ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

28 տարի անց…

Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» շուրջ երեք տասնամյակ ընդմիջումից հետո, «Ջրաներկի հմայքը» խորագրի ներքո՝ բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ջրաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ինչպես նկարիչն է ներկայացնում. «Ցուցադրվելիք գործերն ինձ հարազատ են այնքանով, որքանով որ հենց այդ նյութով սկսվեց իմ նկարչական ուղին: Ջրաներկի միջոցով ես ստուգեցի ուժերս, ձեռք բերեցի ինքնավստահություն և ընթացա առաջ: Ի վերջո, այդ նկարները ինձ դարձրեցին նկարիչ… տվեցին ուժ, համարձակություն: Այս նկարներով ես մասնակցեցի միութենական և տարբեր միջազգային ցուցահանդեսների»:

Մեզ հետ զրույցում, Սամվել Լաճիկյանն ասաց, որ նա նկարել է իրենց տան պատուհանից, և այնպիսի պատկերներ ունի քաղաքից, որ դրանք աղետից հետո որպես փաստական ապացույցներ են, որոնք անգամ ճարտարապետների կամ պատմաբանների համար մեծ արժեք են, քանզի պատուհանից այն կողմ նկարված տվյալ դիտակետն այլևս չկա:

Ցուցահանդեսը մարդաշատ էր. ներկա էին թե պաշտոնյաներ, թե արվեստի ներկայացուցիչներ և արվեստասերներ՝ Գյումրիից և ՀՀ այլ մարզերից:

Ցուցահանդեսի բացման խոսք ասեցին «Ասլամազյան քույրերի պատկերասրահի» տնօրեն Կարեն Բարսեղյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը և գեղագետ,  արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանը:

«Պատկերասրահի պատմության մեջ առաջին անգամն է, որ ջրաներկի հետ կապված նմանատիպ ցուցահանդես է բացվում,- ասաց Կարեն Բարսեղյանը:- Հեղինակին բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք, իսկ երբ նա նկարչական դպրոցի տնօրենն էր՝ ես իր սանն եմ եղել… 1988թ-ի աղետից հետո, Մոսկվայի Լազարյան ճեմարանում Սամվել Լաճիկյանի կազմակերպած ցուցահանդեսին ես ևս մասնակցել եմ: Այսօր շատ ուրախ եմ ոչ միայն, որ մեր հարկի տակ հյուրընկալել ենք ՀՀ վաստակավոր նկարչին, այլև, որ 28 տարի ընդմիջումից հետո վերջապես նկարչի և իմ ուսուցչի ցուցահանդեսը ներկայացվեց»:

«Այս մարդաշատությունն ինձ կրկնակի է ուրախացնում, որովհետև ընդամենը մեկ ամիս առաջ այսպես մարդաշատ էր այս նույն ցուցասրահում Լաճիկյան մյուս եղբոր (Լևոն Լաճիկյանի,-հեղ.) ցուցահանդեսին,- ասաց Լիլիթ Թովմասյանը:- Հրաշալի է մեր քաղաքում, մարզում և հանրապետությունում Լաճիկյաննների արվեստային ներկայությունը: Այսօր, քան երբևէ՝ արվեստագետի խոսքի, ասելիքի կարիքն ու անհրաժեշտությունն ունի մեր հասարակությունը: Թեկուզ միայն ճշմարտությունը ոչ ճշմարիտից զատելու համար: Շատ քիչ է պատահում, երբ արվեստագետի հետ ուզում ես աշխատել՝ որպես կազմակերպիչ կողմ և պատրաստ ես ինչ-որ բան անել: Երբեմն այդ ազդակը կամ չես ստանում, կամ դժվարությամբ ու դժկամությամբ ես ստանում: Լաճիկյան-եղբայրների դեպքում գրեթե միշտ հակառակն է. գրեթե անմասն ես, բայց հայտնվում ես շատ կարևոր և շատ հետաքրքիր մի իրադարձության առանցքում, որտեղ հիմնական շահառուն արվեստագետն է և երիտասարդ ու պատանի սերունդը, որի վկան են մեր շարքերում կանգնած պատանիները»:

Լևոն Լաճիկյանը Սամվել Լաճիկյանի մասին պիտի խոսեր որպես արվեստաբան, և իր խոսքում նկատեց, որ չափից դժվար է ներկայացնել եղբորը, երբ կարող է չափազանցություն թվալ, սակայն ոչինչ էլ չափազանցված չէ, քանզի իր արվեստը բոլորիս աչքերի առջև է և ամեն ինչ ակնհայտ է: «Ջրաներկի հմայքը կամ աշխարհն ասես համահունչ է Գյումրիի ոսկեգույն աշնանը: Այս ցուցահանդեսով հեղինակն ասես հարգանքի տուրք է մատուցում գեղանկարչական այդ նյութին, որով տարիներ առաջ մուտք է գործել կերպարվեստի աշխարհ՝ հաստատելով բարձր նշաձող տվյալ ասպարեզում: Շատերն են մինչ օրս Սամվել Լաճիկյանին հիշում որպես ջրաներկ դիմանկարների անգերազանցելի վարպետի, որին հավասարապես տրվում են նաև բնանկարն ու նատյուրմորտը, մյուս ժանրերը: Եվ իզուր չէր, որ նրա մուտքը հայ կերպարվեստ ողջունել են ժամանակի մեծերը՝ նշանավոր գեղանկարիչներ Գրիգոր Խանջյանն ու Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոսներ Լևոն Հախվերդյանն ու Ռուբեն Զարյանը: Վերջինիս գրչին է պատկանում առաջին հոդվածը Սամվել Լաճիկայնի արվեստի մասին: Երբ հարցնում են, թե ուր են նկարչի գորգանկարները, ապա կշտապեմ տեղեկացնել, որ հաջորդ տարի Սամվելի հոբելյանին նվիրված մեծ ցուցահանդես է կազմակերպվելու»:

Վաստակավոր նկարչի աշխատանքներն այսօր ցուցադրվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թանգարաններում ու պատկերասրահներում, գտնվում նշանավոր մարդկանց մասնավոր հավաքածուներում: Գյումրիում նա ունի մի քանի որմնանկար և հեղինակ է տասնյակ գրքային նկարազարդումների:

Հ.Գ. Սամվել Լաճիկայնի վերջին ցուցահանդեսն եղել էր 1994թ-ին:  1995-ին նա մեկնել էր ԱՄՆ, սակայն 22 տարի անց վերադարձել հայրենի քաղաք՝ այստեղ ստեղծագործելու, որին զուգընթաց դասավանդում է «Վարդուհի» արվեստի դպրոցում:

963