝ հատկապես մեր քաղաքի ու մեր երկրի համար մանկապատանեկան ֆուտբոլը այս մարզաձևի հիմքն է:

Պատանի ֆուտբոլիստների առաջնահերթ դասը գնդակին ճիշտ հարվածելն ու ժամանակին փոխանցումներ կատարելն է: Թերություններ կան, որոնք հղկվում են յուրաքանչյուր պարապմունքի ընթացքում: Միաժամանակ պատանի ֆուտբոլիստների համար փորձառու մարզիչները կազմակերպում են տակտիկական դասընթացներ, որտեղ ուսումնասիրվում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի դիրքը խաղադաշտում:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ունի հրաշալի ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ երեք խաղադաշտ, որից մեկն արհեստական խոտածածկով է, բազմաթիվ կաբինետներ, հանդերձարաններ՝ կոմունալ-կենցաղային հարմարություններով, մերսման, դասընթացների և հանգստի սենյակներ: Մեր քաղաքի թե՛ մեծահասակների, թե՛ պատանեկան թիմերից միշտ էլ բարձր են պահանջները՝ պայքարել չեմպիոնական տիտղոսի ու մրցանակային տեղերի համար: Այդպիսին է ակումբի ղեկավարության պահանջը: Իսկ ակադեմիայի առկայությունն առավել դյուրին է դարձնում այդ պահանջի իրականացումը:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ