ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ սեղանին է միջուկային զենքի սեղմակոճակը՝ Կիմի՞, թե Դոնալդի

Վենեսուելայում մալարիայի համաճարակ է բռնկվել, սովալլուկ կարակասցիներն (Կարակաս. Վենեսուելայի մայրաքաղաքը,- հեղ.) էլ խանութներ են փնտրում, որ ապրանքները դարակներում չթողնեն: Թալանված խանութպաններից մեկն էլ կսկիծով ասաց. «Է՞ս է կարգը, որ մարդ ամբողջ կյանքում աշխատի, որպեսզի 5 րոպեում զրկվի ամբողջ ունեցվածքից»: Կարգ հաստատելու համար ոստիկաններն են պահպանում խանութների մուտքերը խելագարված ամբոխներից:

Իրանում էլ ցուցարար ամբոխին ուժային մեթոդներով հանդարտեցրած հոգևոր առաջնորդը հանգիստ շունչ քաշելով, հայտարարեց, թե Պարսից ծոցի երկրներից մեկն է ողջ դավերը նյութել երկրի դեմ, կարծելով, թե կայծից բոց կբռնկվի: Եվ, իհարկե, այս կարգախոսը կյանքի էր կոչվելու ո՛չ առանց ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Դոնալդ Թրամփի ուղղորդման, ասել է «դուխ տալու»: Ուստի, Իրանի հոգևոր առաջնորդն ու միևնույն անձով երկրի գլխավորը, չվարանեց վերջինիս իր ուղերձն հասցեագրել: Նա Դոնալդին` մուլտիպլիկացիոն նույնանուն կերպարի մակարդակին իջեցնելով, մեղադրեց ուղեղի նորմատիվային շեղումներ ունենալու մեջ:

ԱՄՆ-ում Թրամփի մասին պատմող, վերջերս լույս տեսած գրքում էլ կարծես այս թափանցիկ ակնարկը կար: Մասնավորապես, Թրամփը՝ մասնակցելով նախագահական ընտրարշավին, բնավ էլ մտադրված չի եղել հաղթելու, դա իր համար բիզնես-գովազդի պես մի ակցիա է եղել, բայց ընտրություններից հետո, արի ու տես, որ այդ պոստը ստանալով, ճշմարիտ սարսափել է, թե էս ի՞նչ գլխացավանքի մեջ է ընկել, այսինքն` անդարդ գլուխը դարդի տակ դրել:

Ամերիկուհի մեդիա-մագնատ Օփրային էլ երևի այս փաստն է գլխի գցել, թե իրենց երկրի նախագահ դառնալը բնավ չի ենթադրում, թե պետք է քաղաքականությունից պարտադիր գլուխ հանել: Այնպես որ, ամերիկյան հասարակության տարբեր շրջանակներում ասեկոսեներ են շրջում, թե Օփրան սկսել է լրջորեն մտորել, թե արժի՞, որ ինքն էլ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի: Հո հանաք բան չէ՞, միայն ինքը ի օգուտ Օբամայի ընտրարշավի, հարյուր հազարավոր ձայներ է բերել: Իսկ մեր` հայերիս նախագահը, շուտով ընտրվելու համար, հասարակության ձայների կարիքն առհասարակ չի ունենա, նա պարզապես սիմվոլիկ, բայց իհարկե` ոչ մուլտիպլիկացիոն կերպարների շարքը կհամալրի: Դե, հայկական «սիմվոլիզմի» դարաշրջանում գուցե թե վատ չէ  այս տարբերակը: Իհարկե, ի՞նչ պարտադիր է, որ տարեսկզբից մեկնարկած գնաճի համապատկերում մի հատ էլ մեր նախագահը դարդոտի բնակչության աղքատացման մի նոր «համաճարակից»: Իսկ մինչ այդ, թող թափ հավաքի ապրանքային գների բարձրացման անիվը: Իրանում, ասում են, թե բնակչության ընդվզումն իշխանությունների դեմ, գների բարձրացումից է սկսվել, մինչդեռ հայերիս նկատմամբ երևի «վրաերթի» ենթարկվածների ցավերի դեմ անզգայացում է կատարվել: Այնպես չէ, որ «առողջապահական» ոլորտը հեռու պետք է լինի քաղաքականությունից: Դե, օրեր են սովորական` խուլ ու անտարբեր, գլորվում, անցնում, գնում են անհամբեր:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ գտնում է, որ առողջապահական, կրթական, համայնքային ոլորտներում օպտիմալացումն է միակ անկասելի տարբերակը, որի ընթացքում կրճատումներն անխուսափելի են: Բայց ինչ վերաբերում է մարզպետարանների օպտիմալացման կամ առնվազն` այստեղ հաստիքների կրճատման մասին տարածված ասեկոսեներին, վստահեցնում է, թե դրանք միանգամայն անհիմն են, առնվազն` վատ երազ տեսածների երևակայության ոլորտից: Համոզչության համար էլ, զորօրինակ, ասում է, թե արդեն ստորագրել է մարզպետարանի հաստիքացուցակը և այն (տեսնես քանի՞ տպագրական էջ է կազմել) ոչ մի կրճատում չի նախատեսում: Դեռ ավելին, ամենայն հավանականությամբ, շուտով մարզպետարաններին ավելի գործուն լծակներ կտրվեն առաքելությունն իրականացնելու համար:

Դե, լավ է, առաքյալի դերի բարձրացմամբ, գուցե՞ մենք էլ ակնկալենք առավել արդյունավետ աշխատանք: Թերևս նաև` երևութական աշխատանք: Թե չէ` զուտ համայնքներին հարկահավաք կարգված լինելու և տարատեսակ հանդիսությունների ընթացքին արարողակարգային ներկայություն ունենալու փաստը կարծես եղանակ չի փոխում: Շիրակի մարզպետն համոզված է, որ, ա՛յ, Հյուսիս-հարավ մայրուղին իսկապես ի զորու կլինի եղանակ փոխել տարածաշրջանում ու մեծ նշանակություն է տալիս դրա սպասվող շահագործմանը:

Կորեական թերակղզում արդեն եղանակի փոփոխությունն իր մասին իմաց տվեց: Միմյանց նկատմամբ վաղուց թշնամաբար տրամադրված Հյուսիսային և Հարավային Կորեաները վերջապես նստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Սա եղավ հյուսիսցիների պապենական առաջնորդ Կիմ Չեն Ինի այն ելույթից հետո, երբ նա պատրաստակամություն հայտնեց իր երկրի մարզիկներին ուղարկել Հարավ` մասնակցելու այնտեղ կայանալիք օլիմպիական խաղերին: Բայց մինչ այդ, Կիմը` Պարսից ղեկավարի պես, ուղերձ ուներ Թրամփին, այն էր, թե միջուկային զենքի սեղմակոճակն իր սեղանին է: Այսինքն` իր երկրի, որպես վասալի նկատմամբ վերաբերվելու ԱՄՆ-ի փոձերը տեղին չեն: Ինչին ԱՄՆ-ի նախագահը պատասխանեց, թե իր սեղանի սեղմակոճակն ավելի մեծ է: Սա նման էր երկու կամակոր տղաների միջև ծագած այն վիճաբանությանը, թե ում գնդակն է ավելի մեծ: Մինչդեռ, հայտնի է, որ գնդակը մնում է գնդակ: Այն նախատեսված է գոլ խփելու համար: Ամբողջ հարցն այն է, թե իրար դեմ խաղացող թիմերից որի՞ն կվիճակվի 11-մետրանոց տուգանային հարվածն իրացնել: Թեև` տվյալ դեպքում, հանդիսականները բնավ չէին ցանկանա, որ խաղի ելքը որոշեր տուգանային հարվածը:

Բայց դառնանք կորեացիների բանակցություններին: Պարզ է, որ այս դեպքում Հյուսիսային և Հարավային Կորեաների «օպտիմալացում» չի լինի, սակայն սկսված բանակցությունները հույս են ներշնչում, որ հյուսիս-հարավով մասնատված ազգի միջև հանդուրժողության մայրուղի կգցվի:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ