ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

22 տարի անց

[vc_row][vc_column][vc_column_text]

1975 թվականի սեպտեմբերին երջանկահիշատակ Վլադիմիր Վորոշիլովը «աշխարհ բերեց» իր հրաշամանուկին ու անունը դրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: Խորհրդային տարիներին շատ-շատերը՝ նույնիսկ ինտելեկտով առանձնապես աչքի չընկնողները, մեծագույն հաճույքով էին դիտում այդ հեռուստախաղը, որը և՛ խաղ էր, և՛ ներկայացում, և՛ շոու, և՛ դետեկտիվ, և՛ դրամա:  1990 թվականին Վորոշիլովը հասկանալով, որ ինտելեկտուալների շարժումը կարիք ունի ընդլայնվելու, հնարեց իր երկրորդ «զավակին» ու անունը դրեց «Բրեյն-ռինգ», ինչը կարելի է թարգմանել որպես «Ուղեղամարտ»: Հենց այդ «Ուղեղամարտի» մոսկովյան եզրափակիչ մրցաշարում Գյումրիի «Արամազդ» ակումբի սաները 1994, 1995 թթ. դարձան փոխչեմպիոն և 1995-ին՝ ԱՊՀ չեմպիոն: Ի դեպ, դրանից հետո «արամազդցիները» ևս երկու անգամ կարողացան նվաճել փոխչեմպիոնի կոչումը: Այդ՝ 1995 թվականի «պատմական» հաղթանակի առիթով, «Շրջապատը» խմբագրություն հրավիրեց իր լավ ընկերոջը՝ Աշոտ Գոմցյանին, ով այդ տարիներին ղեկավարում էր «Արամազդ» ինտելեկտուալ խաղերի ակումբը ու, կարելի է ասել՝ Գյումրիի պատանի գիտակների այդ փայլուն հաջողությունների հեղինակն ու համահեղինակն է:

 

ՆԱԽԱԲԱՆ

Աշոտ, և այսպես, 1995թ., Մոսկվա, սեպտեմբեր, «Բրեյն ռինգ» հեռուստախաղ

— Շտապում ես, եղբայր: «Եվ այսպես»-ով ուզում ես հենց սկզբից «կլորացնել» հարցազրույցը, որևէ տե՞ղ ես շտապում (մեր վաղեմի ընկերությունը թույլ է տալիս նման մտերմավարի վերաբերմունք,-հեղ.):

Այո, պարզապես շտապում եմ լսել այն մասին՝ ինչպես ջախջախելով բոլորին, «Արամազդը» դարձավ չեմպիոն:

— Համբերիր, ամենաուժեղի դերը ստանձնելու համար մենք մի քանի տարի քրտինք ենք թափել…

Քանի՞ տարի:

— Մի հատ էլ հարցրու՝ քանի կիլո (քրտինք): Էս ինչ կոնկրետ հարցեր ես տալիս: Չի՞ լինի՝ պատմեմ այն ամենը, ինչ հետաքրքիր է ընթերցողին, իսկ մնացածը՝ քեզ, հետո՝ առանձին:

Վատ չի սկսվում մեր հարցազրույցը:

— Ի՞նչ է, արդեն սկսվե՞լ է հարցազրույցը, ես դեռ բան չեմ ասել:

Լավ, այլ կերպ հարցնեմ. ե՞րբ և ինչպե՞ս հիմքը դրվեց ձեր՝ ավելի ճիշտ, գյումրեցիներիս ու հայաստանցիներիս համար «պատմական» հաղթանակի:

— Այ, սա ուրիշ բա՜ն: Ինչքան հասկացա, այլևս չես շտապում ու պատրաստ ես լսելու ողջ «դառը» ճշմարտությունը:

Այո, դժվար է, ինչ խոսք, զինվենք համբերությամբ

 

ԻՆՉԻՑ ՍԿՍՎԵՑ

— Առաջին անգամ հայկական թիմը «Բրեյն-ռինգ» հեռուստախաղին մասնակցեց 1992 թվականին. դա Գյումրիի «Նոյ» ակումբի հավաքականն էր: Ցավոք, առաջին փորձը կուտ գնաց: Մենք պարտվեցինք միջակ մի թիմի ու դուրս մնացինք պայքարից: Դա հատկապես ծանր նստեց ինձ վրա՝ որպես թիմի ավագի:

Ի՞նչ է, փորձը չհերիքե՞ց:

— Ոչ, ես ունեի 3.5, մի քանիսը՝ 4-4.5 տարվա, ամենաերիտասարդը՝ Գայանեն, մոտ 2 տարվա փորձ: Բայց պետք չէ փորձի պակասով արդարացնել մեր ձախողումը: Ուղղակի մենք տարբեր հայեցակարգեր ունեինք ինտելեկտուալ խաղերի վերաբերյալ: Ես հասկանում էի, որ հաջողությունների հասնելու համար պետք է գործը դնել պրոֆեսիոնալ «ռելսերի» վրա՝ ավելի շատ պարապել, նոր մոտեցումներ ցուցաբերել:

Եվ հիմնեցիր «Արամազդ» կենտրոնը:

— Այո, ստեղծեցի, բայց մի որոշ ժամանակ… մարդ չէր գալիս:

Այսի՞նքն

— «Արամազդ» հաճախող չկար, ուղղակի պետք էր ցույց տալ «Արամազդի» ճանապարհը, փնտրել, գտնել, միավորել:

Եվ դու Դիոգենեսի օրինակով՝ օրը ցերեկով, ջահը ձեռքիդ, դռնեդուռ ընկած, սկսեցիր փնտրել:

— Չհասցրեցի: Էն է, որոշել էի ջահս կպցնել ու դուրս գալ Գյումրիի փոշոտ փողոցները, մեկ էլ պատահական (տիեզերքում պատահական բան չկա, մեր ուղեղներում է միայն բույն դրել այդ հասկացությունը) հանդիպեցի հատուկ՝ մենեջերների դպրոցի պատանեկան թիմի ավագ Արտակ Զաքարյանին: Զրուցեցինք: Պարզվեց՝ իրենց թիմն էլ ցանկություն ունի լուրջ պարապել: Առաջարկեցի միավորվել: Այդպես սկսվեց «Արամազդի» պատմությունը՝ 1992-ի մայիսին:

Եվ ի՞նչ, բոլորը միանգամից հավատացի՞ն քո հայեցակարգին ու նվիրվեցի՞ն:

— Միանգամից՝ ոչ: Կար որոշակի թերահավատություն: Սակայն ես անում էի ամեն ինչ, որպեսզի պարապմունքները բովանդակալից  ու էֆեկտիվ ընթանան: Իրենք էլ հետզհետե ներքաշվեցին պրոցեսի մեջ: Սարեր չէի կարող խոստանալ, սակայն նպատակը հստակ էր՝ դառնալ չեմպիոն և ցանկալի է՝ երկու տարում: Պարզ էր, որ Հայաստանում մեր թիմն իր տարեկիցների շրջանում հավասարը չուներ, պետք էր ծանրակշիռ խոսք ասել միջազգային արենայում…

Կներես, ընդհատեմ, ինչպե՞ս էիք անցկացնում պարապմունքները: Կարծում եմ, ընթերցողին հետաքրքիր է ծանոթանալ ինտելեկտի ներուժը ավելացնող մեթոդներին: Կամ, միգուցե, կան հատուկ վարժություննե՞ր:

— Ինձ հաճախ են այդ հարցը տալիս: Հիմնականում պատասխանում եմ. եկեք պարապմունքի ու ամեն ինչ կտեսնեք, կհասկանաք:

Այդուհանդերձ

 

ԴԻՍՊԵՏՉԵՐ, ԳԵՆԵՐԱՏՈՐ, ԼՌԱԿՅԱՑ…

— Նախ, պետք է հասկանալ. ով՝ որ ամպլուային է համապատասխանում…

Ինչպես ֆուտբոլո՞ւմ:

— Այո, ինչպես խաղային բոլոր մարզաձևերում:

Այսինքն՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում կա keeper (դարպասապահ), back (պաշտպան), winger (եզրային հարձակվող)…

— Հասկացանք, որ ֆուտբոլից լավ ես, բայց մեր եզրույթները փոքր-ինչ տարբեր են. քննադատ ու խորագիտակ (համապատասխանում էին Սուրեն Մանուկյանն ու Խորեն Մամիկոնյանը), մեծն լռակյաց (Արմեն Մկրտչյան), առաջատար (Շանթ Գրիգորյան), գեներատոր (Արա Աղուզումցյան): Կա նաև դիսպետչերի «պաշտոն»: Պետք է ասել, որ ինչպես և ֆուտբոլում, մեր խաղում հատկապես գնահատվում են ունիվերսալ գիտակները, ովքեր տիրապետում են 2-3 «մասնագիտության»: Մերոնք բոլորն այդպիսին էին:

Դու նշեցիր չեմպիոնների անունները:

— Այո, բացի նշվածներից հետագայում թիմը համալրեց Արմինե Աթոյանը, իսկ վերջին վայրկյանին՝ երևանցիներ Ռուբիկ Մուրադյանը և Դավիթ Գրիգորյանը:

1995թ.: Ձախից աջ նստած՝ Աթոյան Արմինե, Գրիգորյան Շանթ, Մանուկյան Սուրեն, Մամիկոնյան Խորեն: Կանգնած՝ Մկրտչյան Արմեն, Գրիգորյան Դավիթ, Աղուզումցյան Արա, Մուրադյան Ռուբիկ: Կենտրոնում՝ թիմի մարզիչ` Գոմցյան Աշոտ:

 

2015թ.: Ձախից աջ նստած՝ Աթոյան Արմինե, Գրիգորյան Շանթ, Մանուկյան Սուրեն, Մամիկոնյան Խորեն, Մուրադյան Ռուբիկ, Մկրտչյան Արմեն: Կանգնած՝ Գոմցյան Աշոտ, Գոռ Վարդանյան (Արամազդի» կրտսեր սերնդի ներկայացուցիչ):

Ամպլուաները հետաքրքիր են, շարունակիր:

— Ամպլուաները որոշելուց հետո սկսվում է բուն թիմ կառուցելու գործընթացը՝ թիմային ոգի, համագործակցություն, հղկում: Նախ՝ անհրաժեշտ է յուրաքանչյուրին ներարկել գաղափարը՝ որ ինքը ոչնչով չի զիջում այդ պահին ԱՊՀ չեմպիոնին, ասենք, Պետերբուրգի կամ Մոսկվայի որևէ գիտակի: Սակայն, ճիշտ է, չի զիջում, բայց, այնուհանդերձ, չեմպիոնն ինքը չէ: Ուրեմն՝ կան խանգարող բաներ, որ թույլ չեն տալիս փոխել դերերը: Իսկ այդ խանգարող բաները վերացնելու համար հարկավոր է կատարել ուսուցչի առաջադրանքները: Այս պարզ մոդելը հաջողվեց հեշտությամբ կյանքի կոչել, մանավանդ՝ բոլոը մեծ ներուժի տեր էին, լավ իմաստով ամբիցիոզ (թասիբով) ու ահավոր աշխատասեր:

Որքան գիտեմ «Արամազդի» սաներից մեկը՝ անունը չեմ հիշում, ԱՊՀ չեմպիոն է դարձել ավելի շուտ՝ 1993 թվականին:

— Խոսքն Աբգարյան Լուսինեի մասին է: Նա Գյումրի էր տեղափոխվել Տաշքենդից: Հայերեն խոսում էր, բայց գրել-կարդալուց լավ չէր: Ես որոշեցի էքսպերիմենտ անցկացնել: Միշտ ամոթանք էի տալիս, իբր՝ ի՞նչ հայ ես, լեզուդ չգիտես, հայոց պատմության մասին վեպերը չես կարող բնագրով կարդալ և այլն, և այլն: «Խայթոցներս» հեչ նրա սրտովը չէին, սակայն ինձ արդյունքն էր հետաքրքիր, ոչ ընթացքը: Մի օր էլ, երբ քննադատության չափը լրիվ անցել էի, Լուսինեն հանդիմանեց. «Այ, կտեսնեք, «Սամվելը» կկարդամ հայերեն»: Այնքան էլ չհավատացի, մտածեցի՝ ուղղակի ուզեց ինձանից պրծնել: Մի 2-3 շաբաթ հանգիստ թողեցի, հետո հիշեցրի. «Լուսինե ջան, բա ասում էիր «Սամվելը» պիտի կարդա՜ս»: «Այո, կարդացել եմ»: Չհավատացի: Հարցեր տվեցի՝ պատասխանեց: Հետո հարցրեցի՝ ի՞նչ է նշանակում «աշտե» (կարճ նիզակ), ատրուշան (կրակապաշտների պաշտամունքի տեղ), «նկանակ» (բլիթ, մեղրաբլիթ): Սրանք բառեր էին, որ վեպի ռուսերեն թարգմանությունը կարդացողը ոչ մի կերպ չէր կարող տեսած լինել: Լուսինեն հստակ բացատրությունն էր տալիս: Ես ընդունեցի պարտությունս, բայց նաև տոնեցի հաղթանակս՝ գիտափորձի արդյունքում Լուսինեն բավականին կարճ հատվածում յուրացրեց իր մայրենին:

Ինչպե՞ս եղավ, որ նա առանց «Արամազդի» դարձավ չեմպիոն:

— Այդ՝ 93 թվականի միապաղաղ ընթացք ունեցող առաջնությունն աշխուժացնելու նպատակով, հաղորդավարը՝ Անդրեյ Կոզլովը, բոլորից գաղտնի հավաքական էր կազմել, որին անակնկալ կերպով եզրափակիչում կանչեց բեմահարթակ: Ցավով պետք է նշեմ, որ մենք հանդես էինք գալիս մեծահասակների մրցաշարում, ինչն իմ կողմից սխալ որոշում էր: Եթե ես հրաժարվեի իմ ամբիցիաներից, պատմության անիվը փոքր-ինչ այլ կերպ կգլորվեր: Սխալս ուղղեցի ավելի ուշ, մի տարի անց: Ու արդյունքը սպասեցնել չտվեց:

Լավ, ես էլ եմ ներում սխալդ, ի՞նչ եղավ Լուսինեն:

— Բոլորիս համար անսպասելի, Կոզլովը հանկարծ հայտարարեց. «Ռինգ եմ հրավիրում Աբգարյան Լուսինեին՝ «Արամազդ» ակումբ, Գյումրի»: Եվ այդ հում հավաքականը պարզապես ջախջախեց եզրափակչի բոլոր մասնակիցներին ու դարձավ հաղթող: Լուսինեն ճանաչվեց մրցաշարի և եզրափակիչ փուլի լավագույն խաղացող: Հաջորդ տարի, «Արամազդն»՝ արդեն առանց Լուսինեի, Մուրոմ քաղաքում հաղթեց բավականին ներկայացուցչական մրցաշարում ու այդտեղից թիմը մեկնեց Մոսկվա՝ չեմպիոնական երազանքներն իրականացնելու: Ցավոք, հաջող հանդես գալով սկզբնամասում և հասնելով եզրափակիչ, վերջում չկարողացանք պահպանել տեմպն ու բավարարվեցինք փոխչեմպիոնի տիտղոսով: Իմ կարծիքով, փոքր-ինչ խառնվեց նաև քաղաքականությունը. եզրափակիչ փուլ էին անցել նաև ադրբեջանցիները և, բնականաբար, մենք չպետք է հանդիպեինք: Կազմակերպիչներն այնպես արեցին, որ չհանդիպենք: Եվ ոչ մենք, ոչ էլ նրանք չեմպիոն չդարձան:

Մեր համեմատական անհաջողությունից (թեև փոխչեմպիոնը ծանրակշիռ տիտղոս է) հետևություններ արեցինք, որ, ուրեմն, դեռ ամենաուժեղը չենք և անհրաժեշտ է ավելացնել ջանքն ու եռանդը:

— Աշոտ, վերադառնանք 1992-94թթ. ժամանակահատվածը: Խոսեցինք պարապմունքներից, բայց որտե՞ղ էիք անցկացնում, խոսեցինք միջազգային մրցաշարերից, բայց այդ հեռավոր ուղևորություններն ովքե՞ր էին հովանավորում:

— Ես տնակ ունեի, որը դարձրել էի աշխատասենյակ, գրադարան, որտեղ և հավաքվում էինք: Ամռանը հեշտ էր, սակայն ցրտերը սկսվելուն պես գործը դժվարանում էր: Վառարան տեղադրեցինք ու սահմանեցինք հերթապահություն՝ ով, որ օրն է վառելիք բերելու: Լինում էր՝ մեր տանն էինք պարապում, լինում էր՝ երեխաներից մեկի: Ահա այսպես:

— Եվ, ձեր պարապմունքը տևում էր 1 ժամ, 2 ժամ…

— Նվազագույնը՝ 3.5-4 ժամ, ստացվում էր նաև մինչև 7 ժամ: Երեխաներն անհագուրդ գազանների պես կլանում էին գիտելիքները: Աշխատում էին և տանը՝ թեստեր, հարցեր պատրաստում: Օրենք էի սահմանել. ոչ մեկը «դատարկ» չպիտի գար: Եթե չուներ կազմած խաղեր, ապա գոնե մի 20 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հարց պետք է բերեր: Բնական է, որ յուրաքանչյուրը «զինված» էր գալիս, չհաշված իմ անսպառ պաշարը: Նյութերի մի մասը մնում էին չխաղարկված, ինչն առաջացնում էր սաներիս դժգոհությունը: Սակայն նրանց ծնողների դժգոհությունն առաջացնում էր այլ բան. պարապմունքների երկարատևությունը: Բոլորը բուհի դիմորդ էին և հասկանալի էր ծնողների անհանգստությունը:

— Լավ, դա պարզեցինք, իսկ արտագնա մրցաշարե՞րը, Տուլա և այլն…

— Դու, փաստորեն, «պատմության անիվը» ետ պտտեցրիր մինչև 1992 թվականի աշուն: Ուրեմն, առաջին փորձությունը կայացավ Տուլայում՝ թիմին անհրաժեշտ էր մրցաշարային փորձ: Գյումրու քաղաքապետ Կառլեն Համբարձումյանի աջակցությամբ, մեծագույն ջանքերի շնորհիվ, մեկնեցինք Տուլա: Զաքարյան Արտակի հայրը, ցավոք, թույլ չտվեց որդուն միանալ մեզ, համարելով նախ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը լուրջ գործ չէ, երկրորդ՝ որ այդ զբաղմունքը կխանգարի բուհ ընդունվելուն: Բայց ստացվեց ճիշտ հակառակը: Արտակը, ի տարբերություն իր թիմակիցների, չընդունվեց ու այլևս չհաճախեց «Արամազդ»: Դե, իսկ մեր խաղի լրջության մասին խոսելն ավելորդ է:

— Ի՞նչ եղավ Տուլայում:

— Ընդհանուր առմամբ, ես գոհ մնացի: Առաջին իսկ փորձից 6 ուժեղագույնների ցուցակում հայտնվելը հուսադրող արդյունք էր: Չնայած դրան, մաքսիմալիստ սաներս համարեցին, որ վատ են հանդես եկել: Արան նույնիսկ ջղայնությունից լաց էր լինում: Ես մարտական պայմաններում թրծեցի թիմը, գնահատեցի իրողությունը, որոշ կադրային ու կառուցվածքային փոփոխություններ կատարեցի ու եզրակացրի, որ մեր բռնած ուղին ճիշտ է:

— Ուրիշ ի՞նչ մրցաշարերի մասնակցեցիք: Եվ, բացի քաղաքապետից, ովքե՞ր կանգնեցին ձեր թիկունքին:

— Մեր թիմի ակտիվ աջակիցներից էին «Շիրակինվեստ» բանկի կառավարիչ՝ երջանկահիշատակ Հովիկ Գրիգորյանը, Գոռ Կարապետյանը, Համբարձում Ղուկասյանը, Լևոն Ադամյանը: Իսկ 1994-ին ունեինք գլխավոր հովանավոր՝ Երևանի «Սիփան-2» ընկերությունը: 1995-ին օգնել են «Երևան- ավիա», «Ատտիս» ավիաընկերությունները, որոնք անվճար տոմսեր են տրամադրել մեզ: Պետք է հատուկ նշեմ, որ այդ ընթացքում «Արամազդին» իր «թևի տակ» վերցրեց Ալբերտ Գրիգորյանը՝ Պիոներ պալատի տնօրենը: Այդտեղ տեղափոխվելը մեծապես նպաստեց աշխատանքի կանոնակարգմանը, ազատեց բազմաթիվ հոգսերից: Եվ, վերջապես, Մոսկվայում միանվագ օգնություն ցուցաբերեց Չերքիզովի մսամթերքի կոմբինատը (բնամթերքի տեսքով): Բոլորին շնորհակալություն:

— Ժամանակի անիվը նորից պտտենք ու մտնենք ավարտական փուլ: 1994-ին փոխչեմպիոն դառնալուց հետո, ձեզ մնաց նվաճել գլխավոր գագաթը:

— Նախ ասեմ. իմ ռազմավարական սխալների պատճառով (ինչի մասին նշել եմ վերևում) մեր պատանի թիմին կարող էին թույլ չտալ մասնակցել հեռուստախաղին: Բանն այն է, որ պատանեկան թիմը չէր մասնակցում ընտրական մրցաշարին (հայտավորված էր մեծահասակների մրցաշարում) և ես ստիպված մեկնեցի Մոսկվա՝ բանակցությունների: Կոզլովն ու Ստեցենկոն՝ դժվարությամբ, բայց ըմբռնեցին ու գնացին ընդառաջ՝ հա՛մ ուժեղ թիմ էինք, հա՛մ արկածախնդիր, հա՛մ նվիրված, հա՛մ էլ արտաքինից հաճելի: Այս ամբողջը հաշվի առնելով, «Արամազդին» թույլ տվեցին շրջանցել ընտրափուլը ու միանգամից մասնակցել եզրափակիչին:

— Բողոք-մողոք չեղա՞վ:

— Սկզբից՝ ոչ, բայց, երբ «Արամազդը» սկսեց մեկը մյուսի ետևից հաղթանակներ տոնել, ֆավորիտները՝ զգալով վտանգը, անցան բողոքարկումների: Կոզլովը բոլորի բերանը փակեց՝ հայտարարելով, որ Գյումրիի գիտակներն իրավունք են ստացել մասնակցել այս փուլին, որովհետև հանդիսանում են Հայաստանի չեմպիոն և, ըստ կանոնակարգի, դա թույլատրվում է: Բոլորը սսկվեցին:

— Ինչքան գիտեմ, 1995-ի մոսկովյան ձեր ժամանակահատվածը հագեցած է եղել արկածներով:

— Քեզ համար արկած է, մեզ համար՝ ծանր դեպք: Գլխավոր հովանավոր չկարողացանք գտնել, առավելագույնը՝ հնարավոր եղավ ինքնաթիռի անվճար տոմսեր հայթայթել: Սակայն Մոսկվայում ո՛չ ռեգիստրացիայի, ո՛չ հյուրանոցի հնարավորություն չունեինք: Ապրում էինք ով՝ որտեղ պատահի. բարեկամ, ընկեր, ծանոթ: Հենց առաջին օրը ես ու Խորենն ընկանք ոստիկանների ձեռքը (ռեգիստրացիա չունեինք): Մի ժամի չափ ոստիկանատանն անցկացնելուց և կաշառք տալուց հետո, ազատվեցինք: Հետագայում ոստիկանների ձեռքն ընկավ Սուրենը ու կարևոր խաղից մի ժամ առաջ նրան «զնդանից» հանեց հայտնի գիտակ Ալեքսանդր Ռուբինը:

— Մինչդեռ բուն մրցաշարն ընթանում էր ձե՞ր սցենարով:

1996թ., Վալենտինա Գոլուբևա և Աշոտ Գոմցյան. ԱՊՀ հավաքականի կազմում:

— Նկարահանվում էին աշնանային և ձմեռային ձևաչափով մրցաշարեր: Առաջինում «Արամազդին» ընդամենը մի թիզ չհերիքեց գագաթին հասնելու: Հասկացա, որ անհրաժեշտ է փոխոխություն կատարել և Դավիթի փոխարեն հայտնվեց Սուրենը:

— Իսկ ինչո՞ւ Սուրենը չխաղաց հենց սկզբից:

— Որովհետև տարիքը մի փոքր գերազանցում էր, վախեցա պրոբլեմներից: Սակայն ստիպված էի գնալ ռիսկի, նաև… խորամանկության: Հայտի մեջ չնշեցի Սուրենի ծննդյան թիվը, բացի այդ՝ այնքան մոլոր տվեցի, որ նկարահանումից վայրկյաններ առաջ հանձնեմ հայտը, որպեսզի ժյուրին ժամանակ չունենա ստուգելու: Գիտեի, որ մեր թիմին հենց այդ պահին կանչելու են բեմահարթակ: Եվ նկարահանելուց հետո նույնիսկ, եթե պարզվեր իմ «զեղծարարությունը», հազիվ թե նյութը հանեին եթերից: Վատագույն դեպքում պատժելու էին ինձ: Բարեբախտաբար, ամեն ինչ դյուրին ստացվեց: Մենք եզրափակիչի իրավունք նվաճեցինք՝ իրար հետևից հեշտությամբ հաղթելով 4 մրցակցի: Ղեկավարությունը, առանց այն էլ, սիմպատիայով էր լցված մեր թիմի նկատմամբ, իսկ այդ փայլուն ելույթից հետո չէր զլանում կոմպլիմենտներ շռայլել մեր հասցեին: Ճիշտ է, ժյուրին ուշացումով հայտնաբերեց իմ «օյինբազությունը», բայց արդեն ուշ էր: Տրիբունայից տրիբունա ինձ բռունցք ճոճելով սաստեցին, ես էլ մի երկու օդային պաչիկ ուղարկեցի և դրանով ամեն ինչ ավարտվեց:

— Եվ վճռական մենամարտը…

— Վերջին՝ որոշիչ մենամարտում մեզ դիմակայում էր հանրահայտ Ալեքսանդր Դրուզի թիմը, որի հովանավորներն էին ճապոնական «Ֆուջին» և գարեջրի «Բալթիկա» ընկերությունը, իսկ մեր հովանավորը՝ Բարձրյալն էր: Եվ, ինչպես Արան հետո ասեց, այդ օրը Աստված հայ էր, համ էլ՝ լեննականցի: Եզրափակչից րոպեներ առաջ ես դեռ զբաղվում էի հետադարձ տոմսերի հարցով և հեռուստաստուդիա եկա գրեթե վերջին վայրկյանին: Թիմը տրամադրված դուրս եկավ վճռական մարտի, ինչը սկզբից դժվար դասավորվեց: Հավասար պայքար էր ընթանում… 2:2 հաշվի ժամանակ հնչեց վերջին՝ վճռորոշ հարցը: Ես հայացք գցեցի երկու սեղաններին և տեսա ինչպես Սանկտ-Պետերբուրգի գիտակներից մեկը բարձրացրեց բութ մատը (դա նշանակում էր, որ գիտի պատասխանը): Իսկ մեր սեղանին լռություն էր: Կախեցի գլուխս, մտածեցի՝ մի՞թե այս հսկայական աշխատանքը, տառապանքները, ապրումները հօդս են ցնդելու: Փակեցի աչքերս: Հնչեց «Ֆուջիի» սեղանի զանգը: Մտածեցի՝ վերջ: Նույնիսկ, լինելով պրոֆեսիոնալ, չհասկացա, որ դա կեղծ մեկնարկ է, այսինքն «ֆալստարտ» (ժամանակից շուտ զանգի կոճակի սեղմում): Դա նշանակում էր, որ «Արամազդն» ունի 20 վայրկյան ժամանակ, բայց ես տեսնում էի՝ թիմը պատասխան չունի: 20 վայրկյանն էլ ավարտվեց: Սուրենը վերցրեց խոսափողը, սկսեց երկար-բարակ ձգել ժամանակը՝ հուսով, որ այդ ընթացքում կարող է ճիշտ վարկած ծնվի: Եվ, երբ բոլորի համբերությունը հատեց, հանկարծ լսվեց Ռուբիկի կամացուկ, բայց կտրուկ բացականչությունը. «Միկի Մաուս»: Սուրենն անմիջապես փոխեց պատասխանելու ոճն ու սահուն բերեց, հասցրեց մինչև «Միկի Մաուսը»: Դահլիճը որոտաց, հետո մի պահ լռեց ու Կոզլովը հանդիսությամբ, հատ-հատ արտասանելով, հայտարարեց. «Պատմության մեջ առաջին անգամ Ակումբների միջազգային ասոցիացիայի չեմպիոն է դառնում Գյումրիի թիմը: Շնորհավորում եմ Գյումրիին, Հայաստանին և բոլորին, ով աջակցում է «Արամազդի» գիտակներին»: Դահլիճի կեսը լցվեց բեմ. համբույրներ, ողջագուրանքներ, էյֆորիա, ցնծություն…

— Դու ի՞նչ վիճակում էիր:

— Չէի կարող հասկանալ՝ ինչ եմ զգում… ո՛չ էյֆորիա, ո՛չ հուզմունք, ո՛չ հրճվանք: Կրծքավանդակիս մասում կարծես ոզնի նստած լիներ ու ասեր ինձ. «Ուրախացիր, ա՛յ տղա, էսքան չարչարանքդ զուր չէր»: Նկարահանումը դիտելուց միայն տեսա, որ դեմքիս, այդուհանդերձ, ժպիտ է հայտնվել:

— Իսկ ինչպե՞ս վերադարձաք:

— Մեզ՝ որպես չեմպիոն, նվիրեցին համակարգիչ, որը ստիպված վաճառեցինք՝ մարելով որոշ պարտքեր, ու տարբեր չվերթներով, մի կերպ վերադարձանք Հայաստան:

— Եվ պանծալի հայորդիներին դհոլ-զուռնով, աղ ու հացով դիմավորեցին…

— Չէմեչէ: Հանրայինի «Լրաբեր»-ով մեր տրիումֆի մասին հաղորդելու համար 20 դոլար պահանջեցին… Տվեցի, իհարկե, բայց հետևություն ինքդ արա: Հետո Գյումրիում մեծարման ճաշկերույթ կազմակերպվեց: Իսկ ավելի հետո՝ 20 տարի անց, «Արամազդի» չեմպիոնության 20-ամյակի կապակցությամբ, «Արմենիա» հեռուստաընկերությունը հրավիրեց բոլորիս ստուդիա, և թիմը մասնակցեց հոբելյանական՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին:

ԱՇՈՏ ՂԱՐԻԲՅԱՆ