Հունվարի 19-ին հայկական հեռուստաեթերի ամենասիրված հաղորդավարներից մեկը՝ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ տոնեց իր ծննդյան 60-ամյակը: «Շրջապատի» զրույցը նրա հետ տոնական առիթով է:
— Պարոն Քոչարյան, հաղորդավար, ռեժիսոր, լրագրող… այս ցանկում մենք կարող էինք կարդալ նաև դերասան, բայց կարծես կյանքն այլ ճանապարհով է տարել թատերական ինստիտուտից հետո:
— Կյանքը միշտ էլ իր կամքն է թելադրում, անկախ նրանից, թե ինչ ես դու ուզում: Թատերական ինստիտուտ դեռ չընդունված, 1976 թվականի մարտի 21-ին՝ կրկին կյանքի թելադրանքով, առաջին անգամ դուրս եկա պրոֆեսիոնալ բեմ: Այդ օրվանից ես դարձա Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի օժանդակ դերասանական կազմի անդամ, իսկ ուսման վերջին տարում փոխադրվեցի հիմնական կազմ: Առ այսօր հավատարիմ եմ իմ թատրոնին: Մութ և ցուրտ տարիներին, երբ գնում էր թեժ պայքար ամբողջ ռուսականի և ռուսերենի դեմ, ես «3-րդ ալիքով» լուսաբանում էի իմ թատրոնի բոլոր առաջնախաղերը, բոլոր հոբելյանները: Իսկ հեռուստատեսությունը, կածում եմ, նույնպես թելադրված էր կյանքի, ճակատագրի կամքով… Այնտեղից, վերևից ինչ-որ ձայն ինձ ասաց՝ գնա հեռուստատեսություն, և այդ ձայնը նույնպես ճակատագրական էր: Ձեր հարցում կա այսպիսի արտահայտություն «…կարող էինք կարդալ նաև դերասան»: Ինչու՞ «կարող էինք…»: Ես այսօր էլ փորձում եմ ուժերս դերասանական արվեստում: Վերջերս նկարահանվել եմ երեք ֆիլմում, ճիշտ է, փոքր էպիզոդիկ դերերում, բայց դա նշանակություն չունի: Մեկը՝ Մհեր Մկրտչյանի հայ-ռուսական «Երջանիկները» ֆիլմում, որի նկարահանումները դեռ չեն ավարտվել, կերտեցի նախարարի դեր, հետո «Վենդետա» հեռուստասերիալում՝ դատավոր և, վերջապես, Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» ֆիլմում կերտեցի ոչ ավել, ոչ պակաս ՀՀ նախագահի կերպարը: Կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է, թատերական բեմը նույնպես:
— 1982 թվական, Հայաստանի պետական հեռուստառադիոյի մրցույթ և աշխատանք՝ որպես հեռուստահաղորդավար: Կապույտ էկրանը երազա՞նք էր, նպատա՞կ, թե՞ ճակատագիր:
— Էկրանը երբեք երազանք չի եղել: Միշտ դիտել եմ, հետևել եմ հաղորդավարների աշխատանքին, հիացել նրանց պրոֆեսիոնալիզմով, բայց մտքովս անգամ չի անցել, որ մի օր կարող է նրանց կողքին աշխատեմ: Նարա Շլեպչյանին ճանաչում էի դեռ այն օրվանից, երբ նրա որդու՝ Արիկի հետ հաճախում էինք նույն մանկապարտեզը, երբ տեսնելով նրան՝ վազում ու հարցնում էինք մանկական միամտությամբ՝ «Նարա տյոտյա, էսօր ի՞նչ մուլտիկ եք ցույց տալու»: Ո՞նց կարող էր 5-6 տարեկան երեխայի մտքով անցներ, որ մոտ 20 տարի անց կարող է դառնալ Նարա տյոտյայի գործընկերը: Բա սա ճակատագիր չէ՞… Հավանաբար փոքրուց արդեն այդ հեռուստատեսային վարակը ենթագիտակցորեն մտել է իմ մեջ:
— Ձեր առաջին հաղորդումն ու եթերը:
— Առաջին եթերն եղել է, երբ սովորում էի գեղարվեստա-թատերական ինստիտուտի վերջին կուրսում: Մենք ունեինք առարկա «Դերասանի վարպետությունը հեռուստատեսությունում և ռադիոյում», որը դասավանդում էր այն տարիներին Հայկական հեռուստատեսության մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր, իսկ հետագայում գլխավոր ռեժիսոր Արմեն Էլմասյանը: Որպես ստուգարք մենք պիտի նկարահանվեինք հեռուստատեսությունում: Որոշվեց, որ «Հեքիաթն է կանչում» հաղորդման շրջանակներում կբեմադրվի Ջաննի Ռոդարիի «Զինվորի սրինգը» հեքիաթը: Այդտեղ ինձ վստահվեց ոչ ավել, ոչ պակաս, հեքիաթասածի դերը, որն, ըստ էության, հաղորդավար էր: Դե արի ու մի ասա, որ սա նույնպես երջանիկ պատահականություն էր:
— Շուրջ 35 տարի Դուք այս ոլորտում եք և հրաշալի գիտեք՝ ինչ է կատարվում մեդիա ասպարեզում: Ինչպե՞ս եք գնահատում այսօր տիրող իրավիճակը:
— Ցավալի հարց եք տալիս: Այո, 60 տարուց 35-ը ես հեռուստատեսային ոլորտում եմ: Եվ չնայած դադարներին, ես միշտ գործի մեջ եմ, եթե ոչ հեռուստաէկրանին, ապա համացանցում, որն այսօր ավելի ակտիվ է, քան հեռուստատեսային աշխարհը: Ինչ ասեմ… Հիմնականում դժգոհ եմ: Վերջերս նույնիսկ ցանկություն էլ չունեմ դիտելու: Մի նախադասությամբ կարող եմ բնութագրել. այսօր շատ մակերեսային հեռուստատեսություն է, որն ուզում է միայն զվարճացնել էժանագին, այստեղից-այնտեղից թխած կամ թեկուզ գնած շոուներով: Իսկ մենք ժամանակին, եթե նույնիսկ զվարճացնում էինք, փորձում էինք զվարճացնելով կրթել հեռուստադիտողին:
— Լինել եթերի դեմքը և՛ պատասխանատու է, և՛ բարդ, բայցև հաճելի… ո՞ր որակներն ու սկզբունքներն են, որ պարտադիր են հաղորդավարի համար:
— Այո, իրավացի եք, և՛ պատասխանատու է, և՛ բարդ, և՛ հաճելի: Այդ պատասխանատվության մասին է խոսքս, երբ քննադատում եմ այսօրվա եթերը: Մենք երբեք մեզ թույլ չէինք տա հանպատրաստից դուրս գալ եթեր: Երբեք չեմ մոռանա, երբ մի օր ծրագրի հերթապահ էի, շաբաթ երեկոյան պիտի «Ոսկե էկրան» հաղորդաշարով ցուցադրվեր «Տիտանիկի կործանումը» հին ֆիլմը, որից առաջ Նարա Շլեպչյանը երկու էջ տեքստ պիտի կարդար: Այդ օրը նա վատառողջ էր և տեքստը տվեցին ինձ: Ես նոր էի ընդունվել և անփորձ էի, տեքստն էլ շատ բարդ էր, մի շարք ջնջումներով, ուղղումներով, որն ինձ շեղում էր: Մի խոսքով՝ ես խայտառակ եղա եթերում, այնքան կմկմացի ու խառնվեցի: Հաջորդ երեք օրը ամաչում էի փողոց դուրս գալ: Ինձ թվում էր, թե բոլորն ինձ մատնացույց էին անելու: Ա՛յ, սա է բարդությունը և պատասխանատվությունը: Իսկ այսօր այդ ամենից մնացել է միայն հաճույք ստանալը: Իրենք իրենցից հաճույք են ստանում և վերջ, իսկ հեռուստադիտողը կարևոր չի:
— Գիտեմ, որ մտահոգ եք եթերում գրագետ խոսքի բացակայության խնդրով: Ո՞րն է Ձեր մտահոգության պատճառը:
— Ինչ-որ տեղ արդեն պատասխանեցի Ձեր հարցին: Ես այսօր աշխատում եմ նաև դպրոցում, մատաղ սերնդի հետ և, երբ լսում եմ մի շարք գռեհիկ արտահայտություններ, տափակ հումոր՝ զայրանում եմ: Հետո իմանում եմ, որ այդ ամենն այսօր, այսպես կոչված՝ թևավոր արտահայտություններ են արդի հեռուստասերիալներից և, այսպես կոչված՝ զվարճալի մանրապատումներից: Եթե ուշադրություն դարձնեք, հիմնականում այդ մանրապատումները հիմնված են հարբեցողների, թմրամոլների, այլասերվածների վրա, կամ էլ քաղաքական գռեհիկ հումոր է: Եվ ինչ դաստիարակության մասին կարող է խոսք գնալ: Երբեք չեմ մոռանա մի պատմություն: 1982 թվականին Հայկական հեռուստատեսության Ամանորի ծրագրի համար նկարահանվել էր Առնո Բաբաջանյանի նոր կատակ-երգը «Ջուլիետն ու Կարոն», որը կատարեց երիտասարդ Աշոտ Ղազարյանը: Երգը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարական բաժինն արգելեց, որակավորելով որպես ռաբիս, և այն հանվեց ծրագրից: Ժապավենը պահպանվեց Աշոտ Ղազարյանի անձնական տեսադարանում: 1998 թվականին, երբ «3-րդ ալիք»-ով պատրաստում էի «Աստղեր և Ճակատագրեր» իմ հեղինակային հեռուստանախագծի հերթական հաղորդումը՝ նվիրված Առնո Բաբաջանյանին, տեղի ունեցավ այդ երգի հեռուստատեսային պրեմիերան: Այնպես որ, ժամանակին նույնիսկ Առնո Բաբաջանյանի երգն են արգելել:
— 2012-ի Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք՝ «Հեռուստատեսության ներկայիս վիճակը կգնահատեմ 3: Այսօր կան մարդիկ, ովքեր պարզապես եթերում երևալու իրավունք չունեն: Ընդ որում` այդ թերությունն առկա է բոլոր հեռուստատեսություններում»: 6 տարի անց փոխվե՞լ է արդյոք Ձեր գնահատականը:
— Պատասխանեմ կարճ: Ցավոք, այսօր նույնպես կարծիքս չի փոխվել: Նույնիսկ ավելի է խորացել: Այսօր հաշվի չի առնվում ո՛չ արտաքինը, ո՛չ առոգանությունը, ո՛չ էլ գիտելիքը: Եվ դա միայն մեզ մոտ չէ: Ռուսական ալիքներում նույնն է կատարվում:
— «Հեռուստատեսությունը վարակ է ու մի անգամ այդ ասպարեզում հայտնվելով այլևս չես կարողանում հեռանալ»: Այս միտքը դարձյալ Ձերն է: Ինչպե՞ս եք ապրում առանց այդ «վարակի»:
— Այո, շատ դժվար է ապրել «հիվանդ» վիճակում: Մանավանդ, երբ գիտես, որ այդ հիվանդությունն, այդ վարակն անբուժելի է: Եվ ինչքան էլ ասեմ, որ չեմ նայում, հեռուստացույց չեմ միացնում, դրանից միայն այդ վարակի մետաստազներն ավելի են տարածվում: Բայց համոզված եմ, գալու է այն օրը, երբ մեր սերունդը կվերադառնա, կձուլվի գրագետ երիտասարդության հետ, իսկ դրանք այսօր, ի ուրախություն մեզ, կան, և այդ սինթեզը կդառնա նոր, հեռուստահեղաշրջման առիթ:
— Ի՞նչն է պակասում այսօրվա հեռուստատեսությանը:
— Բարությունը: Եվ կցիտեմ իմ լավ, ցավոք, լուսահոգի ընկերներից մեկի՝ Վլադ Լիստևի խոսքերը. «Պրոֆեսիոնալիզմ և ազնվություն»:
— Կյանքը՝ 6 տասնամյակների բարձունքից…
— Կյանքը հրաշալի է իր անկումներով և թռիչքներով: Մեզ թվում է, թե այն ձգվում է մի քանի տասնամյակ, սակայն այն մի ակնթարթ է: Աչքդ չես հասցնում թարթել և ահա արդեն դիմացդ կանգնում է գերանդին ուսին մի ջադու պառավ: Այս աշխարհում մենք տանն ենք, բայց չմոռանանք, որ բոլորս, այնուամենայնիվ, այստեղ հյուր ենք: 60 տարին քիչ չէ, բայց շատ էլ չէ: Դեռ շատ անելիքներ կան: Երբ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը Մարտին Վարդազարյանին 60-ամյակի կապակցությամբ ուղարկել էր մի ձայնասկավառակ, վրան մակագրել էր «Բուլիկ ջան, 60-ից հետո նոր ամեն ինչ սկսվում է»: Այնպես որ, սկսենք հետհաշվարկը: Հաջորդ տարի՝ 59… Առջևում դեռ 60 տարի կա… Իհարկե, սա կատակ է: Միայն կասեմ. առաջն Աստված: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Եվ ես շնորհակալ եմ այն ամենից, ինչ նա տվեց ինձ այս 60 տարվա ընթացքում:
— Գյումրու նկատմամբ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունեք, ինչն, իհարկե, փոխադարձ է: Հետաքրքիր է, ի՞նչն է Ձեզ այդպես սերտորեն կապում մեր քաղաքին:
— Գյումրու և գյումրեցիների հետ ես կապված եմ 1976 թվականից, այսինքն իմ առաջին ստեղծագործական քայլերից: Բազմաթիվ համերգներ, հաղորդումներ, պարզապես այցելություններ… Բազմաթիվ ընկերներ, որոնցից մի մասն արդեն դարձել է հավերժի ճամփորդ: Ինչպես կարող եմ մոռանալ համով-հոտով Վարպետին՝ Աղասի Շաբոյանին և նրա հրաշալի խումբը, որին ներկայացրել եմ նույնիսկ Մոսկվայում: Բա մեր Հասմիկը՝ Կիրակոսյան, որին կնքել եմ Շիրակի մշակույթի նախարար… Անհնար է գամ Գյումրի ու չհանդիպեմ նրան: Կամ երկաթուղային ԴԵՊՈ-ի աշխատակիցները, ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում: Վերջին տարիներին, ի ուրախություն ինձ, ձեռք բերեցի նոր գյումրեցի ընկերներ: Դա և Գյումրվա կոնսերվատորիան է՝ Կարինե Ավդալյանի գլխավորությամբ, ում հետ համագործակցում եմ արդեն մի քանի տարի, Վ.Աճեմյանի անվան թատրոնը՝ նոր, երիտասարդ տնօրեն Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, նախկին պատգամավոր, Գյումրու ցավերով և ուրախություններով ապրող Մարտուն Գրիգորյանը, Դուք՝ Լիլիթ ջան, որի պրոֆեսիոնալիզմով բազմիցս հիացել եմ: Էլ չասեմ Մկրտիչ Մանուկյանի մասին, որի շնորհիվ Գյումրիում ձևավորվեցին հրաշալի ջազային ավանդույթներ և նոր շունչ տրվեց «Շիրակ» հեռուստաընկերությանը: Ի դեպ, ասեմ, որ նույն Տիգրան Համասյանին, որի անունն այսօր թնդում է ամբողջ աշխարհում, բախտ է վիճակվել դեռ դպրոցական տարիքում ներկայացնել «3-րդ ալիքում»… Մի խոսքով՝ դժվար է բոլորին թվարկել: Միայն ասեմ, որ Գյումրի գալու ամեն մի առիթը իմ և տիկնոջս համար տոն է: Սիրում ենք ձեզ՝ համով-հոտով, անկոտրուն կամքով գյումրեցիներ՝ հանճարեղ արվեստագետների, մարզիկների ու վարպետների քաղաք Գյումրի-Լենինական:
— Ի՞նչ չեք հասցրել անել…
— Չհասցրեցի տղա ունենալ: Երբ ծնվեց ավագ դուստրս՝ Կարինես, չգիտես ինչու, մենք համոզված էինք, որ տղա է, նույնիսկ անունն էր որոշված՝ Արտակ, ի հիշատակ անժամանակ, ողբերգական մահով կյանքից հեռացած ընկերոջս՝ «3-րդ ալիքի» հիմնադիր Արտակ Արզումանյանի, որին ես շատ բանով եմ պարտական իմ մասնագիտական կյանքում: Սակայն ես երջանիկ հայր եմ: Աստված ինձ երեք հրաշք դուստր պարգևեց: Հուսանք, որ նրանք էլ ինձ ու տիկնոջս՝ Եվային, տղա թոռներ կպարգևեն: Աստված նրանց մեծ երջանկություն տա: Մի բան էլ ավելացնեմ. ափսոսում եմ, որ շատերին այս կյանքում այդպես էլ չհասցրեցի ասել շնորհակալություն, նույնիսկ ինչ-ինչ բաների համար՝ ներողություն: Թող յուրաքանչյուրս ապրի այնպես, ասես սա նրա վերջին օրն է և այդ դեպքում վաղվա օրը կլինի բովանդակալից, բարի, երջանիկ:
— Եթե նորից ծնվեիք…
— Կապրեի նույն ձևով: Այնպես, ինչպես ինձ դաստիարակել են ծնողներս, տատիկս ու պապիկս՝ որոնք հեռու երկնքում իմ վաղամեռիկ ընկերների, հարազատների, իմ առաջին տիկնոջ՝ Լիլիթի հետ դարձել են իմ ընտանիքի Հրեշտակ պահապանները, որոնց օգնությունը մենք միշտ զգում ենք:
ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ