ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

9 ամսում 970 հանցագործություն

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2017թ. 9 ամսվա ընթացքում արձանագրված հանցագործությունների մասին տվյալները:  Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ գրանցվել է հանցագործությունների թվի աճ՝ 970 դեպք, 824-ի դիմաց: Սակայն գրանցվել է բացահայտման աճ. նախորդ տարվա 716-ի դիմաց՝ 863 բացահայտում։

Ըստ Կարեն Գաբրիելյանի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է ծանր հանցագործությունների նույն ցուցանիշը՝ 124 դեպք։ Ընդ որում` առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են. «Առանձնապես ծանր հանցագործությունները վերաբերում են սպանություններին: Այս տարի ունենք 4 սպանության դեպք, որից 2-ը բացահայտված է: Մանրամասնեմ. մեկը վերաբերում է անհետ կորած անձին. մենք ունեինք անձից հաղորդում, որ իր հարազատը բնակության վայրից դուրս է եկել և չի վերադարձել: Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետում տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ։ 2-րդ չբացահայտված դեպքը վերաբերում է 2017թ. մայիսին Արթուր Հարությունյանի սպանությանը։ Վստահեցեմ ձեզ, որ ես անձամբ ուսումնասիրել եմ տվյալ քրեական գործի նյութերը և հուսով եմ, որ այն բացահայտվելու է, քանի որ կատարվել է բազմածավալ հետախուզական աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ հետաքննության մարմինը գտնվում է բացահայտման ուղու վրա: Մյուս 2 դեպքերը, որոնք բացահայտված են… մեկը այս տարվա մայիսին Ստեփան Մարկոսյանի սպանությունն է, ունենք մեղադրյալ, վերջինս կալանքի է վերցված, քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Մյուսը՝ ապրիլին զինծառայողին կյանքից զրկելու մասին է, և նույն օրը հարուցվել է քրեական գործ և ուղարկվել այլ մարմին:

Սպանության փորձի դեպքերի առթիվ ևս ունենք հարուցած քրեական գործեր. այս տարի 3 դեպք է գրանցվել, որոնք բացահայտված են: Մանրամասնեմ՝ սեպտեմբեին անձի կողմից իր ծնողներին սպանության փորձ կատարելուն է վերաբերում. դյուրավառ հեղուկ էր լցրել ծնողների վրա, փորձել այրել: Ունենք կալանավորված անձ, գործը գտնվում է նախաքննության փուլում: Հաջորդը, որը գիտեմ, շատերիդ է հետաքրքրում, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի ունեցած կրակոցներին է վերաբերում: Հարուցված քրեական գործը նույնպես գտնվում է նախաքննության փուլում, ունենք 3 մեղադրյալ, որից 2-ը գտնվում են կալանքի տակ»:

Դատախազը ներկայացրեց, որ անցած տարվա համեմատ, նվազել են դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերը: Նախորդ տարի արձանագրվել է 20 դեպք, այս տարի՝ 5 դեպք, որից 4-ը բացահայտված է։

Ճանապարհատրանսպորտային պատահարների առումով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, այս տարի նվազում է գրանցվել. 12-ի դիմաց՝ 8 դեպք, բոլորն էլ բացահայտված են:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում գրանցվել է աճ, մասնավորապես, բնակարանային գողությունները: Նախորդ տարի արձանագրվել է 39 դեպք, այս տարի՝ 45, որից 25-ը բացահայտվել է։

Ընտանեկան բռնությունների մասով դատախազը նշեց, որ աճ չկա. «Ընտանեկան բռնությունների հետ կապված տարբեր դեպքեր ունենք, խոսքը վերաբերում է տարբեր կենցաղային առիթներով ընտանիքի անդամների կողմից միմյանց ծեծի ենթարկելուն, տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելուն։ Ունենք դեպք՝ կնոջ կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու, ունենք դեպքեր երեխաների կողմից ծնողներին բռնության ենթարկելու՝ քիչ առաջ ասացի, որ մի երիտասարդ փորձել էր այրել ծնողներին, ինչպես նաև ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր»։

Ըստ դատախազի, եղել է 30 կոռուպցիոն հանցագործություններով քրեական գործեր, խոսքը ոչ միայն անձի կողմից կաշառք տալ-ստանալն է. «Ունենք հարուցված քրեական գործեր համայնքի ղեկավարների ու դպրոցի տնօրենների կողմից՝ իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու կամ յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ։ Այս գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Ունենք կաշառք տալու վերաբերյալ հարուցված մեկ քրեական գործ, խոսքը թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի կողմից տրված հաղորդման մասին է, ըստ որի, մարզպետարանի որոշ պաշտոնատար անձինք, իրեն դպրոցի տնօրեն նշանակելու համար կաշառք են պահանջել: Հարուցվեց քրեական գործ, հետո կատարվեց անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, որի արդյունքում որոշվեց քրեական գործով վարույթը կարճել»:

Դատախազը նշեց, որ ինքն անձամբ մտահոգված է, եթե անգամ արձանագրվել է մեկ կոռուպցիոն դեպք, խորհրդակցություն է հրավիրել, և հանձնարարական տվել՝ ակտիվացնելու բոլոր օպերատիվ հետախուզական գործողությունները՝ այս կապակցությամբ հանցագործությունները բացահայտելու համար:

Այնուհետև Կարեն Գաբրիելյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Շրջապատի» հարցին, թե. «Ի՞նչ կասեք թմրամոլության ցուցանիշների մասին, և/կամ, այսպես ասած՝ «բենզինիստների» պահով», դատախազն ասաց. «Այս տարի արձանագրել ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության 62 դեպք (անցած տարի 66)։ Մեր մարզի վարչական տարածքում թմրամիջոցներից հիմնականում արձանագրվել են մարիխուանա ձեռք բերելու, ապօրինի պահելու դեպքեր։ «Բենզինիստներ» չունենք, սա ուրախալի հանգամանք է, մենք ունենք այդ հանցատեսակի կտրուկ նվազում։ Ինչքան հիշում եմ, նշված արարքը լայն տարածում ուներ 2008-09 թվականներին։ Հիմա, փառք Աստծո, չունենք»։

Հարցին. «Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել Շիրակի պետական համալսարանի շուրջ, դասախոսները հանդես են եկել բաց նամակով, ի՞նչ գործընթացում է այն գտնվում կամ կա՞, ընդհանրապես, գործընթաց», դատախազը պատասխանեց. «Մեր կողմից ուսումնասիրվել է լրատվամիջոցում եղած հաղորդումը և օրենքի շրջանակներում կատարվում են ուսումնասիրություններ, որի շրջանակներում մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ: Ե՛վ այդ հարցումներից ելնելով, և՛ մեր կողմից ուսումնասիրության արդյունքների շրջանակը պարզելուց հետո, մենք անհրաժեշտ իրավական եզրահանգման կգանք։ Այնպես որ, նշվածը նույնպես գտնվում է դատախազական հսկողության տիրույթում»: Լրագրողի ռեպլիկին, թե բավական ժամանակ անցել է, միայն հարցումնե՞ր եք ուղարկել, դատախազն ասաց. «Հարցումներ ենք կատարել և՛ նշված բուհին, և՛ գերատեսչություններին: Գերատեսչություններին ուղղված հարցումների պատասխանները դեռևս չենք ստացել, բուհին ուղղված հարցումների պատասխանները ստացել ենք։ Ստացել ենք նաև մեզ հետաքրքրող անհրաժեշտ փաստաթղթեր։ Մենք հրավիրել ենք կոնկրետ այն երկու անձանց, ովքեր բաց նամակի համահեղինակներն են: Մեկ անձը հրաժարվել է որևէ գրավոր տեղեկատվություն ներկայացնելուց, սակայն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, երկրորդ անձն ընդհանրապես հրաժարվել է ներկայանալ»։ Լրագրողի դիտարկմանը, թե բաց նամակն արդյո՞ք հիմք չէր, որ միանգամից քրեական գործ հարուցվեր, դատախազն ասաց. «Բաց նամակը հիմք է հանդիսացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար: Քրեական գործ հարուցելու համար մեզ պետք են առիթ և հիմքեր, երբ մենք կունենանք առիթը և հիմքերը՝ օրենքով սահմանված, մենք այդ հարցը կքննարկենք»։

Լրագրողներին հետաքրքրեց կնոջ կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու դեպքը: Դատախազը նշեց, որ կենցաղային հարցով ծագած վիճաբանության ժամանակ կինը ամուսնուն ծեծել է, վերջինս ստացել է թեթևակի մարմնական վնասվածքներ և, քանի որ ամուսինը բողոք է ներկայացրել, ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

Խոսվեց «Մուշ» թաղամասում կանաչ գոտում քաղաքապետարանի աշխատակցի կողմից ապօրինի շինություն իրականացնելու դեպքից: Կարեն Գաբրիելյանն ասաց, որ իր հանձնարարությամբ օրենքի կարգով նյութ է պատրաստվել, որի հիմքով պարզվել է, որ նշված շինարարությունն, իրոք, ապօրինի է, գրություն է ուղարկվել Գյումրու քաղաքապետին՝ միջոցներ ձեռնարկելու՝ նշված կառույցի կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու, կառույցը կասեցնելու և հետևանքները վերացնելու վերաբերյալ:

«Կումայրի» արգելոցի մեջ գտնվող Ռիժկովի ճեմափողոցում իրականացված շինաշխատանքների կապակցությամբ, որի պատճառով խախտվել է պատմամշակութային ու ճարտարապետական տեսքը, դատախազը վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, նշանակվել են համապատասխան դատաշինարարատեխնիկական, դատամշակութաբանական համալիր փորձաքննություններ: «Շրջապատի» այն ռեպլիկին, թե, եթե համապատասխան թույլտվություն չունենային, արդյո՞ք օբյեկտ կկառուցեին, դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննության փուլում նաև այդ հարցն ենք պարզելու՝ իրականում թույլտվություն եղե՞լ է, թե՞ չէ, և այդ թույլտվությունն ինչքանով է եղել իրավաչափ»։