ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

40 տարի մարդու իրավունքի պաշտպան

Հարցազրույց փաստաբան ՍՈՒՍԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— Տիկին Սուսաննա, ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ Ձեզ պատվոգիր է հանձնվել՝ շուրջ 40 տարի փաստաբանական գործունեություն ծավալելու համար… շնորհավորում ենք: Խոսենք Ձեր անցած ուղու մասին:

— Ոչ միայն ես, պատվոգիր ստացել են  40 տարուց ավել աշխատած փաստաբանները: 1919թ. հիմնադրված փաստաբանական համակարգը իր զարգացման փառահեղ ուղին է անցել: Այն ժամանակներում այնպիսի փաստաբաններ ենք ունեցել, որոնց ելույթները, պաշտպանական ճառերը մինչ օրս ուսուցողական են: Տարբեր ժամանակներում, հասարակարգերում փաստաբանական ինստիտուտը զարգացել է տվյալ ժամանակահատվածին համապատասխան, սակայն հիմքում մշտապես եղել է մարդու իրավունքների պաշտպանությունը: Ավելին, օրինակ, սովետական հասարակարգում հանրային պաշտպանությունն ավելի ազատ է եղել, քան հիմա: Որպես փաստաբան, երբևէ կաշկանդված չես լինի, եթե գիտես իրավունքներն ու տիրապետում ես օրենքներին: Համենայնդեպս, ես իմ 41 տարվա պրակտիկայում երբևէ կաշկանդվածություն չեմ ունեցել:

Ավարտել եմ ՀՀ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել եմ Գյումրու Ժող.դատարանում, և դա ինձ համար բավական մեծ փորձ է եղել, որպեսզի կայանամ իմ մասնագիտության մեջ. գործունեությունս սկսել եմ փաստաբանի աշխատանքով և կավարտեմ փաստաբանի աշխատանքով: Հնարավորինս բարեխիղճ եմ աշխատել, երբեք  կարգապահական պատասխանատվության չեմ ենթարկվել, ստացել եմ բազմաթիվ պատվոգրեր: ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ եմ:

Մարդու իրավունքի պաշտպանության բնագավառում երկու անգամ եղել եմ ԱՄՆ-ում, ինչը ուսուցողական  մեծ ազդեցություն է ունեցել իմ գործունեության  ճիշտ և արդյունավետ կազմակերպման վրա: Ուշագրավ էր ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով անդրկովկասյան երեք երկրների (Հայաստան, Վրաստան. Ադրբեջան) իրավապաշտպանների մեկամսյա մասնակցությունը՝ մարդու իրավունքի պաշտպանության գործունեության ուսումնասիրությանը մոտ 20 նահանգներում: Հանդիպումներ ենք ունեցել  ԱՄՆ գերագույն դատարանում,  ՄԱԿ-ի գրասենյակում, բազմաթիվ իրավապաշտպան մարմիններում, կալանավայրերում և այլն: Այդ ուսումնասիրությունները դրական ազդեցություն են ունեցել իմ հետագա աշխատանքի,  մեթոդների դրական փոփոխության վրա:




— Նոր Հայաստանում, հեղափոխությունից հետո, երբ փոխվեցին օրենսդիր և գործադիր իշխանությունները, սպասվում էր, որ դատաիրավական համակարգում ևս փոփոխություններ կլինեն: Ներկա քաղաքական վիճակը ի՞նչ ազդեցություն ունի Ձեր բնագավառի վրա:

— Քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց որպես ՀՀ քաղաքացի հնարավոր չէ անտարբեր լինել ներկա քաղաքական տուր ու առից: Հետևում եմ և միշտ Աստծուն խնդրում եմ խաղաղություն և համբերություն տա մեր ժողովրդին: Ներկա խնդիրներին պետք չէ մեկնաբանություններ տալ միայն անձնական շահի տեսանկյունից՝ մտածելով, որ եթե իմ վիճակը վատթարացավ, ուրեմն իշխանությունը վատն է: Ես գոհ եմ, որովհետև երբևիցե փաստաբանական բնագավառն այդքան հարգված ու ճանաչված չի եղել, որքան հիմա է: Ելնելով ընդհանրապես Փաստաբանական պալատի գործունեությունից, ակտիվությունից, հասկանում ես, որ մեր ոլորտը ոչ միայն անտեսված չէ, այլև պահանջված է:

— Նույնը կարո՞ղ ենք ասել քաղաքացիների առումով:

— Մարդկանց հոգեբանությունը փոխվել է, վստահությունը՝ մեծացել, որ իրենց հույսը պետք է օրենքի վրա դնեն: Կոռուպցիայի դեմ զգալի պայքար է տարվում: Մարդկանց վստահությունն օրենքի հանդեպ մեծացել է: Այս հոգեբանությամբ այժմ փաստաբաններիս ավելի են վստահում, ինչը պարտավորեցնող է, որ ավելի համարձակ, պատշաճ աշխատենք՝ արդարության հասնելու համար, քանի որ փաստաբանի սխալը կարող է բացասական հետևանք ունենալ գործի ելքի վրա: Օրենքի գերակայություն է: Իհարկե, բացարձակը պնդել հնարավոր չէ, քանզի ի՞նչ իմանաս, թե ով ու երբ կարող է նեգատիվ քայլեր դրսևորել, բայց մեր աշխատանքը գնահատելիս, վստահ կարող ենք պնդել, որ մեր թիկունքում օրենքն է:

— Ձեր գործունեության վիճակագրությամբ՝ դատական վեճերը շատանո՞ւմ են, թե՞ նվազում: Եթե շատանում են, ի՞նչ գործեր են առավել շատ քննվում: Ի՞նչ խորհուրդ կտաք քաղաքացիներին:

— Դատական գործերը տարեց տարի  շատանում են: Շատ գործեր քննվում են կապված վարկային խնդիրների հետ: Ցավալի է, բայց ընտանեկան վեճերն են շատացել. ամուսնալուծություն, ալիմենտ, գույքային պահանջներ: Խորհուրդ կտամ՝ հանդուրժող լինել միմյանց հանդեպ, մասնավորապես, ընտանիքում և հարազատների հետ: Ձեր հարազատներից օտարանալով, մի մոռացեք, որ այն օրինակ կծառայի Ձեր երեխաների համար, վաղը միմյանցից և ձեզանից կօտարանան: Խորհուրդ կտամ բաժանվող ծնողներին՝ իրենց անձնական վեճի լուծման համար երեխաներին թիրախ չդարձնել, չզրկել իր մոտ ապրող երեխային շփվելու մյուս ծնողի հետ, թողեք երեխաները լիարժեք մեծանան՝ առանց հոգեբանական բարդույթների, ոչ թե միակողմանի որբի կարգավիճակում: Մեծանալով, նրանք Ձեզ կմեղադրեն, կարող է նաև չներեն:

Նաև ազգականների միջև գույքային վեճերն են շատացել: Մարդիկ օտարանում են, հարազատները չեն ցանկանում կողք կողքի ապրել, ընդհանուր գույքն են բաժանում: Դատական վեճերի աճը կապված է նաև մարդկանց իրավաբանական անգրագիտության հետ: Գործարքներ են կնքում առանց իրավաբանի հետ խոհրդակցելու, առանց հասկանալու կամ հետևանքի բացասական կողմը տեսնելու: Խոշոր չափերի գումարներ են տալիս, կամ առուվաճառքի գործարքներ կնքում՝ առանց իրավաբանական փաստաթղթի: Վարկեր են ստանում կամ երաշխավոր են կանգնում առանց ծանոթանալու ստորագրվող փաստաթղթերին:

Շատ երաշխավորներ կորցրել են իրենց բնակարանները, ընտանիքով հայտնվել են փողոցում՝ իրենց անգրագիտության զոհը դառնալով: Քաղաքացիներին խորհուրդ կտամ, ցանկացած գործարքի ժամանակ նախապես խորհրդակցել իրավաբանի հետ, այս հոգեբանությունը դեռևս համատարած չի ձևավորվել քաղաքացիների մոտ:

— Շատ երիտասարդ իրավաբաններ կան, ի՞նչ կասեք նրանց մասին և ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

— Այո, կան երիտասարդ փաստաբաններ և դա նորմալ է: Նրանց մեջ կան փաստաբաններ, որոնցով հիանում եմ՝ իրենց իմացությամբ և գրագիտությամբ: Բայց կան փաստաբաններ, որոնք ոչ միայն իրենց աշխատանքին լավ չեն տիրապետում, այլև տարիների ընթացքում չեն «աճում»: Նման փաստաբանները մրցակցությանը չեն դիմանա և կմնան անգործ: Փաստաբանն ինքն է կառուցում իր գործունեության ապագան: Ինչքան ազնիվ և բարեխիղճ աշխատեց, այդքան ապահովված կլինի աշխատանքով: Փաստաբանից գոհ գնացած քաղաքացին կգովազդի և փաստաբանը պահանջարկ կունենա:

Երիտասարդ փաստաբաններին խորհուրդ կտամ իրենց աշխատանքում ղեկավարվել հետևյալ սկզբունքով.

  1. Պահպանել փաստաբանի հեղինակությունը, գործընկերոջը չվատաբանել. դրանով Ձեր հեղինակությունը կկորցնեք:
  2. Ձեր վստահորդին մատուցվող իրավաբանական ծառայության պարտավորությունը կատարեք պատշաճ և բարեխիղճ:
  3. Ձեր ծառայության վճարման կաևորությունը թողեք վերջում:

Տարիների ընթացքում, երբ ճանաչվեք որպես  բանիմաց փաստաբան, անկախ ձեզանից, կբարձրանա նաև Ձեր աշխատանքի վճարը:

Ոչ մի փաստաբան իրավունք  չունի նախապես վճիռ խոստանալ իր վստահորդին, ներկայանալ «քաջ նազար», կարծելով, թե ինքն ամենակարող է, որ մյուս փաստաբաններն իր դեմ ոչինչ են և այլն (նման բաներ լսել եմ քաղաքացիներից): Վստահելի չէ այն փաստաբանը, ով նախապես խոստումներ է տալիս: Ընդամենը պետք է բարեխղճորեն կատարել Ձեր պարտավորությունը:

Փաստաբանն իրավունք  չունի անպատրաստ գործ կազմել կամ դատական նիստի մասնակցել: Յուրաքանչյուր ձեռնարկված գործ իր մեջ իրավաբանական խնդիր է պարունակում և այդ խնդիրը սխալ լուծելու կամ սխալ հայց ներկայացնելու արդյունքում վեճը սխալ, անցանկալի լուծում կստանա և դրա մեղավորը փաստաբանը կլինի: Դրա համար կարելի է կոլեգաների հետ խորհրդակցել: Լինում են փաստաբանական սխալներ, որոնք հետագայում ուղղելն անհնար է կամ բարդությունների հետ է կապված, արդյունքում իր վստահորդին ոչ թե օգնություն, այլ վնաս է պատճառվում:

Իմ տարիների փորձը հաշվի առնելով, ինձ հետ շատ փաստաբաններ են խորհրդակցում, միասին  քննարկում և խնդրի լուծումը գտնում ենք: Ինքս չեմ զլանում իմ գործին նմանատիպ  գործ ունեցած փաստաբանի հետ խորհրդակցել, եթե ինչ-որ անհասկանալի կամ երկմտելի խութեր կան:

Մարզի փաստաբաններին խորհուրդ կտայի իրավական ակտերն ուսումնասիրել, կարդալ ամեն օր, ամեն գործ ձեռնարկելիս, քանի որ իրավական ակտերն ամեն օր կարող են փոփոխվել,  մասնագիտական  գիտելիքները, փորձը, պրակտիկան հարստացնել, որպեսզի մարզի քաղաքացիները վստահեն և դրսից փաստաբան չբերեն:

— Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել մեր երկիրը:

— Շեն, կայուն և համերաշխ, ներքին և արտաքին հարաբերություններում խաղաղ, արժանապատիվ, հոգով և ֆիզիկապես առողջ քաղաքացիներով: Դժգոհություններ, բամբասանքներ, սադրանքներ չլինեն: Կուզենամ, որ զարգացած տնտեսություն ունենանք, որ ոչ միայն մարդիկ ապահովված լինեն աշխատանքով, այլ այնքան թափուր աշխատատեղեր լինեն, որ մարդը աշխատանքի ընտրության հնարավորություն ունենա, որ աշխատանքը գնահատված լինի, որ գործատուն ամեն ինչ անի՝ աշխատողին պահելու համար, որ աշխատանքի ընդունելիս երիտասարդներից աշխատանքի փորձ չպահանջեն, այլ գործատուն փորձաշրջանի և ուսուցման պայմաններ ստեղծի: Կուզեմ, որ  արտագաղթածները վերադառնան, իսկ շինարարների աշխատանքն անդադար լինի՝ նոր օջախներ կառուցելու համար: Կուզեմ, որ աշխարհի աչքերով, հայերը մնան հյուրասեր, սրտաբաց ու ջերմ, ինչպիսին մեզ ճանաչում են: