ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

6 սոցիալական բնակարան՝ ջրհեղեղի հետեւանքով տուժած ընտանիքներին

ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը գումարեց արտակարգ նիստ, որի ընթացքում քննարկվեց ջրհեղեղի հետևանքով տուժած, «Ավտոկայան» տնակային ավանի 6 ընտանիքի բնակարանային հարցի լուծում տալ: Հանձնաժողովն անձամբ է շրջել տարածքով, ուսումնասիրել բոլոր տնակները, առանձնացրել է այն 6 ընտանքներին, որոնց տնակներն այլևս պիտանի չեն բնակության համար: Առաջնահերթություն է տրվել անչափահաս ունեցող, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին: Ընտանիքներից 3-ը տվել են իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարաններ. երկու ընտանիք անչափահաս ունեցողներ են, մեկը՝ 12 տարի սահմաններում զինծառայողի ընտանիք է: Մյուս երեքը հրաժարվել են՝ տարբեր պատճառաբանություններով: Բացի բնակարաններից, ԱՌԴԱ բարեգործական ընկերությունը պատրաստակամ է վճարելու սոցիալական բնակարանների գազի վարձավճարները:

Քաղաքապետը նշեց, որ ծանր վիճակում են այն բնակիչները, որոնց տները հայտնվել են ջրերի մեջ. «Ինչպես գիտեք, նաև «Զանգակ» մանկապարտեզն է ամբողջովին փլվել: «Ավտոկայանում» վիճակը ահավոր է. տնակներ կան՝ վատ վիճակում են, կան՝ ավելի վատ, իսկ կան էլ՝ վատից էլ վատ: Ամենավատներն ենք ընտրել, որոնք, ասենք, գտնվում են գետակի բերանին, կամ անչափահասներ կան տանը: 9 անուն-ազգանուն ենք ընտրել, բայց ԱՌԴԱ բարեգործական ընկերութան 41 սոցիալական բնակարանից մնացել է 6-ը: Դրա համար մենք նիստ ենք գումարել, որ վատագույն վիճակում գտնվող ընտանիքներին տանք այդ բնակարանները: 6-ից երկուսին կտրվի 2-սենյականոց (5 և ավել ընտանիքի անդամ), իսկ 4-ին՝ 1-ական սենյականոց բնակարաններ: Իհարկե, մենք չենք կարող բնակիչների բոլոր խնդիրները լուծել, բայց հորդորել ենք դիմումներ ներկայացնել, որպեսզի հնարավորինս աջակցություն ցուցաբերենք՝ որին շինանյութով, որին՝ դրամով, որին էլ՝ գույքով»:

Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշեց, որ քաղաքապետն անձամբ է զանգել մարդկանց, որպեսզի սոցիալական բնակարան առաջարկի, բայց եղել են, որ հրաժարվել են՝ բացատրելով, որ անօթևանության ցուցակում հերթագրված են, և բնակարան ստանալու հույս ունեն:

Քաղաքապետն ասաց, որ ստիպված մյուս ընտանիքների համար երևի բնակարաններ վարձեն: Իսկ հետագայում Համահայկական հիմնադրամի ապագայում կառուցվելիք բնակարններից հնարավոր է տուն հատկացնեն, բայց դա հետագայի հարց է:

Ս.Բալասանյանը նաև առիթն օգտագործեց՝ բնակիչներին հորդորելով. «Հերիք է աղբը թափեք գետակի մեջ: Ջրահեղեղումները մեծամասամբ այդ պատճառով են տեղի ունենում…  Ընդհանրապես, գետակի բերանը պետք է ազատել, «Ավտոկայան» տնակային տնտեսությունը ամոթ է գյումրեցիներին… այն պետք է մաքրվի, որպես ազատ հողամաս տրվի կառուցապատողի կամ սեփական սեկտորին»:

print
239