ՍՊՈՐՏ

8-ամյա Սոնան շախմատի միջազգային մրցաշարի հատուկ մրցանակակիր

Հուլիսի 11-ին ամփոփվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2018» պատանեկան XIII միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել է Գյումրիի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի 8-ամյա սան Սոնա Քոչարյանը: Հաղթելով 8 տարեկան աղջիկների ենթախմբում՝ Սոնան նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր՝ արժանանալով հատուկ մրցանակի:

Սոնան 6 մրցակիցներ է ունեցել, որից 5 հայաստանցի, իսկ մեկը Ռուսաստանի ներկայացուցիչ: Ըստ Սոնայի հայրիկի՝ Արտուշ Քոչարյանի, որը նաև նույն մարզադպրոցի փոխտնօրենն է ու Սոնայի մարզիչը, մինչև վերջին պահը Սոնան իր մրցակից տղաներին լարված է պահել, իսկ վերջին պարտիայից առաջ արդեն իսկ ապահովել էր 8 տարեկան աղջիկների մրցաշարի հաղթողի կոչումը: Իսկ եթե վերջին պարտիան էլ հաղթեր, ապա տղաների ենթախմբում կզբաղեցներ 2-րդ հորիզոնականը, բայց մի քիչ հաջող չի ստացվել խաղը, և իր փոխարեն 2-րդ տեղը զբաղեցրել է ՌԴ ներկայացուցիչը, որը այս մրցաշարում միայն Սոնայից էր պարտություն կրել:

Սոնան 6 ամիս է, ինչ զբաղվում է շախմատով: Հարցին, թե մի՞թե հնարավոր էր 6 ամսում լրացնել աղջիկների 2-րդ կարգը, հայրը բացատրեց. «Սոնայի աճի տեմպերը շատ արագ են տեղի ունեցել: 3 ամիս առաջ, երբ Սոնան պայքարում էր աշխարհի առաջնության նույն ուղեգրի համար, բավական զիջում էր, մինչդեռ հակառակորդները տարիների փորձ ունեին: Իսկ 3 ամիս անց նույն հաղթողներն արդեն չկարողացան անգամ մոտենալ Սոնայի արդյունքներին»:

Սոնայի հաղթանակն ազդարարվել է սպիտակ նավակով քայլ անելով: Կատակով հարցնում եմ, թե իր առօրյայո՞ւմ էլ է շախմատային մտածում ու քայլում, ասենք՝ ձիու քայլով, երեխան լուրջ պատասխանեց. «Զինվորի քայլի նման՝ ուղիղ եմ գնում, բայց մտածում եմ թագուհու քայլերով»:

Շնորհավորում ենք մեր փոքրիկ շախմատիստուհուն՝ միջազգային մրցաշարի հաղթող դառնալու  կապակցությամբ և մաղթում աշխարհի առաջնության չեմպիոնություն:

Ի դեպ, Սոնայի եղբայրը՝ Սամվել Քոչարյանը, այս մրցաշարում ամենափոքր մասնակիցն է եղել՝ 4 տարեկան, և վերջինս նույնպես մրցանակով է վերադարձել:

Հ.Գ. Հուսով ենք, որ մարզային և քաղաքային իշխանություններն ամեն կերպ կաջակցեն փոքրիկ Սոնային՝ մասնակցելու աշնանը Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: