ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

41 արդյունաբերական ձեռնարկություն ուներ Լենինականը…

30 տարի առաջՀիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետոԱյնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմումԱկանջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում ենՄի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ուայդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:

 

Պատմում է 1988թ. ՀՀԿԿ Շիրակի շրջանային կոմիտեի 2-րդ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՓԱՓԱՆՅԱՆԸ:

Արդյունաբերական հզոր քաղաք էր

Մինչ երկրաշարժը Լենինականը, հիրավի, երկրորդ քաղաք էր: Անդրկովկասից գալիս էին Լենինական՝ առևտուր անելու: Դուք պատկերացրեք, քաղաքը 41 արդյունաբերական ձեռնարկություն ուներ, բազմաթիվ մշակութային կենտրոններ, արհեստի ու արվեստի կենտրոններ, արդյունաբերական կենտրոններ… Այդ Լենինականից ոչինչ չի մնացել, էլ չեմ ասում, մարդիկ են փոխվել: Բացի ամեն ինչից, այն անհոգությունը, վաղվա նկատմամբ հավատը, ապահով զգալն ամեն ինչ էր, որ մարդիկ հանգիստ խղճով քնում էին, սառնարանները լի, դռները բաց: Ոչ մեկի մտքով չէր անցնում, թե կարող է Ավետիսյանների ընտանիքի դժբախտությունը որևէ մեկին պատուհասի, դա այն դեպքում, երբ քաղաքը վխտում էր բազմազգիներով: Մարդիկ առավոտ կանուխ գնում էին խանութների մոտ, գումարն ու դատարկ տարան թողնում էին, վերցնում էին կաթնամթերքը: Արհմիությունները մարդկանց պարտադրում էին գնալ հանգստանալու, առողջարան, ստիպում էին, հանգստանալու ուղարկելիս էլ ձեռնարկությունը բացի անվճար ուղեգրից, նաև հավելյալ վարձատրում էր: Իսկ մարդիկ հակաճառում էին, թե գործը չեն կարող թողնել, գնալ…

Ստացվել էր այնպես, որ համակարգը, կուսղեկավարությունը շատ պարտավորություն ու պատասխանատվություն վերցրել էր իր վրա, քո փոխարեն պետությունն էր մտածում, իսկ համակարգի փլուզումից հետո, իրոք, կարծես մարդիկ որբացան… Այսօր ինչպե՞ս է, առաջարկը ո՞րն է. գնա քո գլխի ճարը տես՝ ինչպես կարող ես, ինչպես կուզես, ու միևնույն ժամանակ ձախողումներիդ համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, էլի դու ես, միայնակ ես, միայն թե պետությունից բան չուզես, միայն այն թշվառ թոշակը՝ տարին մեկ հազար դրամի հավասարեցրած:

Օրեր առաջ ընկերներով խոսում էինք, եկանք այն եզրակացության, որպեսզի արդյունաբերությունը զարգանա մեր հանրապետությունում, անհրաժեշտ են բաց բաժնետիրական ընկերություններ, որտեղ պետությունը պարտադիր իր բաժնեմասը պիտի ունենա, որ այդ ձեռնարկությունը ոտքի կանգնի: Հիմա ի՞նչ են ասում. հավաքում են ձեռնարկությունների տնօրեններին ու հարցնում. ի՞նչ պրոբլեմ ունեք, մինչդեռ, եթե ինքը՝ պետությունը մասնակցած լիներ այդ պրոցեսին ու հանդիպած լիներ պրոբլեմներին, արդեն ստիպված կլիներ խնդիրները լուծել: Էլի եմ ասում՝ պետության մասնակցությունը պարտադիր է:

Ապա հիշեք, Լենինականը հայտնի էր իր երշիկագործությամբ, նույնիսկ հատուկ Կրեմլի համար էր արտադրում, լավ, էլի երկրաշարժը շատ բան ավիրեց, քանդեց, սրբեց տարավ, էլի ասենք, թե Սովետական Միությունը քանդվեց, հանրապետություններին միավորող օղակը կտրվեց, բայց հո Մսի կոմբինատը, մյուսը-մյուսը, որպես առանձին փակ շղթա, կարող էին վերագործարկվել: Սակայն, այստեղ խնդիրն այլ է. ողջ փողը կենտրոնացած է Երևանում, և այլ մարզերում զարգացման աճի տեմպերի սպասելն իզուր է: Եթե ներդրողի ուշադրություն են սևեռում այս կամ այն մարզին, կոնկրետ՝ Գյումրիին, ապա պետք է ներդրողի համար արտոնյալ պայմաններ ստեղծեն, բիզնես դնելու ռիսկերը նվազեցնեն, որպեսզի գրավիչ դարձնեն, շահագրգռեն: Այ, այստեղ է, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա:

 

Այդ օրը

Ես աշխատանքի էի. ՀՀԿԿ Շիրակի շրջանային կոմիտեի 2-րդ քարտուղարն էի, առաջինը՝ Սպարտակ Պետրոսյանն էր: Երբ սկսվեց, կաբինետում էի: Գորկու վրա էր շենքը՝ 9-րդ դպրոցի դիմաց, ներկայիս «ԱրմենՏելի» դիմաց: Շենքի միջհարկային ծածկերը փայտից էին: Երբ սկսեց ցնցել, կաբինետից դուրս վազեցի, քարտուղարուհին լացով ուզում էր ներքև վազել, հիշում եմ, հասցրեցի նրան զգուշացնել, թե մի վազիր ներքև, կարող է աստիճանները փլվեն: Ոտքի վրա հազիվ էինք կանգնած մնում, պատուհաններն այնպիսի աղմուկ էին արձակում, թվում էր, թե ուր-որէ կպայթեն… Վերջը, դուրս վազեցինք: Ոչինչ չեմ տեսել, կողքիս լսեցի. «9-հարկանին չկա, դպրոցը չկա…»: Վազեցի մինչև քաղաքային կոմիտե՝ Ակադեմիայի տեղում էր: 2-րդ քարտուղարն էր՝ Գալստյան Ռաֆայելը, նրան հանդիպեցի: Ասաց. «Գրիգոր, որտեղի՞ց կարող ենք Երևան զանգել, հեռախոսակապ չունեմ»: Երկուսով վազեցինք կապի հանգույցի շենքը՝ «Պրոգրես»-ի տեղում էր: Ոչ մեկ չկար շենքում, տեսանք, որ կապ էլ չկար: Ասի՝ եկեք Երկաթգծի կայարան գնանք, այնտեղ կապն առանձին է: Դարձյալ արագ-արագ քայլեցինք մինչև կայարան… Ճանապարհին մարդիկ էին վազում, լացում էին, գոռում էին, մեքենաները վայրիվերումներով էին երթևեկում, մի քաոս էր, որ նկարագրելու չէ: Հասանք կայարան, այնտեղ էլ նույն պատմությունն է. ոչ ոք չկա: Կապ չկա: Որոշեցինք հասնել Սովխոզի վերջում՝ տանկային զորամաս: Ներկայացանք, որ քաղկոմի ու շրջկոմի 2-րդ քարտուղարներն ենք: Հրապարակի վրա զինվորները շարասյունով կանգնած էին: Երկու սեղանիկ էր դուրս բերված, որի վրա դրված էր դաշտային մալուխով միացված հեռախոս, այն, որ պտտացնելով միացվում է: Ասացինք, որ ուզում ենք Երևան զանգահարել, հայտնել, թե ինչ է տեղի ունեցել: Հրամանատարն ասաց, որ արդե հաղորդել են: Այդ խոսակցության ընթացքում, կողքերիս կանգնած սպաները մեկը մյուսին ասացին, թե՝ տեսել ես, Պոլիտեխնիկ ինստիտուտն է փլվել, Մանկավարժականն էլ… Աչքերիս առաջ մթնեց. նոր միայն ասես ուշքի եկա, որ պետք է ընտանիքիս փնտրեմ, հարցրեցի, որ հատվածն է փլվել, ասացին, որ քաղաքի կողմինը…

Վազեցի ինստիտուտ, իրոք փլված էր, մտածեցի՝ տուն գնամ, գուցե կինս հասցրել է դուրս գալ: Մեր տունը 16-հարկանի շենքում էր, ինչպես գիտեք՝ չէր փլվել: Մեծ աղջիկս տանն էր եղել, իսկ փոքրս 7-րդ դպրոցում էր, որը նույնպես չէր փլվել: Իրար գտանք, սպասեցինք, սպասեցինք… Կինս չեկավ… Հետ գնացի ինստիտուտ: Ծանոթ տղաների հանդիպեցի: Ցույց տվեցին, որ կինս փախչելիս մնացել է աստիճանների փլատակների տակ: Մինչև տեխնիկա եկավ, որ կարողանային բարձրացնել սալիկները, երկաթյա կոնստրուկցիաները… Հիշում եք, քաղաքում ինչ էր, ամենուրեք տեխնիկա էին խնդրում… Ու այստեղ կարևոր չէր, թե դու շրջկոմի քարտուղարն ես, թե բանվոր, վիշտը հավասարեցրել էր բոլորիս: Ռուսներն ասում էին՝ գործ շատ կա, ստիպված առաջինը հասնում ենք այն մարդկանց, ովքեր ողջ են, հույս կա փրկելու, իսկ մահացածների դիերը… 4 օր սպասեցի, մինչև կարողացանք հանել կնոջս ու մյուսների մարմինները…

Պետք է հետևեինք մարդկանց փրկելու գործընթացին. ամեն փլված շենքի մոտ նախ ողջ մնացածներից ճշտում էինք, թե ովքեր կան, ովքեր չկան, տա՞նն են եղել, թե՞… Ցուցակագրում էինք ու, երբ համոզված էինք, որ փլատակների տակ ողջ մնացած մարդ չկա, նոր խոշոր տեխնիկա էինք բերում, որպեսզի դիերը հանենք: Ասում են՝ ծանր տեխնիկայի պատճառով շատերը զոհվեցին, բայց այդպես չի կարելի ասել, դա այնքան էլ այդպես չէ:

Հետո սկսվեց վագոնների հոսքը Հայաստան, Գյումրի: Ամեն օր Ղանդիլյանը և վերահսկողության կոմիտեի նախագահ Մարտիրոսյանը սելեկտրային խորհրդակցություն էին անցկացնում: Բոլոր ղեկավարներն ու պատասխանատուները պետք է հաշվետվություններ ներկայացնեին, թե որքան վագոն է եղել, որքանն է բեռնաթափվել, ինչու արագ արձագանք չի եղել: Բոլոր ձեռնարկությունների ղեկավար կազմերը պետք է ներկա գտնվեին ու տեղեկացված: Գալիս էին տնակներով, սննդամթերքով, վառարաններով, դագաղներով վագոններ… Առաջին օրերն ընդհանրապես դագաղ չկար քաղաքում: Մինչդեռ հանրապետությունում որքան տեղ կար, որ կարող էին դագաղներ պատրաստել և ուղարկել, բայց օտար երկրներից էր դա գալիս… Մենք մեր հարազատին հուղարկավորեինք սավանո՞վ…

Կենտկոմի պլենումներից մեկի ժամանակ ես ասացի, որ վերադասի կողմից անմարդկային վերաբերմունք էր կուսակցականների հանդեպ, երբ հարցնում էիք, ինչու այսքան վագոն չի դատարկվել, ինչու սա-սա թերի է կատարվել, սակայն մեկը չեկավ ասեր, թե ցավակցում եմ:

Հետագայում Գերագույն խորհրդում Աղետի գոտու և բռնագաղթածների հանձնաժողով ստեղծվեց, ես անդամ էի: Ես և դաշնակ Հովհաննիսյան Գագիկը Գյումրու քաղաքապետարանի առաջին հարկում էինք նստում: Փորձում էինք ամեն կերպ գյումրեցոնց հարցերն առաջ տանել, տուժածներին օգնություն հայթայթել:

Ի՞նչ արեցին այն ժամանակվա իշխանությունները. մենք մեր տունը մեր ձեռքերով կկառուցենք… Հետո լոզունգը փոխեցին, թե ողջ Հայաստանն է աղետի գոտի: Ասել կուզեին՝ պահանջ մի ներկայացրեք: Մարդիկ հիասթափվեցին, սկսեցին փախնել երկրից: Մինչև օրս էլ նույն վերաբերմունքն է: Առաջ հանրապետության ղեկավար կազմում պարտադիր մի 3-4 լենինականցի կար, հետո ոչ միայն գյումրեցու չներառեցին, այլև տեղի ղեկավար Երևանից էին ուղարկում, նշանակում: Ի՞նչ է, գյումրեցի խելացի մարդիկ վերացե՞լ էին: Մենք սովորեցինք ամեն ինչի: Մեր սերունդը գոնե լավ բաներ տեսել է, հետո գալող սերունդը լավ բան չտեսավ:

30 տարի մեր կյանքից անցավ

Ունենք շատ աղքատ, աղքատ, շատ քիչ միջին ու նախկին իշխանավորների մերձակա շրջապատում միլիոնատերերի խավ: Եթե մեզանից տարված, հափշտակված այդ միլիոնները վերադարձվեր, ապա աղքատության ցուցանիշը կմեղմվեր: Վերջերս տոնվեց առաջին պառլամենտի 100-ամյակը, և մեզ հրավիրել էին: Երբ առիթ եղավ փոխվարչապետ Ավինյանի հետ զրուցելու, նրան ասացի, թե Գյումրուն ուշադրություն դարձրեք: Ասաց. «Առանց ձեր ասելու էլ, երբ թվերն ենք նայում, արդեն ցցուն է, որ Գյումրու վիճակն ամենածանրն է»: Տեսեք, մի համեմատություն անեմ. Շիրակի մարզում, Աշոցքում քանի՞ ամիս է տևում ձմեռը… Այո, 6 ամիս: Ինչո՞ւ պետք է ամբողջ Հայաստանում նույն չափով լինի թոշակը, չէ՞ որ մենք 6 ամիս ձմռան ջեռուցման հարցն ենք լուծում: Էդ սպառողական մինիմալ զամբյուղ որ ասում են, էդ հաշվողին թող տան էդ զամբյուղն ու ասեն՝ դե կե՛ր: Կամ, նախկին սերունդն է շենքերը, գործարանները, կառույցները սարքել, տանջվել, իսկ ներկայիս սերուդն այն միայն վայելում է. սա արդա՞ր է, որ նախկին սերունդին իր 40-ամյա աշխատանքային ստաժի դիմաց 40 հազար են տալիս…

Գյումրին դեռ իր կռացած մեջքը չի շտկի, մինչև արդյունաբերական որևէ ձեռնարկություն չգործարկվի, մինչև աշխատատեղ չստեղծվի:

Պիտակներ՝