ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

159-րդ թատերաշրջանի «խելահեղ» մեկնարկը

«Folkastic» երաժշտական խմբի նվագակցությամբ,  ծափողջույնների ներքո՝ կարմիր գորգով արտիստներն ուղղվեցին թատրոն. Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսավորությամբ մեկնարկեց 159-րդ թատերաշրջանը։

Կրթելու, դաստիարակելու և  արարելու մասին է դարուկեսյա թատերական կյանքի ճանապարհը, որը մշտապես թարմ է պահում քաղաքի մշակութային զարկերակը։ Աճեմյանցիները, ագուցելով  արվեստն ու տաղանդը, բեմում ներկայացրել են բազմաժանր ու բարդ ստեղծագործություններ՝ բավարարելով քմահաճ հանդիսականի պահանջմունքները, որին այս անգամ էլ կարողացան  զարմացնել։

Պայմանավորված վերջին ժամանակների իրադարձություններով՝ խաղացանկում գերակշռում էին պատմական դրամաներն ու բարդ սյուժեներով ներկայացումները, բայց այս անգամ մոտեցումը այլ էր։ Տարիներ անց  մեկնարկային  առաջնախաղը լիրիկական  կատակերգությամբ  տրվեց։ Բեմին Նոել Քոուարդի  «Խելահեղ SEANCE» պիեսն էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսկերպ փորձ են անում թարմություն մտցնել և՛ խաղացանկում, և՛ հանդիսականի առօրյայում. «Այս անգամ փորձեցինք ավելի շատ սեր տալ հանդիսատեսին, խոսել սիրո մասին, ավելի շատ դրական էմոցիաներ փոխանցել։ Կարծում եմ՝ սա պետք է և պարտադիր,  որ հանդիսատեսը կտրվի առօրյա կյանքի հոգսերից»։

Ներկայացման երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն էլ գտնում է, որ սա ավելի շատ խոսք է խելահեղ կյանքի և ռիթմերի մասին, որոնց պակասը պիտի լրացվի. «Փոթորիկներով լեցուն կյանքի մասին է, որը մենք պիտի կարողանանք հարկ եղած դեպքում փոխանցել մեր կողակիցներին, մեզ շրջապատող մարդկանց, մեր սիրելիներին, որ նրանց կյանքն էլ լցվի փոթորիկներով»։

«Խելահեղ SEANCE»-ը  սիրո, հավատարմության, ամուսնական կյանքի զավեշտալի դեպքերի մասին է, որի կենտրոնում կինն է։ Կնոջ անսպառ սերը, խանդն ու խելահեղ ցանկությունները նույնսիկ մահից հետո են հետապնդում ամուսնուն։ Հենց սա է այն դիպվածը, որը գլխավոր հերոս Չարլզին ստիպում է հայտնվել կանացի բախումների և քաոսի կիզակետում։ Չարլզի դերում ՀՀ Վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն է, ում խոսքով բեմից ծիծաղի ու հումորի միջոցով փորձում են հանդիսականին փոխանցել պիեսի հիմնական միտքը. այն է՝ արժեվորել կյանքն ու մտերիմներին, սիրել ու գնահատել նրանց, քանի դեռ նրանք մեր կողքին են։

Էլվիրայի կերպարը մարմնավորող դերասանուհի Հասմիկ Սուվարյանի գունեղ ու խելահեղ խաղը առավել դինամիկ էր դարձրել ներկայացումը:

Մյուս դերերում հանդիսատեսին ներկայացել էին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Արկադի Ղարագուլյանը, Ադելինա Հարությունյանը, Լիլիթ Խառատյանը, Սոֆյա Սարգսյանն ու Սեդա Մկրտչյանը։

159-րդ թատերաշրջանում աճեմյանցիները 3 նոր առաջնախաղ կունենան, ևս 3 ներկայացմամբ էլ 2025-թ փետրվարին հանդես կգան Միացյալ Նահանգներում։

ՀԱՍՄԻԿ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի

 

Լուսանկարները՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից