Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Խաչատրյան, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, սոցիալական կայքերում հանրության չակերտավոր հատված, որը միշտ հանդես է գալիս «սաղ Լևոնն է մեղավոր» մոտեցմամբ, սկսեց հիշեցնել 1996թ. նախագահական ընտրություններին հետևող դեպքերը և համեմատությունների մեջ դնել 1996-ի ու 2008-ի միջև՝ պահանջելով մեղադրանք առաջադրել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր—Պետրոսյանի նկատմամբ: Իրավացիության հետ աղերս ունե՞ն այս դեպքերի միջև զուգահեռականներ տանելը:
— Ես իրավական վերլուծություններ կանեմ, իսկ սոցիալական ցանցի «մտահոգ» կողմը թող ինքը համեմատություններ անի: Նախ՝ եթե մարդը հարցադրում է անում, թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ նույն հոդվածով քրեական գործ չի հարուցվում, ինքն առնվազն պետք է կարդացած լինի 1996 թվականին գործող Սահմանադրությունը, առնվազն պետք է մատնանշի, թե Սահմանադրության որ նորմն է խախտվել ու, որ նորմի խախտման արդյունքում է տապալվել ՀՀ սահմանադրական կարգը: Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ են խոսում 1996-ի սահմանադրական կարգի տապալումից, որ անգամ Սահմանադրության վերնագիրը չեն կարդացել: Սա իրավաբանություն է և, եթե Ռ.Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում սահմանադրական կարգը տապալելու համար, սկսում ես վերլուծել. խախտե՞լ է Սահմանադրության 8.2 հոդվածը, 55-րդ հոդվածի 13-րդ կետը, 14-րդ կետը, թող բարի լինեն մատնանշեն 1996թ. Սահմանադրության այն նորմի վրա, որը խախտել է Լևոն Տեր-Պետրոսյանը` այս-այս կոնկրետ գործողությամբ:
Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ նմանատիպ պնդումներն ընդամենը մանիպուլյացիաներ են: Ի տարբերություն 2008 թվականի 10-օրյա բացառապես խաղաղ հանրահավաքների, երբ որևէ ապօրինություն, վարչական իրավախատում տեղի չի ունեցել, 1996 թվականի սեպտեմբերին ԱԺ շենքի մոտ հավաքված մարդիկ գրոհել են ԱԺ շենքը, ծեծի ու բռնության են ենթարկել պետության բարձրադիր պաշտոնատար անձանց, առևանգել են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի կյանքի և ազատության դիմաց պայմաններ են դրել Հանրապետության նախագահի առջև… Ակնհայտորեն, անմիջական վտանգ են սպառնացել ՀՀ սահմանադրական կարգին: Որից հետո, այն բոլոր դեպքերը, որ ես նշեցի, այդ թվում նաև առևանգումը, պայմաններ դնելը, և այլն, այս դեպքերից հետո որոշում է կայացվել ուժային կառույցների միջամտության, բայց ՈՉ ԹԵ ԲԱՆԱԿԻ… Որևէ անձ չի վիրավորվել, առավել ևս չի սպանվել այդ ուժային գործողությունների արդյունքում: Ասեմ ավելին, այս դեպքերից հետո որևէ անձ ազատազրկման չի դատապարտվել, եղել են ձերբակալված, կալանավորված անձինք, բայց 1996-ի՝ ԱԺ շենքը գրոհելու, գրավելու, պաշտոնատար անձանց ծեծի ենթարկելու, առևանգելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, իսկ այդ հանցագործությունը անհրաժեշտ չի, որպեսզի ավարտին հասցվեր, սա այն հանցագործությունն է, որ առաջին քայլն եթե արվել է, արդեն իսկ հանցագործությունն ավարտված է… Որևէ մեկը չի դատապարտվել այս հանցագործություններն իրականացնելու համար: Եվ հիմա ես եմ հարցնում. արդյո՞ք նույնական էին 1996-ի և 2008-ի դեպքերը՝ համեմատության մեջ… Ոչ, որևէ նմանություն, զուգահեռներ չկան:1996-ին իշխանությունը գործել է երկրի սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգը չեզոքացնելու մտադրությամբ և գործողություններով, իսկ 2008 թվականին իշխանությունը՝ սահմանադրական կարգը տապալելու, այդ թվում նաև միջամտելով Սահմանադրական դատարանի ակնկալվող որոշման վրա, խաղաղ ցուցարարների վրա կրակելով, կազմակերպելով սպանդ քաղաքի կենտրոնում, այդպիսով հնարավորություն ստեղծելով երկրի գործող նախագահի թիմակից վարչապետին ամեն գնով իշխանության հասնելը:
— Հաջորդ հարցս չի տարբերվելու առաջինից, ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այն մարդիկ, ովքեր «ջանասիրությամբ» համեմատականներ են տանում 1996-ի ու 2008-ի միջև, այսպես ասած՝ ուզում են, որ առաջին նախագահի նկատմամբ որևէ քրեական հոդված առաջադրվի, հիմքեր են փնտրում, վերացական, առանց փաստերի հիմնավորումներ բերում: Ի վերջո, իրենք հո ճշմարտությունը լա՞վ գիտեն, տարբերությունը հո լա՞վ գիտեն: Այդուամենայնիվ, իրենց ուզածն ի՞նչ է, վրեժի անհագ ծարավի բավարարում Լևոն Տեր—Պետրոսյանի՞ց…
— Չասեմ վրիժառություն… Իսկապես կան մի քանի խմբեր, կան մարդիկ, որ ընկել են վերջին 20 տարի և ավելի այդ մանիպուլյատիվ քարոզչության հոսքի տակ՝ առանց ուսումնասիրելու, առանց խորքն ըմբռնելու: Կա մի խումբ էլ, որ մանիպուլացնում է հասարակությանը, սնունդ է տալիս այդ քարոզչությանը, օրինակ՝ Վազգեն Մանուկյանի թիմակիցները, դաշնակցական, քոչարյանական քարոզչությունը, իրենք կազմակերպում են այն գիծը Լ.Տեր-Պետրոսյանի դեմ, նպատակ ունենալով, որպեսզի՝
ա) շեղեն հասարակությանը Ռ.Քոչարյանի թեմայից,
բ) որպեսզի ցույց տան, թե իբր Ռ.Քոչարյանը հաջորդել է ավելի հանցավոր իշխանության, որ այդ հանցավոր գործունեությունը, սկզբունքները և այլն Ռոբերտ Քոչարյանը չի եղել դրա հիմնադիրը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչպես ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը, սա մանկապարտեզային մակարդակի մտածողություն է: Ես կարծում եմ, որ ստեղծված նոր իրողությունների պայմաններում հնարավորություն կունենանք նաև քարոզչական կեղծիքը կոտրելու: Տեսեք՝ ՀՔԾ պետը Հանրայինով հիշատակեց «Վիքիլիքսով» գաղտնազերծված հայտարարությունները, սա հո նոր ի հայտ չեկա՞վ, այդ մասին մենք խոսում էինք 2008-ից, բայց անցած ժամանակահատվածում այդքան լրջությամբ ու խորությամբ նման փաստերը չէին ընկալվում…
— Դե, կարծում եմ իշխանության քաղաքական կամքի բացակայությունն էր պատճառը, և նաև մանիպուլատիվ քարոզչությունը, որ դրանց բանի տեղ չէին դնում այն խորությամբ, որքան պահանջվում էր:
— Թեկուզ 0038 հրամանի քաղվածքը, որի մասին Ձեզ տված իմ նախորդ հարցազրույցի ժամանակ խոսեցինք, ինչպես նաև այլ լրատվամիջոցներին տված բազմաթիվ հարցազրույցների ժամանակ եմ ասել, որը դեռ 2008 թվականին էր այդ հրամանագրի քաղվածքը հայտնի դարձել, սակայն որևէ իրավական գնահատական չէր ստացել և որևէ գործընթաց չէր սկսվել: Իշխող, ռեպրեսիվ ռեժիմի պայմաններում մարդիկ միգուցե հասկանում էին, թե ինչն ինչից հետո է, սակայն… Հիմա լրիվ իրավիճակը փոխվել է: Մի քանի օր առաջ Վահե Գրիգորյանն էլ մի փաստի մասին խոսեց «Ազատություն» ռադիոկայանի հետ, որի մասին մենք վաղուց արտահայտել էինք մեր կարծիքը: Այն նույն սուտ ու թյուր տեղեկություններով սնված աղբյուրն է, թե իբր մարտի 1-ի դեպքերից հետո Տեր-Պետրոսյանը լքել է հանրահավաքը, ժողովրդին թողել է… Վահե Գրիգորյանը հստակ փաստեց, որ Տեր-Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է ձերբակալություն, որը շարունակվել է մինչև մարտի 16-ը:
— Տնային կալանքի մասի՞ն է խոսքը:
— Այո: Թվում էր, թե այդքան ասելուց հետո, հասարակական գիտակցությունը պետք է ընդունած լիներ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանն օրեր շարունակ գտնվել է, ըստ էության, ձերբակալված վիճակում: Բայց օրեր առաջ Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո լինում են մարդիկ, ովքեր մի հազար անգամ ինձանից լսել էին այդ մասին, սակայն նոր միայն զարմացած ինձ ասում են, թե դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ առաջին նախագահը 16 օր ձերբակալված է եղել ու հնարավորություն չի ունեցել դուրս գալ փողոց: Փաստորեն, այս նոր իրավիճակում, նոր իրողություններում ակնհայտ փաստերը վերագնահատվում են, վերաարժեվորվում: Գտնում եմ, որ շուտով մեր հասարակությունը լիարժեք կհամոզվի, որ 1996-ի ու 2008-ի դեպքերի և իրողությունների միջև ոչ մի զուգահեռ չկա:
— Դուք նշեցիք ա) և բ) կետեր, ես դրան կավելացնեմ նաև գ) կետը՝ վախը: Հասարակությունը նախկինների ռեպրեսիվ ռեժիմի պարագայում անգամ բացահայտին կասկածում էին:
— Ես մի սկզբունք ունեմ որդեգրած. ժողովրդի, հասարակության մասին խոսել նուրբ ձևակերպումներով, չարտահայտվել ընդհանրական ձևակերպումներով. ժողովուրդը կաշառվել է, ժողովուրդը չի հասկանում, վախենում է… Այդ տարիներին և մինչ երեք ամիս առաջը կարելի է ասել, հասարակական այնպիսի մթնոլորտ էր ձևավորված եղել, որ որոշ թեմաներ կամ չեն ընկալվել, կամ չեն ուզեցել ընկալել, կամ այնպես չեն ընկալել, ինչպես ճշմարտությունն է: Ու դրա համար ևս մեկ անգամ պետք է կրկնվեմ, որ մթնոլորտը փոխվել է, և տեղեկություններն ավելի ճիշտ են ընկալում:
— Եվ դրա համար էլ Ձեզ հետ զրույցով ուզեցի լույս սփռել հասարակության այն հատվածի համար, որն անտեղյակության պատճառով, գուցե քոչարյանասերժական փիարների ազդեցության, այն ժամանակվա Հանրային առաջին ալիքի ազդեցության «զոհերն» են եղել: Եվ այսօր էլ սոցիալական ցանցերը, որոնք նույնպես ազդեցության մեծ ներուժ ունեն մարդկանց գիտակցության վրա, երբ մեկին՝ անզգույշ արտահայտած մտքի համար, պատկերավոր ասած, կարող են ոչնչացնել, իսկ մյուսին՝ ընդամենը սրամիտ ստատուսներ գրելու համար աստվածացնել, այդ իսկ պատճառով պետք է խոսել իրականությունից, ճշմարտությունից այնքան, մինչև հասկանալի լինի, որ ճշմարտությունից ու արդարությունից վեր միայն Աստվածն է:
— Շարունակելով Ձեր միտքը՝ տարբերությունը այն է, որ, եթե մի ժամանակ գլխավոր դատախազի գործունեությունը հիմնված էր սև փիարի վրա, այսօր արդեն՝ արդարադատության, իրավապահների գործունեությունը հիմնված է արդարադատության, իրավունքի գերակայության, օրենքի հավասարության սկզբունքի վրա: Մի ժամանակ Մարտի 1-ի պաշտպանական խումբը շատ հզոր էր իր փաստարկների մեջ, իր մտքերի մեջ, պինդ էր, ամուր էր, բայց գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը խղճուկ էր, և ի ուրախություն մեզ, ուզում եմ նշել, որ այսօր լրիվ հակառակն է, իրավապահ համակարգը պահում է օրենքը, կարգը, իրավունքը:
— Այսինքն, որ ուզում էինք օրենքի երկիր ունենալ, սա հենց այդ է:
— Ես կասեի, իրավունքի երկիր: Մենք այսօր գնում ենք այդ ճանապարհով: Որքան էլ ուզենան Ռ.Քոչարյանի պաշտպանության համար մանր մունր բաներ գտնել, այնուամենայնիվ, կարծում եմ, այս անգամ իրավական համակարգում իրավունքի վերելք ենք տեսնելու: